Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Իսկական հերոսը՝ Տավուշի մարզի Չինչին գյուղից. օդաչու Գեղամ Գաբրիելյան

Տավուշ
Մամուլի խոսնակ`
Տավուշ
11:46, հինգշաբթի, 14 մայիսի, 2015 թ.
Իսկական հերոսը՝ Տավուշի մարզի Չինչին գյուղից. օդաչու Գեղամ Գաբրիելյան
     Ձեզ ենք ներկայացնում «Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթի երրորդ հաղթող մասնակցի` Գուժ Գաբրիելյանի պատմությունն Արցախյան ազատամարտի մասնակից Գեղամ Գաբրիելյանի մասին:
    

Ծնվել է 1961 թվականի մայիսի 28-ին Շամշադինի շրջանի Չինչին գյուղում, մանկավարժների ընտանիքում: Սկզբնական կրթությունն ստացել է տեղի միջնակարգ դպրոցում (1968 – 1977թթ.): 1978 թվականին ընդունվել է Ուկրաինայի Կրեմենչուգ քաղաքի քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարան: Այն ավարտելուց հետո 1981 թվականի հուլիսից գործուղվել է Երևանի այն ժամանակվա «Էրեբունու հարավային օդային 113 ջոկատ», որպես «Մի-8» ուղղաթիռի երկրորրդ օդաչու: 1986 թվականին նշանակվել է այդ ուղղաթիռի հրամանատար: Աշխատել է նախկին Խորհրդային Միության մի շարք հանրապետություններում, մասնակցել ԲԱՄ-ի, Ուրենգոյ-Պամարա-Ուժգորոդ գազամուղի շինարարական աշխատանքներին:

1981 – 88 թվականներին մասնակցել է նաև Ղազախստանի Շևչենկո (Ակտաու) գազամուղի շինարարական աշխատանքներին:
     1986 – 1992 թվականներին հեռակա ուսանել և ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը: 1993 – 1994 թվականներին սովորել է Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի բարձրագույն կոմերցիոն դպրոցում, ստացել «Արտասահմանում ավիացիայի ներկայացուցիչ» մասնագիտությունը:
     Որպես արցախյան պատերազմի մասնակից` 1996 թվականին պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և անվանական զենքով:
     Ամուսնացած է, ունի 2 զավակ: Այժմ աշխատում է քաղավիացիայում:

