Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՊՈՍԵՅԴՈՆԻ ԵՌԱԺԱՆԻՆ /պատմվածք/

Aram Hovhannisyan
Հեղինակ`
Aram Hovhannisyan
14:05, հինգշաբթի, 10 հուլիսի, 2014 թ.
ՊՈՍԵՅԴՈՆԻ ԵՌԱԺԱՆԻՆ /պատմվածք/

Ծովափ գալու երրորդ օրն էր, բայց Արմենը դեռ աղջիկ չէր «բռնել»: Եվ հույս էլ չկար: Մորից հարյուր հիսուն ռուբլի խնդրեց ու ընկերոջ՝ Դերենիկի հետ եկավ հանգստանալու: Սուտ, ի՞նչ հանգստանալ, ի՞նչ բան: Եկել էին «ձուկ» որսալու: Դերոյի հաշով, իսկը ժամանակն էր: Դպրոցն ավարտել էին: Ինքն ընդունելության քննությունների խութերը հաջողությամբ հաղթահարեց ընկերը՝ չէ. հենց առաջին քննությանը դեմ առավ: Բայց նրան ի՞նչ կա. համոզեց ծնողներին, թե՝ հոգնած եմ, սա եմ, նա եմ, վերջը՝ երեք հարյուր կլպեց, հարյուրի չափ էլ դեսուդենից ուներ պահած: Ինքը՝ քիչ, մեկ շաբաթ էր մնալու, Դերոն՝ մինչև փողերը պրծնեն:

-Աղջիկներ՝ ինչքան ասես, -ասում էր Դերոն, խոսքն առավել համոզիչ դարձնելու համար, ձեռքով ցույց տալիս կոկորդը, -մինչև այստեղ: Կթափվեն վրադ, չես իմանա, որի հետ ման գաս:

Ուրիշներից էլ էր լսել: Հավաքվում էին պատի տակ, թառում ճաղաշարին, դասամիջոցներին գլուխ գլխի կուտակվում զուգարաններում, թաքուն ծխախոտ վառում՝ սկսելով փչոցները՝ սրան խոսեցրի, նրանից խոսք առա, ամսի այսինչ օրը ժամադրված եմ և այդ կարգի զանազան ստեր՝ հարյուր պոչանի, հազարագլուխ: Ծովափում եղածներն է, հո, քար քարի վրա չէին թողնում: Ամեն մեկը մի Դոն Ժուան էր, միայն թե փսլնքոտ, երեսները շատ քերթելուց, ցանկասիրությունից դուրս տված: Մարդ կար, օրը երկու անգամ էր սափրվում, ինչ է թե երեսին շուտ մազ դուրս գա: Կային, որ կուրծքը, թևատակերը, անգամ ամոթատեղն էին ածելիի տալիս՝ դարձյալ նույն նպատակով:

Արմենը չէր խառնվում խոսակցություններին: Լսում էր: Ճիշտ է, հավատալը չէր գալիս, բայց ձգող, գրավիչ բան կար պատմածներում: Ու հիմա ընկերոջ հետ եկել էին ծովափ: Դեռ ճամփին՝ գնացքում Դերոն սրան-նրան խոսք էր գցում, էժանանում: Արմենը գարշում էր նրանից, քիչ էր մնում առանձնանա: Հետո, լավ էր, ընկերոջ փուքսն իջավ: Կիսակայարաններից մեկում չորս շիշ գարեջուր գնեց: Ինքը մեկը զոռով կես արեց, Դերոն աքլորանալով՝ երեքն էլ քաշեց գլուխը: Տեսնում էր, որ նա զզվանքով է խմում, քիչ է մնում ործկա, բայց իրենցից բացի կուպեում մայր ու աղջիկ կային: Հենց բերանից քամեց շշերը, ապա՝ մի կես ժամ դատարկաբանելուց, բոլորին ձանձրացնելուց հետո մինչև լուսաբաց քնեց:

Առավոտյան հասան ծովին: Գրեթե բոլոր ուղևորները միջանցք թափվեցին: Առաջին անգամ էր ծով տեսնում, սակայն չզարմացավ: Գրքերում շատ էր կարդացել, գիտեր օրվա որ ժամին ինչ երանգ է ունենում: Նրան միայն մարդկանց շատությունն ապշեցրեց. համատարծ մսեղիք էր:

Գնացքը սահում էր լողափով, մտնում սարի տակ, դղրդյունով դուրս պրծնելով գետնուղուց՝ թափով ընթանում նպատակակետը: Աչքը որսում էր հայացքի առջևով սահող տպավորիչ պատկերները: Մի կին՝ իսկը մսագունդ, թփի տակ թաքնված, փոխում էր լողազգեստը: Մոտեցող գնացքի դղիրդը նրան հանկարծակիի բերեց. շփոթահար՝լողավարտիքը քաշելով վրան, ասես ոչինչ չի պատահել, ուղղվեց ափի կողմը: Դերոն տարերքի մեջ էր. պատուհանը կիսաբաց արել, կախվել ներքև, ճչում էր, աղմկում, օդային համբույրներ հղում, ում հայացքը բռնում էր՝ ծեր լինի, թե ջահել, գեղեցիկ, թե տգեղ՝ առանց խտրականության:

Կեսօրին տեղ հասան: Տուն վարձելու վրա երեք-չորս ժամ կորցրին: Ընկերը մոտենում էր, սրա-նրա հետ սակարկում, համոզում, քթի տակ հիշոցներ տալով՝ ետ գալիս:

-Ընտանիքավոր են ուզում, կարծում են՝ կուտենք:

Վերջապես քառասունին մոտ մի տղամարդ՝ գինովությունից կարմիր քթով, համաձայնեց: Ճանապարհին տանտերը շատախոսում էր: Ողջ պատմածից Արմենը մի բան գլխի ընկավ. տիրուհին խիստ կին է, հարկավոր է զգոն լինել: Սեփական տուն էր՝ նոր ներկած լուսամուտներով, լավ մշակած բակով, խորքում՝ խցակերպ փոքրիկ շինություն, ուր և առաջնորդեց մարդը: Տնակը ներսից ավելի անշուք էր: Պատուհանին մերձ կոշկակարի կարճոտն սեղանիկն էր՝ վրան մեխեր, կաշվի կտորտանք, ներկամաններ, պատն ի վար կոշկաքուղեր: Խորքի մահճակալի կեղտակուր, հնամաշ ծածկոցի տակից կախվել էր գունաթափ սավանի ծայրը: Անկողնուն, իրերին, պարզ նկատվում էր, վաղուց կնոջ ձեռք չէր դիպել: Տանտերը մատնացույց արեց մահճակալը.

-Այստեղ կքնեք:

Արմենը նողկանքով շրջեց գլուխը: Դերոն ուշքի էր եկել.

-Մեզ խոզի տեղ ես դրե՞լ: Ու՞ր բերիր:

Տղամարդը մատները տարավ բեանին՝ սը՜ս:

Դերոն չէր հանդարտվում.

