Ամառն արդեն հետեւում է: Մի քանի օրից կհնչի դպրոցական առաջին զանգը: Աշնան առաջին օրը կտոնենք՝ որպես Գիտելիքի օր: Կարծես թե ամեն ինչ հիասքանչ է, բայց...
Բոլոնյան գործընթաց, անցում եռաստիճան բարձրագույն կրթության, կրեդիտային համակարգի, տասներկուամյա ուսուցման... մի՞թե սա էր հնարավորինս կատարյալ եղանակը, որի կիրառումը ուսման բարձր որակ կապահովեր: Կարծում եմ՝ ոչ: Ինչեւէ, հուսանք, որ մեր մանկավարժներն ունեն մասնագիտական բավարար ներուժ, որպեսզի վերջին տարիների վիճահարույց փոփոխությունները կարողանան ծառայեցնել ի օգուտ մեր դպրոցականի եւ ուսանողի:
Սեպտեմբերի 1-ը կդառնա նաեւ աշխատանքի, նոր գործերի հրավեր: «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ» հասարակական կազմակերպությունը կփորձի համախմբել գաղափարակից մարդկանց իր շուրջ, արդիականացնել նպատակներն ու ծրագրերը, հետաքրքրացնել եւ էֆեկտիվ դարձնել երիտասարների օրը, առօրյան, նրանց հոգիներում սերմանել ազգայինն ու պետականը, երկխոսել նման գաղափարախոսությամբ այլ կազմակերպությունների հետ, առավել արդյունավետ կառավարելով իր ռեսուրսները՝ մշտապես սատարել շարքային երիտասարդին:
Քաղաքացիական ընդվզումներ խոստացող ապագայում կլինենք հնարավորին չափ օբյեկտիվ ու խոհեմ, չենք տրվի պատանեկան անհագուրդ զգացմունքներին, խնդրահարույց իրավիճակներում կլինենք կոռեկտ ու շրջահայաց՝ պայքարելով միմիայն օրինական եւ ընդունելի եղանակներով:
Մեր իրականության պես պայթյունավտանգ իրավիճակում, երբ բազում դեռահասներ մեծ դժվարությամբ են ճիշտն ու գեղեցիկը զատում կեղծ արժեքներից, կփորձենք ամենուր գովազդել մեր պատմության փառապանծ էջերը, մեր ավանդույթները, լեզուն, մեզ հայ պահած առաքելական եկեղեցին, քանզի ինչպես Նոր կտակարանն է վկայում՝ արդ ամեն ծառ, որ բարի պտուղ չէ բերում, կ'կտրուի ու կրակի մէջ կ'գցուի:
Բացի ուսուցողական քննարկումներից ու դասընթացներից, կկազմակերպվեն նաեւ խաղեր, բանավեճեր, կինոդիտումներ եւ այլ ժամանցային միջոցառումներ:
Կոչ եմ անում բոլոր երիտասարդներին միանալ մեր նախաձեռնությանը, գործել որպես մեկ ուժ, մեկ բռունցք: Հավատացած եմ, որ նման պարագայում մենք իրոք կունենանք ավելի խոստումնալից ապագա:
«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ» հկ փոխնախագահ
Տ. Գեւորգյան