Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արա Ալոյան. «Ես գրի հետ գործ ունեցող մարդ եմ»

Լառա Հակոբյան
20:05, հինգշաբթի, 17 դեկտեմբերի, 2015 թ.
Արա Ալոյան. «Ես գրի հետ գործ ունեցող մարդ եմ»


    
    
    
    
    
    
     «Համանվագ ցավի և հարության» ՝ այսպես է կոչվում բանաստեղծ, արձակագիր, երաժիշտ, լրագրող Արա Ալոյանի նորընծա պոեմը, որ նվիրված է արցախյան ազատամարտի հերոս Էդուարդ Պողոսյանին: Ստեղծագործությունը գրվել է, երբ հեղինակը դեռևս 15 տարեկան էր: Գրքի և այլ մանրամասների մասին մեզ հետ զրույցում պատմեց Արա Ալոյանը:
     Վերջերս լույս տեսած «Համանվագ ցավի և հարության» Ձեր գիրքը նվիրված է արցախյան ազատամարտի հերոս Էդվարդ Պողոսյանին: Ինչո՞ւ հենց նա և ոչ մեկ այլ հերոս:
    
Էդվարդ Պողոսյանը հավաքական գոյական է, որովհետև արցախյան հաղթամարտն՝ ինքը հերոսապատում է՝ առանձին ճակատագրերի, բայց ազատագրական պայքարի ընդհանուր առաքելության համատեքստում: Պոեմի հերոսն Էդվարդն է, բայց պոեմն Էդվարդի մասին չէ, որովհետև չափածո շարադրանքի, ասելիքի, բառակերպումների ակունքում եղերական օրերի ու հաղթաբեր դիպվածների ներդաշնակություն է: Պոեմը գրական հուշարձան է նահատակ ու հերոսաջանք մարտիկներին, որոնց կերտել են մեր հաղթանակն ու պատմությունը:
     Այժմ՝ տարինրի հեռվից, երբ պոեմի գրվելուց անցել է 20 տարի, կա ՞ որևէ բան, որ կփոխեիք ստեղծագործության մեջ: Հնարավոր չէ փոխել մանկությանդ լուսանկարը, անցյալը, կատարված ամենայն ինչ: Մենք առնվազն կարող ենք փոխել մեր հայացքն ու վերաբերմունքը, կարող ենք նոր լույսի ներքո չափել երևույթները, արժևորել այս կամ այն դիպվածը: Միարժեք փոփոխել անհնար է ըստ էության: Եթե նկատի առնենք նույնիսկ գրվածի գեղարվեստական մոտեցումը, կրկին հնարավոր չէ փոխել որևէ բան, որովհետև գրականությունը երազատեսության ու երազապատումի գործառույթ-բաղադրիչ ունի: Երազդ այլ բառերով պատմելու ճիգը չի փոխելու երազն իսկ:
     Եթե ունենայիք հնարավորություն Մգոյին կամ հերոսներից ինչ-որ մեկին որևէ բան ասելու, մի հարց տալու՝ ի՞նչ կլիներ դա:
    
Հարց չէի ունենա...իրենց ամբողջ կյանքն արդեն պատասխանների շտեմարան է: Ես ու բոլորս պետք է ազնվություն ու լայնախոհություն ունենանք, իրենց դասը սերտել լուռ ու գործունեության տարազան ոլորտներում:
     Պոեմի վերաբերյալ ու՞մ կարծիքն ու գնահատականն էր ամենակարևորը Ձեզ համար:
    
Ընթերցողի: Ի վերջո, այն հասցեագրված է լայն լսարանին՝ մեր անցյալի վրա հայացք ձգելու, բայց ապագան հաղթական ու միասնաբար կառուցելու ոգեղենությամբ:
     Նաև լրագրող եք. երբեմն գրող-լրագրողների ու մանավանդ բանաստեղծ-լրագրողների համար դժվար է լինում պահպանալ այն նուրբ եզրագիծը, որ կա գրականության գեղարվեստականության և լրագրության իրատեսականության, հաճախ՝ չորության միջև: Մի՞շտ է հաջողվում չանցնել այդ գիծը:
    
Մեկ առիթով ասել եմ: Ես գրի հետ գործ ունեցող մարդ եմ: Ինձ համար լրագրողություն ու գրականությունը մեկ ծիրի մեջ են որի հենքը պատասխանատվությունն ու գրագիտությունն են, բայց որ ամենակարևորն է՝ Աստծո և մարդու միջև պատշաճ զրույցը:
     Տարբեր առիթներով հաճախ եք նշել, որ Ձեր գրաանությունը մարդակենտրոն է, ասել է թե՝ ստեղծագործությունների հերոսը մարդն է: Ինչպիսի՞ն են նրանք. դրանք մարդիկ են ում ճանաչում եք, թե որոնց ինքներդ եք ստեղծում, գուցե նրանք, ում կուզենայիք ճանաչել: Գրականությունն ինքնաազատագրման պես է: Նրա միջոցով դու արտագրում ես նրանց, որոնց կուզեիր նմանվել, նրանց, որոնք թանկ են, իսկ թանկ ու հարազատ մարդիկ՝ իդեալականացված, մահացած մարդիկ չեն, նրանք հենց ապրողներն ու ապրեցնողներն են՝ իրենց առաքինություններով ու արատներով հանդերձ: Գրականության միջոցով, մեծ հաշվով, դու նաև ազատագրվում ես այն հակահերոսներից, որոնք ապրում են դիմացինի և քո մեջ, որովհետև մենք մոլորությունների ու գայթանքի հսկա հարահոսում ենք հայտնվում շարունակ: Ինձ համար, որպես քրիստոնեական տեսակի, բոլոր գործընթացների և ձևառումների առանցքը Մարդն է՝ իբրև սիրո և բարոյականության խտացում: Բնական է, որ հայ Մարդն էլ այդ արժեահամակարգի ու գաղափարախոսության տիրույթում է՝ որպես Գլխավոր, բայց ոչ միակ հերոս...
    
     Լառա Հակոբյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3223 | 0 | 0
Facebook