Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպես է 1980-ականներին հանդուգն հանցախումբը խորհրդային վետերաններից շքանշաններ հափշտակել ու սպանել ԽՍՀՄ հերոսին (5)

22:01, շաբաթ, 22 հուլիսի, 2023 թ.
Ինչպես է 1980-ականներին հանդուգն հանցախումբը խորհրդային վետերաններից շքանշաններ հափշտակել ու սպանել ԽՍՀՄ հերոսին (5)

Որպես շքանշանների ու մեդալների գնորդ է ներկայացել Մոսկվայի Քրեական հետախուզության աշխատակից Ալեքսեյ Պել-Դմիտրիևը: Օրական երեքից չորս մարդ նրան շքանշաններ ու մեդալներ են առաջարկել: Առաջին իսկ հանդիպումը սկանդալով է ավարտվել: Որպես պետական պարգևներ գնող՝ քննիչներին է ներկայացել մի կին լրագրող, որին զայրացրել է հայտարարությունը: Կինը կպռշկել է Ալեքսեյ Պել-Դմիտրիևին ու սկսել է անցորդներից օգնություն խնդրել: Նա խաղաղվել է միայն այն ժամանակ, երբ ցույց է տրվել միլիցիայի վկայականը:

Չնայած անհաջող մեկնարկին՝ օրենքի պահապաններին հաջողվել է ձերբակալել մի քանի սպեկուլյանտի: Նրանցից մեկն էլ եղել է Ուշակովի շքանշան վաճառել փորձող Նիկոլայ Զայցևը:

Զայցևը քննիչներին պատմել է, թե շքանշանը գնել է Օստապ Տարասենկոյից, որը եղել է դրամների հավաքածուներ ստեղծողների ակումբի անդամ: Կալանավորելով Տարասենկոյին՝ խուզարկուները սկսել են նրան հարցաքննել, բայց Օստապը համառորեն լռել է և հրաժարվել է ասել, թե ումից է գնել Ուշակովի շքանշանը: Այդժամ հերթով զանգահարելով այն բոլոր հեռախոսահամարներով, որոնք եղել են Տարասենկոյի գրքույկում, հետաքննիչները հավաքել են ցուցմունքներ Օստապի անօրինական գործունեության մասին ու այդ ցուցմունքների կիրառմամբ սկսել են ճնշել նրան բանտարկության սպառնալիքով: Վախեցած Տարասենկոն սկսել է խոստովանել, և խուզարկուները իմացել են Կալինին ամուսինների հանցագործությունների մասին: «Ժուռնալիստիկայի ֆակուլտետի» ուսանողների՝ Խոլոստյակովի տուն կատարած այցի մասին պատմել է նաև գրող Լանինը: Քննիչները Մոսկվայի պետական համալսարանի ղեկավարությունից տեղեկացել են, որ այդ հաստատությունը վետերանների մասին որևէ գրքի հրատարակություն չի ծրագրել: Այդժամ կազմվել է կասկածելիների ֆոտոռոբոտները:

Իննա Կալինինան պատկերվել է շատ խոշոր ու երկար քթով, և հենց այս նշանի հիմքով էլ սկսվել է նրա որոնումը:

Խոլոստյակովի թոռնուհի Նատաշան նույնպես հիշել է, որ ընթրիքներից մեկի ժամանակ պապը խոսել է հոդված գրել ցանկացող ապագա ժուռնալիստների մասին: Մոսկվայի քրեականի հետախույզները Կալինիններին գտել են 1983-ի հոկտեմբերին. փոխծովակալին սպանելուց հետո նրանք վերադարձել են Իվանովո: Հետախույզները 100 տոկոսով համոզված չեն եղել, որ Գենադիի գործակիցը հենց իր կինն է, և պատճառն այն է, որ կասկածյալ կինը ֆոտոռոբոտում ակնոցով է եղել, իսկ սովորական կյանքում նա ակնոց չի կրել: Եվ այդժամ խուզարկուները խորամանկության են դիմել:

Մի աղջկա խնդրել են Կալինինային ցույց տալ մի ակնոց, որն իբր ինքն է գնել և խնդրել նրան, որ իր դեմքին փորձի: Եվ երբ խուզարկուները Կալինինային տեսել են այդ ակնոցով ու համեմատել են ֆոտոռոբոտի աղջկա հետ, 90 տոկոսով համոզվել են, որ դրանք համընկնում են:

Մեկ օրում Կալինին ամուսիններին ու այլ գողերի, որոնք գործակցելիս են եղել Օստապ Տարասենկոյի հետ, ձերբակալել են և խուզարկություն են կատարել հինգ հասցեում: Գտել են մի քանի տասնյակ շքանշան ու մեդալ: Գենադիին ու Իննային բռնել են Իվանովոյի իրենց տանը: Հետագա քննությամբ պարզվել է, որ Խոլոստյակով ամուսինների սպանությունից հետո նրանք շարունակել են իրենց հանցագործությունները:

1983-ի սեպտեմբերի 22-ին Գենադին, թալանի նպատակով, միայնակ այցելել է Իվանովոյի մարզի Ելնաց գյուղի մի հոգևորականի տուն, բայց տանտիկինը, զգալով այցելուի չարամտությունը, աղմկել է: Գենադին ստիպված է եղել նրան սպանել: Միայնակ ծեր կնոջն սպանելուց հետո նա արնաթաթախ ձեռքերով խուզարկել է նրա բնակարանը և այնտեղից վերցրել է բոլոր սրբապատկերները: Բայց երբ այդ նկարները ցույց է տվել վերավաճառողին, հիասթափություն է ապրել, որովհետև ամբողջ գողոնը կարողացել է ընդամենը 90 ռուբլով վաճառել:

Շքանշաններ հափշտակողի վերջին հանցագործությունը տեղի է ունեցել 1983-ի սեպտեմբերի 29-ին: Նա իր ընկեր Կուլագինի հետ Յարոսլավլ քաղաքի բնակչուհուց գողացել է մի քանի հին սրբապատկեր: Ձերբակալումից հետո Կալինինի սպորտային բաճկոնի աստառի տակ գտել են մի քանի շքանշան ու մեդալ, որոնք նա չի հասցրել վաճառել: Դրանց մեջ է եղել նաև Խոլոստյակովին պատկանող Կարմիր Աստղի շքանշանը:

Շուտով պարզվել է, որ Խոլոստյակովից հափշտակված ԽՍՀՄ Հերոսի և Լենինի շքանշանները Կալինինը վերաձուլել է ու իր անվան սկզբնատառերով կնիք-մատանի է պատրաստել:

Մինչ հետաքննիչները խուզարկություն են կատարել, Իննային հաջողվել է աննկատելիորեն ճողոպրել (նա օգտվել է այն հանգամանքից, որ ամբողջ ուշադրությունը կենտրոնացված է եղել նրա ամուսնու վրա): Բայց նա երկար թաքնվել չի կարողացել. երեք օր անց Կալինինային գտել են իր ընկերուհու տանը: Հարևաններից մեկին ուղարկել են այդ ընկերուհու տուն, որի առջև էլ Իննան, հավատալով խաբեությանը, բացել է դուռը: Հարևանի հետևից ներխուժել են խուզարկուները: Կալինիններին հասցրել են Մոսկվա և բանտարկել են Բուտիրկայում: Կալինինը խոստովանել է, որ ԽՍՀՄ 19 քաղաքում կատարել է 39 գողություն: Հարցաքննություների և դատավարության ժամանակ նա իրեն շատ հանդուգն է պահել: Առանց խղճի խայթ զգալու նա հանգիստ պատմել է, թե ինչպես է սպանել Խլեստյակովներին. հատակին ընկած փոխծովակալին լինգով այնքան է խփել, մինչև որ նա դադարել է տնքալ:

Իննա Կալինինան դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, նրա ամուսնու գործակից Կուլագինն ազատազրկվել է հինգ տարով: Բանտարկվել է նաև Օստապ Տարասենկոն:

Իսկ Գենադի Կալինինը դատապարտվել է մահապատժի: Ասում են, թե դատապարտյալի հանցանքների մասին տեղյակ դահիճը, նրա նկատմամբ այնպիսի ատելությամբ է համակված եղել, որ նրա գլխին, սահմանված մեկի փոխարեն, երեք գնդակ է արձակել:

Խորհրդային Միության հերոս Սերգեյ Խոլոստյակովին ու նրա կնոջը թաղել են Կուցևսկայա գերեզմանոցում: Խոլոստյակովի անվամբ այժմ փողոց կա Նովոռոսիյսկում և Իզմայիլում:

Նկարում՝ վետերաններից Կալինին ամուսինների հափշտակած շքանշաններն ու մեդալները:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1129 | 0 | 0
Facebook