ԱՐԾՎԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ (երրորդ մաս)
Անհուշ բերդում: Արշակ թագավորը, խցի անկյունում նստած, աչքերը փակած, կիսանիրհի մեջ հիշում է... Անցնում է շքախմբով: Գլխին ոսկե թագ է, հագին՝ պարեգոտ: Հավաքված է մեծ բազմություն: ՈՒՂԵԿՑՈՂ ԶԻՆՎՈՐՆԵՐ (ճանապարհ բացելով) Բացե՛ք ճանապարհը: Բացե՛ք ճանապարհը: ՁԱՅՆԵՐ ԲԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԵՋԻՑ Կեցցե՜ թագավորը: Կեցցե՜ թագավորը: ՈՒՂԵԿՑՈՂ ԶԻՆՎՈՐՆԵՐ Ճանապա՛րհ տվեք հայոց արքային: Ճանապա՛րհ տվեք հայոց արքային: ՁԱՅՆԵՐ Փա՛ռք թագավորի՜ն: Փա՛ռք թագավորի՜ն: Արքան նիրհից սթափվում է: Նայում է շղթաներին: Քիչ անց հիշում է դարձյալ: Ինքը նստած է գահին: Սուրհանդակը՝ Արգամը, հայտնում է: ՍՈՒՐՀԱՆԴԱԿ Սպարապետն այս անգամ էլ Մեր թշնամու զորքը ջարդեց: Հետ բերեց նա Արքաների առևանգված ոսկորները, Որ տանում էր Մերուժանը: Թագավորը նայում է Վասակի պաճուճապատանին և կարծես թե լսում: ՁԱՅՆ Հետո Վասակը արեց դիտապաստ Գունդն Անդիկանի, Հերթն ապա հասավ Հազարավուխտին: Ապա՝ Վահրիճին, Գումանդ Շապուհին, Սուրեն Պարսիկին, Վսեմականին, Հրևշողոմին... Ձայնն ականջներում արձագանքվում է: Նիրհի մեջ լսում է ձիերի դոփյուն, խրխինջ, սրերի զնգոց: Սթափվում է բանտապետի ոտքերի ձայնից ու դռան ճռռոցից... Հայոց բանակում: Մուշեղ սպարապետի վրանում են հազարապետ Գնունին, Պարգև Ամատունին, սեպուհ Վարագն ու Բատ Սահառունին: ՄՈՒՇԵՂ Ինչ անելու էր պարսիկը, արեց փոթորկի նման, և թափը նրա ընկել է հիմա: Մենք պիտի այժմ անվերջ, անդադար խոցոտենք նրան: ԳՆՈՒՆԻ Գնելն արդեն գումարել է ստվար մի վաշտ: ԱՄԱՏՈՒՆԻ Իսկ Մաղխազը սեպուհների հետ միասին գունդ է կազմել ազատներից: ՄՈՒՇԵՂ Իր կողմ դարձնելով նախարարներին՝ Շապուհը հարցը չի լուծում դյուրին, քանի որ ազգը չի հնազանդվում և չի ընդունում հավատը արյաց: ԱՄԱՏՈՒՆԻ Եվ դարձնում է դա հնարավոր, որ Պապը հիմա երկրի տերերին իր գահի շուրջը հավաքի կրկին: Միաբանվելու կոչով դիմել է բդեշխներին ու նախարարներին: ՎԱՐԱԳ Պիտի մենք այժմ տանենք մի խոշոր, ցնցող հաղթանակ, որ ազգի ոգին կրկին բարձրանա: ՄՈՒՇԵՂ Այդ պահը, Վարա՛գ, եկել է արդեն: Կանանոցն ամբողջ, որի մեջ նաև տիկինն է տիկնանց, պարսից հետնապահ գնդում է հիմա: Պատեհ է ժամը, որ անակնկալ գրոհով գերենք: ԲԱՏ Հանդուգն է քայլը, տե՛ր Մամիկոնյան: Ուժեղ է պարսից հետնապահ գունդը: ՄՈՒՇԵՂ Պատերազմելիս ամեն մի քայլն էլ հանդուգն է, ասպե՛տ: Պարսից բանակում: Բանբերը մոտենում է Մերուժան Արծրունուն: ԲԱՆԲԵՐ Տե՛ր Արծրունի, Մամիկոնյան նախարարի Սամվել որդին Գործել է մի ստոր ոճիր: (Արծրունին զարմացած նայում է): Սպանել է նա հորը իր և մորն անգամ: ԱՐԾՐՈՒՆԻ (կարճատև լռությունից հետո) Լուրդ, բանբե՛ր, Ոչ թե լուր էր, այլ սև գույժ... Շղթայակապ գերիներ, որոնք պիտի գլխատվեն: Նրանց մեջ են երեց Զվիթն ու դպիր Գրիգորը: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ Նա, ով մազդեզանց կրոնն ընդունի, Ներում կստանա, ազատ կարձակվի: (Գերիներից մի քանիսն առաջանում է, բայց գերակշռող մասը մնում է տեղում կանգնած: Շապուհը նայում է Զվիթին): Իսկ դո՞ւ, հոգևո՛ր: Չե՞ս ուզում ապրել: ԶՎԻԹ Ես պատասխանն իմ ասել եմ արդեն. Ծնվել եմ որպես ես Աստծո ծառա Եվ չեմ կամենում մեռնել իբրև մոգ: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ (ծաղրանքով) Տեսքիցդ անգամ երևում է քո չար հոգին, երե՛ց: Կախարդ ես հարկավ. Սև մորուք ունես, սպիտակ մազեր: (Զինվորները ծիծաղում են): ԶՎԻԹ Այդպես էլ պիտի լինի, տե՛ր արյաց. Չէ՞ որ մազերը միշտ տարիքով են լինում մորուքից: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ Եվ փուչ գլուխն էլ Միշտ վաղաժամ է ընկնում ուսերից: (Նայում է Գրիգորին): Ասում են, որ դու գիրք շատ ես սիրում: Տեսնո՞ւմ ես՝ ինչքա՛ն մատյան եմ բերել: (Անցնելով խիստ տոնի) Սուրբ կրակի դեմ եթե չծնկես, Բոլոր գրքերն այս հրի կմատնեմ: ԳՐԻԳՈՐ Ես Քրիստոսի զավակն եմ խոնարհ, Ծնկում եմ միայն մեր Աստծո առաջ: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ (սուրը բարձրացնելով) Վառիր քո ձեռքով, և կխնայեմ: ԳՐԻԳՈՐ Կյանքս ոչինչ է Գրքերի առաջ այս մեծ ու անմահ: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ (Սուրը դնում է պատյան): Կայրենք, ուրեմն, մենք գրքերն այդ մեծ Եվ նրանց վրա՝ մի փուչ խրտվիլակ: Լազիկայի անտառում: Լուսնկա գիշեր է: Պապ թագավորը նստած է ծառի տակ՝ թիկունքը հենած բնին: Խորասույզ է մտքերի մեջ... Լսվում են անտառային ձայներ: Բնությունը խաղաղ է, անվրդով: Մոտենում է համհարզներից մեկը: ՀԱՄՀԱՐԶ Գիշերը արդեն կես եղավ, արքա՛, Հանգիստ առ մի քիչ: ԹԱԳԱՎՈՐ Քնած թե արթուն ես չունեմ հանգիստ: Աչքերս մի պահ փակում եմ թե չէ, Մղձավանջային տեսիլքի նման Տեսնում եմ հորս, Մորս տառապյալ: Հայրս՝ շղթայված, մայրս՝ տանջամահ... Պատկերացնելը անգամ, իմ ասպե՛տ, Մի անպատմելի պատիժ է արդեն: Երբեմն, Վարդա՛ն, Անկարող եմ ես լինում ինձ զսպել: Ուզում եմ, որպես զինվոր հասարակ, Առնել զենքերս ու կռվի նետվել: Սիրտս վրեժ է գոռում, հանց գազան, Սակայն այլ մի մայր՝ երկիրը մեր որբ, Հորդորում է ինձ լինել ողջախոհ: ՀԱՄՀԱՐԶ Եվ մայրն այդ, արքա՛, իրավ է իրոք: ԹԱԳԱՎՈՐ Իրավ է իրոք... (Կարճատև դադարից հետո) Ստացա՞ր դու լուր քո ընտանիքից: ՀԱՄՀԱՐԶ Ստացա, տե՛ր իմ: Հայրս, որ ուսյալ մի վարդապետ էր, Ընկել է սրից: Մայրս գերված է: Քույրս ընտրել է դասը կուսանաց: ԹԱԳԱՎՈՐ Ցավակիցն եմ ես քո սրտի, իշխա՛ն: Հայրդ՝ վարդապետ, իսկ քույրը մեր՝ կույս: Բայց մի՞թե լավ չէր լինի, իմ Վարդա՛ն, Եթե քո հայրը սուր բռներ ձեռքին ու ոչ թե խաչվառ: Եթե քույրը մեր ոչ թե լոկ աղոթք աներ օրնիբուն, Այլ ծներ մանուկ: Կույսերով է մեր երկիրը լցված Ու հոգևորաց հսկա բանակով: Բայց ո՞վ, իմ իշխա՛ն, Պիտի բռնի զենք, խնամի մանուկ: Պարսիկ այրերի համար ծնում է մի ողջ կանանոց, Իսկ մեր քույրերը կուսանոցներում Մայրանալու սուրբ բնազդն են խեղդում: Հարկադրում ենք խաչ պաշտել միայն: Իսկ դու կարո՞ղ ես պաշտել մի աստծու, Որին ողջ սրտով հավատ չես տածում: ՀԱՄՀԱՐԶ Չեմ կարող, արքա՛: ԹԱԳԱՎՈՐ Չի կարող նաև քո արքան, Վարդա՛ն: Չի կարող ոչ ոք: Իսկ գիտե՞ս՝ ցայսօր քանի աստված ենք Երկինք բարձրացրել ու հետո գցել, Արել գահընկե՛ց: Եվ գիտե՞ս՝ ինչո՛ւ: Քանզի մինչ այսօր Չենք գտել մենք դեռ ճշմարիտ աստծուն... Մարդը, իմ իշխա՛ն, Հիմա դեռևս խավարի մեջ է, որոնումների, Ինչո՞ւ, ուրեմն, արգելենք նրան, որ դեռ որոնի... Արյաց արքայի հետնապահ գունդը: Զորականները, որոնց մեջ նաև Կարենն է, հեռվում նկատում են մի վաշտ, որը սրարշավ ընթանում է իրենց կողմը: ԶՈՐԱԿԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ Զորք է հարձակվում: Մեկ ուրիշ զորախումբ էլ երևում է հակառակ կողմից, ապա՝ մյուս երկու կողմերից: ԿԱՐԵՆ Շրջափակման մեջ ենք: Պատրաստվել կռվի: Ստեղծվում է տագնապալի վիճակ: Պարսից գունդը շրջափակած հայ ռազմիկներն սկսում են անխնա կոտորել: Խուճապի մատնված պարսիկներին ուժերը դասավորել չի հաջողվում: Պաշտպանվում են տարերային, խառնաշփոթ կերպով: Սրամարտի են բռնվում Մուշեղ սպարապետն ու Կարեն զորագլուխը: ՄՈՒՇԵՂ Չէի՞ր սպասում, Կարե՛ն: Ասում են, թե դու եղել ես արի, Բռնաբարել ես երբ որ գերի կին: ԿԱՐԵՆ Ոչ թե կին, Մուշե՛ղ, այլ տիկնանց տիկի՛ն, Հայոց թագուհի՛: ՄՈՒՇԵՂ Դե ուրեմն քո Վա՛րձն էլ ստացիր դու հիմա հայից: Վահանով հարվածում է: Կարենը, զարկին չդիմանալով, ձիուց ընկնում է: Մուշեղը սուրը բարձրացնում և, ողջ ցասումն ու վրեժը բազկի մեջ կուտակած, շեշտակի իջեցնում է: Կարենը տեղում անշնչանում է: Պարսիկների մի մասն սպանվում է, մի մասը՝ փախչում: Կանանոցն ընկնում է գերի: ԱՄԱՏՈՒՆԻ Գերված է, Մուշե՛ղ, կանանոցն արդեն: Չէր հանել վաղուց մեր սուրն այսպիսի Փառահեղ վրեժ: ՄՈՒՇԵՂ Վրանը նրանց խստորեն հսկեք: Ոչ մեկին մոտիկ գնալ չթողնեք: Կանանց վրանում: Սարսափահար կանայք տարբեր լեզուներով աղոթում են, ողբում: ՏԻԿՆԱՆՑ ՏԻԿԻՆ Ընկել ենք գերի: ԱՅԼ ԿԻՆ Ու պիտի մեռնենք մահով սոսկալի: ՏԻԿՆԱՆՑ ՏԻԿԻՆ Իրենց թագուհու ոխը մեզանից կհանեն հիմի: ՄԵԿ ԱՅԼ ԿԻՆ Բա՜խտ մեր անիծյալ: ՄԵԿ ՈՒՐԻՇԸ Փրկիր, Ահրամա՛զդ: Սմբատ Բագրատունի, Գազավոն և Շավարշ սեպուհներ: ՇԱՎԱՐՇ Հույնը միշտ էլ երկդիմի է եղել: Սիրաշահում է, իսկ հետո՝ դավում: ՍՄԲԱՏ Այդպես էլ, Շավա՛րշ, պիտի որ լինի: Այդ խաղով է, որ նա մեզ պահում է կախված իրենից: (Մոտենում է մի զինվոր՝ Շավասպը): ՇԱՎԱՍՊ Զորավա՛ր, վաշտ է գալիս թշնամու: ՍՄԲԱՏ Կդիմավորե՛նք վաշտին թշնամու: Հնչեցրեք փող: Մուշեղ Մամիկոնյան, Պարգև Ամատունի և Սպանդարատ Կամսարական: ՄՈՒՇԵՂ Սպանել է, ուրեմն, նա մորը անգամ: ՍՊԱՆԴԱՐԱՏ Այո՛, իշխան: ՄՈՒՇԵՂ Մեղք է գործել: ԱՄԱՏՈՒՆԻ Դժվար է, սակայն, նրան մեղադրել: ՄՈՒՇԵՂ Նա հայր ու մայր է սպանել, Պարգև՛: ԱՄԱՏՈՒՆԻ Խորթ մայր, ուրացո՛ղ։ Եվ հայր դավաճան։ ՍՊԱՆԴԱՐԱՏ Ու սպանել է ամենքիս համար: ԱՄԱՏՈՒՆԻ Եվ ով գիտի, թե Վահանը ինչեր դեռ պիտի աներ, Սամվելի սուրը եթե չկանխեր: ՄՈՒՇԵՂ (խորհելով) Այդ արնոտ սուրը ունի երկու սայր... (Մի պահ լռում են: Մոտենում է Բատ Սահառունին): ԲԱՏ Ի՞նչ ես մտադիր, Մամիկոնյա՛ն տեր, Ինչպե՞ս մենք վարվենք կանանոցի հետ: ՄՈՒՇԵՂ Կանանոցի հետ Տղամարդու պես կվարվենք, ասպե՛տ: ԲԱՏ Զորքին չհանձնե՞նք: ՄՈՒՇԵՂ Իշխա՛ն, ես ասի՝ տղամարդու պես... (Բատը տարակուսած նայում է...) Պալատական սենյակ: Հավաքված են Աղձնիքի և Կորդվաց բդեշխները, Փայտակարանի, Ատրպատականի և Արցախի տերերը: ԱՂՁՆԻՔԻ ԲԴԵՇԽ Պապը ոչնչով չի տարբերվում հորից: Առաջարկում է կրկին Արշակունյաց գահին ենթարկվել, իր հետ միասին արյաց դեմ կռվել: Եվ ակնարկում է, որ չի ների մեզ, եթե դեմ լինենք: Ու պատասխան է մանուկն այդ ուզում: ԿՈՐԴՎԱՑ ԲԴԵՇԽ Գահին չնստած՝ սպառնո՞ւմ է մեզ: ԱՐՑԱԽԻ ՏԵՐ Այդ պատանին չգիտի դեռ՝ ինչպես պիտի խոսի մեզ հետ: ՓԱՅՏԱԿԱՐԱՆԻ ՏԵՐ Եվ ո՞վ հորինեց, թե Բյուզանդիոնն է, որ բարեկամն է մեր: ԿՈՐԴՎԱՑ ԲԴԵՇԽ Կամենում է ճանկն իր խարդախությամբ գցել: ԱՂՁՆԻՔԻ ԲԴԵՇԽ Եվ խայծը նրա կուլ են տվել ոմանք: ՓԱՅՏԱԿԱՐԱՆԻ ՏԵՐ Ինչպես որ ինքն է կուլ տվել խայծը խարդախ հունացու: ԱՐՑԱԽԻ ՏԵՐ Կարծում եմ, տիա՛րք, որ հիմա չունենք խորհելու ոչինչ: Մեր ընտրությունը արել ենք վաղուց և կողմնորոշվել դեպի արիացին: Հարկավոր չեն մեզ խաչն ու խաչվառը քրիստոնեից: ՓԱՅՏԱԿԱՐԱՆԻ ՏԵՐ Գուցե այդպես էլ գրենք պատասխան: Ասենք, որ Հայոց երկրին թիկունք ենք մենք ընտրում ոչ թե Բյուզանդիան խարդախ, այլ Պարսկաստանը, որի հավատը մեր աշխարհներում հիմա շատերն են արդեն ընդունում: ԱՂՁՆԻՔԻ ԲԴԵՇԽ Գրենք պատասխա՞ն: (Լռություն): Իսկ նա ո՞վ է, տիա՛րք, որ գրենք նրան: Չենք պատասխանի նամակին մենք այս, և դա կլինի զորեղ պատասխան: (Ներկաները հավանություն են տալիս): Պարսից արքայի վրանում: Շապուհը նստած է հանգիստ ու ինքնագոհ: Գալիս է սենեկապետը: ՍԵՆԵԿԱՊԵՏ Արքա՛ արքայից, Բանբեր է եկել հետնապահ գնդից: Շապուհը նշան է անում, որ ներս թողնի: Սենեկապետը դուրս է գալիս: Ներս է մտնում բանբեր զինվորը: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ Ի՞նչ լուր է բերել զինվորը զորքից: Չի՞ հասնում դեռ իմ կանանոցը ինձ: ԲԱՆԲԵՐ Չի պտտվում իմ լեզուն, տիրակա՛լ, Որ տամ պատասխան: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ Ի՜նչ ես դուրս տալիս: ԲԱՆԲԵՐ Մուշեղը, տե՛ր իմ, զորքին հետնապահ... ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ (անակնկալի եկած) Ի՜նչ: Թե իմ կանանցից թեկուզ և մեկին Դիպել է շան թաթ, Գլխատել կտամ ամբողջ գնդին այդ: ԲԱՆԲԵՐ Արքա՛ ողորմած, գունդն այդ էլ չկա: Շապուհը բարկությունից կանգնում և սկսում է քայլել: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ Մինչև որ չընկնի Մուշեղի գլուխն իմ ոտքերի տակ, Եվ ո՛չ մի զինվոր իր կանանց գիրկը չի վերադառնա: Լսվում է ձիու խրխինջ: Կրկին ներս է մտնում սենեկապետը: ՍԵՆԵԿԱՊԵՏ Տե՛ր իմ, Մեկ ուրիշ զինվոր էլ եկավ գնդից հետնապահ: Կարծես թե լուրը բարի է նրա: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ Ներս կանչիր, թող գա: Սենեկապետը դուրս է գալիս: Մտնում է զինվորը: ԶԻՆՎՈՐ Արքա՛ արքայից, ճանապարհին է կանանոցն արդեն: Բամբիշը ասաց, որ շուտով քեզ մոտ իրենք կլինեն: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ (ապշած, առաջին զինվորին) Դու ստո՞ւմ էիր: ԱՌԱՋԻՆ ԲԱՆԲԵՐ Այն, ինչ ասացի, տեսել եմ անձամբ: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ Պարզ է ամեն բան: Լավ կլիներ, որ այդ ձևով չգար: ԵՐԿՐՈՐԴ ԲԱՆԲԵՐ Արքան թող թույլ տա ինձ շարունակել: Մուշեղն ազատ է արձակել գերած կանանոցն ամբողջ՝ Չդիպած բնավ և ոչ մի կնոջ... Շապուհը զարմանքից լռում է: Քիչ անց, նշան անելով, որ բանբերները հեռանան, ծափ է զարկում: Գալիս է սենեկապետը: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ Եղիր կարգադիր՝ Ձուլեն ինձ համար մի նոր ոսկե գավ: Եվ թող այդ գավին Լինի պատկերը վեհանձն ու արի Մուշեղ ասպետի... Լազիկայի անտառում: Պապ թագավոր, Սյունյաց Բաբիկ նահապետ և Նոյ իշխան: ԲԱԲԻԿ Երկիրը ամբողջ դարձրել են ավեր, Չեն կարողացել բայց ազգին կոտրել: ՆՈՅ Երաշտ է սաստիկ ու սով ամենուր, Բայց ժողովուրդը ծնկի չի իջնում: ԲԱԲԻԿ Գերադասում է չարաչար մեռնել, Քան պարսից սրի առջև խոնարհվել ու կրակ պաշտել: ԹԱԳԱՎՈՐ Նժարը արդեն թեքվում է, տիա՛րք: Մեր գահին նորից հպատակվել են Շատ նախարարներ ու կուսակալներ: Իսկ սուրհանդակը քիչ առաջ հայտնեց, Որ հունաց զորքը գալիս է արդեն: Հայաստան մտնող հունական լեգեոններ, որոնց գլխավորում են Տերենտիոսը, Ադդե կոմսն ու Գորգոնոսը: Բանակը լավ զինված է: Շողշողում են վահաններն ու զրահները: Լսվում են հունարեն խոսակցություններ: Հայոց բանակում: Հազարապետ Գնունի, Պարգև Ամատունի, Բատ Սահառունի և Դարայ: ԲԱՏ Մուշեղի