-Սրա մեջ քնել կլինի՞, -նա բացեց ծածկոցը:

Ժողովրդական խոսքը՝ քամես օձի բերանը կսատկի, տեսած պատկերից էր ծեփած: Հավանաբար շատ ժամանակ տանտերն առանց հանվելու, անգամ կոշիկներով էր անկողին մտել: Սպիտակեղն այն աստիճան աղտոտ էր, որ կտորի երիզները միագույն էին դարձել:

-Սպասիր, մի աղմկիր: Հիմա լեժանկա, սավան կխնդրեմ տիրուհուց:

Ծալովի մահճակալ, -բառը մտքում անմիջապես թարգմանեց Արմենը: Տանտերն օրորվելով գնաց:

-Գնանք, ես այստեղ քնող չեմ:

-Մի քիչ էլ սպասենք, -առաջարկեց Դերոն:

Ժամանակ շահելու համար սկսեցին ծակուծուկերը զննել: Ընկերը սեղանի տակ դատարկ շշերի կույտ նկատեց, երևի հիսունից ավելի, բոլորը՝ «Պորտվեյն», ընդ որում երևանյան:

-Խիղճդ կտրվի, ուրիշ խմիչք չկա՞, դոշաբ ես խմում:

Դրսում աղմուկ լսվեց: Պատուհանից երևում էր տան կեսը, դեպի ուր գնացել էր տանտերը: Մի կին հայհոյանքներ էր տեղում: Դերոն դուռը կիսաբաց արեց: Ամուսինը կամենում էր ինչ-որ բան բացատրել, սակայն շեմքին կանգնածն այդպես էլ խոսելու հերթ չէր տալիս: Հետո թողնելով ամուսնուն՝ կինը ներս գնաց: Տնտերը վիզը ծուռ՝ վերադարձավ:

-Կատաղել է անիծածը, շան լափը թափեց գլխիս: Ի՞նչ անեմ, - խեղճուկրակ ժպիտ ծաղկեց գինով դեմքին:

Պատրաստվում էին հեռանալ, երբ ներս մտավ կինը: Նա քաղաքավարությամբ բարևելով՝ առաջարկեց տուն գնալ: Արմենն անհարմար զգալով՝ ներողություն խնդրեց անհանգստացնելու համար:

-Ի՜նչ եք ասում: Եկեք, եկեք: Ես սրա վրա եմ զայրացած, -ու դարձավ ամուսնուն: -Սրիկա, ասե՞լ եմ՝ ոտդ շեմից ներս չդնես: Հյուրեր է բերել, քոսոտ էծ:

Իսկական տունը Վանյայի /այդպես էր տանտիրոջ անունը/ խոզաբնի հակապատկերն էր՝ ձյունափայլ վարագույրներ, պլպլան հատակ, ասեղնագործ ծածկոցներ, տան անկյունում՝ տիրամոր սրբանկարը: Վալյան փոխեց սավանները, ծածկոցները ծրարի մեջ առավ, առաջարկեց տեղավորվել, հանգստանալ:

-Չլինեմ, չիմանամ վիժվածքին տուն թողնեք: Քանի՞ օր եք մնալու:

Հարցն անսպասելի հնչեց, Դերոն սակայն չկորցրեց իրեն.

-Քսան:

-Տասն օրվա փողը սկզբից կտաք, մնացյալը՝ վերջում: Չմոռանաք անձնագրերը՝ գրանցելու համար է:

Տղաները շվարեցին:

-Անձնագիր չենք վերցրել:

Տանտիրուհին քննախույզ հայացք գցեց նրանց վրա.

-Այդ դեպքում գլախանց լրիվ գումարը տվեք. այդպես առավել ապահով կլինի:

Համարյա արևմտոց էր, երբ ծով գնացին: Լողափը ծեփված էր մարմիններով: Արմենն սկզբում կաշկանդված էր, հուզմունքից հայացքը ոչ մեկի վրա կանգ չէր առնում: Դերոյի մոտ շփոթվածությունն արտահայտվում էր ցուցադրական ինքնավստահությամբ: Վերջապես ոտնաչափ ազատ տարածք գտան: Ընկերը հանվելով՝ չտեսի պես նետվեց ջուրը, աղմուկով լողաց առաջ, նույնպիսի չմփչլմփոցով ետ եկավ. լավ չէր լողում:

Արմենը բացեց աչքերը: Միջօրեի ժամն անցել էր: Կիզիչ արևի տակ երկար պառկելուց կոպերի տակ գոլած քրտինքի կաթիլները մրմռացնում էին աչքերը: Թեթև քամի էր բարձրացել: Լողափին մարդիկ պակասել էին: Ծուլանում էր տուն գնալ, թեև գիտեր՝ արևի տակ տևաբար մնալը վտնագավոր է: Փրկությունը ծովն էր: Գոնե, երբ լողանում էր, ինչ-որ չափով իմաստավորվում էր ծովափ գալը: Թե չէ անմիտ բան էր ստացվում: Եվս չորս օր, և տուն կգնա: Դեմը սեպտեմբերն է: Կհասցնի՞ որևէ աղջկա հետ մտերմանալ: Քանի գնում, այնքան հուսալքվում էր, անվստահությունը սողոսկել մարմինը, դուրս չէր ելնում: Չէր կարողանում խոսեցնել ու՝ վերջ:

Հալալ չէ՞ր դերոյին: Հենց առաջին օրը, երբ ինքը մտավ ջուրը, ելավ, արդեն ծանոթացել էր: Միանգամից երեքի հետ: Ծանոթանալը ո՞րն է: Աղջիկներն թուղթ էին խաղում: Ընկերը տեղավորվեց նրանց միջև, սկսեց խաղալ: Մեջընդմեջ անեկդոտ էր պատմում, աղջիկները քրքջում էին: Երբ ձանձրացան, գնացին լողանալու: Դերենիկն արդեն Դիմա էր դարձել ու նրանց հազար տարվա ընկերը: Չէ. Արմենը նեղանալու իրավունք չունի: Դերոն երկու-երեք անգամ առաջարկեց մոտենալ: Աղջիկներն էլ, կարծես, դեմ չէին: Մոտ չգնաց.

-Լավը չեն, -ասաց՝ շարունակելով մեկնված մնալ ավազին:

Հայերեն ասաց, որ մյուսները չհասկացան: Բայց, հո, հիմա՞ր չէին, լավ էլ գլխի ընկան: Ուրիշ ի՞նչ պետք է մտածեին: Չտեսա՞վ, ինչպես փոխվեց դեմքերի արտահայտությունը: Լավը չեն… Շատ էլ ընտիր էին: Աղվեսի բերանը որ խաղողին չի հասնում, ասում է… Չշարունակեմ: Համ էլ ո՞վ էր ասում, առաջին ծանոթացածի հետ պաչ-պռոշտի եղիր: Ուրիշ ժամանակ բարեկրթությունից կխոսես, ընկերոջդ ամեն քայլը կքննադատես: Իսկ քո արա՞րքը: Գնայիր, խոսք փոխանակեցիր, դուրդ չէ՞ին գա, չէիր շարունակի: Լա՞վ եղավ, երրորդ օրն է՝ Դերոն իր քեֆին ման է գալիս, իսկ դու մնացել ես ավազին մեկնված: Լավը չէին… Ասա՝ ամաչեցի: Լավը չէի՞ն, լողափը, հո, դեմդ էր, ջոկեիր: Հազար աղջիկ կա՝ մեկը մեկից ջահել, մեկը մյուսից գեղեցիկ: Նրանք էլ սրտովդ չէի՞ն, ոչ մեկին չհավանեցի՞ր: Էհ, բա վե՞րջը: Եթե աղջիկ չէիր խոսեցնելու, ինչու՞ եկար: Հետո՝ երբ գնացիր տուն, տղաներին ի՞նչ ես պատմելու: Քեզ, հո, լա՞վ գիտես. բերանդ ջուր ես առնելու, մնաս: Չե՞ն ասի՝ դու ի՞նչ տղա ես, որ ծով աղջիկների մեջ ոչ մեկին չես կապել: Իհարկե, հաշվետու չես: Գիտեմ, գիտեմ՝ դու քո սկզբունքներն ունես, քո համոզմամբ, կանանց մասին բացեիբաց արտահայտվելն անբարոյականություն է: Ինչպե՞ս կարելի է սիրել, համբուրվել, կնոջ հետ մերձենալ, հետո մյուս օրը ողջը ծաղկեցրած, գույն տված պատմել ընկերներին, ծանոթ-բարեկամներին: Չի կարելի, հարկավ:

Անտանելի շոգ էր, օդը, չնայած ծովից փչող քամուն, հեղձուցիչ: Փոթորկից առաջ է այդպես լինում, -կարդացած գրքերը մտաբերեց Արմենը: Ոտքի ելավ: Երկու քայլ այն կողմ աղջիկ էր պառկած: Գեղեցիկ մարմին ուներ, հյութալի շուրթեր: Մազերն ավելի շուտ սև էին, աչքերը՝ մեծ, նշաձև: Ինչ-որ ձգող բան կար հայացքում: Վերջին երկու օրն աղջկա հարևանությամբ էր տեղ ընտրում: Գալիս էր, հայացքով փնտրում, ու թե եկած չէր լինում, սպասում էր: Նրա ներկայության կարիքն ուներ, համարյա իրենն էր հաշվում: Խանդում էր, եթե պատահաբար նկատեր նրան ուղղված մեկնումեկի հայացքը: Երկու օրվա մեջ բազմիցս փորձել էր մոտենալ, բայց վերջին պահին արիության պակասը խոչընդոտել էր: Աղջիկը ևս, թվում էր, սպասումի մեջ է: Մտքում հազար ու մի տարբերակ էր հորինել, ամեն բան՝ համաձայն գրքերի: Մոտենալու մեկ-երկու փորձ ծովում արեց, բայց բերանն այդպես էլ չբացվեց, բառ դուրս չեկավ: Հույսը դիպվածի վրա էր, որն այդպես էլ չէր ժամանում, դիպվածն նրա նման վեհերոտին չէր գտնում:

Օրն իրիկնանում էր, օրիորդը ծալում էր սրբիչը, գնում: Լողափը կորցնում էր հրապույրը, ամայանում, ու տղան ևս հագնվելով՝ գնում էր քաղաքում թափառելու: Մտովի էլի նրա հետ էր: Պարահրապարակ էր մտնում՝ հույսով, թե այնտեղ կլինի: Նույնը՝ տանը. տարբերակներ էր հորինում, այնքան, մինչև աչքերը փակվեն ու քնում էր՝ առավոտյան վերստին նրան տեսնելու հույսը փայփայած:

Երբեմն հայացքներն առնում էին իրար: Աղջիկը, թվում էր, նախատում է՝ ի՞նչ ես հապաղում, եկ, ես էլ քեզ եմ սիրում, դու էլ ինձ ես դուր գալիս: Արմենը շփոթված՝ շրջվելով նայում էր ծովին, իբր, չի նկատել, իբր, պատահաբար էր դեմքն այդ կողմն ուղղել, մինչդեռ սիրտը զարկում էր:

Գողունի նայեց: Օրիորդն աչքերը գոց պառկել էր՝ անտարբեր անցուդարձին: Արևի տակ երկար մնալուց մարմինը հարդագույն էր, ոտքերը, կուրծքը, ազդրերը, ամեն բան՝ ողորկ, կրքահարույց: Տղային հիմա խեալագարեցնելու չափ ձգում էր այդ մարմինը, պատրաստ էր երկրպագել, աստվածացնել: Աշխարհում այլևս ոչինչ չէր հետաքրքրում և արժեք չուներ: Միայն թե ծանոթանա, միայն թե սիրելու իրավունք ունենա: Ինչե՜ր կանի Արմենը նրա համար: Կքանդի հոգու չբացած ծալքերը, կտանի իրենց տուն, իսկ եթե վերջինս չկամենա, հետը կգնա երկրագնդի ցանկացած ծայրը: Նրա հետ արմենը հզոր կլինի, համարձակ, առնական, անպարտելի:

Տղան սիրահարվում էր, սիրահարվում՝ ժամ առ աժամ, անհուսալիորեն: Բոլորից շատ երկյուղում էր կորցնել: Հանկարծ ու վճռի փոխել լողափը, հանկարծ ու ավելի ճարպիկը խոսեցնի, հանկարծ ու գնալու ժամանակը գա: Մեկից կդատարկվի ծովափը: Սակայն ավելի լավ է այդ մասին չմտածել: Ամենաճիշտը լողանալն է: Երևում է, փոքր ինչ շոգն է ազդել:

Մինչև ծնկները մտավ ջուրը: Երեք-չորս քայլ այն կողմ մեկն ափով մեդուզաներն էր հեռացնում: Խճերին երկար պառկելուց դիմացին թիկունքը յուրօրինակ խճանկար էր հիշեցնում: Լողափն այնքան էլ հարմար չէր. խիճն ավել շատ էր, քան ավազը: Ինքն էլ էր նողկում մեդուզաներից: Անդուր արարածներ էին՝ լպրծուն: Մինչև ճեղքում էր ջրի երեսը բռնած դոնդողանման շերտը, լողալու հաճույքը կորչում էր: Խորքում լղպոր կենդանիներն ավելի հազվադեպ էին հանդիպում:

Արգելող լողանշանին հասնելով՝ շրջվեց: Ափի աղմուկը համարյա չէր հասնում: Դիմացը կանաչի մեջ թաղված գյուղաքաղաքն էր, ավելի դենը՝ լեռներ: Մշուշ կար սարերում: Խորովված մարմիններից ծովեզրը կիլոմետրերով կարմրել էր:

Ետ դարձավ: Հայացքով աղջկան էր որոնում Ջրից դուրս գալիս ուշադրությունը գրավեց նորեկ երիտասարդը, ով տեղ էր զբաղեցրել իր ու աղջկա միջև: Տղան գեղեցիկ էր՝ մարզիկի կեցվածքով: Արմենը մեկից թշնամանք զգաց նրա նկատմամբ: Ինչու՞ է այդքան ինքնավստահ, աքլորի պես ետուառաջ է քայլում, որ ի՞նչ: Չլինի՞ օրիորդի վրա է աչք դրել: Թույլ չեմ տա, նա իմն է: Նա ինձ է սիրում, ինձնով է տարված, ես՝ իրենով: Գիտեմ քեզպեսներին. քայլում, խոսում, ուտում եք, ինչպես բեմում՝ կարծելով, բոլորն են հիացած ձեր խոզանակած շարժումներով: Օրնիբուն կեղծում եք՝ կեղծ քայլում, կեղծ խոսում, ժպտում: Տեսնես մենակ մնալի՞ս էլ դիմակը չեք նետում: Չէ՞որ զուգարան էլ եք գնում, խնչում էլ եք: Փորացավի ժամանակ անգամ նմանները իրենց չեն կորցնում՝ օ՜, մամա... Հենց սկզբից զգուշացնում եմ՝ ավելի լավ է, չփորձես: Քեզպեսներին նա հեռվից-հեռու է ճանաչում: Ազնիվ, բյուրեղյա հոգու տեր Արմենին թողած՝ քո շփացած տեսքո՞վ պիտի զմայլվի: Հույս չունենաս: Ի՞նչ անենք, որ գեղեցիկ ես: Ի՞մ ինչն է պակաս. հասակս, թիկունքս՝ տեղը, մնում է մի քիչ լցվեմ: Քիթս է երկա՞ր, ոչի՜նչ. կանայք երկարաքթի համար խենթանում են:

Բայց նորեկն այդ կարծիքին չէր: Նա հարձակման էր անցնում: Արմենն աչքի տակով հետևում էր: Տղան այնպիսի դիրք ընդունեց, որ ստվերն ընկնի օրիորդի վրա: Վերջինս բացեց կոպերը, հետո վերստին գոցեց: Տղան շարունակեց կանգնած մնալ: Աղջիկը, ոչ այն է՝ գոհ, ոչ այն է՝ դժգոհ, նստեց:

-Как наши-ваши дела?