* * *

Ահա Գեղամ Գաբրիելյանի սեղմ կենսագրությունը: Հիմա փորձենք մի փոքր ընդարձակել այն: Տեսնենք, թե ով է իրականում մեր հերոսը և ինչ արեց երկրաշարժի և արցախյան ազատագրական պայարի ժա-մանակ: Ինչ-որ չափով նրա կենսագրությունն էլ նման է շատերի կենսագրությանը: Ծնվել է, սովորել, աշխատել, ամուսնացել, երեխաներ ունեցել... Եվ շատ-շատերի նման նրա համար էլ սկսվեց մի նոր, անակնկալներով, կյանքին սպառնացող վտանգներով լի հերոսական կենսագրություն:
     Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, Գեղամը աշխատում էր Ղազախստանում: Լսելով այդ մասին, նա թողեց ամեն ինչ ու վերադարձավ Հայաստան, վերադարձավ, որ կանգնի իր ժողովրդի կողքին, որ կիսի նրա վիշտն ու ուրախությունը: Նրան չստիպեցին, իր կամքով եկավ, որովհետև չէր կարող չգալ, որովհետև, որքան էլ հեռու` հոգով այստեղ էր` Հայաստանում, իր ընկերների, իր ժողովրդի հետ: Նա այն մարդկանցից չէր, որ իր ազգի համար այդ խառնակ օրերին հանգիստ, հեռու այդ ամե-նից ապրեր, լուրեր լսեր և մեկնաբանություններ աներ: Գեղամը պետք է վերադառնար ու իր անմիջական օգնությունը ցույց տար իր ժողովրդին: Վերադարձավ... Եվ, ինչպես ընկերներն են վկայում, ամբողջովին մխրճվեց Ղարաբաղյան շարժման մեջ:
     Գեղամը ծնվել մեծացել է Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում, որտեղ կան կուսական անտառներ, զմրուխտյա դաշտեր, խոր-խոր ձորեր, լուսաճակատ լեռներ, ու անապական ջրեր, որտեղ լուսաբացն ավելի պայծառ է, մայրամուտն ավելի շքեղ: Եվ որտեղ ապրել ու ապրում են բարի ու պարզամիտ մարդիկ, այդ թվում և Գեղամի ծնողները, որոնցից նա շատ ու շատ դրական հատկություններ է ժառանգել:
     Գեղամը սպիտակամորթ, ալեխառն մազերով, բաց շագանակագույն, նշաձև աչքերով համակրելի տղամարդ է: Նա մաքու, իր բնաշխարհի անապական ջրերի նման ջինջ, պարզ հոգի ունի:
     – Երբ նրա հետ սկսեցի ընկերություն անել և լավ ճանաչել նրան, հասկացա, որ նրա ազնվությունը, հոգու մաքրությունը չափից ավելի է այս աշխարհի համար, – վկայում է Նորայր Վարդանյանը:
     Այսօր էլ նա այդպիսին է: Չնայած տեսավ ավերիչ երկրաշարժի ողբերգական հետևանքները, անցավ պատերազմի ողջ թոհ ու բոհով, բազմիցս վտանգելով կյանքը, բայց չկոշտացավ նրա հոգին, ականատես եղավ մարդ արարածի ձեռքով գործած դաժանություններին, հազար անգամ խաբվեց մարդկանցից, բայց մնաց նույն պարզամիտ ու բարի Գեղամը, իր ազնվությամբ, իր մեծ հավատով ու սիրով դեպի մարդն ու աշխարհը:
     – Ամեն մարդ կերազի Գեղամի նման անդավաճան, անզուգական ընկեր ունենալ, – կրկնում են անընդհատ նրա ընկերները:
     Օդաչու դառնալը Գեղամի պատանեկական երազանքը չի եղել, չնայած մայրը հաճախ կատակով պատմում է.
     – Նա իր առաջին թռիչքը կատարեց հինգ տարեկան հասակում, երբ թևերը տարածելով համարձակ թռավ կտուրից, մեզ ասելով` – հեռացեք այդտեղից, ես պիտի թռչեմ: Մի լավ վախեցրեց մեզ: Փառք Աստծո, չվնասվեց...
     Գեղամը ծնվել է մանկավարժի ընտանիքում: Հայրը շատ էր ցանկանում, որ որդին իր նման ուսուցիչ դառնա, մնա գյուղում ու աշխատի գյուղի դպրոցում: Սակայն Գեղամը այլ երազանք ուներ: Նա որոշել էր դպրոցն ավարտելուց հետո աշխատել ՊԱԿ-ում, միամտորեն հավատում էր, որ այդ բնագավառում միմիայն ազնիվ մարդիկ են աշխատում: Հետագայում նա հասկացավ, որ դա իր կոչումը չէ: Դպրոցը գերազանց գնահատականներով ավարտելուց հետո, ծնողների կամքին հակառակ, առանց որևէ մեկի օգնության և միջնորդության ընդունվեց Կրեմենչուգի քաղաքացիական ավիացիայի օդաչուական ուսումնարանը և փայլուն կերպով ավարտեց: Ստանալով ուղղաթիռի օդաչուի մասնագի-տություն, աշխատանքի անցավ «Էրեբունի» օդանավակայանում, որպես «Մի-8» ուղղաթիռի օդաչու: Եվ որպեսզի կատարած լինի նաև հոր ցանկությունը` 1996 թվականին ընդունվում է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետի հեռակա բաժինը և ստանում մաթեմատիկայի ուսուցչի որակավորում:
     1988 թվական դեկտեմբերի 3-ին ուղղաթիռի հրամանատար Գեղամ Գաբրիելյանը, 2-րդ օդաչու Էդվարդ Կարապետյանը և բորտմեխանիկ Վարդան Ասատրյանը առաջին անգամ թռան Գետաշեն:
     Իսկ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին նա աղետի գոտում էր: Գեղամը տեսածից ցնցվել էր, ինչպես շատ-շատերի, նրա համար էլ, մի պահ կարծես կյանքը կանգ առավ: Թվում էր, թե տեսածը մի չար երազ է, ուր որ է կզարթնի և կհամոզվի, որ ոչինչ չի փոխվել, որ ամեն ինչ իր տեղում է և որ այդ ամենը չի եղել: Բայց, ավաղ...
     Այսպես սկսվեց Գեղամ Գաբրիելյանի մարտական ուղին, ուղի, որը լի էր փորձություններով, հղի` վտանգներով, բայց հերոսական էր ու փառահեղ...
     1988 թվականի դեկտեմբերի 8-ի առավոտյան հրամանատար Գեղամ Գաբրիելյանը, 2-րդ օդաչու Էդուարդ Կարապետյանը ու բորտմեխանիկ Վարդան Ասատրյանը «Մի-8» ուղղաթիռով մեկնեցին Կիրովական: Բժիշկներ էին տանում: Ուղղաթիռը լեփ-լեցուն էր դեղորայքով: Այդ օրը Գեղամ Գաբրիելյանի անձնակազմը հինգ թռիչք կատարեց: Հաջորդ օրը` դեկտեմբերի 9-ին, Կիրովական, Սպիտակ, Նալբանդ, Գեղասար, Կաթնաղբյուր, Շենավան, Մեծ Պարնի, Լուսաշող, Ստեփանավան, Պուշկինո հասցրեց տաք հագուստ, սննդամթերք, դեղորայք և օգնական ուժեր: Վերադարձին տեղափոխում էին աղետյալներին:
     Ավիատորների ջանքերով Կիրովականում ստեղծվեց ժամանակավոր օդանավակայան: Դեկտեմբերի ինն էր: Ուղղաթիռը վերցրել էր 14 վիրավոր, որից յոթի վիճակը ծանր էր: Պատրաստվում էին օդ բարձրանալ, երբ ուղղաթիռը կանգնեցնելու նշան արեցին: Բերում էին տասներեք տարեկան մի աղջկա, որը լուրջ կոտրվածքներ էր ստացել: Եվս մի կյանք էր փրկվելու: Ուղղաթիռում պառկեցնելու տեղ չկար: Նրան ստիպված տեղավորեցին բորտմեխանիկի մոտ: Աղջիկը հենվել էր Վարդանին ու լուռ տանջվում էր ցավերից: Նա միայն մի պահ բացեց աչքերը և նվազ ձայնով հարցրեց.
     – Երևանի երեխաները ողջ են:
     Նրան թվում էր, թե երկրաշարժը ավերել էր ողջ Հայաստանը:
     – Ո’ղջ են, քույրիկս, այնտեղ ամեն ինչ նորմալ է, – արցունքը կոկորդում խեղդելով հանգստացրեց նրան բորտմեխանիկ Ասատրյանը:
     Աղետի օրից սկսած մինչև դեկտեմբերի 25-ը Գեղամը 82 թռիչք կատարեց:
     – Այդ օրերին դժվար էր ճանաչել Գեղամին, դարձել էր մռայլ, չէր ուտում, չէր խոսում, – հիշում է կինը` Ծովինարը: Այո, տարերային աղետը խաթարել էր նրա նուրբ, ազնիվ հոգին: Նա իր պարտքի ու խղճի գերին էր դարձել, որը նրան մղում էր ի գործ, օգնելու տառապյալներին: Իսկ թե այդ խիղճն ու պարտքը էլ ինչի մղեցին և ինչ արեց Գեղամը արցախյան հերոսամարտի ժամանակ, դուք կիմանաք ու արժանին կհատուցեք իմ հերոսին, շարունակելով կարդալ նրա տագնապալից կենսագրականը:
     Երբ Գեղամի մտերիմ ընկեր Նորիկ Վարդանյանին հարցրի նրա մասին, մի լայն ժպիտ ծավալվեց Նորիկի դեմքին:
     – Գեղամը... մեր Գեղամը... Նա տարբերվում է բոլորիցս իր բացառիկ պարզությամբ, նվիրվածությամբ և մարդու նկատմամբ ունեցած անաղարտ ու մեծ հավատով: Նա երբեք չէր հավատում, որ կարող են իրեն խաբել, կամ իրենից ինչ-որ բան գողանալ: Գեղամը շատ անկեղծ ընկեր է: Ես միշտ հպարտանում ու հիանում եմ նրանով:
     Գեղամի բարեմասնությունները դրանով չեն սահմանափակվում: Նա շատ կարդացած, զարգացած անձնավորություն է, շատ է սիրում զբաղվել տեխնիկայով: Ռադիոընդունիչը, հեռուստացույցը, կենցաղային սարքերը մաս մաս ուսումնասիրում է, քանդում-հավաքում: Գաղափար ունի ամեն ինչից: «Նա երբեմն չափից ավելի է վստահում տեխնիկային», – ասում են ընկերները: Ընդհանրապես բնավորությամբ շատ մեղմ է, հանգիստ, բայց շատ է տարվում արագությամբ: Եվ սիրում է մոլեգին վարել թե’ ավտոմեքենան, թե’ ուղղաթիռը: Այո’, շատ է վստահում տեխնիկային:
     Խնջույքների ժամանակ լավ երգում է և նվագում կիթառով, գիտի սրտանց ուրախանալ և ուրախացնել, սիրում է երաժշտությունը: ՄԻնչև ամուսնանալը մտածում էր, որ պետք է ամուսնանա այնպիսի մի աղջկա հետ, որը, անպայման երաժշտական կրթություն ունենա ու կարողանա նվագել երաժշտական որևէ գործիքի վրա: Ծովինարը, պատմում է որոշ գաղտնիքներ.
     – Գեղամը հրաշալի անձնավորություն է, անզուգական որդի, նվիրված ամուսին ու հայր: Չնայած բնավորությամբ մեղմ է, աննկարագրելի համառություն ունի, մինչև չհասնի իր նպատակին, չի հանգստանա: Այդպես եղավ և մեր հանդիպման ժամանակ: Ես չէի ուզում ամուսնանալ նրա հետ, մտածելով, որ ոչ մի ընդհանուր հետաքրքրություն չունեմ նրա հետ: Հետո` ես գյումրեցի, նա` չինչինցի... Ծնողներն էլ համաձայն չէին, որ մենք ամուսնանանք: Բայց Գեղամը իր համառությամբ հաղթեց ու... հարթեց կողմերի բոլոր տարաձայնությունները: Փառք Աստծո, ամեն ինչ լավ վերջացավ: Մենք ամուսնացանք և երջանիկ ենք: Նա այնքան պարզ, բարի անձնավորություն է, կարծես մեծ երեխա լինի: Վերին աստիճանի նրբազգաց է: Մեր ժողովրդի համար ծանր, ողբերգական օրերին, երբ հոգնած` զգացածից, տեսածից` տառապած, հերթական չվերթներից հետո տուն էր դառնում, ուզում էր, որ դուռը անպայման ես բացեմ, ժպտամ, հետո երբ պառկեր քնելու, իր համար նվագեմ, ապա երեխայի նման շոյեմ գլուխը:
     Վերհիշելով անցյալը, Ծովինարը ժպտում է ու շարունակում.
     – Ես երկունքի ցավերի մեջ էի, այդ պահին մի քանի ազատամարտիկ մեր տուն եկան և հայտնեցին, որ Շահումյանում մի քանի մարդ է զոհվել ու ականից վիրավորվել: Ամպամած, անձրևոտ եղանակ էր, ոչ թռիչքային եղանակ, բայց նա ինձ թողեց սկեսրոջս և այդ տղաների խնամքին, ինձ հանգստացրեց ու ինքը թռավ Շահումյան` վիրավորներին բերելու: Բայց ասեմ, որ ես էլ պակաս համառը չէի: Չէի համաձայնվում հիվանդանոց գնալ, սպասում էի Գեղամին: Երեք ժամ հետո նա վերադարձավ ու ինձ տեղափոխեց հիվանդանոց: Փառք Աստծո, երեխան ծնվեց, ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Բա շարունակությունը... Առավոտյան, երեխայի ծնվելուց հետո Գեղամը պետք է ինձ խավիծ «հասցներ»: Խավիծը ձեռքին տանից դուրս է գալիս, որ բերի հիվանդանոց, ճանապարհին հանդիպում է ծանոթների ու ընկերների...
     – Գեղամ, աչքդ լույս, տղա ես ունեցել, բա մի բաժակ չխմենք, – ասում են ու գրկախառնվում... Դե, խավիծը ինձ հասավ, միայն թե ոչ թե առավոտյան, այլ` երեկոյան...
     Գեղամը իր օդաչուական ունակությունների և մեծ աշխատասիրության շնորհիվ շատ ավելի շուտ դարձավ ուղղաթիռի հրամանատար, և շարքային հրամանատարներից բոլորից շուտ թռավ աղետի գոտի, Հայաստանի սահմանամերձ շրջանները և, Լեռնային Ղարաբաղ:
     * * *

Գեղամի հետ զրուցելիս մոռանում ես ժամանակը, նրա հետ մխրճվում ես մոտիկ անցյալի դժվարին գոտեմարտերի մեջ, նրա հետ գնդակոծվում թշնամու «Գրադներով», վշտից մի բուռ դարձած հալածվածներին գերբեռնված ուղղաթիռով Երևան հասցնում: Նայում եմ, լսում, զարմանում: Հիմա որքան խաղաղ ու ջինջ են նրա աչքերը, բայց քանի-քանի անգամ են ցասումից փայլատակել... Պատմում է, տխրում, ուրախանում, դարձյալ վշտանում... լսենք նրան:

