Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ինչպես բարի գործ է սեփական մեղքերը հիշելը, այնպես էլ բարի գործ է սեփական բարի գործերը մոռանալը»

11:35, կիրակի, 15 հունվարի, 2023 թ.
«Ինչպես բարի գործ է սեփական մեղքերը հիշելը, այնպես էլ բարի գործ է սեփական բարի գործերը մոռանալը»

Սուրբ Հովհան Ոսկեբերանը (344/54–407թթ.) ՝ ընդհանրական եկեղեցու տասներկու վարդապետներից մեկը, ծնվել է Անտիոքում, ազնվականի ընտանիքում, ազգությամբ՝ ասորի:

380 թվականին Մելիտոս եպիսկոպոսի թախանձագին հարկադրանքով սարկավագ է ձեռնադրվել, իսկ 386 թվականին Մելիտոսին հաջորդած Փլաբիանոս հայրապետը նրան քահանա է ձեռնադրել:

397 թվականին, երբ վախճանվել է Կոստանդնուպոլսի Նեկտարիոս պատրիարքը, Արկադիոս կայսրը, տեղյակ լինելով Հովհանի համբավին, պատվիրել է, որպեսզի նրան անմիջապես, անաղմուկ բերեն Կոստանդնուպոլիս՝ պատրիարք ձեռնադրելու: 398 թվականին տեղի է ունեցել նրա ձեռնադրությունը:

Իր հոտին նվիրված հովիվը ոչ միայն քաղցրությամբ է խրատել, այլև հաճախ խստորեն հանդիմանել է, և այդ պատճառով շատերի թշնամանքին է արժանացել: Նրան ատել է նաև Եվդոքսիա կայսրուհին, որին նույնպես Հովհանը հանդիմանել է արքունիքում տիրող հոռի բարքերի պատճառով: Անձնական թշնամիների սադրանքով 403 թվականին նա աքսորվել է, սակայն, վախենալով ժողովրդի ցասումից և այդ օրերին տեղի ունեցած երկրաշարժից՝ որպես նշան, որ անարդարություն է կատարվել, արքունիքը ետ է բերել աքսորյալին: 404 թվականին նրան դարձյալ աքսորել են: Չդիմանալով ճանապարհի դժվարություններին՝ նա մահացել է:

438թ. սուրբի մարմինը մեծ հանդիսավորությամբ բերվել է Կոստանդնուպոլիս և ամփոփվել է այդ քաղաքի Սբ. Առաքելոց եկեղեցում:

Ընդհանրական եկեղեցու այս անխոնջ մշակի խոսքերը դարեր շարունակ առաջնորդել և կրթել են բազում եկեղեցական սերունդների: Նրա մեկնությունները, ճառերը, ներբողները, նամակները, բարերար ազդեցությունն են ունեցել քրիստոնեական մտքի պատմության վրա: Նրա գործերը հայերեն են թարգմանվել արդեն իսկ իր կենդանության օրոք: «Ոսկեբերան» տիտղոսին արժանացել է պերճախոսության և իմաստուն մտքերի համար:

Հայ Առաքելական Եկեղեցին Հովհան Ոսկեբերանի հիշատակն ամեն տարի նշում է երկու անգամ, նախ՝ Տասներկու վարդապետների շարքում` Խաչվերացի 6-րդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը, ապա՝ առանձին` Խաչվերացի 7-րդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

***

Մի՞թե դու չգիտես, որ իսկական կյանքը ճանապարհորդություն է: Մի՞թե դու քաղաքացի ես: Դու ճանապարհորդ ես...Մի ասեք, թե ես այս կամ այն քաղաքից եմ: Ոչ մեկը քաղաք չունի.քաղաքը լեռն է (երկնքում), իսկ իրականը ճանապարհն է: Եվ մենք ճանապարհորդում ենք ամեն օր, քանի դեռ շարժվում է բնությունը:

***

Սերը չգիտի, թե ինչ է կշտացումը, բայց, մշտապես ըմբոշխնելով սիրելիներին, ավելի ու ավելի է բորբոքվում:

Եթե հարկ է հիշել մեղքերը, ապա պետք է հիշել միայն սեփական մեղքերը:

***

Մեղքը մեր բնության մեջ չէ: Մեզ շնորհված է ազատ կամք և ազատություն: Դու չարչարո՞ղ ես: Կարող ես դառնալ առաքյալ: Դու ավազա՞կ ես: Կարող ես դրախտին արժանանալ...Չկա մի այնպիսի մեղք, որը չսրբվի ապաշխարանքով:

***

Շատերը գալիս են եկեղեցի, աղոթքի հազարավոր տողեր են արտասանում և դուրս են գալիս՝ չիմանալով, թե ինչ են ասել. նրանց շրթունքները շարժվում են, իսկ ականջները չեն լսում: Դու ինքդ քո աղոթքները չես լսում, ուրեմն ինչպե՞ս կարող ես ցանկանալ, որ Աստված լսի քո աղոթքը:

***

Որտեղ էլ լինես, աղոթի՛ր: Դու Աստծո տաճարն ես և մի փնտրիր աղոթքի վայր: Հարկավոր է միայն հոգևոր տրամադրվածություն:

***

Ինչպես սառն օդի ազդեցությանը հաճախակի ենթարկված բաց վերքերն են ավելի ցավոտ դառնում, այնպես էլ մեղապարտ հոգին է էլ ավելի անպատկառ դառնում, եթե շատերի առջև է մերկացնում իր գործած մեղքերը: Վերքին վերք մի ավելացրու՝ հայտարարելով մեղք գործածի մասին, այլ հորդոր կարդա առանց վկաների:

***

Ինչպես բարի գործ է սեփական մեղքերը հիշելը, այնպես էլ բարի գործ է սեփական բարի գործերը մոռանալը:

***

Մի՛ հիշիր սեփական բարի գործերը, որպեսզի դրանք հիշի Աստված:

***

Մի՞թե եկեղեցին պատերի մեջ է: Եկեղեցին հավատացյալների բազմության մեջ է:

***

Չեմ կարծում, թե հոգևորականների մեջ շատ փրկվածներ են եղել. ընդհակառակը, շատ ավելի շատ են կործանվածները, և դա այն պատճառով, որ այդ գործը մեծ հոգի է պահանջում:

***

Ժողովուրդը սրբերն են և ոչ թե ժողովրդի ամբոխը:

***

Մարդը կարող է դառնալ և՛ հրեշտակ, և՛ գազան:

***

Մենք վիրավորողներին մեծությունների տեղ ենք դնում, երբ նրանց ասում ենք՝ դու ո՞վ եղար, որ ինձ վիրավորում ես: Մինչդեռ պետք է ասեինք հակառակը՝ դու ինձ վիրավո՞ւմ ես՝ վիրավորիր, քանի որ դու ոչնչություն ես: Ավելի ճիշտ կլինի նրանց, ովքեր չեն վիրավորում, ասել՝ դու ո՞վ ես, որ չես վիրավորում: Դու մարդկային բնությունից բարձր ես:

***

Նախանձողը չի կարող զրպարտիչ չլինել:

***

Մեր քաղաքացիությունը երկնքում է, և ոչ թե երկրի վրա:

***

Ի՞նչ է խոնարհությունը, և ի՞նչ է փոքրոգությունը: Երբ մենք, տեսնելով ուրիշներին հասցված վիրավորանքը, նրանց չենք պաշտպանում, այլ լռում ենք, դա փոքրոգություն է, իսկ երբ ինքներս վիրավորանք ենք ստանում ու համբերում ենք, դա խոնարհություն է: Խոնարհությունը մեծ ուժի նշան է...մեղք չի գործի նա, ով մերձավորների նկատմամբ այդպիսի տրամադրվածությունը քաջություն կհամարի:

***

Ուսուցչի առանձնահատկությունն իր ասածում վստահ լինելն է:

***

Ի՞նչ է ամբոխը...մի ինչ-որ աղմկոտ, բազմախռով, մեծի մասամբ տխմար, աննպատակ այս ու այն կողմ գնացող, ծովի ալիքներին նմանվող, բազմատեսակ ու հակադիր կարծիքներից կազմված բազմություն: Ով իր երկրում այդպիսի տիրակալ ունի, արդյո՞ք ցանկացած մեկ ուրիշից խղճուկ չէ:

***

Եթե ամբոխում գտնվող յուրաքանչյուրն առանձին ինքնին արհամարանքի է արժանի, ապա, երբ այդպիսիք շատ են, նրանք էլ ավելի մեծ արհամարանքի են արժանի: Նրանցից յուրաքանչյուրի տխմարությունը, երբ նրանք իրար գլխի են հավաքված, էլ ավելի մեծ տխմարության է վերածվում: Այդ իսկ պատճառով նրանցից յուրաքանչյուրին զատ-զատ, իհարկե, կարելի է ուղղել, բայց հեշտ չէ նրանց բոլորին միասին ուղղելը՝ այն պատճառով, որ այդ դեպքում նրանց խելահեղությունը մեծանում է:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3988 | 0 | 0
Facebook