1975 թվականը մի նոր էջ բացեց Ժառանգավորաց Վարժարանի եւ Ընծայարանի պատմության մէջ: Յունիսի 25ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Վեհափառ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Կ.Պոլսի Պատրիարք Տ. Շնորք Արքեպիսկոպոսի, Տ. Եղիշե Պատրիարքի եւ Ս. Յակոբեանց միաբանության ներկայությամբ, ազգի մեծ բարերարի կողմից բացվեց նորակառույց շենքը, որը կոչվեց Ալեքս եւ Մարի Մանուկյան Ժառանգավորաց Վարժարան եւ Ընծայարան:
Ժառանգավորաց վարժարանը առատ հունձքով հոգեւոր հովիվներ եւ առաջնորդներ է պատրաստել պատմական Հայաստանի երբեմնի շեն թեմերին եւ ծխերին: Իսկ 1921 թվականից սկսած, երբ արեւելյան Հայաստանը Խորհրդային ռեժիմին էր ենթարկվում եւ Մայր Աթոռ Ս. Էջմիացնի Գեւորգեան հոգեւոր ճեմարանը քայքայված էր, Կիլիկիայի կաթողիկոսությունը տարագիր էր իր սրբազան աթոռից եւ հայրենիքից եւ Կ.Պօլսոյ պատրիարքության ենթակա հոգեւոր դպրանոցները փակված էին թուրքական նոր կառավարության կողմից, Երուսաղեմի վարժարանի շրջանավարտ-եկեղեցականներից էր, որ Սուրբ Աթոռը առաքեց հայկական սփյուռքի հին եւ նոր հաստատվող համայնքներին որպէս հովիվներ եւ առաջնորդներ:
Խորհրդային միության փլուզումից հետո 1991-ից սկսած, երջանկահիշատակ Թորգոմ Պատրիարք Մանուկյանի նախաձեռնությամբ աշակերտները բերվեցին նաեւ Հայաստանից:
Ներկայումս վարժարանն ունի երկու բաժին, երկրորդական վարժարան (5 տարի) և ընծայարան (3 տարի) ։ Առաջինում դասավանդվում են գրականություն, լեզու, պատմություն և այլ առարկաներ, երկրորդում՝ աստվածաբանություն, իմաստասիրություն, եկեղեցական, մեթոդական և այլ առարկաներ։ Ուսուցչական կազմը՝ շուրջ 20 հոգևորական և աշխարհական։ Վարժարանում դասավանդել են Եղիշե արքեպիսկոպոս Դուրյանը, Թորգոմ արքեպիսկոպոս Գուշակյանը, Բաբկեն արքեպիսկոպոս Կյուլսերյանը, Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանը, Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանը, Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը, Նորայր արքեպիսկոպոս Պողարյանը, Հակոբ Օշականը, Շահան Պերպերյանը, Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը և ուրիշներ։ Այժմ վարժարանն ունի քառասուն ժառանգավորներ եվ ընծայարանի ուսանողներ Հայաստանից եւ Կ.Պօլսից եւ շարունակում է իրեն յանձնված առաքելությունը տեսչությամբ Տ. Թեոդորոս վրդ. Զաքարյանի:
Աստուծո ողորմությամբ եւ սրբոց Հակոբեանց բարեխօսությամբ ժ. վարժարանը պատմության ընթացքում լիովին կատարել է իր հիմնադիրների եւ երախտավորների նպատակը միշտ հիմնվելով նրանց տեսիլքին եւ լուսավոր ապագայի երազին: Շրջանավարտ հոգեւորականները զինվորագրված են Ս. Հակեբեանց միաբանության շարքերը եւ իրենց նվիրական ծառայությունն են մատուցում Քրիստոսակոխ սրբավայրերի պահպանության եւ Երուսաղեմահայ համայքի հոգեւոր եւ բարոյական դաստիարակության գործում:
Աղոթում ենք ու մաղթում, որ Բարձեալն Աստուած շեն ու հաստատ պահի Սուրբ Աթոռս եւ ժառանգավորաց վարժարանի դռները միշտ բաց մնան հայ պատանիների առջեւ, որոնք պետք է գան ուսանելու եւ հաղորդակցվելու նախնիների հարուստ ավանդություններին եւ թրծվելով այս թեժ վառարանի մեջ, դառնալու համար Հայաստանյաց եկեղեցու նոր սերնդի մշակներ ու հոգեւոր սպասավորներ: