Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Տատս բանաստեղծ է

18:46, pazar, 27 haziran, 2021
Տատս բանաստեղծ է
     Տատիկի տուն գնալը բոլոր երեխաների ամենասիրելի առիթներից է եղել ու կարծում եմ այս երևույթը համամարդկային ու համաերեխայական ցանկալի իրադարձություն է, որը կապ չունի անցյալի, ներկայի ու ապագայի հետ։ Բայց ավելի մեծ երջանկություն էր, երբ նա էր մեր տուն գալիս՝ ծանր տոպրակենրով բարձրանում էր գյուղամեջ բերող ճանապարհը, իսկ մենք վազում էինք նրան դիմավորելու։ Հազվադեպ էր գիշերում մեր տանը, այնքան, որ յուրաքանչյուր գիշերակաց կարող եմ մատներիս վրա հաշվել։ Ուշ-ուշ էր գիշերում, բայց շուտ-շուտ էր գալիս, մինչև ժամանակն ու նրա մաշվող առողջությունը չխլեցին մեզնից այդ սիրելի այցելությունները։ Դրանք հիմա հաճախակի չեն, բայց նույնչափ սպասված են, չնայած որ մենք վաղուց արդեն երխա չենք։
     Մանկությունս անցել է նրա հետ, եթե դպրոցում չէի, ուրեմն նրանց տանն էի, նա երկրորդ մայրս էր ու հենց այդպես էլ կոչում էի՝ Հնար մամա։ Նա մայր կոչվեց այնքան ժամանակ, մինչև տատիկ ունենալու ու կանչելու ցանկությունս մեծացավ, այդ ժամանակ արդեն ավարտել էի տարրական դասարանները, սակայն «տատիկ» ասելն այնքան էլ հեշտ չէր։ Հիշում եմ, մի քանի օր տանջվեցի մինչև «մամա» բառը դարձրի՝ տատ։
     Օրս նրանց տանը վաղ էր սկսվում, քանի որ աշխատանքի գնալուց առաջ անպայման պիտի կերակրեր, հարցներ՝ արդյո՞ք ինչ որ բան պետք չէ խանութից բերել կամ արդյո՞ք չեմ վերջացրել գիրքը՝ նորը գրադարանում փնտրելու համար։ Ընթերցասեր չէի, ինձ՝ տատիկիս հաշվիչով առավոտից երեկո խաղն էր դուր գալիս։ Նա իմ ճանաչած միակ «պաշտոնավոր» մադն էր, քանի որ աշխատում էր հազարավոր թղթերի մեջ խորացած ու հաճախակի փոխկապով այցելուներ էր ունենում։
     Տարիների հետ ինձ փոխանցվեց նրա թղթասիրությունը, իմ գրասեղանները դարձան անթիվ գրքերի ու տետրերի հանգրվան։ Նա նման չէր մյուս կանանց, ովքեր միշտ տանն էի, չխնամված ու մշտապես կախվածության մեջ ինչ որ մեկից, նա ինքնուրույն էր, խնամված, ուրիշ․․․
     Տան բակում ծաղիկներ էր աճեցնում՝ ամենատարբեր ու գույնզգույն, դեղին ծաղիկներ կային, որոնց հասակը մոտ երկու մետր էր, տատիկս այդ ծաղիկների խորքում ամառային լոգարան էր սարքել ինձ համար, պատերը խիտ, բնական, ներսը՝ անտեսանելի։
     Ամռանը գյուղի դպրոցում ճամբարներ էին կազմակերպվում, իսկ դպրոցը հեռու չէր տատիկիս աշխատավայրից, ևս մեկ պատճառ, որ ես հաճախ լինեի նրա աշխատավայրում։ Նստում էի ազատ սեղաններից մեկի մատ, վերցնում էի հաշվիչը, թուղթ ու գրիչ ու սկսում նմանակել նրան՝ ինքս ինձ խոստանալով, որ տատիկիս նման գրասենյակում եմ աշխատելու, շատ եմ գրելու ու ունենալու եմ իմ թղթապանակները՝ հազարավոր կարևոր թղթերով։ Այս միտքից երջանկանում էի ու աչքի տակով հետևում նրա խնամված դեմքի միմիկաներին, ժպիտին, որը հիմա մորս է հիշեցնում ու մատներին, որոնք արագ-արագ սահում էին թղթի վրայով՝ հետևում թողնելով գեղեցիկ հետք։ Հաշվիչն ու գրիչը նրա անբաժանելի մասնիկներն էին, ասես սերտաճած էին նրա ձեռքի հետ, միայն տարիներ անց պիտի իմանայի, որ գրիչը այլ նշանակություն ունի իր համար ու նաև ողջ ժողովրդի, ովքեր պետք է հիանային նրա գրչի հարվածներով։
     Աշխատանքից հետո վերցնում էր մեծ ու մշտապես ծանր պայուսակը, մի քանի թղթապանակ՝ տանն աշխատելու համար ու միասին քայլում էինք նախ խանութ, հետո տուն։ Տարեցտարի այդ քայլերը դանդաղում էին, որովհետև իմ մանկության երազած «պաշտոնը» խլել էր տատիկիս ոտքերի առողջությունը։ Տարիներ շարունակ նույն գրասեղանի դիմաց աշխատելն անհետևանք չմնաց։ Թե ինչպե՞ս է ազդել նրա կյանքի ու հոգեբանության վրա տարիներով նույն մթնոլորտում ու աշխատավայրում լինելը, հավանաբար քչերին է հայտնի, դա կամ սեր էր աշխատանքի հանդեպ կամ այլընտրանք չունենալ։
     Մեր ընկերությունը ամենա հավատարիմն էր, որը երբևէ կարող էր լինել, նա մեծ հույսեր էր կապում ինձ հետ, մշտապես կրկնելով՝ «Դու լավ մարդ ես դառնալու» ։ Ճիշտ է, ես այդքան էլ չէի հավատում այդ խոսքերին, բայց գոտեպնդվում էի ու շարունակում երազել՝ գրասեղանի, շատ թղթապանակների ու կարևոր այցելուների մասին։
     Տատիկիս տունը երկու կողմից շրջապատված էր այգիներով, շատ հասարակ ու ոչնչով աչքի չընկնող տուն էր, սենյակը, որում ես էի քնում՝ մութ էր, քանի որ դեպի դուրս նայող պատուհան չուներ, մուտքից դեպի աջ դրված էր շատ հին թաղթ, որն իմ անկողնինն էր, կենտրոնում մեծ սեղն կար, դրա հետևում բազմոց, իսկ վազմոցի ձախ մասում՝ մահճակալ, իսկ միակ պատուհանը նայում էր նորակառույց խոհանոցին։ Ձմռանը տատիկս վառարանի վրա աղյուսներ էր տաքացնում, դնում էր անկողնուս մեջ, որ մինչ պառնելս այն տաքացած լինի, ներքնակիս տակ բարձեր էր դնում, իսկ անկողնուս դիմաց երեք աթոռներ, որպեսզի ընկնելու կամ վերմակը վրայիցս գցելու ոչ մի շանս չունենամ։ Մանկությունս անցավ նրա ափի մեջ, գրկում, նրանով հիանալով, նրան մեծարելով, նրա կողմից սիրված ու թևավորված։
    
     Համալսարան ընդունվելս լավագույն տոնն էր նրա համար, բոլոր ծանոթ-անծանոթներին պատմում էր յուրաքանչյուր փոքր ու մեծ հաջողություններիս մասին ու կարևոր չէր դա հետաքրքրում էր դիմացինին, թե ոչ։ Տասներեք տարեկան էի, երբ սկսեցի ստեղծագործել, մի օր հերթական անգամ, երբ մորս հետ տատիկիս տանն էինք, մայրս ասաց․
     -Մամ, նայի, սկսել ա բանաստեղծություններ գրել, գեներն իրենցն ասում են։
     Իսկ տարիներ հետո, երբ ես ունեի գիրք հրատարակելու հեռանկար, խնդրեցի տատիկիս խոսել իր գրական ու ստեղծագործական կյանքից։ «Տատս բանաստեղծ է», սա առաջին նախադասությունն էր, որ եկավ մտքիս, երբ մայրս պատմեց իր հիշողությունները՝ տատիկիս ստեղծագործական կյանքի մասին։ Ասես նոր էի ծանոթանում նրա հետ, դա նոր իրականություն էր, որում նրան չէի տեսել, նա քիչ էր խոսում գրական կյանքից, կարծես թողել էր անցյալում ու անցել առաջ։ Սակայն հաջողվեց բորբոքել նրա սրտում մարած կրակը, որից պետք է լույս աշխարհ գային հազարավոր տողեր սիրո, հայրենիքի, մարդկության ու ամենայնի մասին, իսկ այդ ամենին ծնունդ չտալը մեղք էր։ Այդ օրից շատ չանցած տատիկս տպագրեց իր առաջին բանաստեղծությունների ժողովածում, ես երջանիկ էի, քանի որ նա էր երջանիկ, նա վերագտել էր իրեն, իսկ դա անփոխարինելի ժառանգություն էր իմ ու սերունդների համար։
    
     Կյանքը ստեղծել է հեռավորություն ասվածը, այն դառն է ցավեցնող, բայց վերաարժևորող, հիմա էլ չեմ մոռացել փափուկ ծնկներիդ նստելու, ժամերով գրական աշխարհի անցուդարձը քննարկելու մեր սովորությունը։ Տարիները իմ ու քո ինչպիսին լինելը փոխել են, բայց դու դեռ ներքնակիս տակ բարձեր ես դնում, շտապում ես կերակրել՝ մինչ աշխատանքի գնալդ, իսկ ես շարունակում եմ հիանալ քո խնամված դիմագծերով, մշտապես գրիչը մատներիդ արանքում՝ քիչ-քիչ թառամող ձեռքերով ու բազկաթոռի մեջ՝ բարձի վրա հերթական տողերը թղթին դնող ու արժեք ստեղծող տեսակով։
    
     Իմ ու քո ընկերությունը լավագույնն է, որը երբևէ պատահել է ինձ հետ։
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2623 | 0 | 0
Facebook