արածն ինձ վրդովել է: ԴԱՐԱՅ Իմ սրտով էլ չէր, ճշմարիտն ասած: ԲԱՏ Մի՞թե մոռացավ, որ Շապուհը մեր տիկնանց տիկնոջը հանձնեց իր զորքին ու հանեց ցցի: ԱՄԱՏՈՒՆԻ (կողքի նայելով) Սպարապետը: Երևում են Մուշեղ Մամիկոնյանն ու Սպանդարատ Կամսարականը: ՄՈՒՇԵՂ Դու ուզում էիր, որ կանա՞նց վրա սուր բարձրացնենք: Իմ հոր զավակը չեմ կարող կոչվել, Եթե կին պիտի ես հանեմ ցցի կամ բռնաբարեմ: ՍՊԱՆԴԱՐԱՏ Աշխարհի կարգն է՝ ակն ընդ ական: ՄՈՒՇԵՂ Վրեժը պետք է ասպետի նման լուծել, բարեկա՛մ: ՍՊԱՆԴԱՐԱՏ Շատերը, իշխա՛ն, քեզ չեն հասկանա: Խրճիթ: Վառվում է ճրագ: Այծեմնիկը՝ երեխաների հետ: ԱՅԾԵՄՆԻԿ (Պատմում է: Խոսքը զուգակցվում է կադրերով) Ապա Շապուհը հրաման է տալիս հատակի կեսի վրա շաղ տալ Հայաստանից բերած հողը, վրայից ցանել Հայաստանի ջրից, իսկ մյուս կեսը թողնել պարսկական հողով: Եվ Արշակ թագավորի հետ քայլելիս, իբրև միամտաբար, նրան տանում է հայկական հող ցանած հատակի վրա: Երբ Արշակ թագավորը ոտք է դնում հայկական հողին, ըմբոստանում է, ասում, որ վրեժ կլուծի, որովհետև նրանք իրենց բարձն են հափշտակել: Իսկ երբ Շապուհը նրան տանում է պարսկական հողի վրա, Արշակ թագավորը խոնարհում, զղջում է ասածների համար: Հաջորդ օրը պարսից թագավորը հրամայում է իր մոտ բերել Վասակ Մամիկոնյանին: Քանի որ Վասակ սպարապետը փոքր էր մարմնով, Շապուհը նրան ասում է. «Աղվե՛ս, այդ դո՞ւ էիր, որ այսքան տարի մեզ խանգարում ու չարչարում էիր: Քեզ աղվեսի մահով պիտի սատկացնեմ»: Վասակ սպարապետը պատասխանում է. «Այժմ տեսնում ես դու ինձ մարմնով փոքր, սուրս վրաս չէ, և իմ մեծության չափը չես զգում: Ես քեզ համար մինչև այժմ առյուծ էի, հիմա՝ աղվե՞ս: Երբ որ ես դեռ Վասակ էի, հսկա էի: Դնում էի մի ոտքս մի լեռան վրա, իսկ մյուսը՝ մեկ այլ լեռան: Երբ աջ ոտքիս էի հենվում, աջ լեռն էի գետին տանում: Երբ ձախ ոտքիս էի հենվում, ձախ լեռն էի գետին տանում»: Եվ Շապուհը մտածում է, որ Արշակ թագավորը եթե վերադառնա Հայոց երկիր, իրեն չի ենթարկվի, ու հրամայում է նրան բանտարկել: Վասակ զորավարին էլ սպանում է, որովհետև վախենում է նրա ուժից: ԵՐԵԽԱՆԵՐԻՑ ՄԵԿԸ Մայրի՛կ, իսկ Մուշեղ սպարապետը Վասակ սպարապետի նման կարո՞ղ է կռվել: ԱՅԾԵՄՆԻԿ Կարող է, տղա՛ս: ՄՅՈՒՍ ԵՐԵԽԱՆ Իսկ մեր հայրի՞կը: ԱՅԾԵՄՆԻԿ Նա՛ էլ, բալի՛կս: Անհուշ բերդում: Պատի տակ պառկած է Արշակ թագավորը՝ դեմքը դեպի Վասակի պաճուճապատանը: Տիրում է գերեզմանային լռություն: Կրկին լսվում են ոտնաձայներ: Դուռը բացվում է: Ներս են մտնում բանտապետն ու սպասավորը: ԲԱՆՏԱՊԵՏ Հերիք է, արքա՛, մրափես, Վեր կաց, լափդ կեր: (Թագավորը մնում է անշարժ: Բանտապետը նայում է ամանին, որը լիքն է): Ի՞նչ է, մեռնո՞ւմ ես: (Ոտքով հրում է): Վե՛ր կաց, թագավո՛ր, շուտ է, որ սատկես: (Թագավորը դարձյալ մնում է անշարժ: Բանտապետը նրա գլուխը շրջում է իր կողմը և արտաբերում ինչ-որ խորհրդավորությամբ): Մեռած է թագավորը... Շապուհ, Մերուժան Արծրունի, զորագլուխներ Վարազ և Անդիկան: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ (Արծրունուն) Պիտի պարսկական Դպրոցներ միայն լինեն Մեծ Հայքում: Հավատն արիական Հաստատել պետք է ողջ Արմենիայում: ՎԱՐԱԶ Ժողովուրդը այս, արքայի՛ց արքա, Չի հպատակվում: ԱՆԴԻԿԱՆ Վաղեսը Պապին դարձրել է արքա Ու տվել նրան զորքեր օժանդակ: ՄԵՐՈՒԺԱՆ Խախտել է այդպես Նա թարմ դաշինքը արյաց և հունաց: Արդեն հունական Լեգեոններ են մտել Հայաստան: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ Այստեղ թագավոր Կարող եմ լոկ ես կարգել, Մերուժա՛ն, Եվ չեմ հանդուրժի, Որ Պապը նստի հոր գահի վրա: ԱՆԴԻԿԱՆ Արքա՛ արքայից, Մեզ հարկավոր է նոր համալրում, Քանի որ կռվի Հուրը նորից է հիմա բորբոքվում: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ Եվ դա նշան է, որ պատերազմն այս Իր ավարտին է արդեն մոտենում: (Անդիկանին) Շտապ սուրհանդակ ուղարկիր Սուրեն Անդերձապետի, Ուռնայր արքայի և Շերգիրի մոտ: Ասա, որ իրենց զորքերը վերցնեն Եվ փութով դեպի Արմենիա շարժվեն: Հայկական դասակ: Սմբատ Բագրատունի և Սամվել Մամիկոնյան: ՍՄԲԱՏ Հայոց արքաներին ես եմ թագադրում. Հերթը կհասնի նաև Արծրունուն: Մոտենում է սուրհանդակ: ՍՈՒՐՀԱՆԴԱԿ Ասպե՛տ թագադիր, Սպարապետը շարունակում է հաղթական երթը: Նա Դարանաղում պարսկական զորքը իսպառ ջարդել է, Իսկ զորագլուխ Զիկին՝ սպանել: ՍԱՄՎԵԼ Պատերազմում այս Կարծես շողում է մեր աստղն արդեն: ՍՈՒՐՀԱՆԴԱԿ Հետ է առել նա բազմաթիվ բերդեր: Մեր ձեռքում են արդ Վաղարշապատը, Շահապիվանը: Գուգարաց երկրում Մեր զորքերը Կուր գետին են հասնում՝ Սահմանին մեր հին: Ավերում