Սերինեն միակ կոսպլեյերն է Հայաստանում` միակ մարդն ով իր հագուկապով, մազերի գույնով և սանրվածքով նմանակում է ճապոնական անիմե մուլտհերոսներին: Սակայն շատերը չգիտեն, որ այդ ամենը անչափ հետաքրքիր, յուրահատուկ և գունեղ Սերինեյի ներաշխարհի արտաքին շերտն է միայն, որին ներսում` ոչ թե դատարկ տիկնիկ է, այլ ստեղծագործ մարդ, լի զգացմունքներով, ապրումներով և ասելիքով:
Սերինեն նկարչուհի է: Տարիներ առաջ ընդունվել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա, իսկ թե ի՞նչ եղավ հետո` պարզեցինք Սերինեյի հետ հարցազրույցի ընթացքում:
«Առաջ ինձ թվում էր, թե ես արդեն բավական լավ նկարում եմ, սակայն, երբ ընդունվեցի ակադեմիա` և տեսա կուրսեցիներիս` ապշեցի, քանի որ նրանք բոլորը ինձանից առավել էին: Իսկ երբ դու մի խմբում ես, որտեղ բոլորը քեզանից ուժեղ են` ամեն ինչ անում ես, որ ձգտես նրանց հասնել: Եվ այդպես էլ եղավ ինձ հետ: Երևի թե ուսումնական տարվա վերջում արդեն ես հասել էի նրանց, սակայն առաջընթացը մեծ չէր:
Հետագայում հանգամանքները այնպես դասավորվեցին, որ չէի կարող ուսումս շարունակել ակադեմիայում: Որոշեցի դուրս գալ ակադեմիայից և շատ էի նեղվել այդ ամենի պատճառով:
Ասում էի, որ վերջ` ես էլ չեմ նկարի: Սակայն մայրիկս ինձ օգնեց, հույս տվեց և ասեց, որ ավելի լավ կլինի, եթե մասնավոր պարապմունքների գնալով շարունակեմ ուսումս», - պատմեց մեզ հետ զրույցում Սերինեն` հավելելով, որ հետագայում հենց այդպես էլ վարվեց, քանզի իր համար միանշանակ` իր դիպլոմն այդքան կարևոր չեր, որքան գիտելիքները, - «մանսավոր պարապեցի Մալխասյան Հովհաննեսի մոտ, ում հետ շատ ու շատ ավելի լավ էի պարապում:
3 ամիսների ընթացքում ունեցածի չափ առաջընթաց, ես ողջ ակադեմիայի 1 տարվա ուսման ընթացքում չունեի, որի համար ես պարոն Մալխասյանին շատ շնորհակալ եմ: Նրա մոտ ես սովորեցի նկարել յուղաներկով, քանզի ակադեմիայոում միայն ջրաներկ և գծանկար էի հասցրել սովորել: Մալխասյանի մոտ սովորեցի 10 ամիս, որից հետո` ժամանակավորապես մեկնեցի արտերկիր, հետո վերադարձա, բայց սկսեսի աշխատել և հազվադեպ էի նկարում, սակայն երբ նոր նկարներ էի նկարում` նրան ցույց էի տալիս և նա ինձ ցույց էր տալիս կատարած սխալները»:
-Ի՞նչով ես զբաղվում հիմա: Աշխատում ե՞ս, թե՞ նկարում:
-Հիմա Ուրարտու համալսարանում եմ սովորում, օտար լեզուներ` ճապոներեն և կորեերեն և շաբաթվա մեջ 3 օր զբաղված եմ լինում դրանով, իսկ մնացած օրերը` զբաղվում եմ իմ աշակերտներով: Արդեն իմ սեփական աշակերտներն ունեմ և ես եմ դասավանդում: Մեկ ամսից երևի թե աշակերտներս էլ ավելի կշատանան, ավելի քիչ ազատ ժամանակ կունենամ և հետևաբար` ավելի քիչ կկարողանամ նկարել:
-Ի՞նչ ես նախընտրում նկարել և ի՞նչ տեխնիկաներով:
-Հիմնականում դիմանկարներ եմ նկարում և շատ եմ սիրում գույներ օգտագործել, որովհետև կյանքում գույները պակաս են և մեզ այդ գույները շատ են պետք` տրամադրություն բարձրացնող ջերմացնող գույները: Հիմնականում էմոցիաներ եմ նկարում:
Նկարում եմ, երբ որ տխուր եմ լինում, կամ ինչ-որ բանի վրա բարկացած: Այդպիսով իմ զգացմունքները արտահայտում եմ նկարելով և հանգստանում:
Այդ պատճառով էլ հիմնականում ջրաներկով եմ նկարում, իսկ յուղաներկով` ավելի հազվադեպ: Յուղաներկով նկարելիս պետք է սպասես, որ չորանա…, իսկ ես մոռանում եմ թե ինչ պիտի նկարեի և ինչպես` պահի տակ ունեցած զգացմունքների ազդեցությունը կորցնում եմ:
-Ի՞նչով պետք է զբաղվես հետագայում, և ի՞նչպիսին ես տեսնում քո ապագան:
-Իմ երազանքը` աշխարհով մեկ ցուցահանդեսներ ունենալն է, որը բավականին թանկ հաճույք է: Պատրաստվում եմ շուտով ունենալ իմ առաջին ցուցահանդեսը Երևանում, սակայն դեռ չգիտեմ կոնկրետ երբ և որտեղ կլինի: Դեռ պատրաստ չեմ և ոչ մի ցուցահանդես դեռ չեմ ունեցել, սակայն երևի թե երկու, կամ երեք տարի հետո, կսկսեմ ճանապարհորդել: