Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արտագաղթի սոցիալհոգեբանական պատճառները

Մերի Թելունց
Հեղինակ`
Մերի Թելունց
14:47, երկուշաբթի, 14 հուլիսի, 2014 թ.

Արտագաղթն ամենահարմար այլընտրանքն է: Ահա այս նախադասությամբ ավարտվեց 20-30 տարեկան երկու ընկերների ակտիվ բանավեճը, որի նելտրալ մասնակիցն էի դարձել պատահաբար՝ նրանց հետ նույն երթուղայինում հայտնվելով: Ընկերական այդ զրույցը անչափ հետաքրքրեց և ստիպեց ինձ հանել անընդհանտ նույն երգը հրամցնող ականջակալներս և ավելի խորը ընկղմվել նրանց խոսակցության մեջ: Բարիկադի մի կողմում պահպանողական և հայրենասեր ընկերն էր, որ ցանկացած պարագայում անընդունելի էր համարում երկրից հեռանալը, մյուս կողմում ապագա միգրանտն էր, ով բողոքում էր իր ֆինանսական անապահովությունից, մասնագիտություն ունենալու, բայց համապատասխան աշխատանք չունենալու փաստից: Երկուսն էլ անհույս գործազուրկ էին (սա ասում եմ՝ դատելով նրանց խոսակցությունից) , սակայն հաստատ գոնե Հայաստանում մտադիր չէին կատարելու մեր երկրում այդքան առաջարկ վայելող աշխատանքները, չնայած որ իրենց մասնագիտական որակներով կամ բուհական գիտելիքներով ընդմիշտ կորցրել էին զբաղվածների շարքերը համալրվելու հույսը: Մեկի համար նյութական անապահովության բացը լրացնելու միջոցը դրսում էր, մյուսը դեռ իրեն չեզոք էր պահում: Ընկերների միջև գաղափարական այդչափ տարբերությունը ինձ մտածելու առիթ տվեց, հատկապես որ երկուսի փաստարկներում էլ որոշակիորեն ճշմարտություն կար:

Իրականում ինչո՞ւ է այսօրվա երիտասարդը արտագաղթում, ինչո՞ւ է այդքան ձգտում օտար հողում կառուցել իր բարեկեցությունը, որն է աղքատության մատնվելու, բայց Հայաստանում իրենց տեսանկյունից «ոչ հարիր» (բոլոր աշխատանքներն էլ հարգելի են) աշախատանք չկատարելու պատճառը, և վերջապես որտեղ են խաչվում հայերիս համար ֆինանսական և բարոյական երջանկության ուղիները: Սրանք հարցեր են, որոնց մասին նախկինում երբեք չէի մտածել, սակայն իմ փոքրիկ հետազոտության երկու հերոսները, տվեցին ինձ դրանց պատասխանները: Իմ սուբյեկտիվ կարծիքով արտագաղթողների մեծ մասը լքում է երկիրը մեկ, և այդ միակ պատճառը ձևավորող բազմաթիվ ենթապատճառներից ելնելով: Արտագաղթի գլխավոր պատճառը բնակչության շրջանում գործազրկությունն է և դրանից բխող աղքատությունը: Նյութական անապահովության մեջ իր մեղքն ունի թե’ անձը, թե’ պետությունը: Անհատի մեղքը լավ աշխատանք ունենալու ցանկության, իսկ պետության մեղքը սահմանափակ աշխատատեղեր ունեցող շուկա և ցածրորակ բուհական կրթական համակարգի մեջ է: Այն, որ Հայաստանում տիրող կրթական համակարգում առկա են բազմաթիվ ակներև բացթողումներ, արդեն վաղուց գործնականում ապացուցված փաստ է: Մարդիկ ընդունվում, սովորում, ավարտում են՝ այդպես էլ չհասկանալով իրենց մասնագիտության իմաստը և այն, թե տեղի շուկայում ինչ պետք է աշխատեն իրենց մասնագիտությամբ, քանզի աշխատանք գտնելու գործում չեն օգնում ոչ’ գիտելիքները, ոչ էլ պետությունը: Համալսարաններում կորցնելով մի քանի տարի, արդեն իսկ բուհն ավարտած քաղաքացին բախվում է իր մասնագիտությամբ անաշխատունակ լինելու փաստին, համալրում է գործազուրկների շարքերը: Նրանց մոտ 15%-ը ժամանակի ընթացքում, որոշակի վերապատրաստումներից հետո գտնում է իր մասնագիտության, կամ գոնե դրան մոտ աշխատանք: Հաջորդ 15%-ը զբաղվում է նրանով, ինչ հաջողեցնում է, մնացած 70%-ը լքում է երկիրը, արտագաղթում: Արտագաղթելով նրանք, միևնույն է, չեն զբաղվում իրենց մասնագիտությամբ, կատարում են նույնպիսի կամ հաճախ ավելի վատ աշխատանք, քան կարող էին անել Հայաստանում: Առաջ է գալիս արտագաղթելու հոգեբանական ասպեկտը: Արտագաղթոների մեծ մասը Հայաստանում հաստատ ունեցել է այնպիսի աշխատանք կատարելու հնարավորություն, ինչպիսին արտասահմանում, սակայն գերադասել է դա անել օտար երկրում, թեկուզ աշխատանքային միգրանտի կարգավիճակով: Իրականում տարբերությունները չնչին են, աշխատանքը նույն է, աշխատանքային պայմանները և աշխատավարձը էապես չեն տերբերվում, այստեղ խնդիրը մարդկային հարաբերությունների մեջ է, որի բացը առավել զորեղ է, քան ցանկացած սոցիալական խնդիր: Սկսած պետությունից, մինչև ամենահասարակ մարդկային հարաբերություններ, բարդույթը հիմքից է, հիմքը պետք է փոխել: Մեր ազգային մենտալիտետում իրապես բացակայում է սոցիալական տարբեր շերտերի միջև հավասրաությունը, և այն, որ մենք՝ ՀՀ քաղաքացիներս, իրավահավասար ենք անկախ մեր նյութական կացությունից, գրված, բայց սենտիմենտալ օրենք է: Մենք բոլորս չափից շատ կրթված ենք, գուցե դա է մեր անկրթության պատճառը: Իհարկե հասարակության մեջ լիակատար հավասարություն հնարավոր չէ, միշտ էլ գտնվում են անձիք, ովքեր բոլորից վեր են, բայց դա չպետք է վերածվի անարխիայի և հանգեցնի արտագաղթի ինդեքսի օրեցօր աճին: Բնականաբար, եթե հավասար չենք մեր երկրում, հյուրի կարգավիճակով հավասար լինել չենք կարող, սակայն այլ է լինել երրորդական օտարի հողում, այլ է սեփական հայրենիքում:

Ես չգիտեմ, թե իրականում ինչպես վարվեցին իմ այս հոդվածի երկու ներշնչանքները, սակայն փաստ է, որ հայրենիքից ստիպված հեռանալու միտքը, ծագել է նրանց ու էլի շատ-շատերի ուղեղներում և շատ շուտով, նրանց համար հեռանալը մտքից իրականություն կդառնա: Ցավալի է, բայց այսօր շատերի համար արտագաղթը գոյատևելու ամենահարմար այլընտրանքն է…

Մերի Թելունց

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3393 | 0 | 0
Facebook