Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր Թոնի Ֆադելի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, iPod ապրանքանիշի ստեղծող, լիբանանյան ծագումով ամերիկացի գյուտարար Թոնի Ֆադելի հետ: Երևանի քաղաքապետը նախ շնորհավորել է Թոնի Ֆադելին՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար նախօրեին ՀՀ Նախագահի 2017 թվականի մրցանակին արժանանալու առթիվ և մաղթել նրան նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ: Այնուհետ հյուրին ներկայացնելով Երևանն ու վերջին տարիներին քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող զարգացման ծրագրերը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ հետևողական քաղաքականություն է տարվում քաղաքը ինչպես բնակիչների, այնպես էլ հյուրերի համար առավել հարմարավետ դարձնելու ուղղությամբ: «Երևանը հաջորդ տարի կնշի իր հիմնադրման 2800-ամյակը, և մեր նպատակն է, որ մեր մայրաքաղաքն աշխարհին ներկայանա ոչ միայն որպես հնագույն քաղաքներից մեկը, այլ նաև, հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր մասնագետների ունեցած մեծ ներուժը, Երևանը դարձնենք նաև աշխարհի այն քաղաքներից մեկը, որը ստեղծում է խելացի լուծումներ և խելացի առաջարկներ: Այդ նպատակով մենք ստեղծել ենք «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողով, որն այսօր արդեն հստակ քայլեր է ձեռնարկում հայեցակարգի ու ռազմավարության մշակման ուղղությամբ: Հաջորդ տարի Երևանի 2800-ամյակի միջոցառումների շրջանակում մենք նախատեսում ենք նաև կազմակերպել երկու խոշոր միջոցառում՝ միջազգային կոնֆերանս և «Սմարթ Սիթի Էքսպո» միջազգային ցուցահանդես, որոնք սերտորեն առնչվելու են հենց Խելացի քաղաք ծրագրին: Մասնավորապես այս ծրագրերի իրականացման հարցում ակնկալում եմ նաև Ձեր աջակցությունը և, ընդհանրապես, ակտիվ համագործակցությունը «Երևան` խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի հետ», - նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ ընդգծելով, որ անվանի գիտնականի առաջարկներն իսկապես կարևոր ու անհրաժեշտ են հանձնաժողովի համար: |