Երկու դոլարի սեր
- Բարև´: - Բարև´, դու ո՞վ ես: - Ե՞ս, ես Խիղճն եմ: - Խի՞ղճը: Իսկ ինչո՞ւ ես այդքան կեղտոտ: - Որովհետև ես քո Խիղճն եմ: Եկել եմ մաքրվելու… - Ինձ մո՞տ, մի՞թե հնարավոր է: - Չգիտեմ, փորձի´ր… * * * Գարունը շնչում է ուղիղ թիկունքին, տաքացնում… Կարծես մի տաք ափ շոյում է բետոնե սառը մեջքը, ու անասելի հաճելի է: Նա իր հետ է քայլ առ քայլ: Ու զգում է, որ պրծում չկա: Բայց վախենում է` գիտակցելով, որ իր վերջին գարունն է: Վերջի՞ն: Միգուցե: Ագահորեն կլանելով ծխախոտի ծուխը և ձմռան վերջին մահացող սառը օդը` ցանկանում է նորից սիրահարվել, նորից զգալ ուրիշ ջերմ մատների հպում` ապրելու վերջին ճիգերն անող մարմնին… Ցանկանում է բղավել, որ չի վախենում, չի ընդդիմանա, բայց կդիմանա՞: * * * Սուրբ Սարգիս եկեղեցու պատը համեմատաբար տաք է: Իր տեղն է: Այստեղ ուրիշ փող մուրացող չի գալիս: Դեռ երեսուն չկա, բայց որ աշխատանք չունի, ի՞նչ կարող է անել: Այսօր էլ իմացավ Տեր հորից, որ հարսանիք կա, սովորականից ավելի շուտ է եկել: Տեսնողին կթվա, թե 50-60 տարեկան է` չսափրված, անխնամ, կեղտոտ մազերով, քրքրված շորերով… Ծանոթներից շատերը չեն կարողանում ճանաչել, բայց ինքը ճանաչում է ու գլուխը կախ` բռան մեջ հավաքում տված լումաները: Անիծյա´լ կյանք…չէ´, ինքն է անիծված…և կարծես թե` տեղին: Լումաներով լիքը բուռը դատարկեց գրպանում ու նորից մեկնեց ձեռքը… Խոնարհած աչքերի առջև կանգնեցին կանացի զույգ ոտքեր, ափի մեջ իջավ հազար դրամանոց թղթադրամ: Նայի՞ վերև, թե՞ ոչ… Տատանման մի քանի վայրկյան, ու աչքերը հառեց վեր: Կինն ուշադիր նայեց: Հետո, կարծես, աչքերը լցվեցին: Նորից բացեց պայուսակն ու երկու դոլարանոց թղադրամ դրեց ափի մեջ… - Սա երջանկություն է բերում, հավատա´… * * * Տեր Հովհաննեսն սպասում էր հյուրի: Անհամբեր հետ ու առաջ էր քայլում եկեղեցու հարևանությամբ գտնվող իր տան հյուրասենյակում: - Մարիա´մ, իմ քաշած օղո´ւց դիր, թթո´ւն էլ ավելացրու, մայրդ ո՞ւր է: - Կգա: Իջել է նկուղ` գինի հանելու: Ես վախենում եմ մկներից: - Մեծ աղջիկ ես: Դեռ ուզում ես գնալ Երևան` սովորելու: Դու մենակ ապրել չես կարող: Մինչև հիմա շանն էլ ճաշ չես կարողանում մոտեցնել: - Պա´պ, դու էլ լավ գիտես, որ շուն չէ, այլ գայլ, իզուր…-, չշարունակեց` հիշելով գայլի ժանիքները: Գայլը միայն Տեր հորն էր իրեն մոտ թողնում: * * * Ձագ էր, երբ հայրը բերեց տուն: Մեծացավ աննկատ ու դարձավ, ինչ պետք է դառնար` գազան… Սկզբից գայլն ամեն օր սպասում էր իրեն դպրոցի մոտ: Երբ ավարտական դասարանում էր, գայլի ձագը կծեց համադասարանցիներից մեկին, որը փորձ էր արել քաշել իր թևը: Սկսեցին կապել շան բնում: Կատաղեց ու մինչև օրս ոչ մեկին չի ընդունում: * * * Հյուրը, որին սպասում էր Տեր Հովհաննեսը, տան հարևանությամբ գտնվող