Ես շա՜տ լավ գիտեմ թե ինչ բան է դրախտը՝ դա բա՜րձր պարսպապատ մի կանաչ տարածք է, որտեղ ո՛չ ոք չկա, բայց բոլորն են երազում լինել այնտեղ:
Ես եղե՜լ եմ այնտեղ:
Ես փախե՜լ եմ այնտեղից:
Ինձ համարել են խելագար:
Ինձ համարել են ինքնասիրահարված:
Բայց դրանց ես ուշադրություն չեմ դարձնում…
Դրա՜խտ:
…Հրեցի՜, դուռը կիսաբաց էր:
Մի ձայն ասաց
- Ո՞ւմ ես ուզում:
Ես չգիտեի թե ո՞ւմ եմ ուզում, բայց լռելն անքաղաքավարի կլիներ:
- Չգիտե՜մ, - ասացի, - երազո՜ւմ էի և եկա:
- Անցիր ներս, աղքատ ազգականի նման կանգնած մի մնա, այստեղ ոչի՛նչ չկա, այստեղ ո՛չ ոք չկա, միայն ե՛ս եմ՝ Երևակայությունը:
- Բայց չեմ տեսնում քեզ, ինչո՞ւ:
- Կտեսնե՜ս, բայց մի խնդրա՜նք քեզ, անտանելի ծարավ եմ, գտի՛ր և ջուր բեր ինձ, խնդրո՜ւմ եմ, այնժամ էլ կտեսնես, միա՜յն թե արագ:
Երկար ման եկա դրախտի անծայրածիր դաշտերով մինչ հեռվից տեսա մի խրճիթանման բան:
Կարմիր պատերով, կարմիր տանիքով, կարմիր լուսամուտներով:
Թակեցի դուռը ու դուռը բացվելուց հետո տեսա մի չքնաղ արարածի:
Կիսամերկ էր, երկար մազերով, սևաչյա, բուրում էր ինչպես կբուրեր ամենամաքուր երազանքը ու մոռացա թե ինչի համար էի եկել:
Երկար խոսեցինք…
Դե Աստված ինձ տվել է համոզելու ձիրք ու այնպիսի բառապաշար, որ անշեղորեն խոսքը տարա սիրո ուղղությամբ ու հենց այդ օրն էլ նրա հորից խնդրեցի նրա ձեռքը:
Ապրեցինք ուղիղ տասներեք տարի:
Ունեցանք երկու զավակ:
Օրերից մի օր էլ մահացավ նրա հայրը և ամբողջ ունեցվածքը անցավ ինձ:
Դրախտում հե՜շտ է ապրելը, հավատացեք ինձ:
Դրախտային մի սովորական հիանալի օր էր երբ գետակի ջրերը սկսեցին բարձրանալ ու տակով անել ամեն ինչ:
Ես հիշեցի ջրհեղեղի պատմությունը:
Մի երեխայիս ուսերիս դրած, մյուսի ձեռքը բռնած փորձեցի փախչել դրախտից, բայց ալիքները խանգարում էին, կինս էլ մի կողմից էր օգնության կանչում:
Ուսերիցս երեխան բղավեց ու ընկավ, անկախ ինձնից բաց թողեցի մյուսի ձեռքը ու փորձեցի հասնել երեխային:
Երկուսին էլ դրախտի ալիքները տարան անհայտ ուղղությամբ:
Մի կերպ հասա կնոջս, սեղմեցի գրկիս ու փորձեցի դուրս գալ այդ խելահեղ վիճակից, բայց դրախտում ամեն ինչ չի որ կատարյալ է ու ալիքները կնոջս կուլ տվեցին, իսկ ինձ շպրտեցին հեռու - հեռու մի ցամաք:
Թրջված ու կուչ եկած այդ հողի դրախտային մի փոքրիկ կանաչ հողակտորի վրա անիծում էի դրախտ հնարողին, երբ ուսիս զգացի մի ձեռք:
- Ո՞ւր ես կորել, կես ժամ է սպասում եմ ջրին, ծարավից մեռա, բա դու խի՞ղճ ունես:
Ես շատ լավ գիտեմ թե ինչ բան է դրախտը:
Ես եղել եմ այնտեղ:
Ես փախել եմ այնտեղից:
Ինձ համարել են խելագար:
Ես տեսե՜լ եմ Երևակայությանը, զգացե՛լ նրա դա՜ռը համը…
Բայց դրանց ես ուշադրություն չեմ դարձնում…