Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բերդի տարածաշրջանի բոլոր անասնաբույժները գործադուլ են հայտարարել

Տավուշ
Մամուլի խոսնակ`
Տավուշ
11:54, հինգշաբթի, 20 փետրվարի, 2014 թ.

Երեկվանից Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի բոլոր 16 անասնաբույժները հերթական ժողովից հետո գործադուլ են հայտարարել: Պատճառն այն է, որ ըստ աշխատավարձի հաշվման նոր տարբերակի՝ նրանց աշխատավարձը նվազեցվել է՝ հասցվելով ողորմելի չափերի՝ 9000 - 40.000-ի՝ կապված անասնագլխաքանակից: Այսպես, 500 գլուխ անասուն ունեցող գյուղի անասնաբույժը պետք է ստանա 18 հազար դրամ, այնինչ այդ գումարը բավարար չէ անգամ ճանապարհածախսերի ու հիգիենայի պարագաների վրա:

«Մենք ենք մեղավոր, ամիսներով աշխատավարձ չենք ստացել, լռել ենք, ձայն չենք հանել, դրա համար էլ գլխներիս են նստել: Տարին ինչ սկսել է, աշխատավարձ չեն տվել, հա խաբում էին, թե կբարձրացնենք, կհասցնենք նվազագույն աշխատավարձին, հիմա էլ կանչել, խղճուկ ողորմություն են առաջարկում: Ոչ մեկս չենք աշխատելու, ոչ «Փարոսի» տեղեկանք ենք տալու, ոչ էլ մսամթերքի որակավորման, պատվաստումները չենք անելու: Ինչքա՞ն կարելի է մարդուն այս աստիճան նվաստացնել: Սա էլ դեռ բավական չէ՝ որոշել են, որ այլևս ներարկիչներ ու փորձանոթներ չեն տալու, ասում են՝ գնացեք, անասնատերից պահանջեք: Սարերի վրա ապրող անասնատերերը որտեղի՞ց բժշկական պարագաներ ձեռք բերեն, սա ի՞նչ խայտառակ որոշում է», - ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցին ասաց անասնաբույժներից մեկը:

Նրանք նաև հավատացնում են՝ հստակ տեղեկություն ունեն, որ Գյուղնախարարությունը բյուջեից հատկացնում է իրենց աշխատավարձերը, որոնք թղթի վրա տասնապատիկ ավելի են, սակայն իրենց այդ գումարների փշրանքներն են հասնում, այն էլ՝ մի քանի ամիսը մեկ:

Բոլոր 16 անասնաբույժները բողոք-նամակ են հղել գյուղնախարար Սերգո Կարապետյանին:
    
    

Աղբյուրը` mamul.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3833 | 0 | 0
Facebook