Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դեպի «Ապահով Հայաստան» գնացող Ագրարային համալսարանը

14:50, հինգշաբթի, 31 հուլիսի, 2014 թ.
     «ՕԵԿ-Ագրարային համալսարան տարածքային վեճի հրահրողը Լևոն Սարգսյանն է» վերնագրով գրառումիցս հետո տարբեր տեսակի հետաքրքիր ինֆորմացիաներ եմ ստանում մարդկանցից կապված Ագրարային համալսարանի հետ: Այսինքն խոսակցության հրաշալի թեմա բացվեց, որտեղ մարդիկ կիսվում են իրենց ունեցած տեղեկություններով:
     Օրինակ` ընկերներիցս մեկը գրել էր, որ այդ նույն համալսարանի շենքում կան ազատ տարածքներ, որոնք վարձով հանձնված են շուրջ յոթ տարբեր կազմակերպությունների: Ստացվում է, որ Ագրարային համալսարանը, լինելով պետական ԲՈՒՀ, վարձով է տալիս իր տարածքը մասնավոր ընկերությունների, բնականաբար, դրանից ստանում է շահույթ: Հարց. ո՞ւր է գնում վարձակալության դիմաց ստացված գումարները և արդյո՞ք իրավունք ունի պետական մարմինը վարձակալությամբ տարածք տալ մասնավոր ընկերությունների: Եվ մյուս հարցերը. ո՞վ է որոշում վարձակալության վարձերի չափերը և եթե համալսարանը իրավունք ունի վարձակալության հանձնել, ապա ինչքան վնաս է հասցվում պետական բյուջեին:
     Մյուսը կես կատակ, կես լուրջ գրել էր, որ Ագրարային համալսարանում բավականին հետաքրքիր ձևով է անցնում քննական շրջանը: Գյուղերից եկած ուսանողները գյուղմթերքով (պանիր, կարագ...) կարողանում են «ստանալ» քննություն, իսկ այն դասախոսները, ովքեր անտարբեր չեն խմիչքի հանդեպ, կոնյակով նշանակում են բաղձալի գնահատականը:
     Մեկ այլ ինֆորմացիա փոխանցեցին` կապված այսօր այդ տարածքում տեղի ունեցած ակցիայի հետ: Մոտ 150 հոգանոց խումբ է հավաքվել համալսարանի տարածքում, ծափահարել են իրար, որ այդքան բազմամարդ հավաք են հաջողացրել, անհասկանալի վանկարկումներով քայլել են դեպի ՕԵԿ-ի շենքի դիմացը, միանգամայն պատահականորեն այնտեղ հայտնված և իմ կողմից այդքան «սիրված» Շամշյանին հարցազրույցներ տվել և հեռացել (ըստ տեղեկության` Շամշյանն այնտեղ էր դեռ երբ մարդ չէր հավաքվել):
     Ընկերներիցս մեկն էլ տեղեկացրեց, որ Ագրարային համալսարանի ուսխորհրդի նախագահ և անդամ, երիտհանրապետականներ Հայկ Ղևոնդյանը և Դանիել Հայրապետյանը, ովքեր հայտնի են երիտասարդ ակտիվիստներին իրազեկման թռուցիկներ բաժանելու համար ծեծի ենթարկելու, իսկ լրագրողներից տեսախցիկները խլելու և ջարդելու ամոթալի պատմություններով, այս օրերին նույնպես այդ տարածքում իսկական երիտնժդեհականներին բնորոշ ակտիվություն են ցուցաբերում:
     Հ.Գ. Մեր երկրում շոուների պակաս իրականում չկա: Շոու կարող ես տեսնել Ազգային Ժողովում, Կառավարությունում, քաղաքական այլ գործընթացներում, բայց երբ շոուի իսկական ցուցադրություն է կազմակերպում ԲՈՒՀ-ը, դա վկայում է մեկ բանի մասին` «մենք իսկապես գնում ենք դեպի Ապահով Հայաստան»:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1565 | 0 | 0
Facebook