*
Ինչ-որ մի տեղ մեկը գրեց, թե մահացել է արդեն,
Ու կարդացին շա՜տ - շատերը…
Մեկը գրեց. «Օղորմի քեզ»,
Մեկը գրեց. «Հիմա՛ր»,
Մեկն էլ գրեց
«Աշխա՜րհ, անարդար աշխա՜րհ …»
*
Ինչ-որ մի տեղ մեկը գրեց, թե հոգնել է,
էլ չի կարող սիրել,
Ու կարդացին շա՜տ - շատերը…
Մեկը գրեց. «Օղորմի քեզ»,
Մեկը. «Հիմա՛ր» գրեց,
Մեկն էլ գրեց.
«Երանի՜ քեզ, դարդ ու ցավ չունե՞ս…»
*
Ինչ-որ մի տեղ մեկը գրեց, թե ուզում է հեռանալ,
Բայց դեռ սիրո՜ւմ է, սիրո՜ւմ…
Ու կարդացին շա՜տ - շատերը
Նույնիսկ հեռո՜ւ, հեռվո՜ւմ,
Մեկը գրեց «Օղորմի, Սեր»,
Մեկը գրեց. «Հիմա՛ր»,
Մեկն էլ գրեց
«Չհեռանա՜ս, մինչև քեզ մոտ չգամ …»
*
Մեկն անցյալի հետ հանդիպեց,
Դռներն ամուր փակեց,
Մեկն ափերով բախտն էր բռնել,
Մեկն էլ վերցրեց կախվեց…
*
Հավերժությունը կծկվել էր
օրվա,
ժամի մեջ…
վայրկյանում…
Մեկն անընդհատ Բա՜ն էր գրում
Մյուսները՝ կարդում:
Ս.Ումառ-Հարությունյան