Այ քեզ տխմար հարց: Հայ է, կամ վրացի: Այդպես են աղջիկ խոսեցնու՞մ: Արմենը քո տեղը գետինն է մտնում: Հիմա տես, ինչպես է շշպռելու:

Ի՞նչ: Առանց քեզ տխուր է՞: Օրիո՞րդն ասաց: Չի կարող պատահել: Ուրեմն՝ ձեռք է առնում: Թե՞… Բա ե՞ս: Երեք օր է, կողքիդ եմ, քո մասին եմ մտածում, քեզ հետ զրուցում, սիրում, սիրվում, աշխարհի բոլոր ծայրերում լինում: Ինչու՞ հանկարծ տրտմեցիր: Ուրեմն՝ պիժոնի՞ն էիր սպասում, նրա՞ն էիր տենչում, առանց նրա՞ էր օրդ մռայլ: Ասա ինչու՞ եմ զարմանում. Բոլորդ մի սանրի կտավ եք: Ինձ պետք չէ քո սերը, գնա նրա հետ լկստվիր, թփի տակ պառկիր:

Տղան առաջ էր գնացել: Անկետային հարցերին հետևում էին նույնքան պրոզայիկ պատասխանները: Անունը Նատաշա է՝ Ուրալի կողմերից: Ականջին ինչ-որ ուսումնարանի անուն հասավ: Նմանները հազիվ էլ ուսումնարանում սովորեն: Թե ի՞նչ էր գտել մեջը: Ամենևին էլ գեղեցիկ չէ: Անգամ պեպեններ ունի, բայց մարմինը, Արմեն, խղճիդ դեմ բան մի ասա, իրոք հոյակապ է: Չկարողացա՞ր խոսեցնել, քթիդ տակից փախցրի՞ն: Քեզ ո՞վ էր ասում հապաղես: Տեսա՞ր ինչ հասարակ աղջիկ էր, իսկ դու գեղարվեստական տարբերակներ էիր մտմտում: Այդպես կխոսեցնեն: Թրի մի հարվածով կտրեց. կամ դես, կամ դեն: Հաստատ հայ է, գուցե նույն քաղաքից: Գոնե այլազգի լիներ:

Արմենը շուրջը նայեց: Ալեկոծություն կար ծովում, որ անշտապ ուժգնանում էր: Ջրի ափամերձ շերտը գույնը փոխել էր, պղտորվել: Կարգուկանոնի սիրահարները տուն էին գնացել, որպեսզի արևմտոցին ետ գան: Դեպքերի ընթացքը գրգռել էր տղային, թշնամացրել բոլոր հանգստացողների, այդ թվում և՝ Դերոյի հետ: Իրիկունները գալիս է, հազար ու մի ստեր փչում: Իսկ ինքը չի հավատում: Թե որ աղջկա հետ պառկել ես, ինչու՞ ես աճուկներիդ ցավից բողոքում: Դե ձայնդ կտրիր: Այդպես էլ կգնա Երևանում կպատմի, և բոլորը կհավատան: Ի՞նչ, չեմ կարողանում խոսեցնել, դրա համա՞ր եմ նախանձում: Հիմա, հենց հիմա կապացուցեմ, որ ձեզնից լավ գիտեմ նուրբ սեռի հետ մտերմանալու կերպը:

Ոտքի ելավ: Ամենագեղեցիկին, միայն ու միայն ամենագեղեցիկին: Աչքն ընկավ կակղամորթների շերտից այն կողմ լողացողին: Աղջիկը ճողփում էր ջրերեսին, մեկ ալիքի կատարը ելնում, մեկ իջնում փոսորակը: Ծովի վրա փրփուր էր հայտնվել: Այդչափ վստահ իրեն ջրում պահողը վատը լինել չէր կարող:

Մտավ ջուրը, թևեց նրա ուղղությամբ: Ալիքների հետ կռվող մանուկների, լողալ չիմացող կանանց ու տղամարդկանց ճիչերը մնացին հեռվում: Ալեբախության ժամանակ լողալը հմտություն էր պահանջում: Նա բնազդով հարմարվեց ծովի ռիթմին, գլխի ընկնելով, որ ալիքի վրա հասնելու պահին պետք չէ առաջ լողալու ճիգեր գործադրել: Դա հոգնեցնում է: Ուղղակի անհրաժեշտ է սահուն ելնել ալիքի կատարը՝ նույնը կրկնելով հաջորդ հորձանքի վրա տալու պահին:

Քիչ առաջվա նվնվացող Արմենը մնացել էր ափին: Դեմը ծովն էր՝ հզոր, բաբախուն, կյանքով լի, որը թուլակամներին չի ների, և սևին տվող երախը կուլ կտա ամեն մի փնթփնթանի: Ծովն ուժեղներինն է: Հերթական հորձանքի անցնելուց հետո ջրի վրա հսկայական գոգավորություն էր առաջանում, և նրա ամենաստորին հատվածում թպրտացող Արմենն առպահ մենակ էր մնում՝ անջրպետված աշխարհից, հանգստացողներից, լողորդ աղջկանից: Ականջին հասավ մարդկանց ջրից դուրս հրավիրող բարձրախոսի խռպոտ ձայնը: Աղջիկն ափ էր լողում: Նրանք հավասարվեցին:

-Կարելի՞ է ձեզ խոսեցնել:

Ասածն անհեթեթ թվաց: Այդքան համբերելուց հետո համա թե ծանոթանալու տեղ ու ձև գտար, Արմեն: Սակայն ծանոթանալու եղանակը, ըստ երևույթին, դիմացինին բնական թվաց, գուցեև՝ ինքնատիպ:

-Բա ինչու՞ ենք հասել խորքերը:

Արմենը կարկամեց: Պատասխանը հանդուգն էր՝ ջուր ծեծելու ժամանակ չթողնող: Հորինած տարբերակներից ոչ մեկին նման չէր:

-Ձեր անունն անպայման Նատաշա է:

Աղջիկը դեմքով շրջվեց տղայի կողմը.

-Ձեզ Պոսեյդոնի եղանն է պակասում:

Օհո, Պոսեյդոնին էլ գիտի: Հրաշք, միայն թե, սիրելիս, եղան չէ, եռաժանի ասա: Ի՜նչ լավ արեց, որ ամռանը «Հին հունական առասպելները» կարդաց: Թե՞ հեգնում է: Համենայնդեպս մակարդակ կա:

-Ծովերի աստվածը ձեզ այսօր ռեստորան է հրավիրում:

Ապրես, Արմեն: Այդ ոգով էլ շարունակիր: Ծանոթությանը կենցաղային թեքում տուր, թե չէ կսկսես գրքերից ու նկարիչներից խոսել: Մոտեցող ալիքը բաժանեց նրանց: Բերանը լցվող աղաջուրը տղային իրականություն վերադարձրեց: Չէ, ծովը խանդոտ է, ծովին մոռանալ չի կարելի: Տեսնես աղջիկը նկատե՞ց: Ստամոքսում ճողփացող ջուրն ուզում էր ետ գալ: Կրկին լսվեց բարձրախոսի ձայնը:

-Մեզ հետ են, -աղջիկն արագացրեց լողը:

Առժամանակ լուռ կռիվ էին տալիս ալիքների հետ: Այս անգամ խայծն առաջինը աղջիկը գցեց:

-Որտեղի՞ց իմացաք, որ անունս Նատաշա է:

-Ափին մի հրաշալի օրիորդ կա: Ուզում էի ծանոթանալ, քթիս տակից թռցրին: Անունը Նատաշա էր:

-Համա թե կատակ անել գիտես, - նա քրքջաց:

Այդպես է. հենց ճշմարտությունն ես բարբառում, չեն հավատում, թե հորինես, հալած յուղի տեղ կընդունեն:

-Ես նրան սիրում էի:

-Հիմա՞ էլ:

-Այժմ քեզ եմ սիրում:

-Ե՞րբ հասցրիր սիրահարվել, որ արդեն բացատրվում ես:

-Իմն այդպես է: Մի վայրկյանում կարող եմ և սիրել, և ատել, եթե քեզ լավ չպահես:

Մոտենում էին ափին: Ալեբախությունը սաստկացել էր: Ետքից աճապարող ալիքներն ափ էին հրում, ցամաքինը՝ նույն ուժով ետ շպրտում: Առպահ վախ սողոսկեց մարմինը. եթե չկարողանա դուրս գա՞լ: Թիկունքից հերթական կոհակը հասավ տղային: Նա թևերի ուժգին շարժերով կտրեց ծովի փրփրակալած հատվածը, և երբ ջուրը ետ գնաց, ոտնատակից սորացող խճերի վրայով ափ վազեց:

Նատաշան ջրից ելել, ծամերն էր մզում: Հագուստը տասնհինգ-քսան մետր հեռու էր, ու նա չգիտեր՝ մնա նոր ծանոթի մոտ, թե՞ գնա նախկին տեղը: Հուսահատեցնող վիճակ էր: Հանկարծաբար հայտնված մտքից ուրախացած՝ ասաց.