է նա ատրուշանները Եվ սրի քաշում դավաճաններին: Պարսից բանակում: Վարազ և Անդիկան: ՎԱՐԱԶ Հրամայել է Վաղեսը բերել Մայրաքաղաքի հետևակ զորքն էլ: ԱՆԴԻԿԱՆ Պապն ու Մուշեղը գնդեր կազմեցին հենց մեր քթի տակ: ՎԱՐԱԶ Մուշեղը եթե մնա կենդանի, Մեր գլխին դեռ շատ փորձանք կբերի: Կարգադրել է վեց հարյուր գերու անել մորթազերծ, Պարսպին շարել: ԱՆԴԻԿԱՆ Իր հոր վրեժն է նա այդպես հանել: Զորավարժություններ հայ պատանիներից կազմված գնդում, որոնց գլխավորում է Գազավոնը: ԳԱԶԱՎՈՆ (հարձակվելու պատրաստ հեծելազորին) Ի մա՜րտ: Երկու կողմերից այրուձիերը հարձակվում են մեկմեկու վրա: Զրնգոցով իրար են բախվում վահանները: Ոմանք ձիերից ընկնում են: Ոմանք բռնվում են սրամարտի: Քիչ անց լսվում է նահանջի փող: Զորքերը հետ են քաշվում: ԳԱԶԱՎՈՆ Այժմ վերցրեք նետեր ու աղեղ: Պապ թագավոր, Մուշեղ Մամիկոնյան և հազարապետ Գնունի: ՄՈՒՇԵՂ Կարծում եմ, արքա՛, Որ ժամանակն է մի վճռական ճակատամարտի: ԳՆՈՒՆԻ Ճակատամարտն էլ այդ վճռական Կորոշի ելքն այս պատերազմի: ԹԱԳԱՎՈՐ Ոչ միայն ելքը այս պատերազմի, Այլև ապագան մեր ամբողջ ազգի: ՄՈՒՇԵՂ Զորքերը պետք է ժողովել մի տեղ: Հարկ եմ համարում շուտափույթ կանչել Տեր Խոռխոռունուն, Սմբատ ասպետին և Անձևացուն: ԳՆՈՒՆԻ Կոչ անենք նաև մեր ժողովրդին: ԹԱԳԱՎՈՐ Նախարարները՝ Հազարավորքն ու հարյուրավորքը, Թող տան մեզ զինվոր որքան կարող են: ՄՈՒՇԵՂ Բանակատեղին թող որ լինի մեր Նպատ լեռան մոտ՝ դաշտը Ձիրավի: Շապուհ, Մերուժան և Վարազ: ՇԱՊՈՒՀ (խստությամբ) Կամքը իմ այն է, որ երկիրը այս Հպատակ դառնա ինձ ամբողջովին: ՄԵՐՈՒԺԱՆ Դյուրին չէ գործը, արքա՛ արքայից: Միաբանվել է նախարարների մեծ մասը կրկին, Իսկ բյուզանդական լեգեոնները Կանգնած են հիմա նրանց թիկունքին: ՇԱՊՈՒՀ Իշխա՛ն, թագը միշտ ունեցել է գին: Իսկ թե ո՛ւմ գլխի կդնեմ ես այն, Որոշվելու է պատերազմում այս: Դարբին Մանասպ և Այծեմնիկ: ՄԱՆԱՍՊ (պատից խաչն իջեցնելով) Խաչի առաջ այս անզոր ու նանիր էլ չե՛մ աղոթի: (Այծեմնիկը ձեռքը բռնում է): Մենք մեր աստվածներն ունենք, Այծեմնի՛կ: ԱՅԾԵՄՆԻԿ Նաև որդիներ մենք ունենք, Մանա՛սպ: ՄԱՆԱՍՊ Ժամանակները ուրիշ են հիմա: Ասում են, որ մեր Պապ թագավորը Չի պարտադրում լինել խաչապաշտ: (Թաքստոցից Վահագնի արձանիկը հանելով) Կամեցողներին նա թույլ է տալիս Դավանել իրենց հին աստվածներին: Հի՛ն աստվածներին, Այծեմնիկ, Մե՛ր աստվածներին... Սյունյաց Բաբիկ նահապետ և Փավստոս եպիսկոպոս: (Զրուցում են՝ հանգիստ քայլելով): ԲԱԲԻԿ ՆԱՀԱՊԵՏ Բոլորն արտաքուստ իրար նման են, բայց որքա՜ն տարբեր են ներքուստ: Վասակ Մամիկոնյանը ողջ կյանքում կռվեց, որ պահի, շենացնի Թորգոմա տունը: Նրա եղբայր Վահանը այրում ու ավերում էր: Սամվելն սպանեց հորը, որ հայրենիքին պարսիկը չտիրի: Մերուժանը ծախեց հայրենին, որ տիրի գահին: Նույն Մերուժանը իր նախնիների վրեժն է լուծում և ուրացավ հայրենին, Սպանդարատը հայրենիքի համար անցյալը մոռացավ: Համազասպուհին սպանվեց, որովհետև չուզեց պարսկանալ: Տաճատուհին սպանվեց, որովհետև պարսկացավ: Ո՞ր մեկը ասես: ՓԱՎՍՏՈՍ ԵՊԻՍԿՈՊՈՍ Աշխարհն այդպիսին է, նահապե՛տ: Թող Աստված մեղավորին դատի: ԲԱԲԻԿ ՆԱՀԱՊԵՏ Իսկ մեր անհավատ թշնամուն նա ե՞րբ է դատելու, Փավստոս... Ներսես կաթողիկոս, հազարապետ Գնունի և Պարգև Ամատունի: ԿԱԹՈՂԻԿՈՍ Մի թշնամի էլ սովն է մեզ համար: ՀԱԶԱՐԱՊԵՏ Բացում ենք արդեն հորերը վերջին: ԱՄԱՏՈՒՆԻ Բանակի հացը ես ինձ վրա եմ վերցնում, Գնունի՛: Այսօր սուրհանդակ կուղարկեմ շտապ, Որ գրաստներով պարեն ուղարկեն: ԳՆՈՒՆԻ Զինվորը քիչ է: Նաև զինվոր է մեզ պետք Ձիրավում: ԿԱԹՈՂԻԿՈՍ Բանակին հիմա դառնում է զինվոր, ով որ կարող է: Ամենքն են զգում, որ մի վերջնական Ճակատամարտ է այնտեղ լինելու: Ձիրավ գնացող հոգևորականների զինված խումբ՝ Փավստոս և Հուսիկ եպիսկոպոսների գլխավորությամբ: ՓԱՎՍՏՈՍ Պարսիկին կտանք մենք այնպիսի դաս՝ Էլ չի մոռանա, որ քրիստոնյան Աղոթելու հետ գիտի և՛ կռվել: Երևում են մի քանի մշակներ՝ զինված գործիքներով: ՆՐԱՆՑԻՑ ՄԵԿԸ (հոգևորականներին) Հոգևորնե՞րն էլ սուր են վերցրել: ՀՈՒՍԻԿ Հոգևորները միշտ են հոտի հետ՝ Աղոթքի ժամին, թե դաշտում կռվի: ՄԻ ԳՅՈՒՂԱՑԻ Գալիս է արդեն մեծ ժամն աղոթքի... Հեռվում երևում են այլ գյուղացիներ: ՆՐԱՆՑԻՑ ՄԵԿԸ Է՜- հե՜- հե՜յ, Էդ ո՞ւր եք գնո՜ւմ... Էդ ո՞ւր եք գնո՜ւմ: ՊԱՏԱՍԽԱՆ ՁԱՅՆ (հեռվից) Ձիրավի դա՜շտ: Ձիրավի դա՜շտ: (Արձագանքվում է): Ձիրավի դա՜շտ... Հայաստան մտած պարսից, ալանաց և ղեկաց զորքերը: Առջևից գնում են Սուրեն զորագլուխը, Ուռնայր և Շերգիր թագավորները: Շուրջբոլորն ամայի է: Երևում են այրված տներ, կմախքներ, գանգերի