Ա՛հ գիտնայի՜ք թե մարդ ի՛նչպես
Կուլա մինակ, անընտանիք,
Երբեմըն գեթ իմ փողոցես
Դուք կ՛անցնեիք: Սյուլլի Պրյուդոմ
Լույսը նոր էր բացվել ու անհասկանալի էր թե ի՞նչպես և ինչո՞ւ էր հայտնվել Նալբանդյան փողոցում:
Քաղաքը դատարկ էր, անմարդ:
Վերջին երեք հատ հազարանոց դրամները ու մեկ հատ երկու հարյուրանոց մետաղադրամը դրամապանակով կարծես իրենց բովանդակ ծանրությամբ բաճկոնը ձգում էին ներքև:
Լույսը նոր էր բացվել ու անհասկանալի էր ինքն ավելի թեթև էր իր գրպանի փողերից թե՞ ոչ:
- Երկու տուփ ծխախոտ – 600 դրամ, մեկ թթվասեր- 580 դրամ, 3 հաց- 330 դրամ, հա մոռացա դեռ իննը օր կա մինչ հաջորդ թոշակ՝ շաքարավազ և սուրճ, համայնատիրության գումարը մինչև հունիս ամիս…փողն ավարտվել էր, իսկ ինքը դեռ հաշվում էր:
Կողքը կանգնեց մի հինգ հարյուր կիլոգրամանոց փողերի կույտ՝ անիվների վրա:
Մերսեդես էր:
Սպիտակ:
Մեքենայից իջավ մեկը ու մոտեցավ իրեն, ձեռքերով ինչ-որ բան էր հարցնում:
Սկզբից ցանկանում էր հարցնել թե ինչո՞ւ հատկապես իրեն, բայց ժպտաց, հիշեց որ փողոցում ուրիշ մարդ չկար:
Մարդը ձեռք ու ոտքով ինչ որ բան էր ասում, քաշում բաճկոնի թևերից, շոյում ուսը:
Հասկանում էր, որ չկարողանալով արտահայտվել մարդը բարկանում էր իր անկարողության վրա:
Հետո մարդը չոքեց, ձեռքերի մատների ծայրերը միացրեց իրար, քաշեց բաճկոնի գրպանից ու խաչակնքեց:
- Հա՜, եկեղեցու տեղն ես հարցնո՛ւմ, դե այդպես էլ ասեիր, Աստված քեզ ինձ մո՛տ ուղարկեց, թե ինձ՝ քեզ մոտ:
Մարդը հասկացրեց, որ ինքն է եկել իր մոտ:
- Ուրեմն նայի՜ր, կգնաս այս փողոցով, - ձեռքով ցույց տվեց ու բացատրեց, մարդն էլ երևի հասկացավ, արագ ոտքի կանգնեց ու վազելով մոտենալով մեքենային միացրեց շարժիչն ու հեռացավ:
- Երևի պրոբլեմները շատ են, որ այս ժամին եկեղեցի է գնում: Ես ի՞նչ պետք է անեմ մինչ խանութների բացվելը:
Ոտքերն էլ անհասկանալի պատճառով տարան ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի:
Եկեղեցուն չհասած տեսավ մի ծեր, փող հավաքող կնոջ, սառը աստիճաններին նստած:
Հիշեց երկուհարյուր դրամանոցն ու ձեռքը մտցրեց գրպանը:
Դրամապանակը չկար:
Ժպտաց կնոջը, գրպանից հանեց թաշկինակը, փռեց աստիճանին ու նստեց կնոջ կողքը…
Ս.Ումառ-Հարությունյան