Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՅԴ-ն ներկայացրեց արտագաղթի հաղթահարման ծրագիրը

07:38, չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2013 թ.

ՀՅԴ-ն երեկ լայն հասարակայնությանը ներկայացրեց արտագաղթի դեմ պայքարի իր ծրագիրը, որը պայմանականորեն կոչվում է «Մենք ապրելու ենք մեր երկրում»: 11 հիմնադրույթների վրա հիմնված եւ շուրջ 100 քայլից բաղկացած այս ծրագիրն ընդգրկում է Հայաստանի կյանքի բոլոր ոլորտները:


    

«Անկախ նրանից` քաղաքական ուժը որ դաշտում կգտնվի` իշխանություն, թե` ընդդիմություն, մենք արտագաղթի այնպիսի ահագնացող տեմպեր ենք արձանագրում, որ դրա` օր առաջ կասեցումը, դանդաղեցումը, վերացումը անհրաժեշտություն է դարձել ապագայի, մեր երկրի հետագայի համար, եւ այդ խնդիրը պետք է օր առաջ բոլոր քաղաքական ուժերը լուծեն: Այդ գլխավոր մարտահրավերը, որ այսօր Հայաստանի առջեւ կանգնած է, այդ մարտահրավերի ծավալների գնահատումը, վերացնելու անհրաժեշտության գիտակցումը եւ դրան ուղղված քայլերի իրականացումը այսօր հրամայական են: Այս գիտակցումից ելնելով է, որ ՀՅԴ-ն մի քանի ամիս է` այս ծրագրի ստեղծման վրա է անցկացրել», - ծրագրի ներկայացման ժամանակ նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:


    

Նրա խոսքերով` արտագաղթի գլխավոր պատճառը եղել եւ մնում է Հայաստանում այսօր առկա քաղաքական եւ իշխանական համակարգը, որը թույլ չի տալիս, որ բոլոր այն խնդիրները, որոնք ընկած են արտագաղթի հիմքում, լուծվեն: Ռուստամյանը ահազանգեց, որ այս տարիներին արտագաղթի տեմպերը հասել են այն չափերին, որ արդեն ժողովրդագրական անվտանգության լուրջ խնդիրներ են առաջացել:


    

«Մեր տրամաբանությամբ` հարցի ամբողջական լուծումը կլինի ամբողջական իշխանափոխությունը` մեր առաջարկած յոթ կետերով առաջնորդվելով, բայց մինչ այդ պետք է կանգնեցնել արյունահոսությունը: Արտագաղթը, մեր պատկերավոր ընկալմամբ, նման է օրգանիզմի արյունահոսության, մենք արյունահոսում ենք, եւ չի կարելի թույլ տալ, որ դա հասցնի օրգանիզմի արյունաքամության, եւ օր առաջ պետք է կանգնեցնել այդ արյունահոսությունը, որ օրգանիզմը կարողանա վերագտնել իր ուժերը: Իսկ օրգանիզմը մեր երկիրն է, մեր պետությունն է, մեր հայրենիքն է: Ու սպասել մինչեւ ամբողջական իշխանափոխության մեր ծրագիրը իրականացվի, դա մարտավարական սխալ մոտեցում կլինի, եւ մենք դրա համար այս ընթացքում` մինչեւ այդ խնդիրների ամբողջական լուծումն ունենանք, պետք է առաջնահերթ քայլեր ձեռնարկենք», - պարզաբանեց Արմեն Ռուստամյանը:


    

Այնուհետեւ ծրագրի ստեղծման աշխատանքների պատասխանատու Արծվիկ Մինասյանը լրագրողներին ներկայացրեց ծրագրի հիմնադրույթները եւ դրանց որոշակի մեկնաբանությունները` կոնկրետ օրինակներով:


    

«Այս ծրագրի նպատակը ամեն գնով վերջնական ճշմարտությունը ասելը չէ: Վերջնական ճշմարտությունը կհաստատվի, կբյուրեղացվի, երբ քննարկումներ ծավալվեն հասասակության բոլոր խմբերի հետ: Այս ծրագիրը ոչ թե կուսակցական, այլ ազգային ծրագրի կարգավիճակ պետք է ստանա, որպեսզի կյանքի կոչվի: Առաջարկողը մենք ենք, կազմակերպողը մենք ենք, բայց մենք հույս ունենք, որ բոլորը` իշխանություն, ընդդիմություն, քաղաքացիական ակտիվ սեկտոր, լրատվամիջոցներ, եկեղեցի, Սփյուռքի ներկայացուցիչներ, երիտասարդյություն, կներգրավվեն այս ծրագրի քննարկման մեջ, որպեսզի այն դառնա ազգային պլատֆորմ», - նշեց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ իրենք նախատեսում ենք այս բոլոր խմբերի հետ քննարկումներ:


    

Ինչպես արդեն նշեցինք, ծրագիրն ունի 11 հիմնադրույթ: Առաջին հիմնադրույթը, ինչպես ներկայացրեց Արծվիկ Մինասյանը, բիզնեսի ու քաղաքականության տարանջատումն է` կադրային քաղաքականության փոփոխությունը: Մյուս հիմնադրույթը նոր աշխատատեղերի ստեղծումն է` հիմնված արդար ու արժանապատիվ վարձատրության սկզբունքի վրա: Երրորդ հիմնադրույթն է հարկային ու մաքսային քաղաքականությունը կանխատեսելի դարձնելը` այս ոլորտում նոր օրենքների ընդունման դեպքում դրանց ուժի մեջ մտնելու ժամկետները սահմանելով 3 տարին:


    

Մեկ այլ հիմնադրույթը վերաբերում է բոլոր տեսակի վճարների, հարկերի, տուգանքների միջոցով հօգուտ մասնավորի քաղաքացիներից գումարներ գանձելու երեւույթի վերացմանը: Մյուս հիմնադրույթը սոցիալականից անցումն է դեպի արդյունաբերական գյուղատնտեսությանը, վեցերորդ հիմնադրույթը` կրթության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն է, մասնավորապես` այն դարձնելով մատչելի ու որակյալ եւ ապաքաղաքականացնելով կրթական համակարգի ղեկավարումը: Հաջորդ հիմնադրույթը առողջության պարտադիր ապահովագրությանն է վերաբերում:


    

Մեկ այլ դրույթով էլ նախատեսվում են դատաիրավական համակարգի բարեփոխումներ. պետք է վերացվի անպատժելիությունը, պետք է իրականացվեն արդարադատության օրենսդրակիրառական փոփոխություններ, բացառվելու է գերակա հանրային շահի եւ այլ հիմնավորումներով սեփականության իրավունքից զրկելը: Մեկ այլ հիմնադրույթով պետք է բարձրացվի Հայաստանի ազգային անվտանգության մակարդակը եւ իրականացվեն վերաբնակեցման ծրագրեր: Մյուս հիմնադրույթը նախատեսում է պայքար հակահայկական ու հակահայաստանյան քարոզչության դեմ եւ այլն: Վերջին հիմնադրույթը քաղաքացիների` նվազագույնից ոչ պակաս բնակտարածություն ունենալու իրավունքի իրացումն է` սոցիալական բնակարանաշինության միջոցով: Ընդ որում` այստեղ քաղաքացիների վրա կընկնի բեռի 25 տոկոսը:

Մանրամասն` տեսանյութում.

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2987 | 0 | 0
Facebook