Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

՛՛Բարև՛, այդ ես եմ ՛՛ - Մարգարիտա Ասլանյան: Նյութը գրողի առաջին ՛՛ Դողացող ստվերներ՛՛ հեղինակային գրքից է, որը լույս է տեսել 2011թ.:

11:36, հինգշաբթի, 26 սեպտեմբերի, 2013 թ.

… Ոչինչ էլ չկար …

Աննշան հառաչ էր, որ եկավ անծանոթ հոգու մթամած խորշից
     ու լուռ խարխափելով խավարած կետի անհաս անսահմանում, լճացած արցունքի պես իրեն դուրս նետեց և հարբեցողի պես օրօրվելով՝ գլորվեց ցած անմեղության դրոշմը ժպիտում դաջած, ու հանկարծ շշնջաց.

- Բարև՛, այդ ես եմ …

Պատճառն ինչն էր՝ չհասկացա, ոչ էլ ժամանակ կար անհարկի դյուրազգացությունս ի ցույց դնելու: Շարժվում էի հոգսերից մղվելով, չիմանալով ելք ու վախճան, անափ ցավերց ընդարմացած, հայհոյելով ինձ և բոլորին, նաև նրանց, ովքեր վայրկենական սփոփանք էին վաճառում իրենց ծախված ու անտարբերությունից կուրացած սրտերում:

Մեկն ինձ ինչ-որ բան խնդրեց՝ չհասկացա, երևի չունեի, չտվեցի, բայց բարի հայացք նետեցի իբրև հասկանում եմ նրան: Հետո փորձեցի մխիթարել հիմար բաներով, ասելով, թե սա իբր աշխարհի կարգը, թե բոլորն են այդպես վարվում: Հետո մի երգ հիշեցի՝ զառամած մուրացիկի հուսաճապաղ մենախոսություն, քծնանքի հիմներգ և տարբերություն չգտա մեր միջև . տարբերությունն ինքս հորինեցի՝ փոքր-ինչ մարդ երևալու զավեշտալի միտումով: Բոլոր կանչերն ու աղաղակները չանսալով՝ տենդագին նետվեցի նպատակիս վերջնակետին՝ հրահրելով դեղնավուն իղձերս և սնելով դրանք կապտավուն երազներով: Հավաքեցի ամբողջ կարողությունս, որ պարզապես ոչինչ էր, անհեթեթ պատճառաբանությունների պաշարն անսպառ և անտարբերությամբ խթանեցի հոգեվարքս դժնի …

Հիմա մենակ եմ: Մութն է մրափում: Լույսի պարտություն: Մարդիկ պատերազմում են աղոտ երազներում: Այնտեղ կրկնակի մութ է: Տիեզերքում մի լույս առասպել են պատմում: Անշունչ տիեզերքից մարմրուն մի ձայն կանչում է տագնապամած՝ մոտեցի՜ր, մոտեցի՜ր, մոտեցի՜ր …

Հեգնում է ինձ: Չեմ սիրում կատակներ … Մեռելատանը ծիծաղ չեմ սիրում: Կապեւյտ մեռելատու՜ն …Իսկ ձայնն անվերջ կանչում է՝ մոտեցի՜ր, մոտեցի՜ր, մոտեցի՜ր …

Ես սուլում եմ անեզր անհայտության մեջ՝ ձայնին մերձենալու մոլուցքով տարված: Տիեզերաճամփին մի խեղճ մուրացիկ կար, ինչ-որ թափառական հրեա, կլիներ մի քանի հազար տարեկան: Ինչ-որ մի բան խնդրեց՝ չհասկացա: Ինչ-որ խորհուրդ տվեց ու քրթմնջաց՝ երեք ճամփա, երեք դևեր, երեք մահ …

Մի թալիսման տվեց, որ կոչվում էր ոչինչ ու մենք միմյանցից շատ գոհ հեռացանք, մինչդեռ հեռավոր ձայնը կանչում էր տենդագին՝ մոտեցի՜ր, մոտեցի՜ր, մոտեցի՜ր …

Իսկ ես դեռ քայլում եմ անհայտության մեջ, մութ տիեզերաճամփին նույն մուրացիկն է թշվառ,

Նույն թափառական հրեան, որ լռին արտասվում է, որ կլինի մի քանի հազար տարեկան …

Ու սարսափահար հասկացա, որ դեռևս կան հեքիաթեր, ուր բարի հրեշտակներն անզոր են, որ էլ չի փրկի ոչմի թալիսման, ու զարմացա նաև այդկամակոր մարմրուն ձայնից տիեզերական, որ դեռ կանչում էր նվաղկոտ ու աներեր հավատով՝ մոտեցի՜ր, մոտեցի՜ր, մոտեցի՜ր …

Նաև այն հասկացա, որ մուրացիկն անհաշիվ տարեկան էր, բայց ծնվել էր երեկ, որ իբր աստվածային լույսն էր ըմբոշխնել և ինքն էլ չգիտեր ճամփան հեռավոր, սակայն չմարող հավատով ու լույսով ճառագած՝ շշնջում էր բոլորին.

-Մոտեցի՜ր մոտեցի՜ր, մոտեցի՜ր …

Իսկ ե՞ս …

Ես մոտ էի բոլորից, բայց բոլորից ուշ հասա … Իմ չսպասելն ավելի երկար տևեց, քան թե սպասելը … Ի վերուստ տրված անմեկնելի մի խորհրդանիշ, որ լուսեղենություն էր ավետելու գալիք մի օր, մի անանուն, անհայտ խորհրդանիշ, որ սպասումների, գերանմիտ ու կույր դեգերումների, տքնաջան մտքիարգասիք էր չնչին՝ պիտի հայտնվեր որպես նորահաս բանբեր եռանական լուսառաքման, որպես հավերժական գոյության հաստիք, որ պիտի ի վերջո պատարագեր վաղամեռիկ ու մեռնելիք այս գերանգո ու միշտ հուսաքամ արարածներին անկամ:

Մի խորհրդանիշ, որի ծագումն ու գոյությունն անհաս մնաց գերհզոր աստվածներին անգամ,

որի խորհուրդն անկրկնելի ու անըմբռնելի մնաց մտածման արքաներին: Եկավ ու գուժեց անկարելին, մթապատիր արնագաղափար հեղեց էություններին զազրապատիր, եկավ թերահավատության հարաեղկ վարակով օծելու հոգիները տամուկ, անզգամության կայսրության սարսափաճիչ հիմնն ամենուր հնչեցնելու, կլանչելու մունետիկաբար, թե նա՝

տիեզերական ոգին լուսափրկիչ, նա՝ այդքան սպասված տիրառաք կապտալույսն ամենահաս ու վերնավերին՝ ՉԻ՛ ԵԿԵԼ, ՉԻ՛ ԳԱԼԻՍ, ՉԻ ՛ԳԱԼՈՒ …

Չէ՛, ես չեմ արտասվում … Պարզապես անձրևն է իմ պատուհանից այն կողմ իր երգը երգում…

Եվ ընդհանրապես ոչինչ էլ չկար …

Աննշան հառաչ էր, որ եկավ ցավախեղդ հոգու մթամած խորքից ու խարխափելով խավարած կետում՝ մի ջինջ արցունքի պես լուռ կախաղանվեց իմ իսկ աչքերում, և յոթ օր հետո հարություն առավ ու անմեղորեն հանկարծ շշնջաց .

-Բարև՛, այդ ես եմ …

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4279 | 0 | 0
Facebook