Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ազատ տերության մեջ պետք է ազատ լինի և՛ միտքը, և՛ լեզուն»

16:57, երեքշաբթի, 14 հունիսի, 2022 թ.
«Ազատ տերության մեջ պետք է ազատ լինի և՛ միտքը, և՛ լեզուն»

Հռոմի կայսր Տիբերիոսը, որ իշխել է մ.թ. 14-ից մինչև 37 թվականը, գահակալության սկզբնական շրջանում իրեն ոչ միայն հասարակ քաղաքացու պես է պահել, այլև բազմաթիվ բարձրագույն պատիվներից ընդամենը մի քանիսն է համեստորեն ընդունել:
    
Նա արգելել է իրեն տաճարներ, քրմեր ու հոգևոր սպասավորներ նվիրաբերել ու հատուկ թույլտվությամբ է միայն արտոնել, որ դնեն իր արձանները՝ այն էլ պայմանով, որ դրանք տեղադրվեն ո՛չ թե աստվածների քանդակների հետ, այլ տաճարի զարդարանքների միջև: Նա արգելել է սեպտեմբեր ամիսը «Տիբերիոս» անվանել և այդ առաջարկն անող շողոքորթողներին ասել է. «Իսկ դուք ի՞նչ եք անելու, եթե 13 կեսար ունենաք»: Նա մերժել է իմպերատորի կոչումը, «Հայրենյաց հայր» մականունը, և թույլ չի տվել, որ իր դռան վերևում «Կաղնեպսակ» տեղադրվի: Ժամանակին այդ պսակը շնորհվել է Օկտավիանոս Օգոստոս կայսրին՝ որպես «Բոլոր քաղաքացիների փրկարար» -ի:

Հաճոյակատարությունից նա այնպես է գարշել, որ սենատորներից ոչ մեկին մոտ չի թողել իր պատգարակին՝ ո՛չ ողջունելու համար, ո՛չ գործով: Նույնիսկ երբ երկարաշունչ ճառի կամ խոսակցության ժամանակ քծնանքի խոսքեր է լսել, խոսողին ընդհատել է, նախատել և տեղնուտեղն ուղղել է: Երբ որևէ մեկը նրան «տիրակալ» բառով է դիմել, նա տեղնուտեղը հայտարարել է, թե այսուհետ թող իրեն այդպես չվիրավորեն: Մեկ ուրիշն էլ նրա գործերը «սրբազան» է անվանել և ասել, որ ինքը դիմում է սենատին համաձայն նրա կամքի, բայց Տիբերիոսը նրան ուղղել է և ստիպել, որ «համաձայն նրա կամքի» -ի փոխարեն ասվի «ըստ նրա խորհրդի», իսկ «սրբազան» -ի փոխարեն ասվի «կարևոր»:

Նա իր նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, չարախոսությունը, իր մասին գրված վիրավորական ոտանավորները համբերությամբ հանդուրժել է՝ հպարտությամբ հայտարելով, որ ազատ տերության մեջ պետք է ազատ լինի և միտքը, և լեզուն: Մի անգամ սենատը նրանից պահանջել է քննություն կատարել նման հանցագործությունների ու հանցագործների վերաբերյալ, իսկ նա պատասխանել է. «Մենք չափից դուրս քիչ ժամանակ ունենք, որպեսզի խճճվենք այդ անհամար գործերի մեջ»:

Մի անգամ վիճելով սենատոր Քվինտոս Գատերիոսի հետ՝ նա ասել է.

«Ների՛ր, խնդրո՛ւմ եմ, եթե ես իբրև սենատոր չափից դուրս խիստ արտահայտվեմ քո դեմ…», - ապա, դիմելով ամբողջ ժողովարանին, ավելացրել է. «Մեկ անգամ չէ, որ ասել եմ և կրկնում եմ, հա՛յր սենատորներ, որ բարի ու բարեգործ կառավարիչը, որ ձեզ է պարտական այսքան ընդարձակ և լիակատար իշխանությամբ, պետք է միշտ սենատի, ժամանակ առ ժամանակ՝ ժողովրդի, իսկ երբեմն էլ ՝ առանձին քաղաքացիների ծառան լինի.ես չեմ ամաչում այսպես խոսել, որովհետև ի դեմս ձեզ ունեցել եմ և ունեմ թե՛ բարի, թե՛ արդարամիտ, թե՛ գթասիրտ տերեր»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1208 | 0 | 0
Facebook