Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ժամանակակից գրող Մարգարիտա Ասլանյանի հերթական գեղեցիկ գործը

17:38, երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2013 թ.

՛՛ Գնչուհի՛՛
    
     Սպասի՛ր, գնչուհի՛, չգուշակած բախտս հայացքիդ մեջ առած մի՛ փախչիր ինձնից՝ այդպես սարսափած, այլայլված այդպես … Ես մարդ եմ մի պարզ, այնքա՜ն հասարակ, միամիտ այնքա՜ն … Մի՛ թարթիր քո սև բիբերին կաթած արնոտ երազս, վախկո՛տ գնչուհի՜. մի բուռ հող էր լոկ ապրած-չապրածս …

Նայի՛ր երկնքում շուրջպար են բռնել իմ սպասումների երամներն անհաս, որ մեղմ հովերի անտես հետքերով չվում են ինձնից հեռու՜ հովիտներ, ուր լռությունը կարգված է հոգեսպան որպես, որպես մահերգու մի եղեռնախոս … Գնչուհի՛, ասա՛. չէ՞ որ դու գիտես որտե՞ղ է հովիտն այդ և ո՞ր քամին է օրորում հիմա իմ կարոտների պատռված, որ լոկ արդյունքն են քարքարոտ ճամփով անցած հետքերիս …

Հեքիաթ էր կյանք այս, մռայլ գնչուհի՛, իսկ ես մի օտար՝ հավերժ մոլորված սարդոստայններում անգո ցնորքի, ընդմիշտ մոռացված, լուսանցքներից դուրս … Չգրված օրենք էր գոյությունս սին՝ միշտ կիսատ ու հաճախ թերի, չստացված թռիչք, որ հատում էր ճամփաբաժանը երկրի ու երկնի՝ տենչալով անսանձ թռիչքի մի ուրիշ երկինք, մի ուրիշ աշխարհ, ուր օտարն էլ բոլորի նման հարազատ էր այս ժամանակին, բայց հողմում էր քամին իմ աշխարհներում՝ ծածկելով թևերս հեռվից փաթիլվող մոխիրով հույսի …

Այդպես քարացած դու ինձ մի՛ նայիր, թշվառ գնչուհի՛, ես ժպիտ չունեմ … Սպանված աղոթք էր ժպիտս լուսե՝ էլ հետ չի դառնա … Հիշու՞մ ես մի օր ասացիր, որ Դուք՝ գնչուներդ, երբեք չեք ներում. արյունն արյունով պիտի հատուցվի … Իսկ ես ներեցի մարդկանց, աշխարհին՝ մնալով դատարկ, անզգա մնալով, փակելով աչքերս մորթված երազիս արյունով ներկված նրանց ձեռքերի վրա ու տանելով իմ հիշողության խոնավ նկուղներ այդ նույն ձեռքերի հազար հարվածներ …

Ասում են՝ սիրտը կնճիռներ չունի, իսկ միթե՞ ամեն ցավող վերք սիրտն այլանդակող կնճիռ չէ, միթե՞ սկզբից առաջ և վերջից հետո մնում է մի բան, որ հավիտենական է … Աշխարհը նորից անհույս հիվանդ է աշնան վարակով, թոքախտավոր ամպերը հազում են, արցունք անձրևում, ես արցունք չունեմ, դժբախտ գնչուհի՛ … Ես պիտի խաղամ դերս հերթի մեջ ու պիտի կրեմ դիմակն այն ծաղրածուի, որի աչքերում թախծե ծիծաղի կարկաչ է զվարթ, իսկ հյուծված կրծքի տակ՝ ավերված մի սիրտ՝ ժամավճարով … Մի՛ մերժիր ձեռքս՝ ուղղված դեպի քեզ, տխուր գնչուհի՛, գուցե դու ասես որտե՞ղ է հատվում դժոխքի ու դրախտի գիծը, գուցե դու հուշես որտե՞ղ որոնեմ մարդուց ու Աստծուց մոռացված այն պահը, որ կանգ է առել մի ինչ-որ ցավոտ կետում, քարացել անդարձ … Գնչուհի՛, ասա՛, թե ո՞վ ինձ տվեց այս խաղաքարտը՝ բոլոր այրված խաղաքարտերի միջից, ու՞մ անխիղճ ձեռքը չդողաց այդ ծախված խաղում, գուցե հարազա՞տ էր ձեռքն այդ, որ գրկեց՝ իբրև փարվելու համար, սակայն հարվածեց անպաշտպան թիկունքիցս՝ այնքա՜ն չսպասված, հեշտությամբ այնպե՜ս … Երբ ես շրջվեցի այդ սուր ծակոցից՝ աշնան քամին էր մերկացնում սպասումիս ծառն ու հուսահատության տերևաթափը պտտվում էր անկանգ սլացքում վայրենի հողմի, որ համբուրում էր անզգեստ աշխարհի մերկությունն ու տարփանքից ոռնում … Իմ ցավը դեռ զգում էր այդ անտես ձեռքի թեթև հպումով հասցրած ծանր հարվածը …Արյուն էր հոսում դատարկված հոգուս խոնավ պատերից, դառնում էր հեղեղ, օվկիան էր դառնում … Կուրացած չղջիկների մի խումբ պտտվում էր գլխիս վերևում՝ շնչելով աշունս, սև սքեմ հագցնելով սգացող երկնքին, խափանելով ամեն տեսակի շարժում, խլացնելով աշխարհի ճիչը … Գնչուհի՛, ես այդ ժամանակ դեռ չգիտեի, որ երկնքից ընկնելիս հողը ոչ այն ինչ է, քան մի խումբ չղջիկների լեշերով ծածկված արյունոտ մի գորգ՝ անհայտություն տանող փակուղիներով …

Տե՛ս, ջրհեղեղ է ցասման գետերիս վարարումներից, իմ երազների ճերմակ առագաստները սուզվում են հատակ, ես ճանապարհում եմ դեռ վաղվա արևին կարոտ կյանքս դեպի այլ աշխարհ, ուր պիտի ծնվեմ նորից ու նորից, ուր պիտի մեռնեմ դեռ ամեն վայրկյան, պիտի հորդեմ հրդեհով ու այրվեմ անհույս, պիտի փոթորկվեմ ու խաղաղեցնեմ, ընկնելուց հետո պիտի բարձրանամ, սլանամ պիտի աշնան երախով դեպի լուսաբաց, որ ջնջեմ Աստծո բիբերին կաթած արնոտ երազս, սպասի՛ր, գնչուհի՛, մի բուռ հող էր լոկ ապրած-չապրածս …
    
    
     Մարգարիտա Ասլանյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3887 | 6 | 0
Facebook