Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Անուշավան Մատինյան. Գերազանցիկ գնդացրորդն ու հողի անխոնջ մշակը

10:29, cuma, 10 mayıs, 2013
Անուշավան Մատինյան. Գերազանցիկ գնդացրորդն ու հողի անխոնջ մշակը
     Իջևանի շրջանի Լուսաձոր գյուղից Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել են 64 լուսաձորցիներ: Նրանցից երեսուներկուսը տուն չվերադաձան: Ցավոք Հայրենական Մեծ պատերազմի վետերանների շարքերը տարեցտարի նոսրանում են: 90-ամյա Անուշավան պապը այսօր Լուսաձորի միակ վետերանն է: 1942 թվականին, երբ նոր էր բոլորել նրա 19 տարին, զորակոչվեց բանակ: Բազում հայորդիների հետ նա էլ է մեկնում ռազմաճակատ` Նովոռոսիսկ, պաշտպանելու հայրենիքը: Երեք ամիս առաջին գծում կռվելուց հետո վիրավորվում է և ապաքինվելուց հետո շարունակում է ծառայությունը թիկունքում, մինչև 1947 թվականը: Զորացրվելուց հետո վերադառնում է հայրենի գյուղ, ընտանիք կազմում և մինչև 1985 թվականը կնոջ` Ազգանուշի հետ միասին աշխատում է գյուղի կոլտնտեսությունում: Չնայած զառամյալ տարիքին, Անուշավան Մատինյանը այսօր էլ զբաղվում է այգեգործությամբ: Արքայախնձորի մեծ այգի ունի, մոտ 200 ծառ: Ընտանիքի անդամները դժգոհում են, թե պապը իրեն «խելոք չի պահում», բաղից տուն չի գալիս:
     Անուշավան պապի տան հյուրասենյակում, կահույքի վրա իր մշտական տեղն ունի մի մեծ շրջանակ, որի ներսում շրջանային թերթի 1972 թվականի համարի իր մասին պատմող էջն է` «Հողի անխոնջ մշակը» վերնագրով, իսկ շրջանակի երկայնքով խնամքով ամրացված են աշխատանքային և մարտական բոլոր պարգևները: «Երեսուն տարի բրիգադիր եմ աշխատել, կոլխոզի տասներեք նախագահների հետ: Թե ծառայության մեջ, թե աշխատանքում հարյուր տոկոսով ինձ արդարացրել եմ ու դրա համար արժանացել եմ էս պարգևներին» -ասում է Անուշավան պապը: Մեդալների ու շքանշանների վկայականներն էլ առանձին տեղ է պահում: «Չմտածեք թե մի տեղից փողը տվել առել եմ, սաղի դակումենտնին էլ ունեմ» -ժպտալով աում է վետերան պապիկը ու թղթապանակի միջից մեկ առ մեկ հանում վկայականները: Առանձնահատուկ հպարտությամբ ցուցադրում է գերազանցիկ գնդացրորդի վկայականը, աշխատանքային փառքի և մարտական ծառայության շքանշանները:
     Կյանքի մայրամուտն ապրող, վեց զավակների հայր, տասնյոթ թոռների ու քսաներեք ծոռների պապ Անուշավան Մատինյանը սիրո, հոգատարության ու ուշադրության պակաս չի զգում: Անուշավանն ու կինը ապրում են կրտսեր որդու` Ստեփանի ընտանիքի հետ, վայելելով ընտանիքի անդամների սերն ու ջերմությունը: Գյուղական իշխանություններից էլ գոհ է, ամեն տարի մայիսի 9-ին հանդիսավոր ճաշկերույթ է կազմակերպում գյուղապետը, մեծարում ու նվերներ է հանձնում: Ավանդույթի համաձայն, այսօր էլ Լուսաձորում նշել են Հաղթանակի ու Խաղաղության տոնը, և իհարկե միջոցառման գլխավոր հերոսը գյուղի միակ վետերան, Անուշավան Մատինյանն էր:
     09.05.2013թ.
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4038 | 0 | 0
Facebook