Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

'' Երեսունվեց ու վեց '' Մարգարիտա Ասլանյան

10:09, հինգշաբթի, 08 մայիսի, 2014 թ.
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     … Ես մոռացա հազալ իմ ցավը, երբ քո կարոտով հիվանդացա, պա՛պ …
     Ու ես անխնա ծախսեցի իմ բոլոր գողացված կյանքերը՝ փնտրելով գոյության սերմեր ապրվող թափթփվածությանս մեջ, որ հետո պիտի մոխրաման դառնար այս օդի տեղակ ու պիտի խեղդեր, սակայն չսպաներ, պիտի գորշացներ բիբերիս ճերմակը և հենց իմ ներսում ինձ կորցնելով՝ սև ձեռնոց նետեր հավատիս առաջ՝ չարախնդալով հենց իմ մեջ ապրող կապույտ թիթեռի դեմ ուղղված միշտ անհավասար այդ պատերազմին …
     Վան Գոգի արևածաղիկը թոշնեց, պա՛պ …
     Չորացած գեղեցկությունը, սակայն, հիացրեց մարդկանց մշտասով, հոգիներ տամուկ՝ դառնալով աշխարհին հավիտենաորբ հայացքով նայողի համար մի նոր պատուհան՝ դեպի այլ տիեզերք, որ չկար բնավ, հորինվածք էր լոկ …
     Ժպիտի տեղակ ժանգոտված բառերը սառեցին շուրթերիս ու լեզվիս վրա խոր վերքեր դարձան՝ թարթիչներիցս ներքև բացելով մի նարնջագույն լայն անձրևանոց, որն իբրև պիտի արցունքի տեսքով կոպերիս իջնող հեղեղի ծանրությունն իր մեջքին պահեր . ուրիշի ցավը ոչ ոքի համար հարազատ չէ, սու՜տ է, պա՛պ …
     Ինձ ինձնով բանտարկելը պատիժներից ամենասարսափելին է, երբ մենությամբ ներծծված կիսախավար սենյակը ծխում է հուշի հազարերորդ գլանակն ու խեղդում մամռակալած պատերն արձագանք հաջորդող ծխով, սակայն այդպես էլ չի կարողանում սպանել թոքախտավոր ստով հիվանդ աշխարհում բոբիկ մնացած ճշմարտությունը, որ սիրահարված է թշվառ Մոցարտին …
     Ես հիմա նորից քաշել եմ գլխիս այս անտանելի ծանր վերմակն՝ իբրև մի տանիք լքված տնակի, ուր արդեն վաղուց խավարը կուրացել է՝ ուրվագծելով լույսի գերաստվածային դիմագծերը, որ հիմա գուցե ուրիշի մեղքոտ ձեռքերն են շոյում. մի օր արի՛, թեկուզ վաղը, պա՛պ …
     Ես այդպես էլ չսովորեցի ապրել, ինչպես դու էիր ցանկանում, ես չհասկացա օդն ապտակող բարկությունդ՝ ուղղված իմ սրտին, երբ բորենիները ճանկռեցին երեսս, ագռավները սև աչքիս կանաչով լցրեցին իրենց փորերն անկուշտ՝ վայրի բնազդին գոհացում տալով, երբ արյունը շիթ-շիթ հոսեց ու հոգուս ծաղիկները հատ-հատ մեռան՝ մխրճելով մաշկիս տակ ծակող սուր փշեր, որ էլ չտեսնեի արյան գետերիս վրայով քայլող Հիսուսին, որ անգամ հայացքով չփորձեի դիպչել նրա սուրբ
     ստվերին. սխալ հաշվարկների մետաֆիզիկա, պա՛պ, ես ամենատես երրորդ աչք ունեի …
     Փշերն իրենց սուր մագիլներով հսկա փշալար կապեցին իմ ու քո միջև, ես գուցե պատրաստ չէի թռչել այդ փշալարի վրայով, որովհոտև միայն հետո հասկացա, որ ընկնելիս էլ կարող էի թևերս բացել, ուղղակի այդժամ ես էլ ուժ չունեի, նույնիսկ չգիտեի, որ հենց այդ գիշեր գուցե առաջին անգամ իմ կյանքում ես մեռնելու էի մի վերջին անգամ … Վերջին հաշվարկով ես գոնե սովորեցի, թե ինչպես մեռնել՝ էլ չեմ վախենա, և միթե՞ արդյոք կա մահից չվախենալուց ավելի սարսափելի վախ կամ մահ …
     Պա՛պ, ես հիմա արդեն իմ Նինվեն ունեմ, բայց միշտ դատարկ եմ ինքս իմ ներսում, ես հիմա նույնիսկ չեմ բաժանվում զրոյի ու ընդհանուր հայտարարս չի ներշնչում համարիչին, որովհետև մինուս անսահմանությունս աշխարհ է շրջում, բայց ես ինչպես միշտ լուծում չեմ գտնում, որովհետև ես այդպես էլ երբեք չսովորեցի սիրել մաթեմատիկան ու չհաշվարկեցի հուշողներին …
     Մենք լաց ենք լինում դռան հակառակ կողմերում, որովհետև ինքնալքումի այս գիծն ուղիղ է, սակայն միշտ անծայր, ժամերը քանդող ու վերակազմող խճանկարից ամայությունն է, որ գլորվում է անդունդի լանջով ու դառնում երկա՜ր, անաղոթք գիշեր, որովհետև մենք այդպես էլ չգտանք աշխարհի հականիշը, պա՛պ …
     -Երեսունվեց ու վեց … Նա զառանցու՞մ է, - հարցրին:
     -Ո՛չ, նա ծնվում է, - ժպտաց բժիշկը:
     Պա՛պ, ուրախացի՛ր . դու հայր ես դարձել …
     Ես այն ժամանակ մոռացա հազալ իմ ցավը, երբ հիվանդացա քո սիրո պակասից. նորից եմ ծնվում …
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4301 | 0 | 0
Facebook