Идет загрузка...
Сегодня:  Суббота, 27 Апреля, 2024 года

Статьи

Մոնթեաբերդի հերոսը՝ հավերժ մեր սրտերում.Օնիկ Հովսեփյան

18:55, Суббота, 01 Января, 2022 года
Մոնթեաբերդի հերոսը՝ հավերժ մեր սրտերում.Օնիկ Հովսեփյան
     Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի փրկության ոտքի ելան բազում քաջորդիներ։ Նրանցից է Արցախի Մարտունու հերոս Օնիկ Հովսեփյանը, ով այսօր դարձավ 33 տարեկան։ Մեզ հետ զրույցում Օնիկի քույրը՝ Վեհանուշ Հովսեփյանը, կարոտով ու միևնույն ժամանակ մեծ հպարտությամբ է խոսում եղբոր հերոսական ուղու մասին։
     Օնիկը ծնվել է 1989 թվականի հունվարի 1-ին, Մարտունի քաղաքում։ Սովորել է Մարտունու Նելսոն Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում, որին զուգահեռ հաճախել է Մոնթեաբերդի Արամ Խաչատրյանի անվան արվեստի դպրոց՝ դհոլի բաժին. այն ավարտել է գերազանց։ Այնուհետև ընդունվել է Արցախի պետական համալսարանի "Հաշվապահական հաշվառում և աուդիտ" բաժինը։ Բուհն ավարտելուց հետո աշխատել է ԱՀ ազգային վիճակագրական ծառայության Մարտունու բաժնում։
     «Չնայած աշխատանքային փորձ չուներ, բայց կարճ ժամանակահատվածում դարձել էր իր գործի վարպետը։ Բաժնի աշխատակիցներն անչափ սիրում ու հարգում էին Օնիկին։ Միշտ ասում էին շատ դաստիարակված է, պատասխանատու, ճշտապահ, զգայուն, հոգատար, մեծի հետ՝ մեծ, փոքրերի հետ՝ փոքր։ Օգնության ձեռք էր մեկնում բոլորին՝ մանավանդ այն մարդկանց, ովքեր սոցիալապես վատ վիճակում էին։ Ոչ մեկից ոչինչ չէր ակնկալում. բավականին հոգատար էր, ընկերասեր, ազնիվ, բարեսիրտ։ Բոլորը սիրում էին նրան։ Երբ գալիս էր շենքի բակ և իր մեքենան կանգնեցնում, բակի երեխաները միանգամից վազելով գալիս էին գիրկը։ Օնիկն էլ գրկում, համբուրում և բոլորի հետ զրուցում էր, ձեռքին եղած քաղցրավենիքն ու ուտելիքն էլ հյուրասիրում էր։ Օնիկը 2016 թվականին մասնակցել է ապրիլյան պատերազմին։ Հենց առաջին օրվանից էլ կամավորագրվել էր և իր ընկերների հետ մեկնել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Չնայած նա կցված էր այլ գործի, բայց եղել է նույնիսկ առաջնագծում։ Ասում էր՝ պիտի կռվենք ու հաղթենք, մեր հողը պաշտպանենք։ Նա այլոց նման չնախընտրեց տաքուկ անկյուններ, ապաստարաններ, այլ հայրենիքի շահը վեր դասեց ամեն ինչից։ Իրենից կախվածն արեց՝ օգնելով բոլոր բոլորին։ Նա նվիրվող էր։ Այն ամենը, ինչը նա անում էր, պիտի լիներ անթերի, գեղեցիկ, տարբերվող. գրագետ կազմակերպում էր ցանկացած գործ։ Կարողանում էր իր շուրջը համախմբել աշխատասեր, կիրթ ու գրագետ մարդկանց։ Շատ էր սիրում ընտանիքը. նրա համար մեր ընտանիքն իր հպարտությունն էր, ուրախությունը։ Ցանկացած գործ նախաձեռնելիս անպայման կիսվում էր մեր հետ։ Ուժեղ ոգու տեր անհատականություն էր, կենսուրախ։ Նա կամակատար չէր, չէր սիրում քծնանքն ու շողոքորթությունը։ Սիրում էր հաղթանակներ տոնել, ուրախությունների մասնակցել, գեղեցիկ ոճային հագնվել՝ առավել ևս սպիտակ շորեր։ Նա խաղաղասեր էր. Ցանկանում էր՝ Արցախը լիներ հարատև ազատ և անկախ։ Ասում էր՝ այնքան արյուն է թափվել Արցախյան պատերազմի ժամանակ, մարդկանց ճակատագրեր են խեղվել, ու խաղաղ պայմաններում էլ էլի զոհեր ենք ունենում, ինչու՞...