Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մայր Աթոռի «բացահայտումները» կարող են բումերանգի էֆեկտ ունենալ

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
15:22, չորեքշաբթի, 06 հունիսի, 2018 թ.
Մայր Աթոռի «բացահայտումները» կարող են բումերանգի էֆեկտ ունենալ

Մեկ անգամ չէ, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանի ձեռամբ տարբեր լրատվամիջոցների և կայքերի խողովակով տարածվում են իրականությանը մեծ մասամբ չհամապատասխանող, ճշմարտության կեղծ շղարշով պատված, բայց իրականում հերյուրալից և խուսափողական շինծու պարզաբանում-բացահայտումներ, որոնք ավելի շատ հիշեցնում են վարկաբեկիչ զրպարտագրեր: Դրանք ակնհայտորեն միտում ունեն սևացնելու և ցեխարձակելու այն անձանց, որոնք համարձակվում են ունենալ սեփական կարծիք և դիրքորոշում եկեղեցական զանազան հարցերի ու խնդիրների վերաբերյալ՝ ուղղակիորեն հակառակվելով Գարեգին Բ կաթողիկոսի ապաշնորհ քաղաքականությանն ու հակաեկեղեցական կառավարման գործելաոճին:

Գարեգին Բ-ի ընդդիմախոս հանդիսացող Հայ եկեղեցու կարգալույծ, բայց ավելի հոգևորական մնացող սրտացավ եկեղեցականները, հաշվի առնելով որոշ զգայունություններ և նուրբ հանգամանքներ, իրենց հրապարակային քննադատություններում և հայտարարություններում ջանում են զերծ մնալ անձնական վիրավորանքներից, սկանդալային կաթողիկոսի ու նրա շրջապատում դիրք զբաղեցրած մի շարք եկեղեցականների անձնական կյանքի խայտառակ ու ամոթալի դրվագների հանրայնացումից: Փոխարենը առաջ են քաշում և բարձրաձայնում Հայ եկեղեցում տարիներ շարունակ կուտակված և անելանելի թնջուկի վերածված տասնյակ, գուցե հարյուրավոր կնճիռներն ու անկարգությունները, որոնց մասին խոսելը, ինչ խոսք, չի բխում անձամբ Գարեգին Բ կաթողիկոսի ու նրա ստեղծած բռնապետական համակարգի շահերից:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը բազմիցս անպատասխան է թողել ինչպես անհատ քաղաքացիների, եկեղեցու զավակների, տարբեր հոգևորականների, այնպես էլ հասարակական գործիչների և լրագրողների շատ ու շատ գրավոր հարցադրումները, բանավոր հեռախոսազանգերը, բաց նամակներն ու պաշտոնական գրությունները: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ի սկզբանե որդեգրել է ջայլամի քաղաքականությունը՝ պատասխանելով այն ամենին, ինչն իրե՛ն է ձեռնտու, մեկնաբանելով այնպես, ինչն իրե՛ն է շահավետ և անտեսելով ու շրջանցելով այն ամենը, ինչը հուզում է մի ողջ ժողովրդի: Մինչ օրս չի եղել մի խելամիտ և ծանրակշիռ պատասխան՝ հնչեցված բազմաթիվ քննադատություններին, որոնց մեծ մասը կառուցողական և շինիչ նպատակով են արվում: Հայ եկեղեցու պատմության մեջ Գարեգին Բ-ն դաջվեց որպես ամենաքննադատված, ամենաչսիրված և ամենաանժողովրդական կաթողիկոսը:

Գարեգին Բ կաթողիկոսին հրապարակային քննադատություններով տարբեր ժամանակներում հանդես են եկել տարբեր եկեղեցականներ (մեծ մասամբ՝ կարգալույծ): Թվարկենք նրանց՝ Մեսրոպ արք. Մութաֆյան (Պատրիարք Հայոց Թուրքիո), Նուրհան արք. Մանուկյան (Պատրիարք Հայ Երուսաղեմի), Նորվան արք. Զաքարյան, Տիրան արքեպս. Կյուրեղյան, Խորեն վրդ. Հովհաննիսյան, Գարեգին աբղ. Հարությունյան, Հովհաննես աբղ. Մայիլյան, Հովհաննես աբղ. Սահակյան, Հայրիկ աբղ. Հովհաննիսյան, Եղիա աբղ. Խաչատրյան, Մանուկ քհն. Մնացականյան, Մեսրոպ քհն. Արամյան, Գրիգոր քհն. Ավետիսյան, Հակոբ քհն. Պետրոսյան, Սահակ քհն. Գալստյան, Մխիթար քհն. Սարիբեկյան, Աբել քհն. Մանուկյան, Մարտիրոս քհն. Բերբերյան, Նիկողոս քհն. Հովհաննիսյան, Մովսես քհն. Մանուկյան, Արա սրկ. Նալչաջյան, Ռոբերտ սրկ. Աղազարյան, Ստեփան սրկ. Հովակիմյան:

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգը, փոխանակ պատասխանելու բարձրաձայնված հարցերին ու մտահոգություններին, միտումնավոր կերպով կոծկում է առկա խնդիրները, հարձակման թիրախ դարձնում քննադատների անձնական կյանքը՝ սևացնելով վերջիններիս անունները ճշմարտանման զրպարտություններով, պախարակելով նրանց անունը, ոտնակոխելով եկեղեցականների արժանապատվությունը և այդկերպ խուսանավելով բուն թեմայի արծարծումից: Մինչև անգամ եղել են դեպքեր, երբ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպս. Խաչատրյանը հանձնարարել է իր միաբաններից մեկին, որպեսզի վերջինս Արմհակ կեղծանվամբ վարկաբեկիչ նյութեր հրապարակի՝ ի հակազդեցություն Գարեգին Բ կաթողիկոսի հասցեին հնչած քննադատությունների: Հիշենք մամուլում լույս տեսած «Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը քեբաբխանա՞» վերտառությամբ անճոռնի գրությունը, որը ցեխ էր շպրտում Երուսաղեմի դարավոր սրբավայրերի և անձամբ Նուրհան պատրիարք Մանուկյանի վրա: Ցավոք, սա միակ դեպքը չէ: Գարեգին Բ կաթողիկոսը սովոր է իր դավերը նյութել ուրիշների ձեռքով՝ ոչ միայն իրեն սպասարկող եկեղեցականների, այլև որոշ սադրիչ անհատների միջոցով, որոնք տարբեր կայքերում և սոցիալական ցանցերում հիմնականում հանդես են գալիս կեղծանուններով կամ կեղծ հաշիվներով:

Մայր Աթոռի պաշտոնեությունը, Գարեգին Բ կաթողիկոսի օրոք, որդեգրեց սովետական համակարգից ժառանգած, ապա քոչարյանասերժական ռեժիմով բյուրեղացած այս արատավոր գործելաոճը: Անցյալի աշխարհիկ ու քաղաքական ղեկավարները նույնպես իրենց կուսակցական շարքերից հեռացնում էին այն այլախոհներին, որոնք համարձակվում էին որևէ կերպ ընդդիմախոսել տիրող ռեժիմի դեմ: Նրանց ամենավերջին ձևով ստորացնում ու հաչս հանրության վարկաբեկում էին, որպեսզի մյուսների աչքը վախենա: Այսպես, համատարած սարսափի և սպառնալիքի մթնոլորտում ոչ ոք այլևս չէր համարձակվում բացել իր բերանը և ղեկավարության հասցեին մի որևէ թթթու կամ կծու խոսք ասել: Համրացածների թվում են նաև մի շարք շքանշանակիրներ, որոնք իրենց ինչ-ինչ «արժանիքների» համար բավական թանկ են վճարել այդ շքանշաններին հասնելու համար:

Նույնկերպ է վարվում նաև Գարեգին Բ կաթողիկոսը՝ օգտագործելով իր ենթակա սպասավորների, իրեն գաղափարակից ու համակիր սակավաթիվ անձանց հեղինակությունն ու կարողությունները: Ինքն անձամբ երբևէ հանդես չի գալիս կենդանի խոսքով, ժողովրդի հետ անմիջական շփումով, այլ բավարարվում է տեքստային հաղորդակցությամբ, կաղապարված նախադասություններով և պաշտոնական հաղորդագրություններով: Հայոց նախորդ և ոչ մի կաթողիկոս չի ունեցել խոսնակ, քանի որ կաթողիկոսը խոսնակի կարիք չունի. ինքն է իր խոսնակը: Նա մինչև անգամ չի վարանում իր սասանված հեղինակությունը ժողովրդի առաջ բարձրացնել քիչ թե շատ հարգանք ու համբավ վայելող քահանաների պաշտպանությամբ՝ այդկերպ առաջին հերթին հարվածելով հենց այդ քահանաների հեղինակությանն ու անվանը:

Տեր Վահրամին կարիք կա՞ հիշեցնելու, որ անձնական կյանքի գաղտնիությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է։ Այն կարելի է համարել մարդու արժանապատիվ կյանքի հիմքը, խոսքի ազատության, ազատ կամքի, ազատ ընտրության և առհասարակ ազատության կարևոր նախապայմանը։ Համաձայն ՀՀ սահմանադրության 23-րդ հոդվածի՝ «առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով», «յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, որը կարող է սահմանափակվել միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով, դատարանի որոշմամբ»: Սահմանադրությունից և օրենքներից զատ նաև շատ կարևոր է, որ հասարակությունը հետևողական լինի այս հարցի նկատմամբ, քանի որ հասարակության մասնիկ կազմող անհատները դեռ մանկուց տեսնում են, թե ինչպես են ամեն կողմից միջամտում մյուսների անձնական կյանքին՝ բարեկամները, հարևանները, բակում հավաքված տատիկներն ու պապիկները, ընտանիքներում՝ ծնողները, աշխատավայրերում՝ գործատուները, և այսպես շարունակ։

Դեռ չենք խոսում այն մասին, որ Գարեգին Բ-ն հրահանգել է կաթողիկոսարանի դիվանատան Ընդհանուր բաժնի սարկավագներին, որպեսզի բացեն կաթողիկոսարանում ստացված բոլոր միաբանների անձնական նամակների ծրարները, որպեսզի նամակները պատճենվեն, և ապա հանձնվեն հասցեատիրոջը: Այս ոտնձգության դեմ մի առիթով ընդվզել էր Կոմիտաս վրդ. Հովնանյանը, ով իր ծանոթներին խնդրեց իրեն ուղղված նամակներն այլևս Մայր Աթոռ չուղարկել: Սա նույնպես գալիս է վկայելու և հաստատելու այն վախի, կասկածամտության ու անվստահության մթնոլորտը, որը ձևավորել է Գարեգին Բ կաթողիկոսը իր գահակալության անփառունակ տարիներին՝ դեռևս սկսելով Արարատյան հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ եղած ժամանակներից: Նա հանձնարարում է բոլոր միաբաններին, որ մեկը մյուսի նկատմամբ «գործ» տա իրեն, հետո ինքը առերեսում անի ու պարզի եղելությունը: Իրականում նա ստոր միջոցներով խռովություն ու թշնամանք է սերմանում միաբանների միջև և նրանց մասին հավաքագրում բավարար «գործեր» ՝ հարկ եղած դեպքում ոչնչացնելու նրանցից յուրաքանչյուրին, որպեսզի նրանցում կոտրի իր ռեժիմի դեմ պայքարող նրանց հեղափոխական ազատատենչ ոգին:

Վահրամ քահանա Մելիքյանը ոչ միայն պետք է զերծ մնա ապատեղեկատվություն տարածելուց, այլև քննադատների անձնական կյանքի այլևայլ մանրուքներ քչփորելուց, դրանք մանրադիտակով զննելուց և մտացածին մեկնաբանություններով համեմելուց: Սուրբ Էջմիածինը պետք է վեր կանգնի այս ճղճիմ հոգեբանությունից և որդեգրի հրապարակային շփման քաղաքակիրթ գործելաոճ: Վերջին հաշվով, նման կերպով վարվեցողությունն ավելի է խորացնում քննադատությունների արժանահավատ լինելը և ի ցույց դնում Գարեգին Բ կաթողիկոսի ու նրա եկեղեցական պաշտոնյաների մանրախնդիր փոքրոգությունը, չասելու համար՝ տմարդությունը: Այդ նույն տրամաբանությամբ կաթողիկոսը բոլոր եկեղեցականների վրա կոմպրոմանտներ է հավաքում՝ աչք փակելով ու թույլ տալով, որ նրանք եկեղեցականին ոչ վայել պահվածք ու զանցառություններ դրսևորեն, որպեսզի որէև ժամանակ, երբ փորձեն ընդդիմանալ հայրապետին, ապա իր երբեմնի արտոնած և աչք փակած «կարգազանցություններով» փորձի մտրակել և կարգի հրավիրել «ըմբոստ» եկեղեցականներին:

