Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կյանքի հինգ ուրախությունները

16:56, երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ.
Կյանքի հինգ ուրախությունները

Կյանքում կա հինգ ճշմարիտ ուրախություն. դրանց մասին հարկավոր է իմանալ:

Երբ աչքերը տեսնում են աշխարհի ամենազմայլելի գեղեցկությունը, ականջները լսում են աշխարհի ամենադյութիչ հնչյունները, մարմինն ըմբոշխնում է աշխարհի ամենախաղաղ հանգստությունը, շրթունքներն արտաբերում են աշխարհի ամենաիմաստուն խոսքերը՝ ա՛յ դա է առաջին ուրախությունը:

Երբ դահլիճի առջև դասավորված են շատ հին անոթներ, իսկ դահլիճի խորքում երաժիշտները նվագում են և բակը լի է հյուրերով և տղամարդիկ ու կանայք ուրախ զրուցում են, երբ մոմերի բուրումնավետ ծուխը երկինք է հասնում, երբ նախշուն գորգերը փռված են գետնին, երբ լուսնի լույսը խաղում է վարագույների հետ, և լույսի ստվերները ծածանվում են հագուստների վրա՝ ա՛յ դա է երկրորդ ուրախությունը:

Երբ կոմոդում հանգրվանած են թանկարժեք գրքերի հազարավոր գլանափաթեթներ, իսկ տան կողքին հասարակ պանդոկ կա, որտեղ հավաքվում են մեկ տասնյակից ավելի հավատարիմ ընկերներ, և նրանց մեջ կա մեծ տաղանդի տեր իսկական տղամարդ, որը հների պես գրում է հասարակ ու վեհաշուք՝ ա՛յ դա է երրորդ ուրախությունը:

Հազար ոսկեդրամով գնել նավ, այնտեղ նստեցնել երաժիշտների, թեթևաբարո երգեր երգող երգչուհիների, ճանապարհորդել սիրողների, այդ նավը դարձնել լողացող տուն և դրանով անհոգ նավարկել՝ չնկատելով մոտեցող ծերությունը՝ ա՛յ դա է չորրորդ ուրախությունը:

Ճշմարիտ է, որ այդպիսի կյանքով ապրելու դեպքում մի քանի տարում մսխելու ես ընտանեկան ամբողջ հարստությունը, բայց այդ ժամանակ կառողջանաս՝ ինչպես անտառային կենդանին, առավոտյան չես իմանա, թե երեկոյան ինչ տեղի կունենա քեզ հետ, ընտանեկան կահկարասին կտաս թեթևաբարո երգեր երգող երգչուհիներին, կերակուրը կբաժանես ծերերին, իսկ ինքդ, մի կողմ դրած ամոթ ու հոգս, կբնակվես տոհմակիցներիցդ մեկի մոտ՝ ա՛յ դա է հինգերորդ ուրախությունը:

Յուան Չժունլան

17-րդ դարի չին գրող

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1190 | 0 | 0
Facebook