Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աստված, որին ես չեմ հավատում

00:24, կիրակի, 22 հունվարի, 2017 թ.
Աստված, որին ես չեմ հավատում
    
    

«Շատ աթեիստներ չեն հավատում այն Աստծուն, որին ես ինքս էլ չեմ հավատում»:

Կարդինալ Մաքսիմոս 4-րդ


     Ստորև գրվածը հեղինակի՝ Խուան Արիասի փորձն է՝ անկեղծ խոսքով ձևակերպել իր հավատը իր անհավատ բարեկամների համար:

Այո՛, ես երբեք չե՛մ հավատա.

այն Աստծուն, որը մեղքի հանդեպ մարդու թուլությունից օգտվելով՝ նրան «բռնացնում է» մեղքի մեջ,

այն Աստծուն, որը դատապարտում է նյութը,

այն Աստծուն, որն ունակ չէ պատասխան տալ ազնիվ ու անկեղծ մարդուն տանջող հարցերին,

այն Աստծուն, որը ցավն է սիրում,

այն Աստծուն, որը կարմիր լույսն է միացրել մարդկային ուրախությունների հանդիման,

այն Աստծուն, որը չորացնում է մարդու բանականությունը,

այն Աստծուն, որը բարեհաճ է մեր օրերի կայենների նկատմամբ,

այն Աստծուն, որն ստիպում է իրենից վախենալ,

այն Աստծուն, որը թույլ չի տալիս իրեն «դու» -ով դիմել,

այն Աստծուն, որը մեկ Եկեղեցու, մեկ ազգի, մեկ մշակույթի, մեկ կաստայի մենաշնորն է դառնում,

այն Աստծուն, որին մարդը պետք չէ,

այն Աստված-վիճակախաղին, որին կարելի է միայն պատահականորեն շահել,

այն Աստված-մրցավարին, որը դատում է պատրաստի կանոնակարգով,

այն Աստծուն, որն ի վիճակի չէ ժպիտով վերաբերվել մարդկանց մանր-մունր չարաճճիություններին ու զանցանքներին,

այն Աստծուն, որը մարդկանց խաղի մեջ է քաշում, որպեսզի նրանց դժոխք ուղարկի,

այն Աստծուն, որը չի կարողանում սպասել,

այն Աստծուն, որը բոլոր քննություններին հնգանոց է ուզում,

այն Աստծուն, որին աղոթում են մարդուն դատապարտողները,

այն Աստծուն, որն ունակ չէ ներել շատերի կողմից դատապարտելին,

այն Աստծուն, որին հասկանում են միայն իմաստուններն ու կայացածները,

այն Աստծուն, որից չեն վախենում հարուստները,

այն Աստծուն, որին կարող են ընդունել եսասերները,

այն Աստծուն, որին խոնարհվում են նաև նրանք, ովքեր եկեղեցի են գնում ու շարունակում են գողանալ ու չարախոսել,

այն մանրէազերծված Աստծուն, որը հորինվել է աստվածաբանների ու դոգմատիկների աշխատասենյակներում,

այն Աստծուն, որի համար հավասարազոր մեղքեր են երկու սքանչելի ոտիկներով ուրախանալը, աղոթքից շեղվելը, մերձավորից բամբասելը, բանվորի աշխատավարձը գողանալն ու իշխանությունը չարաշահելը,

այն Աստծուն, որը երբեմն ափսոսում է, որ մարդուն ազատություն է տվել,

այն Աստծուն, որն անարդարությունն անկարգությունից գերադասում է,

այն Աստծուն, որն աշխատանքի փոխարեն նախընտրում է ծնկաչոքությունը,

այն Աստծուն, որն ասում է. «Դու դրա համար հատուցելու ես»,

այն Աստծուն, որն անտարբեր է տառապող մարդկությանը հուզող հարցերի նկատմամբ,

այն Աստծուն, որին ոչ թե մարդիկ են հարկավոր, ալ հոգիները,

թմրեցման Աստծուն, որի համար երկրի նորացումն ու հույսն արժեքավոր են միայն ապագա կյանքի համար,

այն Աստծուն, որն իր համար աշակերտներ է արարում, որոնք իրենց հանձնառությունը բաժանում են աշխարհով մեկ, բայց անտարբեր են իրենց եղբայրներից յուրաքանչյուրի անձնական կյանքի նկատմամբ,

այն Աստծուն, որին պաշտպանում են նրանք, ովքեր իրենց ձեռքերը չեն կեղտոտում, պատուհանին չեն մոտենում ու երբեք կրակն ու ջուրը չեն նետվում,

