Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միայնակ Ծերը Տեղափոխվեց Ծերանոց

LYOVA
Հեղինակ`
LYOVA
00:18, ուրբաթ, 27 դեկտեմբերի, 2013 թ.

Անի» թաղամասի Արամ Խաչատրյան 31 հասցեի մի խումբ բնակիչներ՝ մտահոգված իրենց հարեւանուհու անօգնական վիճակով, դիմել էին «Ասպարեզ» օրաթերթի խմբագրություն: 77-ամյա Սվետլանա Երանոսյանը մի քանի ամիս է, ինչ, այսպես ասած, մատնված է բացարձակ անտերության: Մինչ այդ՝ ամեն օր իրեն այցելող եւ օգնող քույրն այս տարվա սեպտեմբերից չի բացում ծեր ու անօգնական տատիկի բնակարանի դուռը: Հարեւանների պատմելով՝ Ս.Երանոսյանի թոշակն ու ընտանեկան նպաստը ստանում է քույրն ու տնօրինում այնպես, ինչպես ինքն է ուզում, առանց մի դրամ ծախսելու քրոջ վրա:

«Մինչեւ էդ՝ գալիս, օգնում էր, բայց երբ էս խեղճ կնիկը տունը նվիրեց քրոջ աղջկան, էլ բացարձակ չեն գալիս: Ես եմ ջուր, հաց տանում, մի քանի օր առաջ լույս էլ չուներ, հմի գոնե օրվա մեջ մի քանի ժամ պլիտա ենք վառում, որ չսառի: Հակահիգենիկ վիճակ է ստեղծվել իրա տանը, ես երբեմն հավաքում եմ, անկողինը փոխում, բայց հո չեմ կարող դրանք լվանալ ու մաքրել, փոխած անկողնային պարագաները դնում եմ լոգարանում», -պատմում է Ս.Երանոսյանի դրկից հարեւան տիկին Սիլվան ու ավելացնում, որ արդեն տեւական ժամանակ բնակարանի գազն անջատված է:

-Մի հատ ներս մտնող չկա՝ իմանալու համար, թե էդ մարդը մեռավ, թե ապրավ: Էդ մարդն ի վիճակի չէ գործ անել, ուղեղը չի աշխատում, մինչ այս վիճակում հայտնվելը՝ նա ամեն ինչ անում էր, մաքրում էր անգամ մուտքը ու հետեւողական լինում, որ այն չկեղտոտեն, -նշում է 70-ամյա Ռոզա տատը:

Սոված, առանց լողանալու ու մի գրամ ուշադրության մարդն ինչպե՞ս կարող է ապրել՝ հարց են տալիս հարեւաներն ու շարունակում. «Տարիքի հետ կապված՝ հիշողության կորուստ ունի, բայց երբ սնվում է՝ գիտակցությունը տեղն է գալիս: Գիտակցության կորուստը նաեւ սննդազրկության հետեւանք է»:

Անօգնական կնոջն ինչ-որ կերպ աջակցելու նպատակով հարեւանները նախ դիմել են թաղի տեսուչին, ով ոչ մի հարցով չի աջակցել, այնուհետ դիմել են մարզպետարան: Հարեւանները վստահեցնում են, որ սոցիալական եւ ոչ մի հանձնաժողով չի եկել տատիկի վիճակը գնահատելու, բայց դիմումներին մարզպետարանը, այնուամենայնիվ, արձագանքել է. «Մեր դիմումներն ուղարկել են սոցապ նախարարություն, բայց էնտեղից ասել են, թե հերթի մեջ պետք է դնեն, քանի որ իրանից ավելի ծանր վիճակում գնվող 2 քաղաքացի կա, դրանց ծերանոց տեղավորեն, նոր կանդրադառնան Ս.Երանոսյանի խնդրին, բայց թե զարմանում ենք՝ էս կնոջից է՞լ կարիքավոր», -ավելացնում է տիկին Սիլվան:

77-ամյա տատիկին հանդիպեցինք արդեն իր բնակարանում՝ անկողնում պառկած, հարեւանուհիների տված եռացրած ջրով լի շիշը ձեռքին, իսկ սենյակի պատուհանի օդանցքը փակված էր շորով: Անտարբեր հայացքով նայող տատիկին սկսեցին հարց ու փորձ անել հարեւանները: Հարցին, թե՝ ինչպե՞ս է, պատասխանեց, որ լավ է, բայց մրսում է: «Հաց կերե՞լ ես, թե՝ սոված ես» հարցին, ագրեսիվ պատասխան տվեց. «Ո՞վ է սոված, ես սոված չեմ, հաց կերել եմ»:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց, զանգերին չէին պատասխանում: Տատիկի հետագա ճակատագիրը «Ասպարեզը» կպահի իր ուշադրության կենտրոնում:

Աղբյուրը` aspares.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4412 | 1 | 0
Facebook