-Ես՝ հիմա, գնամ ծխախոտ բերեմ:

Պիրկ, սլացիկ մարմնով օրիորդը դեռ այնտեղ էր: Ստեպ-ստեպ կռանալով՝ խիճ էր վերցնում և սեռին բնորոշ անվարժ շարժումով շպրտում ծովը: Փրփուրը երբեմն հասնում էր նրան, համբուրում ոտքերը՝ կրկին շտապելով ստնտուի գիրկը: Մարզիկի կազմվածքով երիտասարդը կողքին էր: Խանդի զգացումը վերստին գլուխ բարձրացրեց: Արագորեն հավաքելով շարերը՝ վերադարձավ: Կեսճամփին նկատեց, օրիորդը քար նետելը թողած՝ իրեն է հետևում: Տղան ինչ-որ բան հարցրեց, հավանաբար՝ Արմենի մասին:

Նախանձեցի՞ր: Կարծում էիր հե՞շտ է սիրած աղջկան փախցնելը: Իսկ դու՞, ինչպե՞ս չամաչեցիր. երեք օրվա սիրահարներ էինք, և կարողացար այնքա՜ն հեշտ ամեն բան մոռանալ: Սիրատենչ հայացքս մի՞թե ոչինչ չէր հուշում: Անհոգի: Այլևս անդարձ կորած ես ինձ համար: Մինչդեռ որպիսի՜ հրաշագեղ օրեր էին սպասվում: Ոչինչ, ես նորից եմ հրապուրվում՝ ի հեճուկս քեզ, մրմուռը սրտումս:

Ծխախոտ վառելով՝ մի բան արած լինելու համար տուփը մեկնեց աղջկան:

-Ծխեք:

Նատաշան չհրաժարվեց: Տեսա՞ր: Թե ծխախոտ չառաջարկեիր, կմտածեր՝ դանդալոշի մեկն է: Այդպես, այդպես: Զգույշ Արմեն, նա դեռ սպասում է: Լուցկին չտաս ձեռքն ու գործդ ավարտած համարես: Օգնիր, որպեսզի քրմական բարձունքից վառի ծխախոտը. դա է պահանջում քաղաքակրթությունը:

-Որքան հասկացա, հունական գրականություն շատ եք սիրում:

Չեղավ, զրույցը դարձյալ սխալ հունով ես տանում: Իջիր ամպերից:

-Սխալվում եք, հույն ոչ մի գրողի անուն չգիտեմ:

-Ուրեմն՝ «Հին հունական առասպելներն» եք կարդացել:

Զրուցակիցը տարուբերեց գլուխը:

-Բա Պոսեյդոնին որտեղի՞ց գիտեք:

Նա քրքջաց.

-Պոսեյդոնը մեր հարևանի շան անունն է: Մի անգամ քեռուս հարցրի՝ ի՞նչ անուն է: Մորեղբայրս շատ կարդացած է, հասարակ մարդ չգիտենաք: Տունը՝ իսկը թանգարան: Նա մի գիրք բացելով՝ ցույց տվեց նկարը, հետն էլ պատմում էր, թե ինչ, հիմա չեմ հիշում: Դու այդ գիրքը տեսե՞լ ես: Ձեռքին եղան կա…

Աղջիկը բացվել էր, մեկ-երկու խոսք չփոխանակած՝ անցավ դու-ի: Չէ, բարեկամ, սպասելիքներդ չարդարացան, սրանից թագուհի դուրս չի գա:

-Ուշ է:

Նեղանում է, նեղանա, համ էլ իսկապես ուշ է: Պիտի ենթադրել, ծովը վաղը ևս խաղաղ չի լինի: Ծանոթուհին, սակայն, մտադիր չէր որսը ձեռքից հեշտ թողնել.

-Ռեստորանի համա՞ր ես ասում: Ճիշտ որ, ես պիտի փոխվեմ:

Տես, է, մտապահել է: Իմ փոխարեն ինքն է հարձակման անցել: Կտանեմ, մի վախենա: Արմենը քո իմացածներից չէ, պատիվ, ինքնասիրություն ասածը շատ հիվանդագին է ընդունում:

-Ուղիղ ժամը յոթին կսպասեմ կայարանի դիմաց:

Տուն գնալ չէր կամենում: Չէ մի՝ կոստյում, փողկապ: Հավես չկա: Կթափառի, մինչև գա: Թե՞ գնա տուն: Արմեն, քեզ ջենտլմենի պես պահիր: Աղջիկն ի՞նչ անի, որ եռաժանու փոխարեն բերանից եղան բառը թռավ: Գնա տուն, փոխվիր: Ամառային կոստյումդ ո՞ր օրվա համար ես բերել: Մի մոռացիր՝ սա քո առաջին ժամադրությունն է: Այնքան էլ սրտովդ չէ, բայց ինչ արած: Պարզասիրտն է, էլ քիթդ մի կախիր: Ի՞նչ էիր ուզում: Վեհ գաղափարների տեր ո՞ր օրիորդը մի սուլոցով մոտդ կգար: Համ էլ հարց է՝ ո՞վ է առավել ազնիվն ու բարհոգին, դու, թե՞ նա:

Պայմանավորված ժամին տղան տեղում էր՝ ճերմակ կոստյումով, նույներանգ վերնաշապկով, ածիլված: Նատաշան ընկերուհու հետ էր:

-Ծանոթացեք, ընկերուհիս է: Գլխացավի պատճառով այսօր լողափ չէր եկել: Հազիվ համոզեցի:

Արմենն ասաց անունը, մինչևիսկ ժպտաց, բայց թե դա ինչ ժպիտ էր, լավ գիտեր: Ընկերուհին էլ իր անունը տվեց: Արմենը տեղնուտեղը մոռացավ:

Հազիվ համոզեցի… Ասա քեզ ո՞վ էր խնդրել համոզել: Ծանոթացեք… Իբր, մենք ծանոթ ենք, հիմա՝ ընկերուհիդ: Ուշքդ գլուխդ հավաքիր, տղա, լավ հոտ այս պատմությունից չի փչում: Անու՞նն ինչ էր:

-Հիմա ու՞ր ենք գնալու, -հարցնողը Նատաշան էր:

Դիմացը հյուրանոցի բարձրահարկ շենքն էր: Դերոն ասել էր, որ առաջին հարկում ռեստորան կա:

-Հյուրանոցի տակ լավ ռեստորան կա:

-Հաճա՞խ ես գնում:

-Ամեն օր:

Կարծես, չհավատաց: Իր գործն է: Ու՞ր է քիթը խոթում:

Մուտքի առաջ մարդիկ էին խմբվել: Արմենը հրեց դուռը. փակ էր: Գլխի չընկներով՝ ինչն ինչոց է, մի քանի Անգամ թակեց: Միայն վերջին պահին տեսավ ներսից կախած ցուցանակը՝ ազատ տեղեր չկան: Թակոցի վրա հայտնված բարապանը բացեց դուռը.

