Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՓԱԿՈՒՂԻ» ՊԱՐՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ «ՊԱՏԱՆԻ ՊԱՐՈՂՆԵՐԻ ԵՎՐՈՏԵՍԻԼ»-ԻՆ

16:14, ուրբաթ, 07 հունիսի, 2013 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԸ «ՓԱԿՈՒՂԻ» ՊԱՐՈՎ ԿՆԵՐԿԱՅԱՆԱ «ՊԱՏԱՆԻ ՊԱՐՈՂՆԵՐԻ ԵՎՐՈՏԵՍԻԼ»-ԻՆ

Հայաստանը հունիսի 14-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում «Պատանի պարողների Եվրոտեսիլ» -ին կներկայացնի 17-ամյա Վահագն Մարգարյանը:

Մրցույթը տեղի կունենա «Բալթիկ» օպերայի եւ բալետի թատրոնում:

Հայաստանի ներկայացուցիչն այս տարի գերազանց ավարտեց պարարվեստի քոլեջի բալետի բաժինը, իսկ մինչ այդ սովորել է ազգագրական բաժնում, սակայն հետո, նկատելով Վահագնի տվյալները, մասնագետները խորհուրդ են տվել տեղափոխվել բալետի բաժին: Վահագնը չորս տարի է, ինչ զբաղվում է դասական պարով եւ առաջին անգամ է մասնակցում մրցույթի:

Ինչպես լրագրողներին երեկ տեղեկացրեց «Պատանի պարողների Եվրոտեսիլ» -ի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, մասնակիցներն առաջին մրցութային փուլում պետք է հանդես գան մենապարով, իսկ երկրորդ փուլում` խմբակային պարով: Խմբակային պարի բեմադրության համար հատուկ մասնագետ է հրավիրվում, այս տարի այն կբեմադրի Մեծ Բրիտանիայից Հուդ Բելիբոլսը: Իսկ վերջին փուլում, երբ ընտրում են եզրափակիչ դուրս եկած երկու մասնակիցներից հաղթողին, նրանք պետք է հանդես գան իմպրովիզացիոն պարով` ցույց տալով իրենց հմտությունները: Ահա այս փուլից հետո կընտրվի հաղթողն ու երկրորդ տեղ զբաղեցրած մասնակիցը:

Հայաստանի ներկայացուցչի` Վահագն Մարգարյանի պարի համար գրվել է երաժշտություն` Օտտո Բուբենիչեկի կողմից, որը Համբուրգի թատրոնի մենակատար-պարող է, նաեւ կոմպոզիտոր, եւ ստեղծագործություններ է գրում ժամանակակից բալետների համար:

Ինչպես հաղորդեց Գոհար Գասպարյանը, Հայաստանի ներկայացուցչի համար գրված ստեղծագործության մեջ կլինեն նաեւ հայկական տարրեր` դուդուկով: Հատկանշական է, որ Վահագնի պարը բեմադրել է Արսեն Մեհրաբյանը, որը սովորել է Համբուրգի բալետի դպրոցում եւ միջազգային մրցույթների մեծ փորձ ունի: Վահագնի պարը կոչվում է «Փակուղի: »

Ի դեպ, «Պատանի պարողների Եվրոտեսիլ» -ին կարող են մասնակցել 16-21 տարեկան երիտասարդները: Արդեն հայտնի են մրցույթի ժյուրիի անդմաներից երկուսի անունը` Կրիստոֆ Պաստոր եւ Նադիա Էսպիրիտան, մյուս երկուսինը կիմանանք մոտակա օրերս:

Ընդգծենք, որ մրցույթի հաղթողը որոշվում է ժյուրիի կողմից, այլ ոչ թե քվեարկության, ինչպես նաեւ հաղթող երկիրը չի հյուրընկալում մրցույթը մյուս տարի:

Այս տարի Եվրոտեսիլին կմասնակցի տասը պետություն` Բելառուս, Ուկրաինա, Հայաստան, Նորվեգիա, Շվեդիա, Նիդեռլանդներ, Գերմանիա, Չեխիա, Սլովենիա եւ հյուրընկալող երկիրը` Լեհաստանը:

«Պատանի պարողների Եվորտեսիլ» -ն առաջին անգամ տեղի է ունեցել 1985 թվականին Իտալիայում եւ անցկացվում է երկու տարին մեկ անգամ:

Ընդգծենք, որ ըստ վիճակագրության, Իսպանիան ամենից շատն է հաղթել մրցույթում, իսկ Շվեդիան, Բելգիան, Շվեյցարիան հաղթել են երկուական անգամ: Հայաստանը մրցույթին մասնակցում է առաջին անգամ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6941 | 0 | 0
Facebook