Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի՞նչ են ընթերցում հայ ժամանակակից գրողները

08:50, հինգշաբթի, 19 սեպտեմբերի, 2013 թ.
     Համացանցային դարում դժվար է հանդիպել մարդկանց, ովքեր դեռ կարդում են ոչ էլեկտրոնային գրքեր, կամ պարզապես օրվա մի մասը նվիրում են մայրենի, գեղարվեստական, ճանաչողական, արտասահմանյան, խոհափիլիսոփայական և այլ գրականության ուսումնասիրությանը: Պարզենք, թե ի՞նչ են նախընտրում ընթերցել այսօրվա հայ ժամանակակից գրողները:
    
     Արթուր Հայրապետյան
    

     Գիրքն իմ խիղճն է, որ հաճախ եմ թերթում, թեև յուրաքանչյուր ինձ հարազատ գրողի գիրքը ձեռքս վերցնելուն պես՝ չեմ ուզում վերջանա պատմությունը: Գաբրիել Գարսիա Մարկես եմ կարդում հաճախ, Դոստոևսկի, իսկ հայ գրողներից՝ Հրանտ Մաթևոսյան, Ռուբեն Հովսեփյան, Վանո Սիրադեղյան...
    
    

    

     Հենզո Մանուչարյան

    

    
Ես կարդում եմ միայն հայրենական գրողների գործերը, քանի որ կարծում եմ միայն նրանք էին գրում մեր ազգի ու խնդիրների մասին, ինչն ինձ շատ հոգեհարազատ է, բայց, այնուամենայնիվ, չեմ անտեսում նաև օտար գրողներին:
    
    

    
    

Մարգարիտա Ասլանյան
    
    
Անհերքելի է, որ ցանկացած գիրք թողնում է մեզ վրա մի տպավորություն և տարիներ անց վերընթերցելիս՝ տարբեր զգացողություններ ու ապրումներ ենք ունենում` տարիքին զուգահեռ: Վերջերս կենտրոնացած եմ ճապոնական գրականության վրա, ոչ միայն կարդում եմ, այլև մեծ աշխատանք եմ ձեռնարկել՝ թարգմանելու այն և ներկայացնելու հայ հասարակությանը, քանի որ նման հանճարեղ գրականությունն, ավա՜ղ, հայերենով թարգմանված նմուշներ գրեթե չունի: Առհասարակ, ընթերցանությունն իմ տարերքն է, մի անբուժելի հիվանդություն՝ ինձ բաժին ընկած, նշեմ նաև, որ էլեկտրոնաային գրականություն հազվադեպ եմ ընթերցում, քանի որ մինչև մատներս չզգան գրքի էջերը՝ այն ինձ համար հոգեհարազատ չի դառնա, չի ձուլվի ինձ, հոգուս: Ուսանողական տարիներին անհագ տենչով վերընթերցել եմ Հյուգոյի ՛՛Թշվառները՛՛ ստեղծագործությունը:
    
    


    
     Լիլի Յան

    

     Նախ և առաջ պիտի նշեմ, որ ընթերցանությունն ու գիրքն ինձ համար արդեն վաղուց կենսակերպ են, անհրաժեշտություն: Նախընտրելի հեղինակները շատ են, բայց կառանձնացնեմ նրանց, ում գործերը միշտ ու այս պահին էլ շարունակում են գրական ճանապարհիս ուղեցույցը մնալ: Պարբերաբար վերընթերցում եմ Վ. Սարոյան, Նորայր Ադալյան, Պ. Սևակ, համաշխարհային գրականությունից՝ Ջորջ Օրուել, Չարլզ Բուկովսկի, Ալբեր Քամյու, Հարուկի Մուրակամի, Ռեմարկ: Վստահ եմ, որ դեռ նոր բացահայտումներ կլինեն ինձ համար գրական աշխարհում, որոնք միանշանակ կնպաստեն իմ ՝ որպես ստեղծագործողի կայացմանը:
    
    

    
     Սևակ Գևորգյան
    
    
Հիմնականում 20-րդ դարի արտասահմանյան գրականություն եմ ընթերցում, նաև ժամանակակից, եվրոպական, ճապոնական, ամերիկյան... Հետաքրքիր պիեսներ ունեն ժամանակակից չեխ դրամատուրգները, օրակարգից դուրս չեն մնում նաև դասականները: Շատ ժամանակ վերընթերցելու անհագ պահանջ ես ունենում: Ամենակարևորն այս ամենում օտար լեզվով կարդալ կարողանալն է, որովհետև մենք մինչև այսօր ահռելի մեծ բաց և չլուծված շատ ցավոտ խնդիր ունենք. թարգմանության խնդիրն է: Եթե աշխարհի լավագույն գործերից շատերը մինչ այժմ հայերենով չկան, ապա անիմաստ է խոսել անգամ ժամանակակից արտասահմանյան գրականության մասին, չնայած անգլերեն թարգմանություններն այդ առումով ժամանակի հետ գրեթե համահունչ ընթանում են...
    
    


     Թավրե
    

     Միանգամից խոստովանեմ, որ ի տարբերություն երիտասարդ տարիների, հիմա խուսափում եմ ծավալուն գործեր ընթերցելուց։ Նախընտրում եմ ժամանակակից խոհափիլիսոփայական պոեզիա, ճապոնական թանկաներ և նովելներ, պատմվածքներ...
    
    

    

     Վահան Վալե
    
     Քանի որ սիրում եմ կարդալ բնօրինակը և, ցավոք, տիրապետում եմ միայն հայոց և ռուսաց լեզուներին, հիմնականում կարդում եմ մեր և ռուսների դասական գրականությունը՝ Պուշկին, Ցվետաեվա, Բարատինսկի, Բլոկ, Մանդելշտամ, Բրոդսկի: Եթե պատահում է լավ թարգմանություն՝ ընթերցում եմ նաև արտասամանյան: Ուսումնասիրում եմ նաև մեր ժամանակակից գրողներին:
    
    

    
     Գոռ Հարությունյան
    

     Ես բանասեր եմ, և իմ կարդացած գրականությունը այլ է, քան այն բանաստեղծինն ու արձակագրինը, որոնք, ասենք՝ տեխնիկական կրթություն ունեն: Հենց այս պահին կարդում եմ պարահոգեբանական գրականություն՝ մտքի ուժի և Տիեզերքի տիրապետություն և օրենքների մասին: Կարդում եմ մասնագիտական գրականություն՝ Շանթ, Մնձուրի, Հր. Թամրազյան, Եղիշե Չարենց, Հրանտ Մաթևոսյան... Բնականաբար, կարդում եմ նաև ժամանակակից գրընկերներիս՝ Դավիթ Ասատրյան, Էդ. Հարենց, Աշոտ Գաբրիելյան, Սարգիս Հովսեփյան:
    
    

    
    
    
Նյութի հեղինակ՝ Վահե Ալեքսանյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6671 | 5 | 0
Facebook