Մի՛ շփոթվիր,
Կինը երբեք չի՛ շփոթվում,
Ոչ էլ դեմքիդ կարմիր հագիր,
Հետո ի՞նչ, որ գույնը կարմիր
Շատ է սազում շրթունքներիդ ու այտերիդ:
Քո բազմաթիվ հնարքներից մեկը փորձիր,
Ա՜յն մեկը,
որ տղամարդուն հունից հանում
Ու տանում է իր կարճ զգեստի
մութ ծալքերում ոչնչացնում…
(Կինը ունի այդ հնարքը՝
Ոտքը ոտքի վրա գցել -
Տղամարդուն շփոթեցնել)
Իսկ դու փոքրիկ աղջկա պես
Ամեն անգամ շփոթվում ես,
Շփոթվո՜ւմ ես – շփոթեցնո՜ւմ
Ու ծածկելու աչքիդ թացի բուն պատճառը
Մեկնում ես ինձ թաշկինակդ.
- Հանի՜ր խնդրեմ, ձախ աչքիս մե՛ջ
Քամին կարծես փոշի գցեց:
Ձևացնո՜ւմ ես,
Ձևացնում եմ, թե չգիտեմ հնարքը այդ
Մոտենում եմ ու համբուրում աչքերդ տաք…
… Մտածում եմ,
Քամին այդ ո՞ւմ շունը դառավ, սենյակ մտավ,
Երբ սենյակում փոթորի՛կ կար…
Հրաբո՜ւխ կար
Ու եռ եկող լավան իր մեջ
պետք է ժայթքե՛ր,
պետք է այրե՜ր
պետք է այրվե՜ր, հանգստանա՜ր՝
Ինչպես հիմա քո գլուխն է
Հանգստանում ձեռքիս վրա:
Ու թանչում* է մի լռություն, որ նման չէ լռությանը
(Տեսնես ե՞րբ է կինը լռել
Ու զարմացրել բնությանը)
Ու թվում է, որ հանգել է մի հրաբուխ,
Ու թվո՜ւմ է էլ չի ժայթքի,
(Զարմանում է բնությունը՝
առանց հասնել նուռը ճաքի՞)
Կպցնում եմ մի գլանակ,
Ծուխը մթում դանդա՜ղ,
հոգնա՜ծ,
Բարձրանո՜ւմ է,
Տարածվո՜ւմ է սենյակով մեկ…
ու քո ձայնն է լսվում հանկարծ.
- Ո՞ւր ես, արի՜, ծո՜ւխդ լցվեց աչքերիս մեջ…
Ս.Ումառ-Հարությունյան