Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Կարծում են, թե մենք մահմեդական ենք»

18:18, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2012 թ.
«Կարծում են, թե մենք մահմեդական ենք»

Սարգիս Ռշտունին ծնվել է Սիրիայի Ալ Հասաքէ (Հասիչէ) քաղաքում: 1991թ. նրա ընտանիքը տեղափոխվում է Հալեպ, որպեսզի երեխաները հայկական դպրոցներ հաճախեն, հայկական կրթություն ստանան: Սարգիսն արդեն 24 տարեկան է ու այժմ սովորում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի 1-ին կուրսում:


     1.Արմատներով որտեղի՞ց եք:

     Պապիկս ծնվել է 1914 թ., Դիարբեքիրում, բայց նրա ընտանիքը գաղթել է Սասունից, առաջին ջարդերից հետո, մոտ 1894-1895 թվականներին: Մորական կողմս Հալեպից է, նրանք ցեղասպանության ժամանակ չեն գաղթել, բայց բնիկ Արևմտան Հայաստանի Այնթաբ քաղաքից են:

2.Հատկապես ե՞րբ որոշեցիք վերադառնալ Հայաստան:
     Դեռևս 4 տարի առաջ, երբ Հայաստան եկա, որոշել էի՝ շուտով տեղափոխվելու եմ Երևան, բայց այդ անգամ չհաջողվեց: Այս տարի ստացվեց տեղափոխվել, բայց ոչ թե պատերազմի, այլ ուսման պատճառով: Ուսման հետ կապված խնդիրներ ունեի Հալեպում: 2012 թ.-ի հուլիսի 24-ին արդեն այստեղ էի, ընտանիքս հոկտեմբերի 5-ին նույնպես միացավ ինձ: Հայաստան չվերադարձավ միայն ավագ քույրս, նա մնաց Սիրիայի Լաթաքիա քաղաքում` ուսումը շարունակելու և այն կիսատ չթողնելու նպատակով:
     3.Ի՞նչ զգացիր, երբ առաջին անգամ ոտք դրեցիր հայրենի երկիր:
     Զգացումներ չկային, կար միայն մեկ զգացում. դեռ փոքր տարիքից Հայաստանն ինձ համար կորսված հայրենիքի մի մասն է եղել և այն տեղը, ուր պետք է կարողանամ հանգիստ աչքերս փակել ու մեռնել: Ճիշտն ասած, հատուկ «ռոմանտիկ» զգացումներ չունեի, որովհետև դեռևս փոքրուց բավականին գաղափարներ ունեի Հայաստանի Հանրապետության մասին: Եվ ըստ այդմ՝ ինձ օտար չզգացի: Անշուշտ, հիացա և սիրահարվեցի Երևանի ճարտարապետությանը:
     4.Արդյո՞ք հայրենակիցներիդ վերաբերմունքն այնպիսին էր, ինչպիսին պատկերացնում ու սպասում էիր:
     Վերջին 4 տարվա ընթացքում 5 անգամ այցելել եմ Հայաստան, եղել եմ տարբեր մարզերում ու քաղաքներում, հյուրընկալ մի ընտանիքում 11 շաբաթ ապրել եմ Երևանում, կարծելով, որ քիչ թե շատ գաղափար ունեմ այստեղի կյանքի մասին: Բայց մարդկանց վերաբերմունքի մեջ և՛ դրականը կար, և՛ բացասականը: Բայց ամենավիրավորականն այն է, որ տեղացիների մեծամասնությունը կարծում է, թե մենք` Միջին արևելքից եկած հայերս, արդեն թրքացած կամ արաբացած մահմեդականներ ենք: Զարմանում են մեր հայասիրության ու ազգասիրության վրա, զարմանում են, թե ինչպես է, որ մենք հայերեն գրել ու կարդալ գիտենք: Բայց միևնույն ժամանակ հենց իրենք մեր արևմտահայերենին ասում են լեզու և ոչ թե բարբառ:

5.Իսկ ի՞նչպիսին էին առաջին տպավորությունները Հայաստանի և հայրենակիցներիդ մասին:
     Տպավորություններս պարզ էին: Հալեպի ու Երևանի մեջ ես թե՛ դրական, թե՛ բացասական նմանություններ գտա: Բայց միակ հարցը, որին չկարողացա պատասխան գտնել, խորհրդային տարիներին կորցրած հայկական մշակույթի, հայկական խնդիրների ու Սփյուռքի մասին մարդկանց անտեղյակությունն ու գիտելիքների պակասն է:
     6.Իսկ ի՞նչն է քեզ դուր գալիս Հայաստանում:
     Սիրում եմ Հայաստանի բնությունը, Երևանի փողոցները, թանգարաններն ու այգիները:

7. Ի՞նչն է քեզ ամենից շատ զայրացնում Հայաստանում:
     Ամենից շատ ինձ զայրացնում է այն փաստը, որ Սփյուռքից եկած հայերին չեն թողնում հանգիստ որևէ գործ, կամ բիզնես սկսել: Պետք է մի մեծահարուստ բիզնեսմենի հետ գործակցես, հակառակ դեպքում քեզ հանգիստ չեն թողնի: Միշտ լսում ենք այս խնդրի մասին, բայց հենց այս խնդրի պատճառով է նաև, որ սփյուռահայերի մեծամասնությունը միայն տուրիստի կարգավիճակով է գալիս Հայաստան:
     8.Ցանկանում է՞ս վերադառնալ Հալեպ, թե կմնաս Հայաստանում:
     Ըստ իս, Հալէպը միայն «ուտելիքի» մայրաքաղաք է: Ես երբեք չեմ երազել այնտեղ ընտանիք կազմելու, կամ նույնիսկ երկար ժամանակով այնտեղ ապրելու մասին: Ուզում եմ մնալ Հայաստանում, ընտանիք կազմել այստեղ, հայ մնալ ու հայ մեռնել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4782 | 0 | 0
Facebook