ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՄԻՋԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿՆ Է
Սույն վերնագիրը դարձել է թևավոր խոսք և ՀՀ ոստիկանապետի որդեգրած աշխատաոճ. «Անպետք ոստիկանին հանել համազգեստի միջից»: Չնայած այն իրողությանը, որ ամենաշատը երկու ամսից այդ նույն «անպետքները» ավելի բարձր չին ունեցող համազգեստ են հագնում… Բայց և այնպես պարոն ոստիկանապետ հանձնարարեք թեկուզ երկու ամսով ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնի պետին մերկանալ. որովհետեև ինքը թքած ունի ոչ միայն Թալին-Երևան ճանապարհին գտնվող «ՍՎ.ԱՆ.ՈՐ» ՍՊԸ-ի կողմից ԱՐՋՈՒԿԻՆ բանտարկելու, այլ նաև ՀՅԴ անդամ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի խնդրանքի վրա` այն է «օժանդակել ապօրինի պահվող ԱՐՋԻ առգրավմանը և նրան Երևանի կենդանաբանական այգի տեղափոխմանը»:
Հարգարժան ոստիկանապետ Ձեր շռայլած ժպիտներից և սեթևեթանքներից ելնելով թույլ տվեք եզրակացնել, որ Դուք նաև կենդանասեր եք. օրինակ, արջ սիրում եք, չէ՞: Ուրեմն խնդրում եմ հանձնարարել Ձեր ենթականերին, որպեսզի արձագանքեն բնապահպանության նախարարի խնդրանքին և ԱՐՋՈՒԿԻՆ տեղափոխեն կենդանաբանական այգի: Արջի պատմության մանրամասներին կարող եք ծանոթանալ «Ահազանգ ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին» հոդվածից: Նյութի աղբյուրը` hraparak.am:
Ձեր այդ բարեգործությունից հետո Դուք Ձեզանից ավելի շատ գոհ կմնաք:
Հասմիկ Մելքոնյան
Գյումրի