-Տեղ չկա:

-Թող, թող:

Արմենը մուտքի իրավունքն աղջիկներին զիջեց: Դռնապանը ետևներից ուժով փակեց փեղկը, հետո ճեղքից նետեց.

-Նրանք սեղան են պատվիրել:

Արմենը հասկացավ՝ վճարել է պետք: Երեք ռուբլիանոցը թաքուն խցկեց շվեյցարի գրպանը:

Շփացածի պես ես քեզ պահում, հա՜, հիմա հաստատ կհավատան, որ ամեն Աստծո օր ռեստորանում ես: Բայց լավ էլ գլուխդ չկորցրիր: Молодец քեզ, մնում է մինչև վերջ նույն ոգով շարունակես:

Արմենը խաղի մեջ էր մտնում, ընկերուհիների ուզածն էլ դա էր: Նրանց խնդրեց դռների մոտ սպասել, ինքը մոտեցավ դեմն ելած մատուցողին:

-Մենք երեքով ենք:

-Ազատ սեղաններ չկան:

Տղան տարակուսանքով շուրջը նայեց. սրահի կեսն ազատ էր:

-Դրանք պատվիրված են:

-Ես էլ եմ պատվիրում:

Համոզված էր, որ ճիշտ է տանում խոսակցությունը: Ներքին ձայնն ասում էր, որ դա միայն պատրվակ է, մարդկանց կախյալ դրության մեջ դնելու, դրամաշորթության եղանակ:

-Մի րոպե սպասեք:

Քիչ անց այլ մատուցողուհի մոտեցավ: Միջահասակ կին էր:

-Անկյունի սեղանը հարմա՞ր է, այն երիտասարդ զույգի կողքին: Ուրիշ ազատ տեղեր չկան:

-Ոչինչ, կտեղավորվենք:

Հետո թվաց, թե անհրաժեշտ է լրացուցիչ վճարի ակնարկ անել. մեկ էլ տեսար մարդավարի չսպասարկեցին:

-Բա ինչու՞ էր ասում՝ տեղ չկա: Ավել պատառը ա՞չք կհանի:

-Հանգիստ մնա. ավագն այստեղ ես եմ:

Չէ, հարգելիս, մի փոքր վրիպեցիր: Վերջին խոսքը պետք չէր: Նրանք իրենց գործը գիտեն: Գնա աղջիկներին հրավիրիր: Շատ չբացվես, այլապես բերանիցդ կաթնահոտ առնելով՝ կկլպեն:

Ընկերուհիներին հրավիրեց սեղանի մոտ: Նախքան տեղավորվելը չմոռացավ ողջունել զույգին՝ ներողություն խնդրելով անհանգստացնելու համար, ապա թույլ տվեց, որ ճաշացուցակին առաջինն աղջիկները ծանոթանան: Գլուխ գլխի ուսումնասիրելուց հետո վերջիններս գրքույկը հրեցին տղայի կողմը:

-Դե, ի՞նչ որոշեցիք:

Նրանք սկսեցին նազ անել: Արմենը հարկադրված էր որոշում կայացնել: Աչքերը գնացին-եկան անդրանիկ էջի անվանումների վրայով: Դե եկ ու գլուխ հանիր, դիտմամբ են անհասկանալի գրում, որպեսզի չկողմնորոշվես: Խմիչքին չէր հասել, երբ մոտեցավ մատուցողուհին:

-Լսում եմ:

Արմենը նայեց աղջիկներին: Դե խոսեք, բա ու՞ր էիք մի ժամ քիթ քթի տվել: Անհարմար վիճակ էր:

-Ի՞նչ ունեք ուտելու:

Այդպես ավելի լավ էր, տնավարի:

-Տապակած հավ, Բեվստրոգանով, բիֆշտեքս՝ ուկրաինական:

Ասա բիֆշտեքս, պրծի, էլ ուկրաինականս ո՞րն է: Բեվստրոգանովն ամենևին չհասկացանք: Տապակած հավը պարզ է: Չնայած հավ չեմ սիրում, բայց փորձած թանն անփորձ մածնից լավ է: Տապակա պատվիրեց:

-Քանի՞ բաժին:

Օֆ, գլուխ տարար քո հարցերով, ես ի՞նչ գիտեմ:

-Երեք:

Հասցրեց նկատել, թե Նատաշայի ընկերուհին հաճույքից ինչպես ճմլկոտեց: Արմենը խղճաց՝ միանգամից գթառատ դառնալով:

-Սառը խորտիկներ ուզու՞մ եք:

-Ի՞նչ ունեք, բերեք:

Թռչնակները մեկմեկու նայեցին:

-Իսկ խմի՞չք:

Արեմենը դարձավ աղջիկներին.

-Ի՞նչ կխմեք:

-Ես շամպայն, դու՞, Լյուբա:

Ախ, ուրեմն՝ անունդ Լյուբա է: Շատ ուրախ եմ, Լյուբով: Իսկը սիրելու ապրանք ես: Եկել ես ուրիշի հաշվին ուտելու՞, ոչինչ, մենակ թե հետո չասես՝ հային լավ ֆռցրինք:

-Նույնը՝ ես:

-Շամպայն բերեք, մի շիշ էլ օղի՝ Սիբիրյան, եթե ունեք:

-Հացի օղի է՝ пшеничная:

-Ոչինչ:

Կարծես ինձ համար մեկ չէ, ուզում եմ աչքիդ ընկած-ելած ներակայանալ:

Մատուցողուհին գնաց: Դեմուդեմ նստած զույգը, որ ակամա սսկվել էր, սկսեց կենդանության նշաններ ցույց տալ: Արմենը վաստակած մարդու իրավունքով շուրջը նայեց: Նվագախմբի անդամներից երկուսը գործիքներն էին ստուգում: Գոնե շուտ սկսեն, լարվածությունը կանցնի: Մատուցողուհին, ի զարմանս տղայի, բավական շուտ վերադարձավ: Նա խմիչքը դնելով սեղանին՝ պատրաստվեց գնալ:

-Լիմոնադ բերեք, մեկ էլ ջուր, խնդրում եմ:

-Սովորակա՞ն, -մատուցողուհու դեմքին զարմանք կար:

Տեսնես կատակ է անու՞մ, թե իրոք չըմբռնեց:

-Հանքային: Սովորական ջուր մեր տանն էլ կա:

Հումորը, կարծես, ստացվեց: Բոլորը ժպտացին, անգամ անծանոթ զույգը: Լարվածությունն անցավ:

-Հանքային ջուր չունենք, լիմոնադը՝ հիմա:

Արմենը ձեռքն առավ շամպայնի շիշը: Գիտեր՝ փորձանքաշատ խմիչք է: Տանը, դպրոցական երեկույթների ժամանակ շատ էր բացել, և որոշակի հմտություն ուներ: Կարող էր և այնպես անել, որ պղպջակ դուրս չգա ու թե խցանը հասցնել առաստաղին: Իհարկե, վերջինն ազդեցիկ է, բայց եթե գինին թթված եղավ, սեղանը կայլանդակվի: Մյուս կողմից վստահ չէր, գեղեցի՞կ է հասարակական վայրում շամպայն տրաքացնելը: Բնազդն ասում էր՝ ոչ: Զգույշ Արմեն: Ձեռքդ սեղմիր բերանկալիչին, թե չէ կողողես սեղանն ու խայտառակ կլինես: Նա ետ տարավ մետաղալարը, հանեց խցանն ու աղջիկներին շամպայն լցրեց, ապա բացեց օղու շիշը:

-Աղջիկներ, լցնե՞մ:

-Կարելի է:

