Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ագրարայինի ուսանողները ռեկտորի թույլտվությամբ աշխատել են Սաշիկ Սարգսյանի ծիրանանոցներում:

12:04, հինգշաբթի, 31 հուլիսի, 2014 թ.
     Մի քանի օր առաջ մի հրապարակում գրեցի, որտեղ նշել էի, որ ՕԵԿ-Ագրարային համալսարան տարածքային վեճի այսպես ասած հրահրողը նախագահի եղբայր Լևոն Սարգսյանն է մի կողմից և վարչապետ Հովիկ Աբրահամյանը մյուս կողմից: Վարչապետը, մեծ հաշվով, կարող էր նման մոտիվացիա ունենալ ու փորձել ընդդիմադիր դաշտ տեղափոխված ՕԵԿ-ից տարածք խլել, բայց Լևոն Սարգսյանի հարցը մի փոքր այլ էր: Նման բան գրելու պատճառն այն էր, որ ԲՈՒՀ-ի դասախոսներն ու ուսանողները վեճի ժամանակ բացահայտ հայտարարում էին, որ իրենց թիկունքում Նախագահի եղբայրն է կանգնած: Ինչևէ… Հիմա տեսնենք, թե ինչ է պարզվում: Երբ մի փոքր փորփրեցի համացանցը, աչքովս ընկավ մի հոդված (http://www.armtimes.com/hy/read/41331), որտեղ խոսվում է, որ արտադրական պրակտիկա անվան տակ Ագրարային համալսարանի ուսանողներին շաբաթներով տարհանում են Սաշիկ Սարգսյանին պատկանող 40 հա-ից ավելի մակերեսով Քանաքեռավանի ծիրանի այգիներ աշխատացնելու: Ըստ թերթի տեղեկությունների, նույն ֆակուլտետի առավել փոքր թվով ուսանողներ աշխատել են Լևոն Սարգսյանի` Արզականում և Բյուրականում գտնվող ամառանոցներում: Նախ, ինչպես ասում են՝ առանց կրակ ծուխ չի լինում և երկրորդ՝ խոստովանենք, շատ հետաքրքիր է: Փաստորեն, նույն Լևոն Սարգսյանը, իսկապես, կարող էր շահագրգռված լինել «կռիշա կանգնելու» Ագրարային համալսարանին ՕԵԿ-ից տարածքը խլելու հարցում: Նա նաև 70-ամյա ռեկտորին՝ Արշալույս Թարվերդյանին, ըստ երևույթին պարտք վերադարձնելու խնդիր ունի՝ ուսանողներին իր տարածքներում աշխատացնելու համաձայնություն և ցուցում տալու համար: Ինչևէ, ենթադրությունները թողնում եմ ընթերցողին: Մի դիտարկում ևս և ամփոփենք: Պրոֆեսորի կոչում ունեցող ռեկտորը փաստորեն դարձել է ազդեցիկ մարդկանց «խաղալիքը», մի բան, որ մտավորականին և գիտնականին, այն էլ այսպիսի պատկառելի տարիքի, հարիր չէ: Ինձ համար միևնույն է, թե ինչ ճակատագիր կունենա տարածքային վեճը: Ինձ համար ցավալին այն է, որ ԲՈՒՀ-ը իր ռեկտորով և պրոֆեսորադասախոսական կազմով քաղաքական դրդապատճառներով ներքաշվել է այս պատմության մեջ: Չնայած զարմանալն ու ցավելն էլ չի փրկի, քանի որ հանրապետականացված պրոֆեսորադասախոսական կազմին և ուսխորհուրդներին վերջում այսպիսի տխուր կարգավիճակ է սպասվում:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1635 | 0 | 0
Facebook