* * *
     ՄԵԶ «ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄ» ԵՆ

Արդեն լսել էի Կիրովաբադում տղաների կատարած աշխատանքի մասին: Երևան վերադառնալով, ամբողջովին մխրճվեցի շարժման մեջ: 1988թ. դեկտեմբերի 3-ին իմ անձնակազմով` ես, երկրորդ օդաչու Կարապետյան Էդիկը և բորտ մեխանիկ Վարդան Ասատարյանը Երևանից թռանք Կամո: Կամոյից տղաները թռիչքներ էին կատարում Գետաշենի, Կիրովաբադի և Խանլարի շրջանի (Զագլիկ, Չիրագիձոր, Շիրվանիձոր) հայկական գյուղերն ու այնտեղից դուրս բերում կանանց, երեխաներին ու ծերունիներին: Ընդ որում, դուրս էինք բերում ոչ միայն հայ, այլև ռուս և հրեա ընտանիքների:
     Երկու օր շարունակ թռիչքներ էինք կատարում Գետաշեն: Գիտեի, որ այնտեղ հայկական գյուղեր կան, բայց չէի պատկերացնում, որ այդքան շատ կլինեին...
     1988թ. դեկտեմբերի 6-ին թռել էինք Գետաշեն: Երեխաներին ու կանանց վերցնելուց հետո պատրաստվում էինք օդ բարձրանալ, երբ մեր գլխավերևում հայտնվեցին խորհրդային ռազմական ուղղաթիռներն ու ռադիոյով պահանջեցին ուղղվել Կիրովաբադի օդանավակայան: Փաստորեն մեզ կալանեցին: Հարկադրված` ուղևորներին իջեցրինք ու ռազմական ուղղաթիռների հսկողությամբ երեք ուղղաթիռով թռանք Կիրովաբադ: Առաջինի հրամանատարը ես էի, երկրորդինը` Վլ.Եֆիմովիչ Կարատինսկին (նա մեր օդաչու-տեսուչն էր), երրորդինը` Յուրիկ Գասպարյանը: Ստիպված էինք ենթարկվել հրամանին, հակառակ դեպքում մեր վրա կրակ կբացեին: Կիրովաբադ իջնելուց հետո անմիջապես սկսեցին ուղղաթիռները խուզարկել: Զենք էին փնտրում: Ի վերջո, զանազան հնարքներ բանեցնելով կարողացանք օդ բարձրանալ ու թռչել Կամո: Դրանից հետո պաշտոնապես թռիչքները արգելեցին:

ԵՐԿՐԱՇԱՐԺ

1988թ. դեկտեմբերի 7-ին, վաղ առավոտյան պատրաստվում էինք թռիչքի, երբ բոլոր ուղղաթիռները Կամոյից շտապ Երևան կանչեցին: Մեծ աղետ էր, երկրաշարժ... Քանի որ ես երիտասարդ հրամանատար էի, իմ փոխարեն թռան Վլ.Կարատինսիկին և Թոֆիկ Ալավերդյանը: Առաջինը գնաց Լենինական, իսկ երկրորդը` Սպիտակ:
     Հաջորդ օրը` դեկտեմբերի 8-ին ես էլ սկսեցի մասնակցել թռիչքներին: Սկսեցի իմ ուղղաթիռով դուրս բերել վիրավորներին, պարեն ու դեղորայք հասցնել աղետյալներին:
     Մեզ առաջինն օգնության եկան վրացի օդաչուները: Նրանցից հետո եկան Սոչիի, Մախաչկալայի և Նալչիկի ուղղաթիռները: Աղետի գոտում մոտավորապես 25 ուղղաթիռ էր աշխատում: Նրանք ուշադրություն չդարձնելով վատ եղանակին, շարունակում էին իրենց աշխատանքը: Միառժամանակ մոտ 10 – 15 օր, Ղարաբաղի խնդիրը հետին պլան մղվեց:

ԹՌԻՉՔԻ «ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆԵՐԸ»

Ես, ինչպես մյուս ուղղաթիռների անձնակազմերը, 28 օր առանց հանգստի, աշխատել ենք աղետի գոտում: Երբ Ղարաբաղում կրկին սրվեց իրավիճակը, սկսեցինք խառը թռիչքներ կատարել մեկ` Ղարաբաղ, մեկ` աղետի գոտի: Այն ժամանակ` խորհրդային կարգերի տարիներին, մենք ինքնուրույն թռիչքներ կատարելու իրավունք չունեինք: Թռիչքները կատարվում էին այս կամ այն կազմակերպության պատվերով: Մասնավոր մարդը ևս չէր կարող թռիչք պատվիրել: Դա կարող էր կատարել ցանկացած պետական հիմնարկություն: Թռիչքների հիմնական պատվիրատուն «Արմտրանսգազ» և «Զակնեֆտգազստրոյ» հիմնարկություններն էին, որոնց տնօրենը Գեորդի Անդրեյի Թաթարյանն էր և Սենիկ Գևորգյանը: Նրանք էին փողը փոխանցում և թռիչքները Ղարաբաղ կատարվում էին նրանց պատվերով: Երկրորդ պատվիրատուն, երկրաբանահետախուզական էքսպեդիցիան էր: Վերջինս գտնվում էր ռադիոկայանի մոտ:
     Թռիչքներ էին պատվիրում նաև պետավտոտեսչությունը, ինչպես նաև այլ կազմակերպություններ: Դրանք ձևական բնույթ ունեին, մենք պետք է ինչ-որ ձևով օրինականացնեինք մեր թռիչքները, քանի որ թռիչքի չվերթը պետք է համաձայնեցվեր Անդրկովկասյան ռազմական օկրուգի հակաօդային պաշտպանության շտաբի հետ, որը և թույլատրում էր մեր թռիչքները:

ԽԱՉԵՐ ԵՎ ԽՈԶԵՐ...

Թռիչքները կատարվում էին չափազանց դժվարին պայմաններում: Առաջին օրերին պարզապես չգիտեինք, թե տեղերում ի’նչ է կատարվում: Ինտենսիվ թռիչքները Ղարաբաղ սկսվեցին 1989 թվականի հունվարից:
     Թռչում էինք տարբեր տեղեր, հիմնականում Հադրութ, Ստեփանակերտ, Մարդակերտ, Կրասնի Բազար, Մարտունի, Շահումյան, Գետաշեն: Դրանք այն հիմնական շրջաններն էին, որ մենք գիտեինք: Քարտեզ ունեինք, սակայն չգիտեինք, թե այս կամ այն գյուղը հայկական է, թե` ոչ: Դրա համար մենք հետևյալ ձևն էինք մշակել. գյուղի հայկական լինելը որոշում էինք գերեզմանոցում եղած խաչերով: Սակայն հայ բնակչության տեղահանությունից հետո, երբ գյուղը գրավվում էր ադրբեջանցիների կողմից, բնակավայրի հայկական լինելը որոշում էինք արածող խոզերով:
     Ղարաբաղում եղած դժվարություններին գումարվում էր նաև օդանավակայանում գտնվող ՊԱԿ-ի աշխատակիցների, ԽՍՀՄ-ի տարբեր տեղերից եկած միլիցիայի աշխատակիցների հսկողությունը:
     Սկզբնական շրջանում ալյուր, պարեն և այլ մթերք էինք տանում Ղարաբաղ: Զենքի հարց դեռևս չկար: Սակայն, երբ դեպքերի հետագա զարգացումը ցույց տվեց, որ խնդիրը հնարավոր չէ խաղաղ ճանապարհով լուծել, սկսեցինք աստիճանաբար զենք ու զինամթերք տեղափոխել:

ԶԳՈՒՇՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ԲԱՆ Է

Առաջին անգամ, երբ իմ ուղղաթիռով զենք ենք տեղափոխել, ես այդ մասին պարզապես չեմ իմացել: Այնպես պատահեց, որ ես ուղևորներ էի տանում Շահումյան: Օդում նրանք խնդրեցին իջնել Գյուլիստան, որտեղ բեռ պետք է թողնեին: Ես կատարեցի նրանց խնդրանքը: Եվ երբ բեռն իջեցրին ու մենք թռանք, ինձ նոր ասացին, թե դա ինչ բեռ էր. դա զենք էր: Իսկ ինչպես ես իմացա: Իմ ուղևորը Մեղրյան Շահենն էր իր զինակիցներով: Ինչու ինձ սկզբնապես չզգուշացրին: Բանն այն է, որ ես իրենց համար անծանոթ մարդ էի և նրանք չգիտեին կարելի է, արդյոք, ինձ վստահել: Դա 1989թ. սկզբներին էր: Ճիշտ է, դրանից հետո էլ շարունակում էին մեզ` օդաչուներիս չվստահել: Զենքը տեղափոխում էին ալյուրի պարկերի մեջ: Մենք գլխի էինք ընկնում, երբ ուղղաթիռը օդ էր բարձրանում: Մենք գիտեինք ուղղաթիռի բեռնատարողությունը, և մեր հաշվարկով մեքենան կարող էր առանց դժվարության 2, 5 տոննա բեռ բարձրացնել, սակայն ուղղաթիռը կամ դժվարությամբ էր գետնից պոկվում, կամ էլ չէր պոկվում ընդհանրապես: Միայն տեղ հասնելուց հետո էին ասում, որ ալյուրի պարկերի մեջ թաքցրած զենք ու զինամթերք է եղել:
     – Զգուշությունը լավ բան է, – կատակում էին նրանք:
     Չվերթերը կատարում էինք Կամո-Գետաշեն, Կամո-Շահումյան, Կամո-Մարտունի, Կամո-Մարդակերտ, Գորիս-Հադրութ և Գորիս-Ստեփանակերտ ուղղություններով:
     Այն բանից հետո, երբ ազատամարտիկները սկսեցին մեզ վստահել, նախօրոք հայտնում էին, որ այս կամ այն բեռը անհրաժեշտ է բեռնաթափել բնակավայրերից հեռու: Մենք պայմանավորված վայրում իջնում, հանձնում էինք բեռը, հետո թռչում էինք մեր նշանակված բնակավայրը: Իսկ այնտեղ գտնվող ԽՍՀՄ ՆԳ զորքերի սպաները զարմանում էին, թե ինչու ենք դատարկ գալիս, միթե այդքան շատ փող ունենք, որ քամուն ենք տալիս: Մենք էլ «արդարանում» էինք, թե դա պատվիրատուի քմահաճույքն է. նա է փողը տալիս, թող ինքն էլ այդ մասին մտածի:
     ԿԱՐՃԱՏԵՎ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ: ՅՈԼԱ ԵՆՔ ԳՆՈՒՄ ՄԵՐ ՈՒԺԵՐՈՎ
     1989թ, սկզբներին մեր հետ միասին սկսեցին Ղարաբաղ թռչել նաև Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի ու Ռուսաստանի ուղղաթիռները: Նրանք գլխավորապես փոխադրում էին պարեն և շատ քիչ քանակությամբ զենք: Ցավոք, նրանց ուղղաթիռներից մեկը ջարդվեց Հաթերքից հյուսիս: Այս աշխատանքներին մասնակցում էին Նալչիկի ու Սոչիի անձնակազմերը: Սակայն երբ իրադրությունը շատ սրվեց, դրսից եկած ուղղաթիռները ետ կանչվեցին: Լինում էին դեպքեր, երբ մեր ուղղաթիռները չէին բավականացնում, մոսկվացիները իրենցն էին տալիս և մենք դրանցով էինք թռչում: Մենք անձնակազմեր ունեինք, սակայն ուղղաթիռները չէին բավականացնում:
     1988 թվականին ադրբեջանցիները սկսեցին գնդակոծել մեր ուղղաթիռները: Առաջինը խփեցին վրացական ուղղաթիռը, ապա` մոսկվացիներինը: Վերջիններս մեծ աղմուկ բարձրացրին, սակայն գործը փակեցին:
     Հետո, երբ Միության տարբեր տեղերից եկած ուղղաթիռները վերադարձան, թռիչքների ողջ ծանրությունն ընկավ մեր ուսերին: Մենք ունեինք ընդամենը 3 ուղղաթիռ: Հրամնատարներն էլ հինգ հոգի էին` Վլ.Կարատինսկին (տեսուչ), Թոֆիկ Ալավերդյանը, Յուրիկ Գասպարյանը, Ստեփան Նիկողոսյանը (էսկադրիլիայի հրամանատար) և ես: Հետո հրամանատարներ դարձան Ռաֆիկ Մեհրաբյանը, Նորայր Վարդանյանը, Էդւարդ Կարապետյանը, Վարդգես (Արմեն) Մնացականյանը և Մուշեղ Անտոնյանը (վերջինս զոհվեց կենդանաբանական այգու մոտ տեղի ունեցած ուղղաթիռի վթարի պատճառով):