զինվորական զորամասի հրամանատար մայոր Ավագյանն էր: Երբ նստեցին սեղանի մոտ, Տեր հայրը չդիմացավ ու հարցրեց. - Հը´, Հրա´չ, նորակոչիկներից մի բան կա՞: Գիտեմ, որ հենց այնպես չէիր գա: - Մի հատ խմե´նք, կխոսենք: Ես քո քաշած մորու օղին պաշտում եմ, գիտե´ս, չէ՞: Նրանց միացավ նաև երեցկինը` Վերան: Երբ բավականին խմեցին, Վերան գնաց սուրճ պատրաստելու, մայորը սկսեց խոսել: - Նորակոչիկների մեջ մի զինվոր կա, շուն պահող է եղել, Գել Գևոր են ասում, Երևանի` 3-րդ մասի տղա է: Ծնողներ չունի, տատի, պապի հետ է ապրում: Չեմ հասկանում ինչպե՞ս է ընկել Ղարաբաղ: Ուղարկե՞մ մոտդ: - Փորձենք, փա~ռք շատ, Աստվա´ծ: Այդ գայլի ձագը Աստծո տված նվեր է, պետք է վարժեցնել: * * * Գևորգն ու Մարիամը շատ շուտ ընկերացան: Գայլն էլ մեկ ամսվա ընթացքում դարձավ կառավարելի ու հանգիստ: Ման էր գալիս առանց պարանի ու հստակ կատարում Գևորգի հրամանները: Գևորգը ոչ միայն գայլին վարժեցրեց, այլ նաև գրավեց Մարիամի սիրտը: Աչքաբաց տղա էր, մարդամոտ, շուտ ընտելացավ Տեր հոր ընտանիքին: Զորամաս չէր գնում, միայն անհրաժեշտության դեպքում: Ամբողջ ցերեկը գայլի հետ թափառում էր մոտակա անտառում: Շաբաթը մեկ ներկայանում էր զորամաս ու նորից` Տեր Հովհաննեսի տուն: Օգնում էր բոլոր հարցերում: Ե´վ Տեր հայրը, և´ նրա կինը նկատել էին դստեր ու Գևորգի մտերմությունը, ու թեև դեմ չէին, բայց աչալուրջ էին: Գևորգը քնում էր նրանց տան առաջին հարկում: Ծառայող ընկերներ ուներ` Երևանից` Անդրանիկն ու Հրազդանից` Սարգիսը, որոնք հաճախ էին լինում Տեր հոր տանը: Ճաշում էին միասին: Գիշերները լոտո խաղում… Հաճախ էին ծնողները տեսնում Մարիամին Գևորգի հետ այս կամ այն գործն անելիս կամ շշուկով խոսելիս: Ծառայությունն անցնում էր արագ ու ոչ զինվորական կարգով, ինչը գոհացնում էր բոլորին: Մի անգամ էլ Գևորգը ցուցադրեց գայլի՞, թե՞ իր շնորքը: Ծխախոտը դրեց բերանն ու կողքը նստած գայլին հրամայեց. - Կգնաս խոհանոց: Ձախ կողմի դարակին` գազօջախի մոտ, լուցկի կա դրած, կվերցնես ու կբերես ինձ, հասկացա՞ր: Արա´գ: Գայլն արագ սլացավ դեպի խոհանոց ու վերադարձավ, բերանում սեղմած լուցկու տուփը բերեց, դրեց Գևորգի ոտքերի մոտ: Բոլորը հիացած էին: Հետո, երբ Մարիամի հետ մենակ էին, բացատրեց, որ բացարձակ կապ չունի, թե ինչ լեզվով և ինչ է ասում գայլին: Գայլը, երբ տեսնում է բերանում ծխախոտ, գիտի, թե ինչ պետք է անի. ահա ամբողջ գաղտնիքը: Մի քանի անգամ մայոր Ավագյանը Տեր հորը զգուշացրել էր. - Հարկավոր է զգույշ մնալ: Ի՞նչ իմանաս, ի՞նչ ընտանիքի տղա է, ի՞նչ կա մտքում: Այսպես ես էլ կծառայեի: - Նորմալ տղա է, Հրա´չ, մի´ մտածիր: Շուտով մեկ տարի կլինի, որ մեր ընտանիքում է, ոչ մի ավելորդ բան չենք նկատել` ո´չ ես, ո´չ էլ Վերան: Լա´վ կլինի: Մեկ ամիս էր մնացել, որ զորացրվեր, երբ մի օր Գևորգը մտավ Տեր Հովհաննեսի սենյակ: - Ես ու Մարիամը որոշել ենք միասին գնալ: Ես նրան ինձ հետ տանում եմ Երևան: - Ինչպե՞ս, առանց մե՞զ… - Մենք կգնանք ու հետո ձեզ կկանչենք: Դե, արդեն երկուսով որոշել ենք: Մի բան պետք է խնդրեմ: Մեկ օրից Մարիամի ծնունդն է, բայց ես նվեր չունեմ, չգիտեմ ինչ անեմ: Երկար նայեց Տեր Հովհանեսը նրան: Դարակից հանեց ու մի փոքրիկ աղոթագիրք մեկնեց Գևորգին: - Սա կնվիրես, սա լավ նվեր է: Հետո մոտեցավ Տիրամոր սրբապատկերին, ձեռքը երկարեց ու նկարի հետևից հանեց երկու դոլարանոց մի թղթադրամ: - Սա երջանկություն է բերում: Սա դրամ չէ, խորհրդանիշ է` բախտի նշանակ: Հասկանո՞ւմ ես ինձ: Սրա վրա փոխվել է երեք մարդու դիմանկար: Հասկանո՞ւմ ես, թե երեքն ինչ է խորհրդանշում: Առաջինը Ալեքսանդր Համիլտոնի դիմանկարն էր: Երկորդը` Թոմաս Ջեֆերսոնինը, որը 33 տարեկան էր անկախության դեկլարացիան ընդունելիս և Ամերիկայի երրորդ նախագահը: Նկարի հետևում նաև երկրորդ նախագահ Ադամսն է, որի ոտքը կարծես տրորում է Ջեֆերսոնը: Ամեն ամերիկացի չէ, որ ձեռքում պահել է երկու դոլարանոց թղթադրամ: Գիտե՞ս ետևում ինչ է գրված, «Մենք հավատում ենք Աստծուն»: - Երկու դոլարանոց թղթադրամը նաև… Ուշադիր լսում էր Տեր Հովհաննեսի բացատրությունները: Շատ երկար եմ պահել: Ուզում էի որդի ունենալուց նվիրել նրան, բայց…նվիրում եմ քեզ` գնալուցդ առաջ: Վերջին օրվա գիշերը գայլն անհանգիստ էր: Ոռնում էր: Ժամը երեքն էր, երբ տիկին Վերան իջավ առաջին հարկ, որտեղ Գևորգն էր քնում: Մթան մեջ տեսավ ծխախոտի կրակը: - Անկողնում մի´ ծխիր: Ինչո՞ւ է ոռնում, քնել չի լինում: Դո՞ւ ինչու չես քնում: - Երևի զգում է, որ գնալու եմ: Հիմա կհանգստացնեմ: Դուրս եկավ տանից: Մոտեցավ գայլին: Նստեց բնի մոտ, գրկեց գլուխը: Գայլը ձայնը կտրեց, դունչը դրեց ոտքերին ու նայում էր տղայի աչքերի մեջ: * * * Տեր Հովհաննեսի խնդրանքով միաժամանակ` նույն օրը զորացրվեցին և Գևորգի ընկերները` Անդրանիկն ու Սարգիսը: Ավտոբուսը դեռ Գորիս քաղաքին չհասած` խաթարվեց: - Ոչի´նչ, մինչև Գորիս մի կերպ կհասնենք, առավոտյան կշարունակենք, - ասաց վարորդը: - Բոլորիդ էլ կտեղավորենք հյուրանոցում, մի երեք ժամվա պատմություն է սարքելը: Հյուրանոցում նրանց առաջարկեցին մեկ` երկու և մեկ` մեկ տեղանոց համարներ: - Երկու տեղանոցում մի ծալովի մահճակալ կդնենք, - ասաց աշխատողը, - մի գիշեր է, էլի: Մեկ տեղանոցում տեղավորվեց Մարիամը: Տղաները երկու տեղանոցում իրերը դասավորելուց հետո իջան բար: Գիշեր էր, երբ նրանց սենյակի ձայներից Մարիամն արթնացավ: - Դու էլ պետք է ասես, որ ծառայել ես, հա՞: Երկու տարի այդ տերտերի քամակը մտած ապրեցիր, կնկան, աղջկան, ինչ ասես արեցիր…, - Անդրանիկի ձայնն էր: - Արա´, քո տեղը մենք հա´մ հատակ ենք