Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մայրաքաղաքում մեկնարկել է գարեջրասերների կողմից սիրված Երևանի գարեջրի 4-րդ փառատոնը

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
15:17, կիրակի, 20 օգոստոսի, 2017 թ.
Մայրաքաղաքում մեկնարկել է գարեջրասերների կողմից սիրված Երևանի գարեջրի 4-րդ փառատոնը

Կարապի լճի հարակից տարածքում մեկնարկել է Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի ամենասպասված և սիրելի միջոցառումը՝ Երևանի գարեջրի 4-րդ փառատոնը: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ինչպես նաև քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:

Փառատոնի պաշտոնական բացումն ազդարարվել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի ողջույնի խոսքով:
     Ըստ փառատոնի կանոնակարգի՝ «Փառատոնը հայտարարվում է բացված» խոսքերից հետո տաղավարները նոր միայն սկսել են իրենց աշխատանքը:
     «Երևանի գարեջրի փառատոնը նպատակ ունի հանրությանը ծանոթացնելու հայկական գարեջրի ավանդույթներին, ինչպես նաև գարեջրի արտադրությամբ զբաղվող հայկական ընկերություններին համախմբելու մեկ հարթակում՝ հույս ունենալով, որ տարիներ անց Երևանի գարեջրի փառատոնը կդառնա տարածաշրջանում, և ոչ միայն, լավագույն զբոսաշրջային փառատոնը, որի համար շատերը կայցելեն Երևան» , - նշել է Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը:
     «Երևանի քաղաքապետարանը մեծ կարևորություն է տալիս զբոսաշրջային բաղադրիչ պարունակող միջոցառումներին, ինչպիսին է Երևանի գարեջրի փառատոնը, որի շնորհիվ տարեցտարի ավելի շատ զբոսաշրջիկներ են ժամանում մեր մայրաքաղաք» , - նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:
     Փառատոնի սկզբում լարախաղաց Հովսեփ Բեգլարյանը գարեջրի բաժակներով հետաքրքիր ծրագիր է ներկայացրել, իսկ այդ ամենը նկարահանվել է գերմանական ընկերության կողմից, որը զուգահեռաբար ֆիլմ է պատրաստում հայկական ազգային ավադույթների մասին:
     Փառատոնի ժամանակ Հայաստանի ֆիլատելիստների միության անդամ Ռոբերտ Հակոբյանի կողմից կներկայացվի հետաքրքիր ցուցահանդես: Իսկ փառատոնի մասնակիցները Տերյան մշակութային կենտրոնի տաղավարում հնարավորություն կունենան լուսանկարվելու:
     Այս տարի, ավանդույթի համաձայն, փառատոնին առանձին տաղավարներով իրենց գարեջրի տեսականիները և խորտիկները ներկայացրել են «Երևանի գարեջրի» գործարանը, «Գյումրի» և «Ալեքսանդրապոլ» գործարանները, «Կոտայք» գարեջրի գործարանը, «Beer Academia» գարեջրի գործարան-ռեստորանը, «Յանկի» փաբ-գարեջրատունը, «Karloff» չեխական գարեջրատուն-ռեստորանը, Հայաստանի խեցգետնակերների ֆեդերացիան, «BeerMania» գարեջրատուն-սրճարանը: Երևանի գարեջրի 4-րդ փառատոնում առաջին անգամ առանձին տաղավարներով մասնակցում են նաև «Ալավերդի» և «Դիլիջան» գարեջրի գործարանները, «Wild West» և «Barel» փաբ-գարեջրատները:
     Միջոցառումն իրենց կենդանի կատարումներով ավելի հետաքրքիր և ռիթմիկ կդարձնեն «Aleksandrapol» բենդը, DJ Leo-ն և «Միլեն» պարային համույթը:
     Նշենք, որ փառատոնում տուրիզմի բաժինը սահմանել է հատուկ կանոնակարգ, համաձայն որի մասնակից ընկերությունները գարեջուրը վաճառելու են ոչ ապակյա տարաներով և շուկայական արժեքից ցածր գնով, ինչպես նաև տարածքում արգելվելու է գարեջրի վաճառքը անչափահասներին: Միջոցառման ժամանակ ուրաքանչյուր տաղավարում անցկացվելու է 2-3 մրցույթ (հնարավորին արագ ըմպել, ըմպել ձողիկով, որոշել նրբերշիկի համը, արագորեն մաքրել գետնանուշը, արագորեն ուտել խեցգետին և այլն): Հաղթողները կստանան նվերներ՝ Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի և մասնակից ընկերությունների կողմից:
     Ըստ կազմակերպիչների՝ այս տարվա փառատոնին ակնկալվում է շուրջ 10.000 այցելու:
     Հիշեցնենք, որ Երևանի գարեջրի փառատոնը «Համով-հոտով Երևան» և «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոներից հետո երրորդ զբոսաշրջային բաղադրիչ պարունակող խոշոր միջոցառումն է, որն արդեն հասցրել է սիրվել ոչ միայն մեր համաքաղաքացիների, այլ նաև բազմաթիվ զբոսաշրջիկների կողմից:


     Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
     և հասարակայնության հետ կապերի վարչություն

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2847 | 0 | 0
Facebook