Արդեն երեք տարի անընդմեջ, եզդի ազգի նշանավոր բանաստեղծուհի Հնարա Թաժդինը իր ժողովրդին է նվիրում բանաստեղծությունների ժողովածուներ, որոնք իրենց մեջ են ամփոփում եզդի ազգի ուրախությունը, ցավը, հույսերը, նպատակները, սրանք պոեզիայի ու փիլիսոփայության լավագույն նմուշներ են: Այսօր լույս է տեսել բանաստեղծուհու երրորդ՝ «Իմ հույսը» (Gumana min) ժողովածուն, սրանում՝ նախորդ երկու գրքերի նման, ներառված են ստեղծագործություններ տարբեր թեմաներով՝ սեր, հայրենասիրություն, ապագայի հանդեպ մեծ ու լուսավոր հույսեր, խաղաղություն, մարդասիրություն, բարեկամություն և այլն: «Շանգալի ցավը», «Կոտրված սիրտը», «Իմ հույսը», բոլոր երեք գրքերն էլ էզդըկիի (եզդիերենի) անաղարտ պահպանման անփոխարինելի միջոցներ են, գրքերը պարունակում են հարուստ բառապաշար, որը դարեր շարունակ կրթելու է եզդի ժողովրդին: Բանաստեղծուհին իր գերագույն նպատակն է համարում ազգապահպանումը. «Մենք՝ եզդիներս, փոքր ազգ ենք, բոլորիս ուսերին է դրված ազգապահպանման պարտականությունը՝ անկախ տարիքից ու սեռից: Իմ նպատակն է ստեղծագործությունների միջոցով պատմել մեր կրոնի, ազգային նիստուկացի, մշակույթի և առհասարակ ազգային արժեքների մասին, դրանք փոխանցել սերնդեսերունդ և ինչ որ կերպ լրացնել տեղեկացվածության պակասը, որը ևս գերխնդիր է մեզանում: Մենք տառապանք ու ցավ տեսած ժողովուրդ ենք, սակայն անկախ ամեն ինչից անկարելի է թշնամանք տարածել և յուրաքանչյուր ազգի մտավորականություն իր պարտը պետք է համարի խաղաղության ու մարդասիրության քարոզումը», - ասաց Հնարա Թաժդինը: Առջևում դեռ շատ այլ գրքեր են կյանքի կոչվելու, հույս է հայտնում բանաստեղծուհին:
|