լվացել, հա´մ գործ ենք արել, հիմա մե՞ր վրա ես մուննաթ գալիս…հլա սրան նայիր, ծալովի մահճակալի վրա էլ չի ուզում մի օր քնի… - Ձեզ ի՞նչ, ով ոնց կարողանում է, այնպես էլ…- Գևորգի ձայնն ավելի ցածր էր լսվում: Հետո ձայներից հասկացավ, որ կռվում են, հարվածում իրար: Վեր կացավ ու վազեց դեպի սենյակը: Երբ բացեց դուռն ու ներս մտավ, Գևորգը հատակին էր` գլուխը բռնած, իսկ ընկերները ոտքերով հարվածում էին: Ամբողջ երեսն արյունոտ էր… Փորձեց մոտենալ, բայց զարմացած նայեց հարվածող տղաներին ու չհասկացավ, նրանց վայրի ժպիտի պատճառը: Երբ հասկացավ, որ ժպտում են իր կիսամերկ մարմնին նայելով, ուշ էր արդեն: Անդրանիկը մոտեցավ ու մազերից քաշելով` գցեց հատակին: Սարգիսը ձեռքով բերանը փակեց: Կծկվեց, փորձեց կծել բերանը փակող ձեռքը, բայց մի ուժեղ հարված ստացավ գլխին: Զգաց, որ պատռելով հանում են իր գիշերանոցը… Երկար չկարողացավ դիմադրել ու երևի անզորությունից կորցրեց գիտակցությունը … … Երբ աչքերը բացեց, լուսացել էր: Հիշեց ու նայեց կողքերը: Հյուրանոցի` իր համարում էր` պատառոտված ու արյունոտ գիշերանոցով: Գլխի մոտ` բարձի վրա ընկած էր երկու դոլարանոց մի թղթադրամ.. * * * - Ավտոբուսը մի երկու ժամ առաջ է գնացել: Տղաներն ասացին, որ դու մնում ես, քեզ չարթնացնենք, - հյուրանոցի աշխատող կինը հետաքրքրությամբ նայում էր ամբողջովին իրեն կարգի չբերած Մարիամին: - Աղջի´կ ջան, բա այդ տարիքում խմո՞ւմ են այդքան, չգիտե՞ս, որ չարիք է… - Կարո՞ղ եմ զանգել: Խնդրում եմ, ընդամենը մի քանի րոպե: Կինը դեպի Մարիամը հրեց հեռախոսը: - Երկար չխոսես: - Մա´մ, բարև´, պապան ո՞ւր է: - Հասե՞լ եք, Մարիա´մ ջան, ամեն ինչ լա՞վ է: Պապան տարավ գայլին թաղելու անտառում: Գիշերը գյուղացիները կրակել, սատկեցրել էին: Կատաղել էր, երեկ ցերեկը մի հարևանի շանն էր գզել, մյուսի` հորթին… - Մա´մ, պապային ասա` գա հետևիցս: Ես Գորիսում եմ, հյուրանոցում… * * * - Սա երջանկություն է բերում, հավատա´… Մարիամի ոտքերը դանդաղ հեռանում էին աչքերից, իսկ ականջներում Տեր Հովհաննեսի խոսքերն էին. «Ամեն ամերիկացի չէ, որ ձեռքում պահել է երկու դոլարանոց թղթադրամ: Երկու դոլարանոց թղթադրամը նաև… …Վիետնամի պատերազմի ժամանակ վիետնամուհիների` ամերիկացի զինվորներին մատուցած սեքս ծառայություններն արժեին երկու դոլար և դա պատահական չէր քանի որ հինգ դոլարանոց թղթադրամիներին, որոնցով սովորաբար վճարվում էին վարձու զինվորները, վիետնամուհիները երբեք մանրադրամ չէին ունենում վերադարձնելու: Երկու դոլարանոց թղթադրամը դարձավ նաև սիրո վաճառքի խորհրդանիշը… Ուշադիր կլինես, զգույշ կվերաբերվես…»: * * * Գևորգը նայեց ձեռքի ափին, ու կարծես թղթադրամը խոսում էր իր հետ. -Ես քո Խիղճն եմ: Եկել եմ մաքրվելու… |
Abone ol ve malalelerin yayınla: