Ասում են, թե ամենասկզբում եղել է Խավարը, ապա Խավարից ծնունդ է առել Քաոսը: Խավարի ու Քաոսի միությունից գոյացել են Գիշերը, Ցերեկը, Էրեբոսը և Օդը:
Էրեբոսի հետ Գիշերվա միությունից գոյացել են Ճակատագիրը, Ծերությունը, Մահը, Սպանությունները, Հեշտանքը, Քունը, Երազատեսությունը, Գժտությունը, Վիշտը, Բարկությունը, Վրեժխնդրությունը, Ուրախությունը, Բարեկամությունը, Կարեկցությունը, մոյրաներն ու հեսպերուհիները:
Օդի և Ցերեկի միությունից ծնվել են Գեա-Երկիրը, Երկինքը և Ծովը:
Օդը կենակցել է նաև Գեա-Երկրի հետ, և այդ միությունից ծնվել են Վախը, ծանր Աշխատանքը, Կատաղությունը, Թշնամանքը, Խաբեությունը, Զրպարտությունը, հոգու Կուրությունը, Անզսպությունը, Լեզվակռիվը, Մոռացումը, Կսկիծները, Հպարտությունը, Բախումները, ինչպես նաև Օվկիանոսը, տիտանները, Տարտարոսն ու երեք էրինիաները կամ ֆուրիաները:
Հետո Գեա-Երկիրը կենակցում է Տարտարոսի հետ, և աշխարհ են գալիս գիգանտները:
Ծովի ու նրա մեջ թափվող գետերի միությունից ծնվում են ներեուհիները (ծովի նիմփաները): Բայց մահկանացուներն ի հայտ են գալիս այն ժամանակը, երբ, Աթենաս աստվածուհու թույլտվությամբ, Պրոմեթևսը, աստվածների նմանությամբ, կավից ծեփում է նրանց: Այդ գործն անելու համար նա Պանոպեից հող ու ջուր է վերցնում, իսկ Աթենասը նրանց շնչավորում է:
Հույն փիլիսոփա Հեսիոդոսը «Աստվածների ծագումնաբանությունը» էպիկական պոեմում հետևյալն է գրել.
«Նաև ասում են, թե ամեն գոյի` Քաոսից անսպասելիորեն հայտնված աստվածը, որին ոմանք «Բնություն» են անվանում, երկիրը բաժանում է երկնքից, ջուրը` հողից, և վերին եթերը` ստորին եթերից: Նա տարերքն այնպիսի կարգի մեջ է դնում, որպիսին տեսնում ենք հիմա: Նա նաև երկիրը գոտիների է բաժանում` շատ շոգ, շատ ցուրտ ու բարեխառն: Նա երկրի վրա հարթավայրեր ու լեռներ է ստեղծում, դրանք ծածում է խոտերով ու ծառերով: Նա երկրի վերևում պտտվող գմբեթ է տեղադրում, այնտեղ աստղեր է շաղ տալիս ու չորս քամիների կացարան է հիմնում: Նա նաև ջրերը ձկներով է բնակեցնում, երկիրը` կենդանիներով, իսկ երկնքում տեղադրում է արևը, լուսինն ու հինգ մոլորակները: Ի վերջո նա ստեղծում է մարդուն, որն իր հայացքը երկինք է ուղղում ու տեսնում է արևը, լուսինն ու աստղերը, եթե ճշմարիտ չէ այն, որ Պրոմեթևսն ինքն է հողով ու ջրով ծեփել առաջին մարդկանց, իսկ նրանց մեջ հոգին հայտնվել է աստվածային թափառուն տարերքի շնորհիվ»: