Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Տուֆտա» եզրույթի ծագման վերաբերյալ

21:15, երկուշաբթի, 16 հունվարի, 2017 թ.
«Տուֆտա» եզրույթի ծագման վերաբերյալ

«Էդի արդեն տուֆտա զրուց արիր»: Այս նախադասությունն «ականավոր» զորավար Մանվել Գրիգորյանն (առնվազն «Ար» հեռուստաընկերության «Մեր հաղթանակը» հաղորդաշարը մոտավորապես այդպես է նրան քծնամեծարում) է արտաբերել` ի պատասխան լրագրողներից մեկի հարցի (մեջբերումն ուղղակի պատճենահանված է և, բնականաբար, անգրագետ` ինչպես նախադասությունն արտաբերողը): Բայց հիմա անդրադարձս ոչ թե «զորավար» -ին է, այլ «տուֆտա» եզրույթին, որը Հայաստան են ներմուծել ռուսախոս հայերը, և որը շատ հարմար տեղավորվել է ընդամենը կենցաղային շփման միջոցով մայրենին սովորածների աղքատիկ բառապաշարում (կյանքն անընդհատ ապացուցում է, որ այլոց մշակութային աղբը մեզ արագ է հանում և ամուր արմատակալում է, որովհետև Ռուսաստան մեկնածների 99 տոկոսը հիմնականում շփվում է այդ երկրի հասարակության ստորին խավերի հետ, իսկ ստորին խավերը բարձր մշակույթի կրողներ չեն):

«Տուֆտա» -ն այնպես խորն է արմատակալել մեր հասարակության գերակշիռ մեծամասնության լեզվամտածողության մեջ, որ այն թարգմանելու կարիք ամենևին չկա: Ես ընդամենը կտեղեկացնեմ, թե այդ եզրույթը, որ ժամանակին, մեղմ ասած, խորթ է եղել նաև գրական ռուսերենին, ինչպես է ծնունդ առել ու ինչու է հենց այդ եզրույթով հատկանշվում կեղծը, սուտը, ոչ ճշմարիտը:


     «Տուֆտա» -ի ծագման մասին մի քանի վարկած գոյություն ունի: Ըստ դրանցից մեկի` «տուֆտա» -ն «հունցվել է» Սպիտակ ծովը Օնեգա լճին միացնող ջրանցքի շինարարության ընթացքում: Այս ջրանցքի շնորհիվ հնարավոր էր դառնալու Սպիտակ ծովից Բալթիկ ծով նավարկելը: Դա ժամանակին այնքան կարևոր կառույց էր համարվում, որ ջրանցքին տրվել էր Ստալինի անունը: Արդ, Ստալինի անվան ջրանցքի շինարարները հիմնականում ԳՈՒԼԱԳ-ի կալանավորներն էին, որոնք, որպես ստրուկներ, ընդգրկվում էին երկրի բոլոր խոշոր շինարարական ծրագրերի իրականացման աշխատանքներում: Ջրանցքի շինարարությունում աշխատանքը չափազանց ծանր էր, քանի որ չկար համապատասխան տեխնիկա, և ամեն ինչ կատարվում էր ձեռքով: Այդ իսկ պատճառով այստեղ կատարվող գրեթե բոլոր աշխատանքները փաստաթղթերում «Тяжелый Физи-еский Труд» են անվանվել, կրճատ` «тфт», իսկ խոսակցական լեզվում այդ կրճատ ձևը «туфта» է դարձել: Շատ ստրկացված դատապարտյալներ, որպեսզի օրվա համար սահմանված աշխատանքը թերակատարեին (նորման կատարելու դեպքում մարդկանց աշխատանքային ծանրաբեռնվածությունը մեծացվում էր), «գլուխ էին պահում», այսինքն ձևացնում էին, թե աշխատում են: Այստեղից էլ ծնունդ է առել «гнать тыфту», այսինքն իրական աշխատանք չկատարել, և ձևացնել, թե աշխատում ես:

Այլ աղբյուրներ էլ պնդում են, թե «տուֆտա» եզրը սկզբնավորվել է մահուդի տակ դրվող «տուֆ» անունը կրող կտորի անունից: Այդպիսի կտորները սովորաբար ցածրորակ էին լինում, այդ պատճառով էլ անորակ ամեն ինչ «տուֆտա» անունն ստացավ:

«Տուֆտա» անունն է տրվել նաև անփող թղթախաղին: Երբ տվյալ թղթախաղում շահ չկա, այն արհեստական ու կեղծ է համարվել, որովհետև խաղացողներին իսկական մոլեռանդության` «ազարտ» -ի մեջ չի գցել, այդ պատճառով էլ «տուֆտա խաղ» է անվանվել:

Բայց մասնագետները նաև շատ հավանական են համարում «տուֆտա» -ի ծագումը «տրավերտին» քարի (այս քարին նաև «կրային տուֆ» են անվանում) անունից: Հատկապես հին Հռոմում տրավերտինը հաճախ է օգտագործվել: Օրինակ` հռչակավոր Կոլիզեյն ամբողջովին տրավերտինով է երեսպատված եղել: Ուրեմն, հնարավոր է, որ «տուֆտա» բառը հայտնվել է հռոմեացի քարագործ այն վարպետների բառապաշարում, որոնք դժգոհել են այս շինանյութի անբավարար կարծրությունից:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7401 | 0 | 0
Facebook