Միթե չի կարելի վերջ դնել այս ամենին և ապրել անկախ։ Օնիկը հավերժ ներկա է մեզ համար։Ոչ մեկիս մտքով չի անցնում, որ նա ֆիզիկապես մեզ հետ չէ: Նրա հպարտ, վեհ ու գեղեցիկ հայացքի ներքո մարդկային լավագույն հատկանիշներն են ամփոփված: Նրա մասին անցյալով երբեք չենք խոսում: Նա ոչ միայն դաստիարակված, հայրենասեր ու ընտանիքը գերագնահատող անհատականություն է, այլև՝ հայրենիքին արժանի ու նվիրյալ զավակ: Լավատես էր, որ հաղթանակը մերն է լինելու և մեկ րոպե անգամ չնահանջեց՝ զենքը ձեռքին պայքարեց մինչև վերջ՝ միաժամանակ փրկելով հազարավոր հայորդիների կյանքեր: Նրան բոլորն են հիշում, մեծարում ու հարգում առհավետ», -պատմել է Վ. Հովսեփյանը։ Երբ սկսվեց 2020 թվականի Արցախյան աշնանային պատերազմը, Օնիկը միանգամից ընկերների հետ կամավորագրվեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ «Պատերազմի առաջին իսկ օրերից մինչև վերջին օրը Օնիկը Մարտունիում էր։ Նրան 5 օրով արձակուրդ էին տրամադրել, բայց չի օգտագործել, ասել է, բա որ բոլորս դուրս գանք, ով է պահելու մեր հայրենիքը։ Ընկերները նրան հրամանատար էին ասում, որովհետև պատերազմի դժնդակ օրերին կարողանում էր ճիշտ կողմնորոշվել։ Նոյեմբերի 8 -ի լույս 9-ի գիշերն էր, մենք ժամանակավոր Երևանում էինք ապրում։ Նոյեմբերի 9-ը իմ ծննդյան օրն է։ Օնիկը զանգեց հեռախոսահամարիս և ասաց." Թուրքերը եկել են, որ մեր տարածքում իբրև դրոշ տեղադրեն, ես ու իմ ընկերները ետ ենք շպրտել, դե դա էլ քո ծննդի նվերը։ Ես քեզ ամենալավ բաներն եմ ցանկանում"։ Ես էլ ուրախությամբ շարունակեցի, որ շնորհակալ եմ, զգույշ կլինես։ Լույսը բացվեց, ինչքան ես ու մեծ եղբայրս զանգում էինք, միևնույն է, Օնիկը չէր պատասխանում։ Միայն ժամեր անց մեզ տեղեկացրին, որ նա հերթական թեժ մարտի ժամանակ անմահացել է հանուն հայրենիքի։ Եռաբլուրը մեզ համար ևս դարձավ յուրովի սրբատեղի», -նշել է մեր զրուցակիցը։
     2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում ԱՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող, պահեստազորի շարքային Օնիկ Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Հերոսի ծննդյան 33-ամյակի առթիվ` Հայաստանի Հանրապետության «Ֆիդայիներ» ՌՀԲՀԿ-ի կողմից պարգևատրվել է «Մոնթե Մելքոնյան» մեդալով։ Օնիկի հարազատ եղբոր՝ Սիմոնի և հերոսի ընկերների համատեղ նախաձեռնությամբ հուշաղբյուր և խաչքար են տեղադրել Մարտունիում։ Սրտացավ ընկերներից՝ Սպարտակ Ավագյանը Օնիկի հիշատակին երգ է պատվիրել։
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1153 | 0 | 0
Facebook