ԱՌԱՆՑ ՍՏԱՄՈՔՍԻ ՔԱՂԱՔԸ
Այդ օրը նույնպես քաղաքն արթնացավ սովորականի նման, բայց քիչ անց պարզվեց, որ կատարվել է անսովոր մի բան, ինչը որոշելու է ամբողջ քաղաքի ճակատագիրը: Ինչպես եղել էր միշտ, նրանք, ովքեր արթնանում էին վաղ, վաղ էլ արթնացան: Ովքեր առավոտյան երազները վայելում էին երկար, երկար էլ վայելեցին: Ամեն բան սկսվեց այն պահից, երբ եկավ նախաճաշելու պահը: Այդ ժամանակ էլ յուրաքանչյուրն զգաց, որ իր մեջ կատարվել է տարօրինակ փոփոխություն: Նման երևույթ չէր հանդիպել նույնիսկ առասպելներում. ոչ ոք ուտելու ցանկություն չուներ: Ոչ մեկն անգամ չէր ցանկանում նայել ուտելիքի կողմը: Մայրերը զավակներին որքան էլ հորդորում էին ճաշակել գոնե մեկ պատառ թխվածք, միևնույնն է, նրանք հրաժարվում էին և տնից դուրս գալիս «քաղցած»: Ապա իրենք էին զգում, որ կերակուրների նկատմամբ ունեն ինչ-որ անսովոր հակակրանք: Անգամ նրանք, ովքեր արթնանալուց հետո անմիջապես վազում էին խոհանոց, այդ օրն զգացին, որ ինչ-որ բան փոխվել է: Ոչ ոք ուտելու ցանկություն չուներ, բայց որ այդ օրը կատարվել է կյանքը հիմնիվեր շրջող իրադարձություն, ոչ մեկը դեռ չգիտեր: Եվ չգիտեր նաև, որ նույն զգացողությունն ունեն բոլորը: Ամեն մեկը մտածում էր, որ ինքը պարզապես այդ պահին ուտելու ցանկություն չունի։ Սպասում էր, թե երբ կբացվի ախորժակը՝ չիմանալով, որ այն փակվել է ընդմիշտ: Ախորժակը՝ ախորժակ, բայց ահա թե ինչ իրադարձություններ ծավալվեցին հետո: Պարզ է, որ հետևանքն առաջինն զգացին սննդի կետերը: Թեև այնտեղ ամեն օրվա պես ամեն ինչ պատրաստ էր, բայց դրանց կողմը նայող չկար, և վաճառողները կանգնած էին անգործ: Մի քանի բան թխել ու եփելուց հետո հաջորդ անգործները դարձան խոհարարները, որովհետև անիմաստ էր նոր բան պատրաստելը, երբ չէր սպառվել նախորդը: Այսպես՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում, մեկը նայում էր մյուսին և... սպասում: Բոլորն սպասում էին, ժամերն անցնում էին, բայց հաճախորդներ չկային ու չկային: Եկավ ընդմիջման ժամը: Ժամ, երբ բոլորն շտապում են ճաշարաններ: Երբ բոլոր սննդի կետերը լինում են լեփ-լեցուն: Երբ չեն հասցնում ո՛չ խոհարարները, ո՛չ վաճառողները: Բայց դա այդպես էր մինչև այդ օրը: Հիմա ամեն տեղ լռություն էր ու... պարապություն: Եվ սկսվեց մտքերի աշխույժ փոխանակում: Եթե սկզբում ամեն մեկը կարծում էր, թե ուտելու ցանկություն չունի միայն ինքը, այժմ պարզ էր, որ դա ընդհանուր երևույթ է: Եվ այդ հանգամանքն էլ երևույթը դարձնում էր հանելուկային, առեղծվածային: Իսկ քանի որ դա մարդու մտքով իսկ չանցած երևույթ էր, ուստի ոչ ոք անգամ չգիտեր, թե որտեղ փնտրի պատճառը: Համենայն դեպս, բոլորն էլ այն կարծիքին էին, որ դա ժամանակավոր է, ախորժակի՝ դեռևս չլսված խանգարման տեսակ, որը ուր որ է՝ մի քանի րոպեից, մի քանի ժամից կանցնի: Բայց անցան էլի ժամեր, և ոչինչ չփոխվեց: Հետաքրքիրն այն էր, որ սնունդ չստանալը որևէ կերպով չէր ազդում օրգանիզմի գործունեության վրա: Ոչ ոք չէր զգում ո՛չ գլխապտույտ, ո՛չ ստամոքսի նվոց, ո՛չ եռանդի պակաս: Մարդիկ էներգիա ստանում էին մեկ այլ աղբյուրից, այնինչ սովորականի պես շնչում էին նույն օդը, արևից ստանում նույն ջերմությունը, խմում նույն ջուրը: Այո՛, ջուր խմում էին, և դա կարծես բավական էր օրգանիզմի պահանջմունքներն ապահովելու համար: Ահա այսպես անցավ առաջին օրը՝ անսովոր, տարօրինակ զգացողություններով ու... վախով: Սպասումով բացվեց հաջորդ առավոտը, սակայն ոչինչ չփոխվեց: Շատերը, հասկանալով, որ օրգանիզմն առանց սնվելու չի կարող գոյատևել, որոշեցին ուտել՝ փորձելով իրենց հարկադրել: Պարզվեց, որ դա նույնպես անօգուտ է. բոլորն էլ անմիջապես փսխեցին, և ստամոքսը մնաց դատարկ: Օրգանիզմը սնունդ չէր ընդունում, և դա նրան անհնար էր ստիպել: Սա էր իրողությունը: Այս պահից էլ գործի անցան բժիշկները: Հրավիրեցին խորհրդակցություններ, ժողովներ: Ուսումնասիրեցին բազմաթիվ մարդկանց, իրենք իրեն: Արեցին եզրակացություններ ու հերքեցին: Վիճեցին, կռվեցին, հաշտվեցին, բայց որևէ տրամաբանական մտքի այդպես էլ չհանգեցին: Ապա գործի անցավ ազգային անվտանգությունը: Ինչո՞ւ այդպես չէ մյուս քաղաքներում: Գուցե կենսաբանական զենքի գործարկո՞ւմ է, փորձարկո՞ւմ: Եվ որոշվեց քաղաքը հայտարարել փակ գոտի. ոչ ոք իրավունք չուներ այնտեղից դուրս գալու, և ոչ ոք իրավունք չուներ այնտեղ մտնելու: Իսկ նրա բնականոն կյանքին որոշվեց չմիջամտել. թող ամեն բան ընթանա իր հունով: Թող քաղաքն ապրի այնպես, ասես չի եղել ոչինչ... Եվ շարունակվեց քաղաքի կյանքը բնական հունով: Բնակա՛ն, որը, սակայն, խի՜ստ էր անբնական... Հաջորդ օրերին նույնպես մարդիկ արթնանում էին սովորականի նման, բայց ապրում բոլորովին այլ, խիստ անսովոր կենսակերպով: Ժամանակի սղություն այլևս չկար: Ավելին, ժամանակը թվում էր անսահմանորեն շատ: Ուղղակի՝ անսպառ: Կարիք չկար այն վատնելու ոչ միայն սնվելու, այլև կերակուրներ գնելու, եփելու, աղբ թափելու, ափսեներ լվալու վրա: Ու կարծես նոր միայն ամենքն զգացին, թե որքան ժամանակ ու էներգիա է իրենցից խլել այդ ամենը: Այս ամենն էլ իր հերթին նպաստեց, որ տնտեսվեն դրամական միջոցները: Տնտեսվեն անօրինակ չափով: Պարզվեց՝ եղել են ընտանիքներ, որ սննդի համար ծախսել են եկամտի 90-95 տոկոսը: Այսինքն՝ աշխատել են միայն նրա համար, որպեսզի ուտեն: Ոմանց կյանքն ուսումնասիրելիս էլ պարզվեց, որ ամբողջ կյանքում աշխատելուց և ուտելուց բացի՝ ոչինչ չեն արել: Եվ միշտ խրախուսվել են՝ որպես խելացի, օրինակելի քաղաքացիներ: Դրամական միջոցների այս տնտեսումը շատերի կյանքը փոխեց հիմնովին: Նրանք սկսեցին իրենց թույլ տալ այնպիսի շռայլություններ, որոնց մասին նույնիսկ չէին երազել: Կինո, թատրոն ու մարզադաշտեր գնալու համար ժամանակն անսահման էր, չկար փողի սղություն: Չկար այլևս այնպիսի գիրք, որ չկարողանային գնել: Այնպիսի սկավառակ, որ ցանկանային ու չունենային: Ժամանակն այնքան էր, որ ամեն ոք, առանց դժվարության, աշխատելու հետ միասին կարող էր զբաղվել նրանով, ինչով կամենա: Կամեցածն էլ, պարզ է, նոր տեսակի թխվածք, սպասք ու գազօջախ հորինելը չէր... Բայց միայն դրական հետևանքներ չէ, որ ունեցավ նոր կենսակերպը: Գործազրկություն: Զանգվածային գործազրկություն: Ահա՛ թե ինչի հանգեցրեց այն: Հասկանալի պատճառով առաջինը փակվեցին սննդի օբյեկտները: Անցան ամիսներ: Այլևս հույս չկար, թե մարդիկ նախկինի պես նորից կդառնան որկրամոլ, և գործատուները, անիմաստ համարելով պահել չաշխատող աշխատողների, բոլորին ազատեցին: Նույն պահին էլ գործազուրկ դարձան նաև իրենք... Ապա գործազրկության շղթան ձգվեց ու դուրս եկավ քաղաքի սահմաններից՝ հասնելով նրանց, ում աշխատանքը կապված էր սննդարդյունաբերության հետ: Քաղաքին կերակրելու համար այլևս հարկավոր չէր ո՛չ սերմնացան, ո՛չ հացթուխ: Հարկավոր չէր կոմբայնավար: Հարկավոր չէր տրակտորիստ: Հարկավոր չէին տրակտորի գործարանում աշխատող ինժեներ ու