Սա արվում է հինգ գլխավոր պատճառներով. ա) քանի որ Գարեգին Բ-ն չունի պատասխան հնչեցված արդարացի քննադատություններին, ուստի փորձում է մի բան պատասխանել պատասխանելու համար, բ) հնարավորինս պետք է շեղել հանրության ուշադրությունը հրապարակային քննադատություններից կամ հայտարարություններից, գ) արատավորել քննադատների համբավը և հասարակության մեջ թյուր կարծիք ձևավորել նրանց մասին, որպեսզի վերջիններս հասարակական մեկուսացման ենթարկվեն, դ) հոգեբանական ճնշման ենթարկել ընդդիմախոսներին, որպեսզի նրանք տեղի տան ազատ արտահայտվելու իրենց մտադրությունից և բարդույթավորվելով՝ լռեցնեն սեփական խղճի ձայնը, ե) որպեսզի դաս լինի մյուս եկեղեցականների համար, որ իրենց նույպես սպասվում է այս դառը ճակատագիրը, եթե հանկարծ փորձեն հրապարակային քննադատություններ հնչեցնել կաթողիկոսի ու նրա միապետական համակարգի հասցեին:

Նախկին իշխանական ռեժիմի օրոք բազմաթիվ եկեղեցականներ, որոնք չէին դաստիարակվել Գարեգին Բ կաթողիկոսի հարվածող գավազանի ներքո, կաշկանդված չէին իրենց մտածողության մեջ՝ կարողանալով ազատորեն արտահայտել սեփական տեսակետները: Ավագ սերնդի մի շարք եկեղեցականներ մեկուսացվեցին իրենց լայնախոհության և համարձակախոսության պատճառով, որոնցից հիշենք Մեսրոպ արք. Մութաֆյանին, Հուսիկ արք. Սանթուրյանին, Ներսես արք. Պոզապալյանին, Արսեն արք. Բերբերյանին, Զարեհ ծ. վրդ. Պարոնյանին, Շնորհք ծ. վրդ. Գասպարյանին և այլոց: Ավելի երիտասարդ սերնդին Գարեգին Բ կաթողիկոսը փորձեց իր երկաթյա բռունցքի մեջ հավաքել՝ սին խոստումներ տալով դյուրահավատ դեռահասներին, իսկ անհնազանդներին՝ մատնելով ոստիկանական և իրավապահ ծառայություններին: Նույն քաղաքականությունն է վարում նաև կաթողիկոսի եղբայր Եզրաս արք. Ներսիսյանը՝ որպես թեմակալ առաջնորդ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում:

Միանգամայն սպասելի է, որ այսպիսի գաղջ մթնոլորտում տեղի ունեցող կարգալուծությունները քննելու և վճռելու համար երբևէ չի գումարվում նվիրապետական չորս Աթոռներից կազմված եկեղեցական ատյան (դատարան) ՝ պահպանելու վերջինիս անկախությունն ու անկողմնակալությունը: Միանձնյա որոշումներ կայացնելու համար հաճախակի քննադատված կաթողիկոսը ժամանակի ընթացքում փոխեց իր մարտավարությունը: Այս անգամ նա իր մտադրություններն իրականացնում է իր շուրջը խմբված եպիսկոպոսների «միջնորդագրերով», թեմական խորհուրդների «խնդրագրերով» և 2011 թվից Մայր Աթոռում գործող Կարգապահական հանձնախմբի «եզրահանգումներով»: Վերջինիս անդամները Մայր Աթոռում պաշտոնավարող այն եպիսկոպոսներն են, ովքեր հլու-հնազանդ կատարում են իրենց ղեկավարի՝ Գարեգին Բ կաթողիկոսի հրահանգները: Անդամների թվում են կաթողիկոսի համագյուղացի դիվանապետ Արշակ եպս. Խաչատրյանը, լուսարարապետ Հովնան եպս. Հակոբյանը, հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ Գևորգ եպս. Սարոյանը, վանորեից տեսուչ Արտակ եպս. Տիգրանյանը, իսկ ատենապետն է Ոսկան արք. Գալփակյանը, ով փոխարինեց հանգուցյալ Արսեն արք. Բերբերյանին: Դիտորդի կարգավիճակով ներկա է գտնվում նաև Վարչատնտեսական բաժնի վարիչ Մուշեղ եպս. Բաբայանը՝ հավանաբար խոսակցությունը գաղտնի ձայնագրելու և կաթողիկոսին հրամցնելու դիտավորությամբ:

Կարգալույծ եղած եկեղեցականների վրա բարդվում են այնպիսի ուռճացված և հաճախ սին, անապացույց մեղադրանքներ, որ եկեղեցու ներքին խոհանոցից անտեղյակները կարող են մտածել, թե կարգալույծ չեղած եկեղեցականները Գարեգին Բ կաթողիկոսի համար երկնքից իջած հրեշտակներ են կամ առնվազն՝ սրբեր: Մինչդեռ եթե մեկ առ մեկ հրապարակվի նրանցից ամեն մեկի կենսագրությունն ըստ ամենայնի, որոնք անվերապահորեն անհերքելի հիմքեր կծառայեն կարգալուծության համար, ապա մարդ չի մնա եկեղեցական անդաստանում: Այն չափանիշով, ինչով որ չափում ու դատում են իրենց մսաղացի տակն ընկած անպաշտպան եկեղեցականներին, պետք է սկսեն չափել ու դատել նվիրապետական կարգի ամենավերին աստիճանն զբաղեցնող եկեղեցականներից: Ի՞նչ կստացվի, եթե կարգալույծ եղած եկեղեցականներն էլ սկսեն հասարակության առջև պարզեն Գարեգին Բ կաթողիկոսի ու նրան խնկարկող եպիսկոպոս-վարդապետ-քահանա այրերի կյանքի, մեղմ ասած, կեղտոտ մանրապատումները:

Ինչպես իր բաց նամակում արդարացիորեն նշել էր Գարեգին Բ կաթողիկոսի կողմից երկիցս կարգալույծ հռչակված Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, «մենք պատրանքներ չունենք, որ մտածենք, թե մարդկային կյանքն արժեք ունի Գարեգին Բ-ի համար... Նա միայն երկու լեզու է հասկանում. շատ դրամ և մեծ իշխանություն»: Եվ սա բացարձակ ճշմարտություն է: Կաթողիկոսի համար ոսկի կանոն են բոլոր մեծահարուստ բարերարների խոսքերը, որոնցից նա ամեն առիթով առանց քաշվելու դրամ է մուրում եկեղեցու անվան տակ, և պետական չինովնիկները, հոգ չէ թե նրանք որքա՛ն են թաթախված ամենատարբեր ապօրինությունների և կոռուպցիայի մեջ: Արդարև, որտեղ սպառվել են կաթողիկոսի լծակները, որոնց բարձրակետը կարգալուծությունն է, արդեն նա գործի է դրել պետական լծակները՝ իր անդավաճան ընկերոջ ռեժիմի դասերը փայլուն սերտելով ու յուրացնելով: Բայց նույնիսկ այս ճահճացած և գորշ մթնոլորտում կարող են գտնվել իրենց հոգին սատանային չվաճառած և Բահաղի կուռքին չծնրադրած անձնուրաց հոգևորականներ, որոնք ի վիճակի են առաջնորդել համաժողովրդական այս աննախադեպ ընդվզումը՝ ընդհուպ մինչև պահանջելով Հայ Առաքելական եկեղեցու որևէ անարժան կաթողիկոսի հեռացումը և արձանագրելով հայ ժողովրդի երկրորդ հաղթանակը:


     «Հայ եկեղեցու բարեկարգում» նախաձեռնություն
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4262 | 0 | 0
Facebook