Մայրը տեսավ որ դուստրը շատ երկար նայում է հեռախոսի էկրանին ու հասկացավ, որ նայածը կինոնկար չէ:
Թե ի՞նչպես հասկացավ, ինքն էլ չիմացավ:
- Ի՞նչ ես նայում այդքան ուշադիր:
- Իմ ու Արամի նկարն է, մտածում եմ գցել էկրանիս:
- Հարսանիքից առաջ վատ նշան է, - մայրն անհանգիստ շարժվեց տեղում:
Անհանգիստ բառը այստեղ տեղին չի, քանի որ այդ ե՞րբ է մայրը հանգիստ եղել:
- Ի՞նչ նշան, մամ ջան, այս ո՞ր թիվն է, մոռացե՞լ ես, 2016 թիվն է դրսում, ընդամենը սնահավատություն, ի՞նչ պետք է լինի որ…
- Ամեն դեպքում վա՛տ նշան է, վեճ կարող է լինել, իրարից նեղանալ, դե՜ նման բաներ, որ կխանգարեն հարսանիքին:
- Ես թույլ չե՛մ տա ինձ հետ վիճի, ո՛չ էլ առիթ կտամ:
- Ով վիճում է նրան թույլտվություն հարկավոր չէ:
Դուստրը իր վարակիչ ծիծաղով սպանեց սենյակի լարված մթնոլորտը:
Եղավ հարսանիք իր բոլոր ավանդական ծեսերով, բազմաթի՜վ նկարներ հարսի շորերով, բայց դստերը այն նկարն էր դուր գալիս, որ մինչ հարսանիքը նկարվել էին Արամի հետ՝ Արամը զինվորական համազգեստով ինքը սպիտա՜կ - բաց կապույտ փոքրիկ ծաղիկներով շրջազգեստով:
Հենց ա՛յդ նկարն էլ դուստրը մեծացնել տվեց ու կախեց հետուստացույցի վերևում:
Հետո հեռուստացույցով ասացին, որ պատերազմ է…
հետո ճշտեցին որ …քառօրյա՜…
հետո չգիտես ի՞նչու նկարից անհայտացավ Արամի պատկերը կամ չանհայտացավ ուղղակի չգիտես ինչու չէ՛ր երևում: