Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Երկիր մոլորակը մեր մեկնակետն է, բայց ոչ վերջին կանգառը». լեգենդար Բազ Օլդրինը՝ «Քվանտում»

«Քվանտ» վարժարան
Մամուլի խոսնակ`
«Քվանտ» վարժարան
10:44, չորեքշաբթի, 16 սեպտեմբերի, 2015 թ.
«Երկիր մոլորակը մեր մեկնակետն է, բայց ոչ վերջին կանգառը». լեգենդար Բազ Օլդրինը՝ «Քվանտում»
     Դեռ երկու ամիս առաջ վարժարան էին դիմել ամերիկյան «Գլոբալ ֆլայթ» կազմակերպության ներկայացուցիչները՝ առաջիկայում Հայաստան այցի կազմակերպչական հարցերում աջակցության համար: Կազմակերպության նախաձեռնած ծրագրի շրջանակներում աշխարհի տարբեր երկրներում իրականացվում է տիեզերագնացության և ավիացիայի պրոպագանդում: Հայաստան ժամանած նախաձեռնող խմբին միացել էին ամերիկացի աշխարհահռչակ տիեզերագնաց Բազ Օլդրինը, ով Նեյլ Արմսթրոնգի հետ «Ապոլլոն 11» -ի կազմում ոտք է դրել Լուսին, և հայազգի օդաչու, ապագա տիեզերագնաց Էդվին Սահակյանը: Ի դեպ, վերջինս լինելու է ՀՀ քաղաքացիություն ունեցող առաջին հայ տիեզերագնացը: Քվանտականները հյուրերին մեծ ոգևորությամբ և անհամբերությամբ դիմավորեցին օդանավակայանում, իսկ օգոստոսի 2-ին «Քվանտի» դահլիճը լեփ-լեցուն էր աշակերտներով, նրանց ծնողներով, ուսանողներով, մարդկանցով, ովքեր հետաքրքրված են տիեզերագնացությամբ և այն ամենով, ինչ կատարվում է Երկիր մոլորակից դուրս: «Գլոբալ Ֆլայթ» կազմակերպության ներկայացուցիչ Ջուդի Ռայսը ներկաներին պատմեց կազմակերպության կրթական ծրագրերի և նպատակների մասին: Հնչեցին բազմաթիվ հարցեր աշակերտների կողմից: Ներկաների շարքում էր նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մ. Միլս Կրտսերը, ով իր խոսքում նշեց, թե ինչպես է դեռ հեռավոր 1969 թ. Արմսթրոնգի և Օլդրինի սխրանքն իրեն ոգեշնչել՝ հասնելու իր երազանքներին: Նա նաև իր ուրախությունը հայտնեց «Քվանտ» այցելելու ընձեռված հնարավորության համար: Ներկաներն անչափ տպավորված էին հանդիպումից: Իր եզրափակիչ խոսքում կենդանի լեգենդ Օլդրինը հորդորեց երիտասարդներին. «Հետևե՛ք ձեր երազանքներին, մի՛ թողեք ձեզ կանգնեցնեն: Եվ հիշեք՝ Երկիր մոլորակը մեր մեկնակետն է, բայց ոչ վերջին կանգառը»:
Աղբյուրը` www.quantum.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4470 | 0 | 0
Facebook