Դե այդպես ասեք, թե չէ ձևեր եք թափում. Չգիտե՞մ ձեր մակարդակը:

Առաջին բաժակը ծանոթության կենացն ըմպեցին: Մինչ մատուցողուհին ուտելիք կբերեր, Արմենը երկրորդ բաժակը դատարկեց: Աղջիկներն օղուց հետո անցան շամպայնի: Տղայի ներսը տաքացել էր, իրար ետևից խմելուց՝ գլուխը մշուշվել: Հիմա Դերոն տեսներ, հո չէ՞ր զարմանա: Այլևս քիթդ չկախես: Պետք չէ ամեն բան ծանրութեթև անել: Ի՞նչ անենք սրտովդ չէ, փոխարենը սիրո գիշեր է սպասվում: Երևանում պատմելու մի բան էլ դու կունենաս, կասես՝ տղերք, հո կայֆ չարի՞:

Ռեստորանում գնալով աղմուկը շատանում էր: Պարող նոր զույգեր էին հայտնվել Սեղանակիցները երրորդ անգամ էին գնում պարելու: Նրանց խմածը սպիտակ, էժանագին գինի էր՝ մոլդովական: «Զկռաջուր», -կասեր փեսան:

Քաղաքավարությունից ելնելով՝ առաջինը Լյուբային պարահրապարակ առաջնորդեց: Ընթացքում նկատեց, որ հարևան սեղանից Նատաշային ևս հրավիրեցին: Չէ, նատաշուչկաները վրան չեն գալիս:

Երբ ետ եկան, մտքով անցավ ձեռքը գցել աղջկա վզով. թող չափերը ճանաչեն, իմանան, որ իրենն է: Հետո փոշմանեց՝ պետք չէ լկտիանալ: Երեք գավաթներն էլ օղի լցրեց: Առաջարկեց նաև դիմացի զույգին: Տղան չմերժեց, ընկերուհուն շամպայն լցրեց՝ մատուցողուհուն պատվիրելով նորը բերել:

-Հյութեր էլ, եթե կարելի է, -ականջի տակ փսփսաց Նատաշան:

-Հյութ ևս, -մատուցողուհուն ձայնեց Արմենը:

Կարծես թե հարբում եմ: Զգույշ, վերմակիդ չափսը ճանաչիր: Չմոռանաս, ընդամենը հարյուր ռուբլի ունես: Հետդարձի տոմս անգամ չես գնել:

Մատուցողուհին մանգոյի հյութ, շամպայն բերեց: Քիչ այն կողմ նստած կինն աչքերով Արմենին էր ուտում: Սեղանին թանկարժեք, անծանոթ պիտակով կոնյակ կար, մրգեր, շակոլադի սալիկներ: Ոչ մեկին ձեռք տված չէր: Ակնհայտ էր, որ ռեստորանում տանու մարդ է: Մատուցողները մոտենում էին, հետը մեկ-երկու նախադասություն փոխանակելուց հետո վերստին գնում իրենց գործին: Կինն ինչ-որ մեկին սպասում էր: Ախ, հա, - անսպասելի գլխի ընկավ Արմենը, -ինձ նման հորթուկների ես դարանել: Խայծ ես, սեղանի մոտ հետամտում ես, թե ով առաջինը կսխալվի: Կտցողին պրծում չկա: Կհրապուրես, բացել կտաս կոնյակը, նարինջ կկլպես: Պարզ է՝ ում հաշվին: Մատուցողներին նույնպես ձեռնտու է: Չէ, քույրիկս, հույսդ ինձնից կտրիր, այս մի սեղանի հաշիվը ես հազիվ փակեմ:

Երբ նրա ու կնոջ հայացքները մեկ անգամ ևս իրար առան, ժպտացող Արմենը գլխով ցույց տվեց Նատաշային, այսինքն՝ հասկացիր, մտիր վիճակիս մեջ: Հետո մոռացավ կնոջը: Նատաշան կենաց էր առաջարկում:

-Կյանքում թող մեզ այնքան դառնություն բաժին ընկնի, որքան կաթիլ կմնա այս բաժակում, -ասաց, մինչև վերջ ըմպեց:

Արմենը հիացած էր. նման կենաց չէր լսել: Հետո կյանքում նրան պիտի ձանձրացնեն նաև այդ խոսքերը: Առաջին անգամ ուշադիր նայեց աղջկան: Կարծես, ոչինչ, միայն թե շպարված դեմքին կենդանություն, կայծ չկար: Նա Նատաշային պարի հրավիրեց: Տանգո էր՝ իր սիրած պարը, թե չէ՝ շեյկ, չես իմանում, ով ում հետ է: Տանգոն ավարտվեց: Կեսճամփին աղջիկն առաջարկեց էլի պարել: Այս անգամ շեյկ էր: Պարողները խռնվեցին իրար: Մի տղա համառորեն փորձում էր խցկվել իր ու Նատաշայի արանքը: Թքած, պարում ես, պարիր, այստեղ ինչն է շատ՝ աղջիկը: Արմենը հիմա քառասունին մոտ կնոջ հետ էր պարում: Կինը ջանադիր մարմինն էր կոտրատում, սակայն ջահել երևալու նրա տվայտանքներըն առայժմ ոչ ոք հավուր պատշաճի չէր գնահատում, առավել ևս՝ Արմենը: Թող, Աստծո սիրուն, գնա տեղդ: Վալս պարիր, շեյկը քո ի՞նչ բանն է:

Երաժշտության ավարտից հետո Նատաշայի հետ պարող տղան նրա ականջին ինչ-որ բան փսփսալով՝ ուղեկցեց դեպի սեղանը: Արմենը չէր խանդում, ուրիշ բան, եթե ծովափի մյուսը լիներ:

Քառասնամյա տիկնոջը թևանցուկ արած՝ տարավ նրանց սեղանի կողմը: Այնտեղ երկու կին ևս կային: Բարեկրթորեն բարևեց: Շնորհակալություն հայտնելուց հետո պատրաստվում էր հեռանալ, երբ կինը դիմեց նրան.

-Կընկերակցե՞ք մեզ:

-Սիրով:

Արմենը նստեց: Կինը գինի լցրեց: Չէր կամենում խառնել, բայց սեղանին այլ խմիչք չկար: Ի՜նչ մեղք են այս կանայք: Երեքով ելել, եկել են ռեստորան:

-Ըմպում եմ իմ հրաշալի պարընկերուհու և նրա գեղեցկադեմ ընկերուհիների կենացը:

Կանայք ոգևորված՝ զրնգացրին գավաթները: Տղան նկատեց՝ միայն ինքն է խմում: Հարբում եմ: Հարկավոր է այս սեղանից վեր կենալ, Նատաշան, Լյուբան կնեղանան: Ոտքի ելավ: Կինը բռնեց ձեռքից.