այն Աստծուն, որի համար արժեքավոր են նրանք, ովքեր միշտ ասում են. «Ամեն ինչ կարգին է»,

նրանց Աստծուն, ովքեր հոգևորականից պահանջում են, որ նա սուրբ ջուր սրսկի կեղտոտ մեքենայություններից շինված ճերմակ տապանաքարերի վրա,

այն հոգևորականների քարոզած Աստծուն, որոնք մտածում են, թե դժոխքը բերնեբերան լցված է, իսկ արքայությունը գրեթե դատարկ է,

այն հոգևորականների Աստծուն, որոնք համոզված են, թե կարելի է քննադատել ամեն ինչ ու բոլորին՝ բացի իրենցից,

այն Աստծուն, որն արդարացնում է պատերազմը,

այն Աստծուն, որն օրենքը խղճից վեր է դասում,

այն Աստծուն, որն աջակցում է լճացած, կարծրացած, ապաշխարության անկարող այն եկեղեցուն,

այն հոգևորականների Աստծուն, որոնք ամեն ինչին պատրաստի պատասխաններն ունեն,

այն Աստծուն, որը մարդուն մեղք գործելու ազատություն չի տալիս,

այն Աստծուն, որը նախընտրում է հարուստներին,

այն Աստծուն, որը պատժում է քաղցկեղով, սպիտակարյունություն է «ներարկում», կնոջն ստերջ է դարձնում, որը «տանում է» ընտանիքի հորը՝ ընտանիքի հինգ անդամներին հուսահատության ու թշվառության մատնելով,

այն Աստծուն, որը հավանության է արժանացնում իր մասին աստվածաբանների բոլոր ասածները,

այն Աստծուն, որը չի փրկում նրանց, ովքեր չեն ճանաչել իրեն, բայց փնտրել են,

այն Աստծուն, որը առաջին իսկ մեղքից հետո մարդուն դժոխք է ուղարկում,

այն Աստծուն, որը մարդուն հնարավորություն չի ընձեռում իրեն դատել,

այն Աստծուն, որն ընդառաջ չի գնում իրեն լքողին,

այն Աստծուն, որն անկարող է ամբողջ գոյը նորացնել,

այն Աստծուն, որը յուրաքանչյուրի համար չունի առանձին, խիստ անձնական, բոլորովին տարբեր խոսքեր,

այն Աստծուն, որը լույս չէ,

այն Աստծուն, որը չի կարողանում բացվել մանկան, գեղեցիկ կնոջ կամ արտասվող մոր աչքերում,

այն Աստծուն, որը ներկա չէ մարդկային սիրո մեջ,

այն Աստծուն, որը խառնվում է քաղաքականությանը,

նրանց Աստծուն, ովքեր աղոթում են, որպեսզի ուրիշներն այդ ժամանակ աշխատեն,

այն Աստծուն, որին չի կարելի լողափում աղոթել,

այն Աստծուն, որը գոնե երբեմն չի բացվում նրան, ով նրան փնտրում է,

այն Աստծուն, որը ոչնչացնում է այն, ինչը սիրում է մարդը,

այն Աստծուն, որը մեզ երջանկացնելու համար առաջարկում է այնպիսի երջանկություն, որն անջատ է մարդկային բնությունից,

այն Աստծուն, որը ոչնչացնում է մեր մարմինը՝ փոխանակ դրան հարություն տա,

այն Աստծուն, որի համար մարդիկ ոչ թե ինքնին են արժեքավոր, այլ՝ թե իրենցից ինչ են ներկայացնում կամ ինչ ունեն,

այն Աստծուն, որի բարեկամը նա է, որն ապրում է այս երկրում՝ երջանիկ չդարձնելով ոչ մեկին,

այն Աստծուն, որն արևի նման շռայլ է, որը ջերմացնում է բոլորին, որին հպվում է՝ լինի ծաղիկ, թե թրիք,

այն Աստծուն, որը չի կարող մեզ տալ այն դրախտը, որտեղ մենք իրար եղբայրներ զգայինք, և որում լույսը բխում է ոչ միայն արևից ու աստղերից, այլ ամենից առաջ մարդկային սիրուց,

այն Աստծուն, որը սեր չէ և որը սիրո չի վերածում այն ամենը, ինչին դիպչում է,

այն Աստծուն, որն ի վիճակի չէ մարդուն սիրել,

այն Աստծուն, որ չմարդացավ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով,

այն Աստծուն, որը կնոջ արգանդից ծնված չի եղել,

այն Աստծուն, որն իր մորը մարդկությանը չի նվիրաբերել,

այն Աստծուն, որի վրա ես չեմ կարող հույս դնել:

Այո՛, իմ Աստվածն ուրի՛շ Աստված է:

Իմ Աստվածը խստասիրտ ու անմատչելի Աստված չէ:

Իմ Աստվածը փխրուն է:

Ես ու Նա միևնույն նյութից ենք,

Նա մարդ է, իսկ ես՝ գրեթե Աստված:

Որպեսզի ես ճաշակեմ աստվածայինը,

Նա սիրեց իմ ջրկացեխոտությունը:

Սերն իմ Աստծուն փխրուն դարձրեց:

Իմ Աստվածը ցանկացավ ուտել ու քնել:

Իմ Աստվածը հանգստացավ:

Իմ Աստվածն ուշադիր եղավ,

Իմ աստվածը զայրացավ, եղավ աչառու

և եղավ նուրբ՝ ինչպես երեխան:

Իմ Աստծուն մայրը կերակրեց,

և նրանից նա ստացավ կանացի քնքշություն:

Իմ Աստվածը մահվան հանդեպ դողաց:

Նա երբեք չսիրեց ցավը, երբեք չեղավ հիվանդության ընկերը,

և այդ իսկ պատճառով նա դարմանեց գիտնականներին:

Իմ աստվածը վտարանդիություն տեսավ.

Նրան հալածեցին ու Նրան ծափահարեցին:

Նա՝ Իմ Աստվածը, սիրեց ամեն մարդկայինը՝

Իրերն ու մարդկանց, հացն ու կնոջը,

Մեղավորներին ու արդարներին:

Իմ աստվածը եղավ իր ժամանակի մարդը:

Նա հագնվեց իր ժամանակակցի նման,

Խոսեց իր երկրի բարբառով,

Սեփական ձեռքերով վաստակեց,

Մարգարեների պես գոռաց:

Իմ Աստվածը թույլերի հետ թույլ եղավ,

Ու ամբարտավանների հետ՝ ամբարտավան:

Նա երիտասարդ մահացավ, որովհետև անկեղծ էր:

Նրան սպանեցին, որովհետև նրա աչքերում ճշմարտությունն էր:

Իմ Աստվածը առանց ատելության մեռավ,

Նա մեռավ՝ նախ և առաջ ներելով ու արդարացնելով:

Իմ Աստվածը փխրուն է,

Իմ Աստվածը կապերը խզեց հին բարոյականության՝ մանրախնդիր «ակն ընդ ական» -ի հետ,

Որպեսզի սիրո ուժի նոր հորիզոններ բացի:

Իմ Աստծուն՝ դավաճանված ու լքված,

գետնին գցեցին, մերկացրին,

բայց նա շարունակեց սիրել:

Այդ պատճառով էլ իմ Աստվածը հաղթեց մահին,

Այդ պատճատով էլ նրա ձեռքերին Հարության նոր պտուղն է,

Այդ պատճառով էլ մենք բոլորս Հարության ճանապարհին ենք:

Շատերին ծանր է իմ այդ փխրուն Աստվածը,

Իմ այն աստվածը,

Որն արտասվում է,

Որը չի պաշտպանվում՝

Աստծուց լքված իմ Աստվածը:

Նա պետք է մեռներ, որպեսզի հաղթեր:

Նա, որ գողին, հանցագործին

Իր Եկեղեցու առաջին սուրբը դարձրեց:

Իմ երիտասարդ Աստվածը,

Որը մահացավ քաղաքական մեղադրանքով:

Իմ Աստվածը՝ հոգևորական ու մարգարե, որն ստորացուցիչ մահվան տրվեց՝

առաջինը ինկվիզիցիայի ամբողջ պատմության ընթացքում:

Այո՛, նա դժվարին է՝ կյանքիս փխրուն ընկերը,

Նա դժվարին է նրանց համար, ովքեր մտածում են,

Թե հաղթանակ տոնել կարելի է միայն հաղթելով,

Ու սպանել՝պաշտպանվելով:

Դժվարին է նրանց համար, ովքեր փրկությունը՝ ջանք և ոչ թե ընծա են համարում,

Նրանց համար, ովքեր ամբողջ մարդկությանը մեղսական են համարում,

Նրանց համար, ովքեր ժուժկալին սուրբ են համարում,

Իսկ Քրիստոսին՝ հրեշտակ:

Նա՝ իմ փխրուն Աստվածը, դժվարին է նրանց համար,

Ովքեր դեռ մարդկանց չնմանվող Աստծուն են երազում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6550 | 0 | 0
Facebook