Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լիլի Յան ՛՛ Շոկոլադե սալիկ՛՛

08:02, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2013 թ.
    

....Նա ամեն անգամ նայում էր ձեռքի սպիացած վերքին, շոշափում ' անհետացնելու անհագ ակնկալիքով, հետո ականջները փակում շղթայված ճիչերը խլացնելու համար, որ գալիս էին վերքի խորքերից:
     ....Ես ամեն անգամ նայում էի նրա նվիրած շոկոլադե սալիկների տուփին, շոշափում ' բացելու անհագ ցանկությամբ, հետո աչքերս փակում սալիկի տեսքը պատկերացնելու համար, որ արդեն մի քանի շաբաթներ փակված էր տուփի ներսում:
     ....Մենք քայլում էինք թաց սալահատակի վրա: Նա չէր թողնի, որ ընկնեի, երբ ոտքս խոնավությունից սայթաքեր հանկարծ: Նա կբռներ աչքերիս թեթև տամուկը, որ խոնավ օդն էր առաջացրել, կտաքացներ իր շնչով, չէր թողնի, որ տամուկը արցունք դառնար...
     ....Նա էլի ու էլի բացում էր դարակը, շոշափում ' կասկածս գտնելու անհագ հույսով, հետո լույսն հանգցնում սենյակի մթության մեջ կասկածս որոնելու համար, որ կորել էր լույսի մեջ:
     ....Ես էլի ու էլի թափառում էի ծաղկի խանութի երկար շարքերով, գտնում քո ծաղիկը' գնելու երազանքով, հետո աչքերս փակում նվիրած օրդ վերհիշելու համար, որ քանդում էր հուշերիս կապոցը:
     ....Մենք քայլում էինք ամառվա կեսին տեղացած ձմռան վրա: Նա չէր թողնի մեր մատնահետքերը ձյան վրա նկարած սուտ ու անհեթեթ սրտիկի տեսքով, ես կճանապարհեի նրա' մեռած երազանքս իրականացնելու համարձակությունը...
     ....Նա ամեն անգամ գրկում էր ուրիշի ուսերը' տեղացող լացի հեղեղը դադարեցնելու ակնկալիքով, որ իր հեռանալու տրամաբանական հետևանքն էր, հետո փակում սեփական մեղքի բերանը' մոռանալով իմ անտեր լացի մասին:
     ....Ես ամեն անգամ վերցնում էի հետս շոկոլադե սալիկների տուփը, երկար նստում մեր սիրած գարնանային լճի ափին, շուռումուռ տալիս գույների խաղը վայելելու համար, հետո քայլում փողոցներով, որ բոլորը տեսնեն քո նվերը:
     ....Նա միշտ բարեխղճորեն կխնամի իր սպիացած վերքը, երբեմն կբացի ականջները ձայնս ներս թողնելու համար ու կշարունակի ապրել:
     ....Ես կբացեմ քո նվիրած շոկոլադե սալիկների տուփը, կհայտնաբերեմ դրանց համի դառնությունը, բայց տուփը չեմ կորցնի, որ բոլորը տեսնեն քո նվերը, ու կշարունակեմ ապրել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4026 | 5 | 0
Facebook