ԳԻՇԵՐԱՅԻՆ ԹՌԻՉՔՆԵՐ: ԵՐԿՈՒՍԻ ՓՈԽԱՐԵՆ ՉՈՐՍ ՏՈՆՆԱ:

ԻրավիճակԻ սրվելու հետ մեկտեղ Մոսկվան սկսեց դեպի Ղարաբաղ թռիչքները արգելել: Թույլ էր տրվում իջնել միայն Ստեփանակերտ, որի օդանավակայանը գտնվում էր ադրբեջանական ՕՄՕՆ-ի և ԽՍՀՄ ՆԳ զորքի խստագույն հսկողության տակ: Մենք, սակայն, չէինք կարող թռիչքները դադարեցնել, ուստի ուղղաթիռները բազավորվեցին Կամոյում: Այստեղից` գիշերները գաղտնի թռչում էինք Հադրութ, Մարդակերտ և Շահումյան: Մեր գիշերային թռիչքները շարունակվեցին մինչև 1991թ. օգոստոսի 18-ը: Արդեն մեզ հետ թռչում էին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորներ: Նրանց թվում էր նախկին փորձարկող-օդաչու, Խորհրդային Միության հերոս, գնդապետ Սմիռնովը: Երբ նա ականտես եղավ մեր գիշերային թռիչքներին, ապշահար եղավ:
     Բանն այն է, որ Խորհրդային Միության պրակտիկայում երբեք նման թռիչքներ տեղի չեն ունեցել: Ուղղաթիռները գիշերը թռել են, բայց թռել են հարթ տեղանքում, որտեղ ռելիեֆը հնարավորություն է տալիս պահպանել անհրաժեշտ բարձրությամբ անվտանգ թռիչքը: Իսկ լեռնային պայմաններում նման թռիչքներն անհնար էին, քանի որ լեռնային ռելիեֆը թույլ չէր տալիս պահպանել թռիչքների անվտանգությունը: Բացի այդ, գնդապետ Սմիռնովին զարմացրել էր նաև ուղղաթիռների գերբեռնվածությունը: Թռիչքները կատարվում էին օրական 3 անգամ, գերբեռնված: Սմիռնովը ապշած հարցնում էր.
     – Ես հասկանում եմ, որ ուղղաթիռը կարող է բարձրացնել 2 տոննա, բայց դուք ինչպես եք կարողանում մինչև 4 տոննա բարձրացնել:
     Այն բանից հետո, երբ ուղղաթիռների գնդակոծումները դարձան, մենք սկսեցինք թռչել ամպամած եղանակին: Ինպես: Բարձրանում էինք ամպերից վերև և գնում Ղարաբաղի ուղղությամբ: Հաշվարկով գիտեինք, թե որքան ժամանակ է պահանջվում Մարդակերտ կամ Հադրութ հասնելու համար, աստիճանաբար իջնում էինք և տեղում կողմնորոշվում, թե որտե’ղ ենք գտնվում: Մեզ օգնում էր այն հանգամանքը, որ տեղանքը գերազանց գիտեինք, կարելի է ասել, անգիր գիտեինք յուրաքանչյուր ծառ ու թուփ և որ այդ ամենը կատարվում էր Հայրենիքի համար: Հայրենասիրական պոռթկումը մեզ ստիպում էր չմտածել մեր անվտանգության մասին:
     Ոչ մեկի մտքով չէր անցնում որևէ կերպ ապահովել մեր թռիչքների անվտանգությունը: Չէ որ ըստ չվերթի մենք թռչում էինք Երևան-Վարդենիս, այնինչ իրականում գնում էինք Ղարաբաղ:
     Իմ անձնակազմի անդամներն են եղել Նորայր Վարդանյանը (2-րդ օդաչու), Էդուարդ Կարապետյանը (2-րդ օդաչու), բորտմեխանիկներ` Վարդան Ասատրյանը, Արծվիկ Սարգսյանը և ուրիշներ:

* * *

Էրեբունի օդանավակայանի անմիջական հարևանությամբ տեղակայված էր Խորհրդային զինված ուժերի ՀՕՊ-ի ուղղաթիռային գունդը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո տեղի հրամանատարությունը որոշել էր Հայաստանից գաղտնի դուրս բերել մարտական ուղղաթիռները: Ինչ անեինք:
     Աստվածատուր Պետրոսյանը (այժմ` գեներալ, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ), տեղեկանալով այդ մասին իր և «Տիգրան Մեծ» ջոկատի տղաներով արգելեցին ռազմական ուղղաթիռները դուրս բերել Հայաստանից: Նրանք նույնիսկ ձերբակալեցին Մոսկվայից եկած մի գեներալի, որը ղեկավարելու էր այդ օպերացիան: Եկավ Վազգեն Սարգսյանը, «հանդիմանեց» և նույնիսկ գոռգոռաց տղաների վրա: Գեներալին ու օդաչուներին լցրեցին մի ինքնաթիռ ու ուղարկեցին «տուն, իսկ ուղղաթիռները մնացին, սակայն մնացին առանց ռազմական օդաչուների: 20 ռազմական ուղղաթիռ: Հետո «ռազմական առաջադրանքով» Նիկողոսյան Ստեփանին ու ինձ ուղարկեցին Լենինական: Երկու ռազմական ուղղաթիռ էլ այնտեղից փախցրեցինք ու բերեցինք Երևան: Որպեսզի մեզ որևէ բան չպատահի, մեր անվտանգությունն ապահովելու համար Ստեփանին ուղարկեցին Շևչենկո` տեղի պոլիտեխնիկական ինստիտուտում ուսանելու, իսկ ես, Վանցյանը, ևս մեկ հոգի մեկնեցինք Մոսկվա` օրինականացնելու մեր մոտ եղած ուղղաթիռները: Դրանց ավելացել էին ևս չորսը, որոնք Նախիջևան տանելու պատրվակով բերվել էին Ծղինվալիից: Հետներս տարել էինք 1 տեսամագնիտոֆոն և 1 արկղ կոնյակ, որպես կաշառք: Հույս ունեինք դրանցով ռազմական ուղղաթիռները պահել, այն դեպքում, երբ մեկ «Մի-24» -ը արժեր ութ միլիոն դոլար: Երբ մտանք գլխավոր շտաբ, նկատեցի, որ իմ ու Ստեփանի լուսանկարները մեր տվյալներով կախված են համապատասխան տեղում: Գրված էր, որ մենք Լենինականից երկու ուղղաթիռ ենք փախցրել: Մեզ փնտրում էին: Բայց մենք նահանջելու միտք չունեինք: Մտանք բարձրաստիճան սպաների (գեներալների) մոտ: Նրանք սկսեցին մեզ հանդիմանել ու կշտամբել, թե` «Դուք կառավարություն ունեք, նման հարցերը լուծվում են կառավարական մակարդակով, այլ ոչ թե այսպես տնավարի: Մենք ձեզ համակրում ենք և այդ հարցը դրական կլուծենք, միայն թող կառավարության ներկայացուցիչը գա»:
     – Ես քաղաքացիական օդաչու եմ, թռիչքների ընթացքում և’ անձս, և’ ուղղաթիռը վտանգվում են, քանի որ ադրբեջանցիները անընդհատ գնդակոծում են մեքենաս: Ես, մտածելով իմ անվտանգության մասին, ցանկանում եմ, որպեսզի քաղաքացիական ուղղաթիռն իր չվերթը կատարելիս, նրան ուղեկցի ռազմական ուղղաթիռ, – պատասխանեցի ես:
     Գեներալների միջև տարաձայնություն սկսվեց:
     Ներկա գտնվող 6-7 գեներալներից մեկը պոռթկաց.
     – Դուք գիշերներն եք թռչում Ղարաբաղ:
     Գեներալներից մյուսը սկսեց հակառակը պնդել.
     – Ես եղել եմ Աֆղանստանում լեռնային ռելիեֆի պայմաններում դա անհնար է:
     Զրույցին մասնակից գեներալ Օչիրովը սկսեց ներկաներին հավաստիացնել, որ իսկապես հայ օդաչուները գիշերնեն են թռչում: Ի վերջո, մարշալ Շապոշնիկովի (նա այն ժամանակ պաշտպանության նախարարն էր) անունով նամակ գրվեց, որտեղ խնդրվում էր այդ չորս «Մի-24» -ները թողնել Հայաստանում: Խնդրանքը հարգվեց:

ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՎԱՐԵԼ ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐ

Բազմաթիվ արկածներից ու երկարատև պայքարից հետո ռազմական ուղղաթիռները մնացին մեզ: Այժմ բարձրացավ մեկ այլ պրոբլեմ` ովքեր են վարելու այդ մեքենաները, չէ որ մեզ մոտ ռազմական օդաչուներ չկան: Մարտական «Մի-8» -ը և «Մի-24» -ը ըստ էության նույն քաղաքացիական ուղղաթիռներն են և քաղաքացիական օդաչուները դրանք կարող են վարել, սակայն ռազմական ուղղաթիռներն ունեն իրենց նրբությունները` հարձակման և պաշտպանության մարտական ձևերը և տարբեր զենքերի օգտագործման եղանակները:
     Միակ ռազմական օդաչուն, որը ռուսների գնալուց հետո մնացել էր Հայաստանում, Էրիկ Մարտիրոսյանն էր, որը ուղղաթիռային գնդում էսկադրիլիայի հրամանատարի տեղակալն էր: Նրան խնդրեցինք օգնել: Անշուշտ, չմերժեց: Նրա հետ մի քանի վարժական թռիչքներ կատարեցինք: Առաջին մարտական թռիչքը կատարեց Ստեփան Նիկողոսյանը: Ես քաղաքացիական ուղղաթիռով հետևում էի նրան որպեսզի որևէ բան պատահելու դեպքում օգնության հասնեի:
     Փորձնական հատվածի թիրախ ընտրվեց Զոդի լեռնանցքի մոտ գտնվող ադրբեջանական բազան: Փորձը հաջող էր: Ստեփանի երկրորդ օդաչուն Ջամբուլադ Մուրադյանն էր, իսկ բորտմեխանիկը` Իոսիֆ Միքայելանը:
     Մարտական ուղղաթիռի հետ վարվելու նրբություններն ինձ սովորեցրեցին զինվորական օդաչուներ Դմիտրին և Ալեքսեևը:
     Մարտական ուղղաթիռներին տիրապետելուն մեծ օգնություն ցույց տվեցին նախկին Խորհրդային Միության ուղղաթիռային գնդի հայ տեխնիկները: Նրանք մեզ մի շարք կարևոր նրբություններ ասացին, որոնք թույլ տվեցին ուղղաթիռի կրակային հզորությունն է’լ ավելի արդյունավետ օգտագործել: Հիշում եմմ առաջին անգամ մարտական ուղղաթիռով առաջադրանք կատարելու համար գնացի Շահումյան: 2-րդ օդաչուն Ջամբուլադ Մուրադյանն էր, բորտմեխանիկը` Իոսիֆ Միքայելյանը: Շահումյանում մեզ դիմավորեց Շահեն Մեղրյանը: Մենք պետք է հրթիռա-գնդացրային կրակով ոչնչացնեինք Կարաչինար գյուղի մոտ գտնվող ադրբեջանական թնդանոթները: Շահենը քարտեզի վրա ցույց տվեց, թե որտեղ են գտնվում թնդանոթները: Պատրաստվում էինք թռչել, երբ երկու կին, նորածին երեխան գրկներին, մտան ուղղաթիռ և պահանջեցին իրենց Երևան տանել: Մեր բոլոր խնդրանքներն ու սպառնալիքները նրանք համառորեն մերժեցին ու հրաժարվեցին դուրս գալ ուղղաթիռից: Նույնիսկ Շահեն Մեղրյանը չկարողացավ նրանց համոզել: Մեղրյանի համաձայնությամբ առաջադրանքը հետաձգվեց: Օդ բարձրացանք անկոչ ուղևորների հետ: Ջամբուլադն առաջարկեց ուղևորներին չասել, բայց առաջադրանքը կատարել: Համաձայնվեցի: Թալիշի մոտով մտանք ադրբեջանական տարածք և խորացանք Կիրովաբադի ուղղությամբ, հետո թեքվելով կամաց-կամաց թիկունքից սկսեցինք մոտենալ ադրբեջանական դիրքերին: Համազարկ տվեցի, երբ բավականաչափ մոտեցել էինք: Քանի որ նոր էի սովորում կրակել HPC-ից, ոչ բոլորը դիպան թիրախին: Հակառակորդը կարծելով, որ ուղղաթիռը յուրային է, ձեռքերը թափահարում էին, փորձելով ցույց տալ, որ օդաչուն սխալվել է, բայց արդեն ուշ էր...
     Այդ նույն ժամանակ մեր տղաները չորս ուղղաթիռով վայրէջք էին կատարել Մարդակերտում: Անմիջապես կապվեցի նրանց հետ, զգուշացնելով. «Տղերք, համը հանել եմ, փախեք, հիմա կգան»: Նրանք ժամանակին օդ բարձրացան և խուսափեցին Կիրովաբադից եկած ռազմական ուղղաթիռներից:

ՄԱՐՏԱԿԱՆ ՕՊԵՐԱՑԻԱՆԵՐ: ՍԽԱԼՎԵԼ ՉԻ' ԿԱՐԵԼԻ

Այս ժամանակից ի վեր սկսվեցին մեր և’ քաղաքացիական, և’ մարտական թռիչքները: Ուղղաթիռների համար ծՀհ-ով կառավարվող հրթիռներ էինք հայթայթում Բալահովիտի խորհրդային ռազմական պահեստներից` յուրաքանչյուրի համար վճարելով 400 ռուբլի, իսկ ուղղաթիռի մարտական մեկ կոմպլեկտը կազմում էր 40-ական: Երբ ես վրիպում էի, Ջամբուլադը հանդիմանում էր.
     – Գեղամ, հիշիր, թե ինչքան մեծ գումար ենք տվել..., – ափսոսանքով ասում էր նա:
     Որոշակի մարտական փորձ ձեռք բերելուց հետո, սկսեցինք մասնակցել օպերացիաների: Առաջինը Լաչինի գրոհն էր: 1992 թվականի մայիսի 8-ին պետք է Գորիսից նմանակեղծեինք հարձակման գլխավոր ուղղությունը: Այստեղ իմ ուղղաթիռը խփեցին, և ես հազիվ կարողացա մեքենան Գորիս հասցնել: Բայց գոհ էի: Հիմնական նպատակը կատարվեց. հաջողվեց հակառակորդին մոլորության մեջ գցել: Այդ մարտական գործողության մասնակցության համար նախարար Վազգեն Սարգսյանը մեզ` Էդուարդ Կարապետյանին, Ստեփան Նիկողոսյանին և ինձ պարգևատրեց, անձնական զենքով: Ատրճանակի վրա փորագրված է. «1992թ, մայիսի 9»:
     Այդ օրը, երբ պետք է ցուցադրական հարձակում գործեինք, ուղղաթիռի մեջ էր Գորիսի միլպետ Միշա Խոյունցը: Նա մեզ պետք է ցույց տար թշնամու կրակակետերը: Թռիչքի ժամանակ նա մոռացավ ցույց տալ դրանցիցի մեկը, ես էլ հակառակի պես անցա նրանց մոտով: Հակառակորդը դիմահար կրակ բացեց ուղղաթիռի վրա: Գնդակներից մեկը անցնելով Սեգեյի մազերի միջով, գլխից վիրավորեց ուղղաթիռում գտնվող հադրութցի Կամոյին (մականունը` Չուգուն) և 2-րդ օդաչուին` Կարապետյան Էդուարդին:
     ՓՈՔՐԻԿ ՇԵՂՈՒՄ: ՄԱՐՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ.
     Մեր ընտանիքում նոր մարդ էր ծնվելու: Սպասում էինք:
     1991թ. նոյեմբերի 30-ին կնոջս երկունքի ցավերը սկսվեցին: Պատրաստվում էի նրան հիվանդանոց տանել, երբ եկան «Տիգրան Մեծ» ջոկատի տղաները և խնդրեցին իրենց շտապ Շահումյան տանել: Երեկոյան ժամը 18-ն էր: Դեպք էր պատահել: Ջոկատի տղաներից մի քանիսը, այդ թվում` շտաբի պետը, վիրավորվել, մի քանիսն էլ սպանվել էին ականի պայթյունից: Նայեցի կնոջս ու ասեցի.
     – Ծովինար, դու առանց ինձ կգնաս հիվանդանոց:
     Երկրորդ օդաչու Նորայր Վարդանյանի, բորտմեխանիկ Վարդան Ասատրյանի հետ թռա Շահումյան:
     Կրասնոսելսկի կողմից մտա Գետաբեկի շրջան, խորացա Կիրովաբադի հարթավայրը և գյուղերի վրա ցածր թռչելով ուղղվեցի Շահումյան: Բարեհաջող վայրէջք կատարեցինք և իննը հոգուն էլ վերցնելով, առանց որևէ արկածի վերադարձանք Երևան: Տուն մտա, աչքերիս չհավատացի: Կինս դեռ տանն էր, իսկ «Տիգրան Մեծի» տղաները խնդրում էին նրան, որ համաձայնվի հիվանդանոց գնալ, սակայն իզուր... Սպասեց, մինչև ես հասա: Շտապ հասցրինք ծննդատուն: Տղա ունեցանք; Նրան անվանեցինք Դավիթ:
     ՔԵԼԲԱՋԱՐՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԷԻՆ
     Քելբաջարի օպերացիային մասնակցեց չորս մարտական ուղղաթիռ: Առաջինի հրամանատարն էր Ստեփան Նիկողոսյանը, երկրորդինը ես էի, 2-րդ օդաչուն` Նորայր Վարդանյանը, բորտմեխանիկ Արծվիկ Սարգսյանը, երրորդի հրամանատարը Ջամբուլադ Մուրադյանն էր, միայն չորրորդի հրամանատարն էր զինվորական Բորիս Եֆիմի Խաչատուրովը, երկրորդ օդաչուն` Վյաչեսլավ Ակոպովը:
     Դա մարտական խոշոր գործողություն էր: Մեր առաջադրանքն էր` ոչնչացնել հակառակորդի մի շարք կրակակետեր` Շիլկա, Ֆագոտ ու գնդակոծել դիրքերը: Թռիչքից առաջ մեզ տվեցին տեղագրական քարտեզներ, որտեղ նշված էին հակառակորդի կրակակետերը:
     Ըստ պայմանավորվածության, բարձրունքում գտնվող և ռադիոյով մեզ հետ կապ պաշտպանող զինվորականը ճշգրտելու էր ուղղաթիռային կրակը: Ուղղաթիռների կրակով կարողացանք խփել բոլոր կրակակետերը: Ցավալին միայն այն էր, որ քարտեզում տեղ գտած անճշտության հետևանքով չկարողացանք ոչնչացնել Ֆագոտը: Այն հետագայում իր սև գործն արեց, խփեց մեր տանկը: Երբ հրամանատարությունը (գեներալ Դալիբալթյան) կշտամբեց, որ մեզ չէր հաջողվել ոչնչացնել «ֆագոտը» մենք մատնանշեցինք նրա տված քարտեզը:
     Բարձունքի վրա գտնվող և մեր կրակը ճշտող զինվորականը ռադիոյով հայտնեց, որ մենք հատկապես լավ «աշխատեցինք» ադրբեջանական դիրքերի վրա: Թշնամին թողնելով խրամատները, խուճապահար փախչում էր:
     Ուղղաթիռային հարձակումից երկու ժամ անց հետևակն անցավ գրոհի: Մեր առաջին հարվածն այնքան հաջող էր, որ երկրորդ մարտական թռիչքի կարիքը չեղավ: Հակառակորդի պաշտպանությունը ճեղքվեց: Սա միակ օպերացիան էր, որ հետևակն ու մարտական ուղղաթիռները միասնական գործողություն իրականացրեցին:
     Քելբաջարի օպերացիայից առաջ երեք ռազմական ուղղաթիռով ես ու Ստեփան Նիկողոսյանը «Մի-8» -ով, Ջամբուլադ Մուրադյանը` «Մի-24» -ով (ՙԿրոկոդիլ) հարված հասցրեցինք Նարեշտարի ադրբեջանական դիրքերին:
     Երասխավանի մոտ ես, Վարդգես (Արմեն) Մնացականյանը, ապա Ռաֆիկ Մեհրաբյանն ու Կադենկոն հրթիռագնդացրային հարվածով թշնամու կրակակետերը ոչնչացրինք...
     Կապանի գործողության ժամանակ ռազմական ուղղաթիռների օգնությամբ վերացվեցին հակառակորդի մի շարք նշանակետեր, որտեղից ադրբեջանցիներն անընդհատ գնդակոծում էին Կապանը: Հատկապես կարևոր էր Կապանի օդանավակայանի մոտ գտնվող ադրբեջանական հրետանու ոչնչացումը: Ես ու Ստեփան Նիկողոսյանը մեր ուղղաթիռներից դիպուկ կրակ բացելով ոչնչացրինք թշնամու թնդանոթը և նշանառու կրակով հօդս ցնդեցրինք ադրբեջանցիների զինապահեստը: Վերջինիս պայթյունը հրավառություն էր հիշեցնում:
     1993թ. սեպտեմբերից մինչև 1994թ. օգոստոսը սովորում էի Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի բարձրագույն կոմերցիոն դպրոցում: Ավարտելուց հետո կրկին շարունակեցի մասնակցել թռիչքներին:
     Ղարաբաղ կամ Գետաշեն կատարված թռիչքների հաջողությանը մեծապես նպաստում էր այն հանգամանքը, որ մենք անգիր գիտեինք տեղանքը: Ճանաչում էինք յուրաքանչյուր ծառ, թուփ և քար: Երբ թշնամին ուղղաթիռների գնդակոծումները հաճախացրեց, մենք սկսեցինք թռչել ամպերից բարձր: Հակառակորդը լսում էր ուղղաթիռի ձայնը, սակայն չէր կարողանում ճշտորեն որոշել, թե ուղղաթիռը որտեղ է գտնվում:

ԱՂՋԻԿՆԵՐԸ ՓՐԿՎԵՑԻՆ...

...Շատ լարված պահեր ապրեցինք, երբ Գետաշենից Երևան պետք է տեղափոխեինք 40 աղջիկների: Նրանք մայրաքաղաքի զանազան բուհերի ուսանողուհիներ էին: Ուղղաթիռը գերբեռնված էր, շարժիչը սառցակալել էր, չէր ենթարկվում ղեկավարմանը: Հարկադրված պետք է իջնեինք հակառակորդի տարածքում` Խանլարի շրջանի բաց դաշտում: Տեսնում էինք, թե ինչպես է ժողովուրդը աշխատում դաշտում: Անձնակազմով վճռել էինք` որպեսզի մեր աղջիկները չընկնեն վայրագ թշնամու ձեռքը և չպղծվեն, նրանց սպանել, հետո ինքնասպանություն գործել, իհարկե` ոչնչացնելով ուղղաթիռը: Բայց, բարեբախտաբար, դրա անհրաժեշտությունը չծագեց, ուղղաթիռը կրկին սկսեց ենթարկվել ղեկավարմանը, և մենք բարեհաջող տեղ հասանք:
     ...Երբ Շահումյանը գրավվեց թշնամու կողմից, մենք սկսեցինք ռազմաճակատի վրայով թռիչքներ կատարել Շահումյան` այնտեղի ազատամարտիկների համար տեղափոխելով անհրաժեշտ ամեն ինչ, բժիշկ ամուսիններին, դեղորայք, մթերք, զենք... Հազար ափսոս, որ ամուսինը զոհվեց մեր սիրելի Շահեն Մեղրյանի հետ:
     Մի անգամ ստիպված էինք պարտիզանների համար հագուստ տանել: Բանն այն է, որ ազատամարտիկները ադրբեջանցիներից գրավել էին ոչխարի մորթուց պատրաստված քուրքեր: Բայց դրանք ամբողջովին ոջլոտ էին, տղաները, որպեսզի ազատվեն այդ անիծյալ «հյուրերից», հարկադրված էին եղել ամբողջ հագուստը այրել:
     Շահումյան կատարված թռիչքների ընթացքում երկու ուղղաթիռ իրենց անձնակազմով կորցրեցինք: Երկու ուղղաթիռ էլ ընկան, բայց զոհեր չտվեցինք:
     Ռուսական կազմի ռազմաօդային ուժի բարձրագույն հրամանատարության համոզմամբ, նման ինտենսիվ թռիչքներից հետո, Հայաստանն այլևս ուղղաթիռներ չպետք է ունենար: Սակայն ի զարմանս բոլորի, մենք շարունակում էինք թռչել:

ՄՌԱՅԼ ԿԱՆԽԱԶԳԱՑՈՒՄ

Երբեմն, չգիտես, թե ինչպես մենք և մեր հարազատները զգում էինք վերահաս վտանգը կամ դժբախտությունը: Այդ օրը Շահեն Մեղրյանը եկավ և ասաց, որ երկու չվերթ պետք է կատարվի Շահումյան` պարտիզանների մոտ: Ե’վ Նորայր Վարդանյանի, և’ Ռաֆիկ Մեհրաբյանի, և’ իմ կինը նախազգուշացրեցին, թե վատ կանխազգացում ունեն, գոնե աշխատենք չափազանց զգույշ լինել: Բայց մենք, բարեհաջող օրվա սպասումով, ամեն օր գալիս էինք օդանավակայան: Այդ օրը եկանք Վարդենիս և տեսանք, որ պարզ եղանակ է, սակայն մենք գլխավորապես նախընտրում էինք վատ, ամպամած եղանակը: Ջամբուլադ Մուրադյանին ասեցի` չթռչենք: Իսկ նա թե` այսքան կերոսին ենք վառել ու հասել այստեղ, ոնց չթռչենք: Կերոսինն էլ այն ժամանակ շատ դժվար էր ճարվում: Թռանք: Ուղղաթիռը լավ թափ էր տալիս: Նկատեց, որ Ջամբուլադ Մուրադյանի ուղղաթիռի մոտ արկեր են պայթում: Ռադիոյով կապվեցի նրա հետ, զգուշացնելով, որ ուղղաթիռը գնդակոծում են և առաջարկեցի վերադառնալ: Նա, հրաժարվեց և պնդեց շարունակել թռիչքը: Լավ էր, բարեհաջող տեղ հասանք, բեռը թափեցինք ու վիրավորներին վերցնելով ետ դարձանք: Թռչում էինք շատ ցածր, սարերին կպած, Քյափազ լեռան մոտից անցանք Գյոլ-գյոլի վրայով: Կամո և Ազատ գյուղերի վրայով անցնելիս իմ ուղղաթիռը սկսեցին պարբերաբար գնդակոծել: Ստիպված վայրէջք կատարեցի մոտակա դաշտում, ուր մարդիկ էին աշխատում: Ուղղաթիռը ուղեկցող տղաներին հրամայեցի դիրքեր գրավել և սպասել Ջամբուլադ Մուրադյանի ուղղաթիռին: Սակայն նկատելով, որ իմ ուղղաթիռը չի վնասվել, շարունակեցի թռիչքը և բարեհաջող վայրէջք կատարեցի Կամոյում: Այստեղ միայն «Մայակը» լսելիս տեղեկացա, որ ըստ ադրբեջանական լրատվության, երկու ուղղաթիռ խախտել են Ադրբեջանի օդային տարածքը: Ուղղաթիռներից մեկին հաջողվել է հեռանալ, իսկ մյուսը խփվել է:

ԳՐԱԴԸ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Ադրբեջանցիները «Գրադ» ռեակտիվ կայանքներից անընդհատ ռմբակոծում էին Ստեփանակերտը: Հրամանատարությունը որոշեց երկու «Գրադ» կայանք Հայաստանից տեղափոխել Ստեփանակերտ ու Շահումյան: Բերվեց ռուսական «Մի-26» ուղղաթիռը, որով պետք է տարվեին ռեակտիվ ականանետերը: Մեկ շաբաթ շարունակ ես ռուսական անձնակազմի հետ թռչում և ցույց էի տալիս ճանապարհն ու ծանոթացնում տեղանքին: Ցույց տվեցի այն մասերը, որտեղից ադրբեջանցիները կարող են խփել «Մի-26» -ը: Ցավոք, ռուսական անձնակազմը անուշադրության մատնեց իմ նախազգուշացումը և ադրբեջանցիները կարողացան, «Իգլա» տեսակի երկու հրթիռներով խփել «Մի-26» ուղղաթիռը: Ռաֆիկ Մեհրաբյանի ու Նորայր Վարդանյանի պրոֆեսիոնալ բարձր վարպետության ու անսահաման հայրենասիրության շնորհիվ «Մի-26» -ում գտնվողների մեծ մասը փրկվեց:
     Երբ Ղարաբաղում «անսպասելիորեն» հայկական կողմի մոտ հայտնվեց «Գրադ» կայանքը, հայտարարվեց, որ հայերը դրանք խլել են ադրբեջանցիներից...
     Մինչև Լաչինի միջանցքի բացումը և Շուշիի ազատագրումը, ազատամարտիկներին տեղափոխել ենք ուղղաթիռներով: Սրխավենդի մոտ մասնակցեցինք մարտական գործողությունների: Երբեմն այս կամ այն օպերացիան կատարվում էր քաղաքական նպատակներից ելնելով: Երբ մենք` ուղղաթիռների հրամանատարներս, զգուշացնում էինք, թե այս կամ այն տեղամաս թռիչքը խիստ վտանգավոր է, և որ հնարավոր են կորուստներ, մեզ պատասխանում էին. «Ավելի լավ, քաղաքական հաղթաթուղթ կունենանք»:
     Այդպես էլ եղավ, երբ մեզ հանձնարարվեց երեք ուղղաթիռներով թռչել Սրխավենդ: Առաջին ուղղաթիռի հրամանատարը Ստ.Նիկողոսյանն էր, երկրորդինը` ես, երրորդինը` «Մի-24» -ինը, Գուլյաևն էր: Դա Գուլյաևի առաջին մարտական թռիչքն էր: Առաջինն ու վերջինը...

ԿՈՒՅՐ ԹՌԻՉՔՆԵՐԻ ՀՐԱՇՔ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Երբ խմբեր էինք տանում Ղարաբաղ, լինում էին դեպքեր, որ ուղղաթիռում մերոնք իրենց իսկ զենքի հետ անզգուշաբար վարվելիս, կրակում էին: Հադրութում մերոնք մեր ուղղաթիռի վրա հրթիռ են արձակել, սակայն, բարեբախտաբար վրիպել են:
     Այս ամենի պատճառն այն էր, որ կանոնավոր կապ չկար: Թռիչքները կատարում էինք կույր-կույր, շատ դեպքերում հայտնի չէին յուրայինների և հակառակորդի գտնվելու վայրերը: Դա էր պատճառը, որ ամենից շատ վախենում էինք մերոնց հարվածից: Օրինակը Գորիսի մոտ մեր երկու ռազմական ուղղաթիռների խփվելու փաստն էր: Նորաստեղծ հայկական օդուժի երկու ուղղաթիռ Գորիսի մոտ գտնվող բազայից թռիչք են կատարում առանց քարտեզի և առանց իրադրությունն ստուգելու: Արդյունքում երկու «Մի-24» -երը խփվում են հայկական ՀՕՊ-ի կողմից և ընկնում ադրբեջանական դիրքերի մոտ: Հակառակորդը կարծելով, որ այդ ուղղաթիռներն իրենցն են, կրակ չի բացում: Անձնակազմերը հրաշքով են փրկվում: Երկու մարտական ուղղաթիռներն էլ ընկան թշնամու ձեռքը:
     Ինչպես ասացի, Շահումյան թռչում էինք գլխավորապես գիշերները: Երբ հերթական խորհրդակցության ժամանակ Պոլյանիչկոյին փորձում են համոզել, թե հայկական ուղղաթիռները գիշերային թռիչքներ են կատարում, նա կտրկանապես ժխտում է ասելով. «Այդպիսի բան չի կարող լինել»: Պոլյանիչկոն, հավանաբար, ելնում էր Աֆղանստանում կուտակած իր փորձից: Այնտեղ նույնիսկ ամենահմուտ ուղղաթիռային հրամանատարները նախընտրում էին գիշերը լեռնային տեղանքում չթռչել:

ՌԱԴԻՈԼՌՈՒԹՅՈՒՆ

Ուղղաթիռային թռիչքները կատարվում էին ռադիոլռության պայմաններում, որպեսզի հակառակորդի համապատասխան ծառայությունները չկարողնան հայտնաբերել մեր գտնվելու վայրը: Ընդհանրապես թռչում էինք խմբով և Ղարաբաղի տարածքը մտնելուց հետո յուրաքանչյուր ուղղաթիռ գնում էր իր նշանակման վայրը: Այդ ընթացքում ևս պահպանում էինք ռադիոլռությունը: Լինում էին դեպքեր, երբ խախտում էինք այդ կանոնը: Մի անգամ հինգ ուղղաթիռով բարձր ամպամածության պայմաններում մտանք Ղարաբաղ: Երբ բավականին խորացել էինք, ամպերից դուրս եկանք ու տեսանք, որ ընդամենը չորս ուղղաթիռ է: Չկար Ստեփան Նիկողոսյանի ուղղաթիռը: Հարկադրված սկսեցինք ռադիոյով կանչել Ստեփանին: Վերջինս, իհարկե, ինչպես հետո իմացանք, լսում էր մեզ, բայց որպեսզի հակառակորդին չմատնի իր տեղը, լռում էր: Եվ երբ մեր ռադիոկանչերն է’լ ավելի հաճախացան, Ստեփան Նիկողոսյանն իրեն հատուկ հումորով ռադիոյով հայտնեց. «620-ի (սա ուղղաթիռի համարն է) աջ բազկաթոռում նստած եմ»: Դրանով նա ցանկանում էր մեզ հասկացնել, թե ամեն ինչ կարգին է, պետք չէ անհանգստանալ...
     Երբ խիստ ամպամած ու անտանելի եղանակ էր լինում, օգտագործում էինք Կիրովաբադի օդանավակայանի դիսպետչերային ծառայություն ռադիոյի հաճախականությունը: Մի անգամ Ստեփան Նիկողոսյանը սխալվելով դուրս է եկել Կիրովաբադի օդանավակայանի վրա: Զարմացած դիսպետչերի հարցին, թե այդ ինչ ուղղաթիռ է, Ստեփանը պատասխանել է. «Այդ ես եմ, հիմա կհեռաամ»:

...ԵՎ ՌԱԴԻՈԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

1991թ. ապրիլին հերթական անգամ բեռներ էինք տեղափոխել Գետաշեն: Պատրաստվում էինք թռչելու, երբ մեր գլխավերևում խորհրդային երկու ռազմական ուղղաթիռ հայտնվեցին: Ստ.Նիկողոսյանը, որն իր ուղղաթիռով իջել էր Շահումյանում, մեզ նախազգուշացրեց.
     – Զգույշ եղեք, չթռչեք, խորհրդային ուղղաթիռները ձեզ կհարկադրեն վայրէջք կատարել Կիրովաբադի օդանավակայանում:
     ՌԱԴԻՈԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵԹԵՐՈՒՄ

Մտածեցի և գտա, որ հայի հնարամտությունը կօգնի, որոշեցի ու կատարեցի:
     Ես որսացի ռազմական ուղղաթիռների ռադիոալիքը և սկսեցի լսել նրանց խոսակցությունը միմյանց ու Կիրովաբադի դիսպետչերի հետ: Զինվորական օդաչուները դիսպետչերին հայտնեցին, որ իրենց մոտ մնացել է մեկ ժամվա վառելիք: Երբ նրանք որոշ ժամանակ անց զեկուցեցին, որ վառելիքը կբավականացնի 15 րոպե, հրամայեցի միացնել ուղղաթիռի շարժիչները: Լսում եմ, թե ինչպես զինվորականները շտապեցին զեկուցել.
     – Թռիչքը թույլատրվում է, երկրորդ զույգը անհապաղ թռիչքի’:
     Ես օդ բարձրացա ու լսեցի դիսպետչերի հրամանը ռազմական օդաչուներին` նրա ետևի’ց:
     Իմ ուղղաթիռը ծանրաբեռնված էր մարդկանցով: Օրեցօր սպասվում էր Գետաշենի անկումը և մենք բնակչությանը դուրս էինք բերում: Հարկադրված էի ուղղաթիռը ուղղել դեպի սարերը, որտեղ ուժեղ ամպրոպ էր: Շարունակում եմ լսել ռազմական ուղղաթիռի հրամանատարի տագնապած զեկույցը (ես ռադիոն թողել էի նրանց հաճախականության վրա) . թափ է տալիս, չենք կարող թռչել...
     Իսկ դիպետչերը զայրացած հրամայում է.
     – Իսկ ինչպես են նրանք թռչում, հասեք նրանց հետևից...
     Կիրովաբադից բարձրացած երկրորդ զույգ մարտական ուղղաթիռները սկսում են հետապնդել Ստեփան Նիկողոսյանի ուղղաթիռը: Նա էլ, իր հերթին, իր ուղղաթիռն ուղղում է ուժեղ ամպամածության մեջ: Ես լսում եմ երկրորդ զույգի խոսակցությունը, նրանք պտտվում են ամպերի շուրջը, սակայն չեն համարձակվում հետևել Ստեփանին: Ռազմական օդաչուներից մեկը հայտնում է.
     – Ամպրոպ է, չենք կարող երկար թռչել:
     Դիսպետչերը հարցնում է. – Ուր է նա: (Ստեփանը):
     – Չգիտենք, թե ուր գնաց, – պատասխանում են նրանք:
     Տեսնում ենք վեց անձնակազմից երկուսը քաղաքացիական, չորսը` ռազմական, արմատապես տարբեր մոտեցումները: Հայկական անձնակազմն իր պարտքն էր կատարում Հայրենիքի հանդեպ, իսկ ռազմականը պարզապես ծառայում էր...

* * *

Գեղամի հետ ունեցած զրույցից շատ բան իմացա, շատ բան էլ գիտեի, գիտեի, որ տեղանքին ծանոթ լինելը հնարավորություն էր տալիս նախօրոք կռահել, թե որտե’ղ են տեղադրված հակառակորդի կրակակետերը` «Շիլկան», «Իգլան»: Գիտեի, թե ինչ է նշանակում, երբ օդաչուները թշնամու մասին ասում էին «Դրանք աչք չունեն»: Ես շատ ուրախ եմ, որ նրանք «աչք չունեին», որովհետև դուք նրանց նշանառու կրակից փրկվում էիք, ապրում...
     Մեր օդաչուները թռիչքների հաճախականության պատճառով չէին հասցնում մի պատառ բան ուտել... Ջոկատների տղաները հաճախ իրենց պահածոներն էին առաջարկում... Բա կուտեին: Գիտեին, թե ի’նչ դժվարություններ էին նրանց սպասում և... հրաժարվում էին: «Կուշտ ենք, տղաներ, պահեք, պետք կգա» ... Ավելին, տալիս էին իրենց անհրաժեշտ ողջ զինամթերքը:
     Նրանք պատրաստ էին ամեն զոհողության, միայն թե ապրեր Հայրենիքն, ապրեին նրա դալար շիվերը, որ ժամանակին Անտառ են դառնալու...

Девочку назвали Асмик

Это событие со счастливым концом произошло ранним январским утром в воздухе, когда самолет авиакомпании «Армавиа» выполнял свой обычный рейс U8 992 из Новосибирска в Ереван. Проходя по салону, одна из бортпроводниц заметила на лице беременной женщины беспокойство. «Все хорошо. У меня всего лишь шесть с половиной месяцев, – перехватив взгляд и стараясь не привлекать особого внимания, прошептала ей пассажирка. А затем, успокаивая то ли себя, то ли стюардессу, добавила: – Ведь скоро мы уже будем дома?» . Но женской интуицией Асмик Гевондян, сама мать троих детей, поняла, что на высоте 10 тысяч метров намечается внештатная ситуация, отложить которую на два часа вряд ли получится.
     Узнав о преждевременных родах на борту, командир воздушного судна Андраник Адамян по громкой связи сразу же попросил откликнуться медиков для оказания помощи роженице. К сожалению, в том рейсе среди пассажиров таковых не нашлось. А идти на экстренную посадку не представлялось возможным: самолет летел над территорией Азербайджана. В сложившейся ситуации экипажу приходилось рассчитывать только на свои силы и умение. «Конечно, мы проходим специальные курсы, где получаем необходимые навыки по оказанию срочной медицинской помощи. Впрочем, тут стоить заметить, что весь персонал «Армавиа» отличается безупречной подготовкой, на что владелец авиакомпании Михаил Багдасаров не жалеет никаких средств, – говорит Асмик Гевондян и продолжает: – Но вот быть акушеркой, да еще в воздухе… Несмотря на уверения женщины о том, что все в порядке, мы все же начали готовить полотенца, одеяла, воду… В общем, делали на практике то, чему на земле нас учили в теории» . При этом все четверо бортпроводников – Асмик Гевондян, Ася (Асмик) Аветисян, Эмма Карапетян и Григор Тер-Закарян – старались неназойливо присматривать за женщиной, нервно ходившей в это время по салону. Как потом выяснилось, жительница деревни Грибоедов, что в Армавирском марзе Армении, Армине Бабаян молчала из стеснения, боясь причинить массу хлопот стольким людям. Лишь благодаря вниманию экипажа девочка родилась, в буквальном смысле слова, на лету: в какой-то момент Асмик, почувствовав неладное, прошла за пассажиркой в конец коридора. И хотя все произошло очень быстро, экипаж не растерялся: быстро расстелили прямо на полу одеяла, обтерли ребенка... «Принимать роды помогала вся команда. Наш бортпроводник Григор Тер-Закарян, впервые в своей жизни ставший свидетелем рождения нового человечка, даже прослезился», – скажет позднее стюардесса.
     А в это время самолет уже подлетал к Еревану. Пока лайнер снижался, «воздушная крестная» держала малышку на руках, беспокоясь, чтобы при рывках на спуске девочка не повредила свое хрупкое тельце. «Но наш командир корабля Андраник Адамян и второй пилот Гегам Габриелян настолько ювелирно посадили мощный «Боинг», что даже момент касания никто не почувствовал», – вспоминает Асмик Гевондян. Кстати, года два назад точно так же, почти слово в слово, о профессионализме армянских летчиков сказали врачи, сопровождавшие из Еревана в Москву спецрейсом тяжелобольного пациента: «Хотя самолет А-319 не приспособлен для перевозки носилочных больных, тем не менее, в «Армавиа», учитывая нетипичность ситуации, сделали все возможное, чтобы наш пациент перенес полет безболезненно. Более того, взлет и посадка прошли настолько аккуратно, что мы совсем не ощутили этого. Летчики, зная о тяжелобольном человеке на борту, проделали все с ювелирным мастерством» .
     Между тем, в Ереване счастливую маму и девочку встречали родственники, сотрудники авиакомпании и аэропорта, машины скорой помощи. После осмотра, убедившись в хорошем самочувствии, врачи увезли их в медицинский центр. А ошарашенные родственники, еще не осознавая случившееся, в благодарность к экипажу решили назвать девочку Асмик. Впрочем, в первые часы малышке встретились еще три женщины-тезки: вторая бортпроводница, врач скорой помощи и врач медицинского центра. «Наверное, это знак. Но, конечно, главной я всегда буду считать бортпроводницу «Армавиа», чьи руки первыми приняли мою малышку в этом мире и кому, уже на земле, врачи доверили перерезать пуповину. Я очень благодарна ей и всему экипажу нашей авиакомпании, – говорит Армине Бабаян. А затем, улыбаясь, добавляет: – Такие неординарные события остаются в памяти на всю жизнь. Как бы странно ни звучало, но думаю, моя маленькая Асмик это тоже запомнила. Поэтому не удивлюсь, если дочка, когда подрастет, захочет стать такой же красивой и доброй стюардессой, как Асмик Гевондян и ее подруги» .

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
9111 | 1 | 0
Facebook