Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վատ են ապրում այն ժողովուրդները, ովքեր չեն ցանկանում լավ ապրել

L.St
Հեղինակ`
L.St
20:58, ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2015 թ.
Վատ են ապրում այն ժողովուրդները, ովքեր չեն ցանկանում լավ ապրել
     Վերջին ամիսներին աղմկահարույց դեպքեր տեղի ունեցան մի քանի ոլորտներում. հիմնական քննադատության առարկա դարձավ մշակույթը, բուռն քննարկվեց սահմանային լարվածությունը, սահմանադրական «բարեփոխումները», իսկ այժմ էլ ավելի մեծ թափով քննարկվում ու քննադատվում է քաղաքական դաշտը, քանի որ ի հայտ է գալիս նոր քաղաքական ուժ: Ամեն ինչ այնքան էլ վատ չի, որքան պատկերացնում ենք: Առկա խնդիրները պետք է քննել հիմնովին և դրանք ավելի պարզ կդառնան: Այսօրվա վիճակի հիմնական խնդիրներն են.
     1.Վատ կրթական համակարգ: Ամուր և հզոր է այն պետությունը, որը ճիշտ է կրթում և դաստիարակում իր սերունդներին: Բարեկեցիկ պետություն ունենալու համար, նախևառաջ, պետք է ունենալ բարձր որակի կրթական համակարգ:
     2.Ոչ ոք իր գործով չի զբաղվում կամ էլ երկրորդ «մասնագիտություն» է որդեգրել քննադատությամբ զբաղվելը: Իհարկե, յուրաքանչյուր քաղաքացի ունի ազատ խոսքի և իր կարծիքն արտահայտելու իրավունք, բայց դա չի նշանակում, որ պետք է ամեն ինչ քննադատել ու մոռանալ սահմանների առկայության մասին: Այստեղ ամեն ինչ խառնվել է իրար․ մշակույթի գործիչները քաղաքականությամբ են զբաղվում կամ քննադատում են տվյալ ոլորտը, բժիշկները մշակույթի գործիչներին են քննադատում, ոստիկանները սկսել են գողական «разборка» -ներում մեծ դերակատարություն ունենալ, իսկ քաղաքական գործիչներն էլ իրենց հերթին բիզնեսներով են զբաղվում: Քաղաքակիրթ ազգ և պետություն ունենալու համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի իր գործով զբաղվի, իսկ ազատ ժամանակ քննադատելու փոխարեն փորձի կատարելագործվել ու մնայուն հետք թողնել իր ազգի համար:
     3.Ահռելի թիվ են կազմում մշտապես բողոքողները, ովքեր անգամ եղանակից են բողոքում. ձմռանը՝ ցրտից, ամռանը՝ շոգից: «Աշխատանք չկա» արտահայտությունից օգտվողները սկսում են լավ ու վատ անել, երբ աշխատանքի առաջարկ են ստանում: Հենց նույն հասարակությունը միգրացվում է ու տարբեր սև աշխատանքներ կատարում արտերկրում: Կարելի է հետևություն անել, որ Հայաստանում ոչ թե աշխատանք չկա, այլ աշխատել ցանկացողներն են քիչ:
     4.Ավանդույթ է դարձել օտարներից օգնություն սպասելը: Տեղին է մեջբերել Րաֆֆու խոսքերը. «Օտարի օգնությունից շահ չկա: Դժբախտ է այն ազգը ու միշտ կմնա դժբախտ, ով օտարի օգնության կարոտ լինի»:
     Ցեղասպանություն, երկրաշարժ ու պատերազմներ տեսած ազգը պետք է գլուխը բարձր պահի, քանի որ գոյատևել ու հաղթահարել է այդ դժվարությունները և ունի հզոր պետություն դառնալու մեծ ներուժ: Ուրեմն եկեք չբողոքե՛նք, այլ ինքներս կատարելագործվենք և դառնանք «անկախ» և կայուն պետություն:
Աղբյուրը` mamul.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
2846 | 0 | 0
Facebook