բանվոր: Հարկավոր չէր, առհասարակ, տրակտորի գործարան: Եվ քանի որ տրակտորիստ հարկավոր չէր, ուստի հարկավոր չէր նաև տրակտորիստների ուսումնարան: Քանի որ հարկավոր չէր ուսումնարան, հարկավոր չէր նաև այդ ուսումնարանում աշխատող դասատու: Հարկավոր չէր այնպիսի բուհ, որ այդպիսի դասատուներ կրթի: Այնպիսի դասախոս, որ աշխատի այդպիսի բուհում: Այսպես՝ արդեն ուժեղ երևակայություն պետք չէ՝ պատկերացնելու համար, թե այլևս ինչ հարկավոր չէր: Մասնավորապես՝ հարկավոր չէր ատամնաբույժ, ատամնատեխնիկ, ատամնաբուժարան: Հարկավոր չէին ատամնաբուժական գործիքներ պատրաստող գործարաններ, այդ գործարաններում աշխատող վարպետներ: Այդպիսի գործարաններ նախագծողներ: Շինարարնե՛ր, որ կառուցեն այդ գործարանները: Բանվորնե՛ր, որ օրական ութ ժամ այնտեղ աշխատեն: Թերևս ավելի հեշտ կլինի ասելը, թե ովքեր չդարձան գործազուրկ, բայց դա էլ ամեն մեկը կարող է կռահել իր երևակայությամբ... Իհարկե, «գործազուրկ» բառն այժմ չուներ այն սահմռկեցուցիչ ազդեցությունը, որն ուներ նախկինում: Ինչ-ինչ, բայց ոչ մեկին սովամահության վտանգ չէր սպառնում։ Միայն նպաստով կարելի էր ապահովված ապրել: Բայց հարցը հիմա ոչ թե գործազրկությունն էր, այլ պարապությունը, որից քաղաքի բնակիչները ձանձրանում էին ավելի ու ավելի: Կարծես հանկարծակի, անսպասելիորեն պարզվել էր, որ գրեթե բոլորը մինչև հիմա զբաղված են եղել, աշխատել են «ուտելու արտադրության» մեջ: Գրեթե ամբողջ քաղաքի զործը եղել է ուտելը... Եթե այն համեմատենք կենդանի օրգանիզմի հետ, պիտի ասենք, որ նրա իննսունհինգ տոկոսը կազմել էր ստամոքսը: Իսկ հիմա չուտելու այս «համաճարակը» հանգեցրել էր նրան, որ մարդկանց այն մասը, որը չուներ որևէ շնորհ՝ զբաղվելու այլ գործով, դարձել էր անպիտան, ավելորդ: Վիճակը ճակատագրական էր: Ծայրահեղ: Երբ հասարակությունն ազատվեց ստամոքսի կախվածությունից, օլիգարխիան կորցրեց ազդեցությունը: Ո՞ւմ իշխել այլևս: Ո՞ւմ վրա բանեցնել իշխանություն: Ինչպե՞ս: Եվ նա մատնվեց խուճապի... Ոչ ոք չգիտեր, թե ինչ է լինելու հետո, ինչ է սպասում քաղաքին: Եվ, որքան էլ լինի տարօրինակ, մենք նույնպես պիտի ընդմիջեմ այս տարօրինակ քաղաքի տարօրինակ պատմությունը: Այո՛, քաղաքը լցված էր գործազուրկներով ու պարապությամբ: Սնունդ արտադրելու համար մարդիկ չէին աշխատում և չէին վատնում ժամանակ: Իսկ հետո... Հետո՝ հիսուն-վաթսուն տարի անց, երբ քաղաքը հայտարարվեց բաց, այնտեղ եկան շատերը։ Եկան և տեսան բոլորովին այլ քաղաք, այլ բարքեր, այլ մարդիկ: Այնտեղ, նախկինի պես, մարդիկ չէին ուտում, և պարզվել էր, որ միայն ջուրը, արևն ու օդը բավարար են օրգանիզմը ամբողջովին սնելու, էներգիայով ապահովելու համար: – Ահա՛, թե մարդը ինչպիսին պիտի լիներ ի սկզբանե, – ասում էին բոլորը: Քաղաքը մի ժամանակ լի էր գործազուրկներով: Այնպիսի մարդկանցով, որոնց նպատակը միայն ուտելն էր։ Նրանցով, ովքեր, առանց ուտելու «աշխատանքի», անգործ էին, անպետք... Հիմա նույնպես քաղաքում եռուզեռ էր, բայց չկար ոչ մի պարապ, ոչ մի գործազուրկ: Պարապությունը քշել էր բոլոր պարապներին, «միայն հացիվ» -ներին: Նրանք՝ երբեմնի տերերը, որոնց կարողությունը միայն իշխելն էր, կորցրել էին դիրք ու համբավ, իշխանություն։ Դարձել էին... ոչինչ: Այնտեղ այժմ տեր ու տնօրեն էր արվեստը: Տեր ու տնօրեն էր գիտությունը: Իսկ «հացիվները» չկային, քանի որ այլևս չունեին անելիք: Ավելորդ էին... Այսպիսին էր, ահա, առանց ստամոքսի քաղաքը: |