Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Արվեստագետը պետք է աննորմալ բաներ մտածի, որ սովորական մարդը չի մտածում»

Lilit Kostandyan
Հեղինակ`
Lilit Kostandyan
23:05, երկուշաբթի, 28 ապրիլի, 2014 թ.
     Խաչքարագործ և քանդակագործ Բոգդան Հովհաննիսյանը ավարտել է նկարչական դպրոցը, սակայն քանդակելու գաղափարը ծնվել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ ընդունվելու ժամանակ: «Գնացի Երևան Թերլեմեզյանում նկարներս տալու, քարտուղարուհին ասաց, ո՞ր բաժինն եք տալիս: Փոխանակ ասեմ նկարչական բաժինը, ասի քանդակի բաժինը: Վախեցա ասեմ՝ սխալվել եմ: Հետո մտածեցի, որ չպետք է գնայի նկարչական, իմ հերս, եղբայրներս քարի գործ անող են եղել», - ասում է վարպետ Բոգդանը և հավելում. «Մինչև օրս էլ կարոտ կա նկարների հանդեպ»:
     Այդ է պատճառը, որ նրա նկարները միշտ ցուցահանդեսին դրված են լինում, բայց այդ կարոտը ստիպում է նրան չվաճառելու դրանք:
     Բոգդան Հովհաննիսյանը սկզբնական շրջանում զբաղվել է քանդակագործությամբ և հետո նաև խաչքարագործությամբ: Եվ ինչպես նա է նշում. «Այն ինձ համար ապրելու միջոց դարձավ»:
     Վարպետ Բոգդանը իր առաջին խաչքարը քանդակել է համշենահայերի համար: «Ես խաչքար արած չկամ, քանդակագործ եմ, թեպետ որոշեցի անել, քանի որ հսկայական համայնք է ու ոչ մի բան չունեն: Այդպես մի քար վերցրի ու սկսեցի ուսումնասիրել խաչքարագործությունը», - ասում է Բոգդան Հովհաննիսյանը:
     Նրա խաչքարերը հիմնականում թռչունի կամ սիրամարգի կերպարանք ունեն: «Ես տարբեր էսքիզներ էի անում, բայց չէի կարողանում դուրս գալ ազգային առանձնահատկությունից: Մի անգամ մեր հոգևոր հովիվը՝ Արամ Առաջինը, ասաց, որ մեր քանդակագործները մի՞թե մտքի թռիչք չունեն, պետք է 1500 տարի միշտ կրկնեն նույն բանը: Մեկ էլ որոշեցի մի երկու անգամ թռչուն օգտագործել խաչքարի մեջ», - նշում է նա:
     Բացի դրանից թռչունի գաղափարը մեկ այլ պայմանավորվածություն ունի: «Հայկական քանդակագործության, խաչքարագործության մեջ չի ընդունվում Քրիստոսին խաչված քանդակել: Միայն կարող ես խաչը քանդակել, իսկ ես Քրիստոսի տեղը թռչուն եմ դրել և խաչել եմ նորից», -հավաստիացնում է վարպետ Բոգդանը:
     Նրա գործերը տարբերվում են իրենց ինքնատիպությամբ և ինչպես նա է նշում. «Մի բանով եմ առանձնանում, որ ամեն ինչ քանդակային եմ տեսնում: Թեթև բան չեմ կարողանում անել, անընդհատ խորն եմ անում: Գործերս 4-5 ամսվա մեջ եմ վերջացնում, սակայն ամեն ինչ արտահայտիչ եմ անում: Եվ մտածում եմ, որ միաժամանակ հետո չեմ լինելու, իսկ խաչքարերս դարերով գնալու են, ինչքան էլ մաշվեն խաչքարերս կմնան»:
     Այդ առանձնահատկությունների շնորհիվ է, որ Բուլղարիայի մրցանակաբաշխության ժամանակ վարպետ Բոգդանի խաչքարը իր ուրույն տեղը գրավեց:
     Բացի քանդակներից նա ունի նաև շուրջ 130 գրաֆիկական աշխատանքներ, որոնցով վաղուց է զբաղվել, սակայն ոչ ոքի չի ներկայացրել: Այս մասին պատմում է Բոգդան
     Հովհաննիսյանը. «Մի անգամ Ալոյան Փափագը նայեց ու ասավ, որ Վանաձորում ոչ մեկը էս տիպի գրաֆիկա չի անում: Փորձի ցուցահանդեսին դնենք»:
     Դա էլ պատճառ հանդիսացավ, որ վարպետ Բոգդանը մասնակցեց ցուցահանդեսին և ներկայացրեց իր ողջ գրաֆիկական աշխատանքները:
     Բոգդան Հովհաննիսյանը իր կատարած գործերից ոչ մեկը չի առանձնացնում և նշում է. «Բոլոր գործերն էլ ինձ համար հարազատ են, բոլորի վրա էլ չարչարվել եմ: Բայց երբ որ տանում տեղադրում են, պատմության գիրկն է անցնում»:
     Նա կարող է ստեղծագործել ցանկացած ժամի և ոչ մի խթան չի կարող կանգնեցնել նրան: «Ոչ ինձ տրամադրության անկում է պետք, ոչ էլ բարձրացում», -ասում է Բոգդան Հովհաննիսյանը:
     Նրա մեջ է ամբողջացած արվեստագետի կերպարը: Վարպետ Բոգդանը արվեստի գործերը ընկալում է, որպես հալուցինացիաներ, իսկ արվեստագետին հետևյալ բնորոշումն է տալիս. «Պետք է աննորմալ լինես մի քիչ, որ կարողանաս ստեղծագործես: Գերբնական բաներ մտածես, որ սովորական մարդը չի մտածում էդպես: Եվ արվեստագետի կյանքը չի ընդհատվում ու անընդհատ պետք է ստեղծագործական պրոցեսների մեջ լինի»:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5026 | 0 | 0
Facebook