Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՎԵՐՋԻՆ ՏԵՂ

01:34, երեքշաբթի, 11 հունիսի, 2013 թ.
ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՎԵՐՋԻՆ ՏԵՂ
     Աշխարհի առաջնության ընտրական խաղում Մալթայի հավաքականից կրած պարտությունը, թերեւս, ամենաանտրամաբանականն է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ: Սա արդեն լուրջ հարված է տասնյակ հազարավոր երկրպագուների ինքնասիրությանն ու երազանքներին, որոնք դեռ ակնկալում էին, որ մեր ընտրանին կարող է փոխել անհաջող սկսած ընտրարշավի ընթացքը: Հիմա արդեն դա լուրջ կասկած է հարուցում:
    
     Անգամ ընթացիկ ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի դժգույն ելույթների խորապատկերում Երեւանում տեղի ունեցած հանդիպման արդյունքը չի դիմանում եւ ոչ մի քննադատության: Խոստովանենք, գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ դաշտի տերերը պետք է հաղթեն խմբի մրցաշարային աղյուսակը եզրափակող եւ ՖԻՖԱ-ի համաշխարհային դասակարգման սանդղակում 156-րդ տեղը գրավող մրցակցին: Ենթադրվում էր նաեւ, որ հայ ֆուտբոլիստների հաղթանակը պետք է լինի վստահ, հարցեր չհարուցող եւ խոշոր հաշվով: Դրանով իսկ հնարավոր կլիներ ցրել նախորդ երեք պարտությունների դժգույն տպավորությունը: Սակայն իրականությունը տրամագծորեն հակառակը ստացվեց:
     Եվ այսպես. ինչո՞ւ Հայաստանի հավաքականը պարտվեց մրցակցին, որին պարտավոր էր հաղթել, ինչպես ասում են, աչքերը փակ: Տարբեր պատճառներից գլխավորը թերեւս այն է, որ Հայաստանի հավաքականը առաջին հայացքից հատուկ չէր պատրաստվել այս խաղին: Խոսքը ամենից առաջ մարտավարության մասին է: Այն, որ մերոնք ցանկանում էին հաղթել՝ կասկած չի հարուցում: Սակայն բոլորովին անհասկանալի է, թե ինչպես էին նրանք պատրաստվում անել դա: Տարակուսանք է առաջացնում հատկապես առաջին խաղակեսը:
     Մինչ մերոնք փորձում էին կարգավորել խաղը՝ մալթացիները դա կարծես արդեն արել էին հանդերձարանում: Հենց սկզբից ակներեւ էր, թե որքան կազմակերպված եւ պատրաստված են խաղում հյուրերը: Նրանք գիտեին, ինչ է պահանջվում իրենցից, եւ անշեղորեն կատարում էին մարզչի ցուցումները: Համենայն դեպս, Մալթայի հավաքականի խաղը շատ ավելի համակարգված էր: Հյուրերի մարզիչը խելամտորեն ապավինել էր հակագրոհների մարտավարությանը՝ չմոռանալով, սակայն, սաների գործողությունները այնպես կազմակերպել, որ արագաշարժ եւ վտանգավոր հայ ֆուտբոլիստները ոչ միայն հնարավորինս քիչ հայտնվեն հարվածային դիրքում, այլեւ հնարավորության սահմաններում զրկվեն գործողությունների ազատությունից, իսկ որ ամենաիդեալականն է՝ հազվադեպ հայտնվեն իր թիմի տուգանային հրապարակում: Նպատակին հասնելու համար մալթացի մասնագետը կառուցել էր ընդամենը երկշերտ պաշտպանություն՝ կրճատելով նաեւ պաշտպանական եւ կիսապաշտպանական գծերի միջեւ տարածությունը: Իսկ առջեւում միայնակ իր հնարավորությանն էր սպասում Մալթայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Մայքլ Միֆսուդը: Նախախնամությունը շատ արագ նրան հնարավորություն ընձեռեց դրսեւորելու ռմբարկուի իր որակները: Արդեն 8-րդ րոպեին «ծովահեններին» (Մալթայի բնակչությունը կազմում են միջին դարերում Միջերկրական ծովում վխտացող ծովահենների հետնորդները) արագ հակագրոհ հաջողվեց, որը միայնակ հանգուցալուծեց հենց Միֆսուդը: Նա մեն-մենակ հայտնվեց Ռոման Բերեզովսկու հետ եւ նույնիսկ ոչ թե առաջին, այլ երկրորդ հարվածով գրավեց դարպասը: Անհասկանալի է միայն, թե այդ ընթացքում ինչի մասին էին մտածում մալթացուն շրջապատած հայ երեք պաշտպանները: Սա, ի դեպ, Միֆսուդի 37-րդ գոլն էր Մալթայի հավաքականի մարզաշապիկով անցկացրած 99-րդ խաղում: Այն ոչ միայն կանխորոշեց այս հանդիպման ելքը, այլեւ որոշակիորեն պատմական դարձավ, քանզի մալթացիները առհասարակ հազվադեպ են հաղթում: Առավել եւս դժվար է ասել, թե վերջին անգամ երբ էին հաջողության հասել արտագնա խաղում: Բայց նրանց թողնենք տոնել իրենց անմոռաց երեկոն եւ վերադառնանք մերոնց:
     Սկզբից թվում էր, թե այդ գոլը թյուրիմացություն է, եւ շուտով ամեն ինչ իր տեղը կընկնի: Սակայն ժամանակն անցնում էր, այնինչ Հայաստանի հավաքականը այդպես էլ չէր կարողանում գտնել մրցակցի դարպասի բանալին: Իսկ հյուրերի դարպասին առաջին վտանգավոր հարվածը առհասարակ գրանցվեց 27-րդ րոպեին: Հաջողությանը շատ մոտ էր Արազ Օզբիլիսը: Պետք է նկատեմ նաեւ, որ այդ երեկո տարերքի մեջ էր Մալթայի հավաքականի դարպասապահը, որը որսում էր այն ամենը, ինչ սլանում էր իր պահպանությանը հանձնված օբյեկտի ուղղությամբ:
     Ընդմիջումից հետո՝ հատկապես Յուրա Մովսիսյանի խաղադաշտ դուրս գալով, Հայաստանի հավաքականը կարծես կարգավորեց թիմային խաղը: Համենայն դեպս, գնդակի խաղարկումը արդեն համեմատաբար հաջող էր ստացվում: Բայց խաղային միտքը, միեւնույն է, բացակայում էր: Այո, Հայաստանի հավաքականը բացահայտ առավելություն ուներ երկրորդ խաղակեսում, բայց դա ավելի շուտ սովորական ճնշում էր, քանզի մարտավարական բազմազանություն ու ճկունություն այդպես էլ չտեսանք:
     Իսկ ընդհանրապես նախորդ ընտրափուլում գրանցված աննախադեպ բարձր արդյունքը հիրավի արջի ծառայություն մատուցեց մեր հավաքականին: Հավանաբար ժամանակից շուտ սկսվեց փառքի՝ դեռեւս խակ պտուղները վայելելու գործընթացը: Հիմա կարող ենք արձանագրել, որ անգամ Մալթայի հավաքականի մարզիչներն են մանրակրկիտ ուսումնասիրել եւ հակահնար գտել Հայաստանի հավաքականի դեմ: Իսկ մեր մարզիչները կարծես չեն կարողանում նոր անակնկալներ, «ականներ» եւ ծուղակներ պատրաստել մրցակիցների համար: Արդյունքում, Հայաստանի հավաքականը ընթացիկ ընտրարշավում կրելով 4-րդ անընդմեջ պարտությունը՝ խիզախում է հայտնվել Մալթայից էլ ցածր դիրքում:
    
     Հրայր Նազարյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3817 | 0 | 0
Facebook