կույտեր: Լսվում է ձիերի ու փղերի ձայն, ագռավների կռինչ: Պապ թագավոր, Ներսես կաթողիկոս, Մուշեղ սպարապետ, հազարապետ Գնունի, Գնել Անձևացի, Սմբատ Բագրատունի, հույն զորավարներ Տերենտիոս, Արինթեոս, Ադդե կոմս և հետևակի հրամանատար Գորգոնոս: (Հայերեն ասվածը վերջիններիս համար թարգմանվում է): ԹԱԳԱՎՈՐ Արդ ժամն է արդեն վերջնական մարտի: ՄՈՒՇԵՂ Բանակը կռվին պատրաստ է, արքա՛: (Հունարեն) Զորքը հունական Ձիրավի դաշտում Կլինի, հարկավ, զորեղ զինակից: ԹԱԳԱՎՈՐ Թող որ Ձիրավի ճակատամարտը Հաղթանակների պսակը լինի մեր բանակների: Զորքերը ինքս կառաջնորդեմ, տիա՛րք: ՏԵՐԵՆՏԻՈՍ Քայլը այդ հիմա շատ վտանգավոր կլինի, արքա՛: Տերն իմ թող թույլ տա իրեն առարկել: Պատվիրել է ինձ կայսրը Բյուզանդիո Ամեն րոպե պահապան լինել արքային մեր նոր: Ձիրավի դաշտում ամեն բան կանեն Զորավարները հունաց և հայոց: ԿԱԹՈՂԻԿՈՍ (հունարեն) Տերենտիոսը, արքա՛, իսկապես խորհում է առողջ: Թող հայոց գահը չկանգնի կրկին առջև վտանգի: ԹԱԳԱՎՈՐ (նույնպես հունարեն) Շնորհակալ եմ, տիա՛րք մեծարգո, Բայց ես չեմ կարող Կռվում այս լինել պարզապես դիտող: Պարսից զորքերը միանում են իրար: Այրուձի: Հետևակ: Փղեր: Մոգեր ու մոգպետներ: Պարսկերեն խոսակցություններ: Շապուհի մոտ հավաքված են Մերուժան Արծրունին, Վարազ և Անդիկան զորավարները, Սուրեն անդերձապետը, Ուռնայր և Շերգիր թագավորները: ՎԱՐԱԶ Գնդերն իրենց կուտակել են Նպատ լեռան ստորոտում: Ճակատամարտ ուզում են տալ Հավանաբար Ձիրավ դաշտում: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ Դաշտն այդ նաև մեզ համար է հարմար կռվի: ՈՒՌՆԱՅՐ Պետք է սակայն նկատել, որ Մեր դեմ ուժ է կանգնած հզոր: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ Ուժն այդ հզոր, արքա՛ Ուռնայր, Վաղը պիտի էլ չլինի: Հայկական զորքեր և հունական լեգեոններ: Մուշեղ Մամիկոնյանն անցնում է բանակի միջով, հրամաններ տալիս ու խրախուսում: ՄՈՒՇԵՂ (Գնել Անձևացուն) Ինչպե՞ս է զորքն արևելյան, սպարապե՛տ: ԳՆԵԼ Կազմ ու պատրաստ, Մուշե՛ղ: ՄՈՒՇԵՂ (Գնում է այրուձիու կողմը) Հազարապե՛տ, այս այրուձին վաղը ինքդ կառաջնորդես: (Երևում են կռվին պատրաստվող հայ և հույն երիտասարդներ: Սպարապետը մոտենում է աշխարհազորին): Ամատունի՛, գունդն աշխարհիկ հանձնում եմ քեզ: Ի մա՜րտ, իշխա՛ն: ԱՄԱՏՈՒՆԻ Ինչպես ասիր, ասպե՛տ: Շավարշ սեպուհը՝ իր զինվորներին: ՇԱՎԱՐՇ Մենք պիտի հարձակվենք փղերի վրա: Փղին խոցելը մի բարդ խնդիր չէ: Դժվար է դուրս գալ փորը պատռված գազանի տակից: Մուշեղ Մամիկոնյան և Սմբատ Բագրատունի: ՄՈՒՇԵՂ Դու սկզբում դաշտից հեռու կմնաս: Երբ հրաման ստանաս, Հուժկու թափով մխրճվիր թիկունքի մեջ նրանց: Հայ և հույն զորավարների, զինվորների անդադար շարժում, խոսակցություններ: Այս ու այն կողմ վազող պատանիներ: Աստիճանաբար մթնում է: Իջնում է գիշեր: Լուսնկա խաղաղ, անվրդով երկինք, կայծկլտացող աստղեր... Զրուցում են խմբված մի քանի զինվորներ: ՇԱՎԱՍՊ (նրանց մոտենալով) Քունս չտարավ: ՄԱՆԱՍՊ Իսկ ո՞ւմն է տանում: ԱՅԼ ԶԻՆՎՈՐ Այսօր չենք քնում, Վաղը կարող է բնավ չարթնանաք... ՇԱՎԱՍՊ Վաղվա կռիվը կլինի դաժան: ՄԱՆԱՍՊ Լավ է, որ հույնը մեզ հետ է հիմա: ՇԱՎԱՍՊ Արյուն մենք նրան հաճախ ենք տվել: Այսօր իրենն է հերթը հատուցման: Մեկ այլ այդպիսի խումբ: Ինչ-որ պատմություն է արել զինվորներից մեկը, և բոլորը ծիծաղում են: Զինվորը շարունակում է. – Իսկ մի անգամ, երբ Հոհանն անցնում է ճանապարհով... Երևում է Հոհան եպիսկոպոսը՝ ճանապարհին: Դիմացից գալիս է մի հեծյալ՝ ընտիր նժույգով, մեջքին՝ աղեղ ու կապարճ, գլխին՝ վարսակալ: Երբ հասնում են իրար, Հոհանը դիմում է նրան: ՀՈՀԱՆ Քա՛ջ հեծյալ, Աստված շշնջում է ինձ, որ դու ընտրյալ ես: Ցած իջիր ձիուց, քեզ ձեռնադրեմ: ԱՆՑՎՈՐ (ծիծաղելով) Ի՞նձ, հա՛յր սրբազան: ՀՈՀԱՆ Այո, որդյա՛կ իմ: (Մոտենում և քաշում է, որ ձիուց իջեցնի): Իջի՛ր, որդյակ, իջի՛ր: Հնազանդ եղիր կամքին աստվածային: (Բռնությամբ ցած է գցում): ԱՆՑՎՈՐ Ես ի՞նչ ընտրյալ, հա՛յր Հոհան: Միշտ էլ եղել եմ ավազակ ու գող: ՀՈՀԱՆ Աստված ներում է բոլոր մեղքերդ: Այսօրվանից դու երեց ես: Հագիր այս պատմուճանը և գնա ձեր գյուղ: (Տալիս է մի մաշված պատմուճան): Այս նժույգն էլ, որդյա՛կ, տուր ինձ որպես վարձ: (Ցատկում է թամբին): ԱՎԱԶԱԿ (ընդդիմանալով) Չէ՛: Այս նժույգը ես նոր եմ գողացել: ՀՈՀԱՆ Աստված արդեն քեզ ներեց: ԱՎԱԶԱԿ Բայց ես անգամ մկրտված չեմ: ՀՈՀԱՆ Մկրտված չե՞ս: (Բացում է ջրամանը և վրան ջուր շփում): Ահա և՛ մկրտություն քեզ: Դե՛, բարով գնաս: (Ձին խթանում է և քառատրոփ սլանում: Ավազակը մնում է շվարած): Պատմությունը լսած զինվորները քահ-քահ ծիծաղում են: Պատկերը փոխվում է: Ծագում է արեգակը: Հնչում են փողեր: Շարվում են հայոց և հունաց զորքերը՝ զինված նիզակներով, աշտեներով, սրերով, նետ ու աղեղով... Շարվում են այրուձիերը: Երկու կողմերի ռազմիկներն էլ ունեն վահաններ ու սաղավարտներ, շատերը՝ նաև բազպաններ ու զանգապաններ: Առանձին գունդ է կազմել հայոց աշխարհազորը: Գնդի առջև կանգնած են Շավասպն ու Մանասպը: Արևի տակ փայլփլում են մետաղյա զրահները: Զորքերի առջև են Պապ թագավորը, Ներսես կաթողիկոսը, Մուշեղ սպարապետը, հազարապետ Գնունին, Սմբատ Բագրատունին, Գնել Անձևացին, Մաղխազ Խոռխոռունին, հույն զորավարները, Բաբիկ նահապետը, Նոյ իշխանը, Բատ Սահառունին, նախարարներ, կուսակալներ և այլք: Հեռվում երևում է պարսից բանակը, որը նույնպես պատրաստվում է ճակատամարտի: Պապ թագավորը կանգնած է զինված՝ պատրաստ առաջնորդելու բանակը: Ներսես կաթողիկոսի հետ կարճատև խոսակցությունից հետո նկատելի անհանգստությամբ նրան մոտենում է Մուշեղ Մամիկոնյանը: ՄՈՒՇԵՂ Ներիր ինձ, արքա՛, Որ ընդդիմանամ պիտի ես նունպես քո որոշմանը: (Թագավորը տարակուսած նայում է): Ես գիտեմ, որ շատ Դժվար է նման ճակատամարտին նայել թիկունքից, Բայց պիտի նորից այժմ խնդրանքը անեմ ամենքիս: Հայոց աշխարհին հիմա՝ այս պահին, Թագավոր է պետք առաջին հերթին: Խնդրում եմ, արքա՛, Վստահիր դու այս ճակատամարտն ինձ: ԹԱԳԱՎՈՐ Անհնարինն ես դու խնդրում, Մուշե՛ղ: ՄՈՒՇԵՂ Անհնարինն ենք մենք ցայսօր արել: ԹԱԳԱՎՈՐ Եվ մի՞թե այդքան թանկ է ձեզ համար կյանքը արքայի: ՄՈՒՇԵՂ Թանկ է մեզ համար թա՛գը արքայի... Զգացվում է, որ թագավորը նույնպես հուզվում է: Մի պահ երկմտում է, դժվարանում է կողմնորոշվել, բայց քիչ անց, նայելով Մուշեղի անհանգիստ դեմքին, նրան է մեկնում նիզակն ու ձիու սանձը: ԹԱԳԱՎՈՐ Զինաթափեցիր ինձ, սպարապե՛տ: Վերցրո՛ւ, ահա: Քեզ նման քաջին Վայել են զենքն ու նժույգն արքայի: ՄՈՒՇԵՂ Շնորհակալ եմ խորապես, արքա՛: Խոնարհ եմ ես միշտ քո հրամանին, Թույլ տուր ինձ, սակայն, մարտի մեջ մտնել Զենքերով իմ հոր և իմ նժույգով: ԹԱԳԱՎՈՐ Ինչպես որ կուզես դու ինքդ, Մուշե՛ղ: (Կարճատև դադարից հետո) Ժամն է արդ, ասպե՛տ: Առաջնորդի՛ր բանակն ի մարտ: Աստված մեզ հետ: Մուշեղ Մամիկոնյանը շրջվում է բանակի կողմը: Բոլորը լռում են: ՄՈՒՇԵՂ Դե ինչ, արծիվնե՛ր, Մեր վերջին կռվի ժամն է արդ եկել: (Սուրը պատյանից հանում է: Զինվորները նույնպես սրերը բարձրացնում են): Զարկենք առաջին զարկը մենք այսօր Հանուն մայր հողի և հայոց գահի՛: ԲԱՆԱԿԸ Հանուն մայր հողի և հայոց գահի՛: ՄՈՒՇԵՂ Զարկենք ի փառս նենգաբար բանտված Արքայի՛ հայոց: ԲԱՆԱԿ Հանուն արքայի՜: Հանուն արքայի՜: ՄՈՒՇԵՂ Զարկենք ի փառս Հայոց թագուհո՛ւ: ԲԱՆԱԿ Հանուն թագուհո՜ւ: Հանուն թագուհո՜ւ: ՄՈՒՇԵՂ Հիշեցնենք զարկը սպարապետի՛: ԲԱՆԱԿ Սպարապետի՜: Սպարապետի՜: ՄՈՒՇԵՂ Ջարդենք մենք այնպես, Որ չհանդգնի ոչ մեկն այլևս մեր հողը խուժել: Հառա՜ջ: Զորքերն առաջ են շարժվում: Ձիրավի դաշտում՝ Արածանիի ափին, դեմդիմաց ելնում են երկու բանակներ: Սկսվում է նետաձգություն: Երկու կողմերի վրա էլ տեղում է նետերի տարափ: Զինվորները պաշտպանվում են վահաններով: Ոմանք վիրավորվում են, ոմանք՝ զոհվում: Ավելի մոտենալով՝ զինվորներն իրար վրա նետում են նիզակներ: Մարտն աստիճանաբար թեժանում է: Կռվի մի թևում Գազավոնի գլխավորությամբ պարսիկների վրա հարձակվում է հայ երիտասարդների ու պատանիների գունդը, որի դեմ դուրս են գալիս նրանց հասակակից պարսիկները: Շեշտակի հարված տալով՝ հայերը հետ են քաշվում, որոնց վահաններով ստեղծած յուրօրինակ «բերդի» մեջ են առնում հույն զինվորները: Ապա նիզակների ու նետերի տարափի տակ հետ են քաշվում նույնպես հերոսաբար կռվող պարսիկները, իսկ հայերը, «բերդից» դուրս գալով, հարձակվում են կրկին: Դրվագներ ճակատամարտից: ՄԻ ՀԱՅ ԶԻՆՎՈՐ (աջ ու ձախ զարկելով) Քաջ Արշակի՛ համար: Քաջ Արշակի՛ համար: ՄԵԿ ՈՒՐԻՇ ԶԻՆՎՈՐ Մատա՛ղ եղիր մեր Արշակին: Մատա՛ղ եղիր: ՄԵԿ ՈՒՐԻՇԸ Էս քեզ՝ նենգությա՛ն համար: Էս քեզ՝ թագուհո՛ւց: էս քեզ՝ Վասակի՛ց: Սրամարտի դրվագներ: Մեռած ու վիրավոր զինվորներ: Ձիերի խրխինջ, սրերի զնգոց: Խոցված մարմիններ: Արյունոտ դեմքեր: Հերոսաբար մարտնչում են նախարարները, սեպուհները, ռամիկները... Երևում են Մուշեղ Մամիկոնյանը, Գնել Անձևացին, Պարգև Ամատունին, Սամվել Մամիկոնյանը, Դարայը, հույն զորավարներ Տերենտիոսը, Արինթեոսը, Ադդե կոմսը և այլք: Զոհվում են Մանասպը, Վարագը, Աբելը: Կատաղի ու անձնուրացաբար են մարտնչում նաև հակառակորդի զինվորներն ու զորագլուխները՝ Վարազը, Անդիկանը, Սուրենը, Մերուժանը: Մեծաթիվ են նաև կռվի դաշտ մտած մոգերը: Պատերազմի դաշտում է անգամ արյաց արքա Շապուհը: Նպատ լեռան ստորոտում: Պապ թագավոր, Ներսես կաթողիկոս, Հուսիկ եպիսկոպոս և թիկնապահ զինվորներ: Փորձում են կռվի դաշտում ինչ-որ բան նշմարել: ԹԱԳԱՎՈՐ Դժվար է տեսնել՝ ինչ է կատարվում: ՀՈՒՍԻԿ Մի՛ լքիր մեզ, Տեր, եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն: ԿԱԹՈՂԻԿՈՍ Սուրհանդակ է երևում: Պատերազմի դաշտը... Մուշեղ Մամիկոնյանը, որ կռվի ասպարեզից դուրս է եկել, ճակատամարտին հետևում է թիկունքից: ՄՈՒՇԵՂ (համհարզին) Մարտի մեջ՝ մյուս հեծելազորը: (Համհարզը դրոշով հարձակվելու նշան է անում): Կռվի դաշտ է խուժում Սմբատ Բագրատունու գլխավորած հեծելազորը: Ի պատասխան, գետն անցնելով, հարձակվում է պարսից այրուձին: Շապուհը մարտի մեջ է մտցնում նաև դրանիկ գունդը, որի վրա Խոռխոռունու առաջնորդությամբ հարձակվում է հայոց արքունական զորքը: Քիչ անց ամբողջովին մարտի է նետվում աշխարհազորը: Իր խմբով թիկունքից փղերի վրա հարձակվում է Շավարշը: Զինվորները կտրատում են փղերի ոտքերի ջլերը, փորի տակից խոցում: Վիրավոր, կատաղած կենդանիները ամեն ինչ կոխկրտում են: Սպանդարատ Կամսարականը հանկարծ նկատում է ղեկաց թագավոր Շերգիրին: Ձին շրջում է և պատրաստվում հարձակման: Այդ նկատելով՝ Շերգիրը փորձում է պաշտպանվել: Սպանդարատը փոքր-ինչ թափ է առնում և նիզակով շեշտակի հարվածում: Նիզակը ճեղքում է վահանը և խրվում Շերգիրի կուրծքը: Նա մահացած ընկնում է: Ձիրավի դաշտը վերածվում է ճակատամարտի հսկա հրապարակի: Պարսից զորքը ցրելու, մասնատելու համար հայ և հույն զինվորները փռվում են ամբողջ դաշտով մեկ: Ճակատամարտը ասես դառնում է անկառավարելի, տարերային: Պատերազմի դաշտում իշխում է հզոր մի տարերք: Պարսկական զորքերն աստիճանաբար թուլանում են և փորձում նահանջել: Երևում է արյաց արքա Շապուհը՝ բանակի թիկունքում: ՊԱՐՍԻՑ ԱՐՔԱ (Սուրեն անդերձապետին) Պահեստային վերջին գունդը... ՍՈՒՐԵՆ Զուր է, իմ տե՛ր, Մուշեղն էլ դեռ մի գունդ ունի պահեստային: Մոտենում է Անդիկանը: ԱՆԴԻԿԱՆ Տե՛ր արքայից, այստեղ մեր դեմ Կռվում էին կարծես դևեր: ՍՈՒՐԵՆ Պահն է՝ նահանջի մասին մտածենք: Հապաղելն արդեն վտանգավոր է: Տեսնելով նաև հայոց պահեստային հեծելազորի հարձակումը՝ Շապուհը նահանջելու նշան է անում: Պարսից բանակը մատնվում է խուճապի: Չկարողանալով կազմակերպված նահանջել՝ պարսիկներն սկսում են փախչել: Երևում են նրանց հալածող Մուշեղ և Սամվել Մամիկոնյանները, Գնել Անձևացին, Պարգև Ամատունին և այլք: Սմբատ Բագրատունին փախչող զինվորների մեջ տեսնում է Մերուժան Արծրունուն և հարձակվում: Մերուժանը փախչում է դեպի եղեգնուտները, Սմբատը՝ հետապնդում... Նպատ լեռան ստորոտում: Պապ թագավոր, Ներսես կաթողիկոս, Հուսիկ եպիսկոպոս և թիկնապահներ: Հևասպառ մոտենում է մի հեծյալ: ՀԵԾՅԱԼ Մենք հաղթեցի՜նք, Մենք հաղթեցի՜նք: Լսվում է հուժկու արձագանքը՝ Հաղթեցի՜նք, Հաղթեցի՜նք: ՀԵԾՅԱԼ (կրկնում է) Հաղթեցի՜նք, Հաղթեցի՜նք... Կրկնվում է նաև արձագանքը՝ Հաղթեցի՜նք, Հաղթեցի՜նք: Ներսես կաթողիկոսն ու Հուսիկ եպիսկոպոսը ծնկում են և ձեռքները պարզում վեր... Ամիսներ անց: Քաղաքամայր Դվինում՝ արքունիքի գավիթում, հավաքված են նախարարներ, կուսակալներ, սեպուհներ, հոգևորականներ, ռամիկներ: Սպասում են... ԳԱԶԱՎՈՆ Ով աչքը տնկի արքայի գահին, Սմբատը նրան կթագադրի, ինչպես Արծրունուն: ԱՄԱՏՈՒՆԻ Այո՛, Գազավոն, Շիկնած երկաթը դավաճան գլխին շատ լավ է նստում: Խոսակցություններ ռամիկների մեջ: ՇԱՎԱՍՊ Մուշեղն իսկական ասպետի զարմ է: ԱՅԼ ՌԱՄԻԿ Ասում են, որ նա, Կարգադրությամբ Պապ թագավորի, Հայր մարդպետին է նաև սատակել: ՄԵԿ ՈՒՐԻՇԸ Իսկ երբ Ձիրավում Ձիուց գցել է արքա Ուռնայրին, Չի քաշել սրի՝ Ասելով, թե քո բախտը բերել է, որ թագավոր ես, Թագավոր մարդուն ես չեմ սպանի: ՇԱՎԱՍՊ Ու երբ կանչել է ու մեղադրել Արքան այդ բանի համար Մուշեղին, Սպարապետը նրան ասել է. «Սրի մատնում եմ, Արքա՛, ես միայն ինձ հավասարին...»: Եվ թագավորը Գահից իջել ու գրկել է նրան՝ Տեսնելով, թե ինչ վեհասիրտ է նա: ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ (բարձրաձայն) Գալի՜ս է արքան: Երևում է Պապ թագավորը՝ շքախմբով: ՈՒՂԵԿՑՈՂ ԶԻՆՎՈՐՆԵՐ Բացե՛ք ճանապարհը: Բացե՛ք ճանապարհը: ՁԱՅՆԵՐ Կեցցե՛ թագավորը: Կեցցե՛ թագավորը: ՈՒՂԵԿՑՈՂ ԶԻՆՎՈՐՆԵՐ Ճանապա՛րհ տվեք հայոց արքային: Ճանապա՛րհ տվեք հայոց արքային: Ցնծության աղաղակներ: Լսելի է՝ Փա՛ռք արքայի՜ն: Փա՛ռք արքայի՜ն... 2000-2001 թթ. |
Abone ol ve malalelerin yayınla: