Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երազանք դպրոցի ճանապարհին

Հայուհի
Հեղինակ`
Հայուհի
23:58, չորեքշաբթի, 29 հուլիսի, 2015 թ.
Երազանք դպրոցի ճանապարհին

14-ամյա Ռուբեն Բուդոյանն արդեն 5-րդ տարին է՝ դպրոց չի հաճախում: Նա հոր և հորեղբոր հետ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի նախրապանն է դարձել: Ռուբենը ամաչում է խոսել իր` դպրոց չհաճախելու մասին, բայց պատմելիս գրական հայերենով է արտահայտվում: Տան անդամներն ասում են, որ Ռուբենը բավականին լավ է սովորել դպրոցում: Ինքն էլ խոստովանում է, որ ուզում է դպրոց գնալ և երազում է փաստաբան դառնալու մասին:

Ռուբենի քույրը՝ 15-ամյա Ժենյան, նույնպես դպրոց չի հաճախում: Իր անվան առաջին երկու՝ «ժ» և «ե» տառերը գրելուց հետո աղջիկը կանգ է առնում, շարունակել չի կարող:

Երեխաների մայրը` Կարինե Բուդոյանը, երեխաներին դպրոց չուղարկելը պայմանավորում է ընտանիքի սոցիալական ծանր վիճակով: Ասում է, որ հագուստի և գրքերի փողը չի հասցնում: Դժվարությամբ կարողանում է իր երրորդ երեխային դպրոց ուղարկել, օգնում է տեգոր կինը՝ Նառան: Վերջինս նշում է, որ ինքն էլ իր երկու երեխաներին հազիվ է կարողանում դպրոց ուղարկել: Այս տարի, օրինակ, երկու երեխաների գրքերի փողը 12 հազար դրամ է կազմել, գրադարանից վերցրել են, դեռ գումարը չեն վճարել: Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Ատոմ Հակոբյանն էլ առանձին հաշվարկ է անում, համաձայն որի՝ գրքերի գումարը չպետք է գերազանցեր 3500 դրամը:

Մեկ տարի առաջ այցելել էիք Խաչատրյանների ընտանիքին: Մեր այցելությունից հետո նրանց տանը ոչինչ չի փոխվել, միայն աղբանոցներից վառելիք հավաքող Ռուբեն պապն է մահացել: Ալեքսանդր և Ֆրիդրիխ եղբայրների ընտանիքները նույն տանն են ապրում, որի մի մասում նույնիսկ լուսամուտներին ապակի չկա, և հավերն ազատ ելումուտ են անում տուն: Չնայած այդ ամենին՝ համագյուղացիներն ասում են, որ գյուղի ամենահարուստը հենց նրանք են, որովհետև տավարը պահելու համար բավական գումար են ստանում, պարզապես ճիշտ տնտեսել չեն կարողանում:

Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում երեխաների դպրոց չհաճախելը առավել մեղմ է ներկայացվում: Տնօրեն Ատոմ Հակոբյանն ու հատուկ մանկավարժ Ռիմա Գասպարյանը վստահեցնում էին, որ երեխաները դպրոց հաճախել են և ժամանակ առ ժամանակ են բացակայել: Ավելին` Ռիմա Գասպարյանը պնդում էր, թե երեխաների հետ աշխատանք է տարել, հարցից, թե ինչպիսի աշխատանքներ են տարվել, երբ երեխաները դպրոց չեն հաճախել, Ռիմա Գասպարյանը կարմրեց, պատասխան չուներ: Իսկ տնօրեն Ատոմ Հակոբյանը երեխաներին կրթությունից զրկելու ողջ պատասխանատվությունը ծնողների վրա է դնում և վստահեցնում, որ երեխաներին դպրոց չուղարկելու պատճառը բնավ էլ հագուստը չէ, քանզի իրենք մշտապես` թե՛ հագուստով, թե՛ գրենական պիտույքներով օգնել են նրանց:

Տնօրեն Ատոմ Հակոբյանն ասում է, որ Ժենյան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունի, այդ նպատակով նրան ուղարկում են Երևան՝ հետազոտության, սակայն ծնողները չեն տանում:

Այստեղ այլ հարց է՝ եթե Ժենյան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ուներ, ինչպե՞ս է մինչ օրս հասել 9-րդ դասարան, և ինչո՞ւ է մանկավարժական կոլեկտիվն աչքաթող արել այդ փաստը: Զարմանալին այն էր, որ տարիներով դպրոց չհաճախող երեխաների բացակայությունները դասամատյանում ամբողջությամբ գրանցված չէին՝ այդպիսով թաքցնելով երեխաների դպրոց չհաճախելու փաստը: Ավելին, համաձայն դասամատյանի գնահատականների՝ քույրն ու եղբայրը նորմալ են սովորում: Ժենյան հայերեն իր անուն-ազգանունը գրել չի կարողանում, բայց անգլերենին, ըստ նշանակված գնահատականների, շատ ավելի լավ է տիրապետում: Նա ընդամենը մեկ բացակա ուներ անգլերենի դասաժամից, իսկ գնահատականների միավորները 10-բալանոց համակարգում 4-7-ի էին հասնում: Գրեթե նույն գնահատականներն էլ Ռուբենի անվան դիմաց էին նշանակված: Թե որտեղից այս գնահատականները դպրոց չհաճախող երեխաների անվան դիմաց, տնօրենը բացատրել դժվարանում է:

Ժենյան այս տարի մնացել է նույն՝ 9-րդ դասարանում: Ռուբենը փոխադրվել է 10-րդ դասարան: Դպրոցը ֆինանսավորվում է երեխաների թվով: Ատոմ Հակոբյանը ժխտեց այն հանգամանքը, որ դպրոցում երեխաներին արհեստականորեն են պահում և մատյանում քիչ բացակայություններ դնում, որպեսզի հավելյալ ֆինանսական մուտքեր ունենան:

Տնօրենի հետ համակարծիք է նաև Մեծ Մասրիկի համայնքապետ Միշա Խլոյանը: Նրա խոսքով, Խաչատրյանների ընտանիքը միշտ ուշադրության կենտրում է եղել, և իրեն էլ «պատիվ չի բերում», որ գյուղում նման ընտանիք կա, սակայն չգիտի, թե նրանց հետ ինչպես վարվի: Միշա Խլոյանը, ով նաև գյուղի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, չգիտեր, թե ինչպես դպրոց վերադարձնի Ռուբեն եւ Ժենյա Բուդոյաններին: «Ի՞նչ անեմ, ծնողներին զրկե՞մ ծնողական իրավունքներից: Ես չեմ, դուք եք, ասեք՝ ի՞նչ անեմ», - հարցնում էր համայնքապետը:

Հոգաբարձուների խորհրդի անդամ է նաեւ Ատոմ Հակոբյանը: Նա հայտարարեց, որ երեխաների հարցը ոչ մի անգամ խորհրդում չի քննարկվել: ՏՆօրենն էլ չգիտի, թե ինչպես է պետք լուծել այս ընտանիքի և երեխաների հարցը, սակայն նշեց, որ հիմա «բան ու գործը թողած» ՝ անձամբ պետք է զբաղվի նրանց կրթության հարցով:

Երեխաների՝ կրթությունից դուրս մնալու փաստը համապատասխան մարմիններում արձանագրված չէ: Այդ մասին վկայում է Գեղարքունիքի նախկին մարզպետ Նվեր Պողոսյանի՝ մեր գրավոր հարցմանը պատասխանը: Գեղարքունիքի մարզում հանրակրթությունից դուրս մնացած երեխաներին հաշվառելու նպատակով 2011-2012 ուսումնական տարվա 1-ին և 2-րդ կիսամյակների ընթացքում մարզպետարանի կողմից գրավոր հարցումներ են կատարվել մարզի համայնքների ղեկավարներին ու հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին: Պարզվել է, որ 2011-2012 ուստարում մարզի համայնքներում հանրակրթությունից դուրս մնացած երեխաներ չկան: Մինչդեռ, բացի Ժենյա և Ռուբեն Բուդոյաններից, Մեծ Մասրիկում այլ երեխաներ էլ կան, որոնք դպրոց չեն հաճախում:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
12193 | 0 | 0
Facebook