-Գուցե մեր սեղանի համար վճարե՞ս:

Այլ պարագայում կզայրանար, բայց հիմա կնոջ ասածը բնական թվաց:

-Մեկ ուրիշ անգամ, երբ երկուսով լինենք, սիրով, -ու գնաց:

Խղճում եմ ամուսնուդ, եթե, իհարկե, ունես: Հետո զայրացավ՝ անառակներ, եթե տնից հեռու եք, ամեն բան կարելի՞ է:

Հասավ իրենց սեղանին: Նատաշան ու Լյուբան չկային: Ծխախոտ վառեց: Սեղանի անծանոթ զույգը գնացել էր: Նոր նկատեց, որ աղջիկների պայուսակները ևս չկան: Չլինի՞ ավելի առատ սեղան են գտել: Ոտքի ելնելով՝ նայեց: Շեյկի ժամանակ իր ու Նատաշայի արանքը խցկվող տղան գլուխը քարշ միայնակ պարում էր: Ընկերուհիները հետքը չկար: Ուրեմն՝ փախել են: Կերան, խմեցին, պարեցին, ուրիշ ի՞նչ էր պետք: Լսել էր, կանանց այդպիսի տեսակ կա. Տղամարդկանց ֆռցնում, տանում են ռեստորան, կերուխումից հետո ծլկում: Դինամո են ասում դրանց: Տեսնես «Դինամո» մարզընկերության հետ կապ ունի՞:

Ռեստորանում աղմուկը գագաթնակետին էր հասել: Երեք կանայք, որոնց կենացն Արմենը խմել էր, ուրախ ճռվողում էին: Երկու հարբած տղամարդ ընկերակցել էին նրանց: Կանանցից մեկը բան էր պատմում, մյուսներն ուշադիր ունկնդրում էին, մեջընդմեջ հնչուն ծիծաղում: Տղամարդկանցից ճաղատը թևն անցկացրել էր կնոջ վիզը:

Շշում մնացած օղին լցնելով գավաթը՝ մի ումպով դատարկեց: Մոտեցավ մատուցողուհին:

-Մի ժամ հետո ռեստորանը փակվում է:

Նա ոտքը կախ գցեց, Արմենը չհասկացավ:

-Լավ կլինի հաշիվը հիմա փակեք:

-Որքա՞ն է:

-Վաթսունյոթ ռուբլի երեսուն կոպեկ:

Տղան ձեռքը գրպանը տարավ: Մեկից վաթսունութ ասա, պրծի: Մի վախենա, չեմ փախչի: Ինձ ու՞մ տեղն ես դրել՝ Նատաշուլիկի՞: Սա քեզ՝ հիսուն, սա՝ վաթսուն, սա էլ յոթանասուն: Միայն թե չդժգոհես:

-Խնդրեմ, յոթանասուն ռուբլի է, ստացեք:

Ելավ: Շուտ, որքան հնարավոր է շուտ: Փախչել այստեղից: Տուն: Դեպի Երևան: Էլ ոչ մի օր չի մնա: Գերկուշտ է: Դեռ կհասցնի: Որքան հիշում է, երեկ այս ժամերին կայարանում Մոսկվա-Թիֆլիս ճեպընթացն էր կանգնած: Մոսկվա-Երևանը շուտ է մեկնել: Ոչինչ: Թիֆլիսից հեշտ է՝ մի կերպ տուն կհասնի:

Փողոցում տաքսի կանգնեցրեց:

-Դեպի աջ, փողոցով մինչև վերջ: Հետո կայարան ենք գնալու: Միայն թե արագ, գնացքից ուշանում եմ:

Տանը ոչ ոք չկար: Թերթի պատառի վրա գրեց՝ Դերենիկ, ես Երևան եմ գնում: Գործ պատահեց, չանհանգստանաս: Ամենահարմար տեղն անկողինն է. աչքից չի վրիպի: Սրբիչը, վերնաշապիկները, հողաթափրը խցկեց ճամպրուկը, ելավ: Վանյայի կոշկակարանոցում լույս էր վառվում:

Մոսկվա-Թիֆլիս գնացքը երկրոդ գծում էր կանգնած: Հակառակ ուղղությամբ մեկնող մեկ ուրիշն զբաղեցրել էր առաջին գիծը: Վագոններից մեկի հարթակին ուղեկցորդուհի երևաց:

-Բաց արա, ուշանում եմ, -գոռաց Արմենը՝ ձեռով հասկացնելով, որ մյուս կողմն է անցնելու:

Ուղեկցորդուհին բացեց դուռը:

-Հոգաչափ շնորհակալ եմ: Ափսոս, մեր ճամփաներն ուրիշ են:

-Գնա, գնա, -ժպտաց կինը, -թե չէ կսկսես սեր բացատրել:

Արմենն անցավ մյուս կողմը և, բաց դուռ գտնելով, բարձրացավ Թիֆլիս մեկնող գնացքը: Ուղեկցորդն ինչ-որ բան ասաց, հավանաբար հարցնում էր՝ ու՞ր ես գնում:

Վրացու տեղ է դրել:

-Հայ եմ, մինչև Թիֆլիս վերցրու:

-Բարձրացիր:

Միջանցքում դնելով ճամպրուկը՝ թեթևացած շունչ քաշեց: Նույն պահին տեսավ դիմացի վագոնի բաց պատուհանի մոտ կանգնած աղջկան: Նատաշան էր՝ իր Նատաշան, սլացիկ մարմնով Նատաշան: Շուրթերն ինքնաբերաբար ետ գնացին.

-Նատաշա՜…

Աղջիկը շրջվեց ձայնի կողմը: Նկատեց Արմենին: Ժպիտը ողողեց դեմքը: Ճամպրուկը թողնելով միջանցքում՝ տղան թռավ ներքև:

-Հիմա կշարժվի, -ետքից հասավ ուղեկցորդի ձայնը:

Մոտեցավ այն պատուհանին, որտեղ օրիորդն էր:

-Ես հենց նոր քո մասին էի մտասծում:

Արմենի շունչը կտրվեց.

-Ուրեմն՝ դու ինձ նկատե՞լ ես:

-Առաջին օրվանից: Սկզբում ընկերոջդ հետ էիր:

-Բա այսօրվա տղա՞ն, -հարցրեց ու փոշմանեց:

Ժամանակ գտար: Քեզ մնա, դուք-ի կանցնես:

-Պիժոնի մեկն էր:

Սակայն Արմենին այլ հարց էր հուզում. Հիմա կշարժվեն ու անդարձ կկորցնի Նատաշային:

-Տուն եմ գնում՝ Երևան:

-Երևանի՞ց ես: Ի՜նչ ես ասում: Իմ մայրն էլ հայ է, բայց Ռոստովից: Իսկ ինչու՞ ես Թբիլիսիի գնացքը նստել, -հետո մոռացավ հարցը: -Երրորդ օրն է տանը սպասում են: Հա ոտքս կախ էի գցում, իսկ դու այդպես էլ ոչ մի խոսք չասացիր: Այն աղջիկն ո՞վ էր:

Արմենը թափ տվեց ձեռքը.

-Ես քեզ եմ սիրում:

Նատաշան ժպտաց, հետո թե՝ հիմա: Նրա նշաձև աչքերում փայլ էր հայտնվել: Քիչ անց վերադառնալով՝ թղթի մի կտոր մեկնեց Արմենին.

-Իմ հասցեն է:

Երկարեց ձեռքը: Մատները դիպան Նատաշային: Մարմնով, ասես, էլեկտրական հոսանք անցավ: Ի՜նչ հրաշալի օրիորդ է, շրջահայաց: Չէ, Արմենին այլևս ոչինչ պետք չէ: Արմենը շնորհակալ է բախտից, իր բաժին երջանկությունից: Շնորհակալ է այս ծովափնյա քաղաքից, հնագստացողներից: Արմենը ետ է առնում իր ասածները: Անփորձ էր, ջահել, մաղձոտ պահին բան էր, ասաց, թող ներեն: Կանգնել, զմայլված աղջկան էր նայում:

-Քո գնացքը շարժվեց, գնա:

-Ցտեսություն, Նատաշա: Ես քեզ կգրեմ, անպայման կգրեմ:

-Ցտեսություն, անունդ չասացիր:

-Արմեն է անունս, Արմեն:

Գնացքն արագացնում էր ընթացքը: Տղան ցատկեց վագոն հանող աստիճանին:

-Բարձրացիր վերև:

Ուղեկցորդը նրա ետքից փակեց դուռը: Տղան թղթի պատառը խնամքով ծալելով՝ դրեց գրպանը, ապա, ուղեկցորդից թաքուն, համբուրեց մատների ծայրերը:

Որտե՞ղ ես, Երևան, գալիս եմ:


    

Արամ Հովհաննիսյան, «Ետհարված» շարքից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6071 | 0 | 0
Facebook