Идет загрузка...
Сегодня:  Четверг, 24 Июня, 2021 года
Թելեգրամ

Статьи

Խաղը բեմում քո կյանքի ամենամեծ անկեղծության վայրկյանն է։

20:09, Суббота, 03 Апреля, 2021 года
Խաղը բեմում քո կյանքի ամենամեծ անկեղծության վայրկյանն է։

-Շողեր, թատրոնը ո՞ր տարիքում բացահայտվեց քեզ համար։

-Թատրոնը չբացահայտվեց, պարզապես մի օր թույլ տվեց ծանոթանալ իր հետ։ Ծանոթության վայր ընտրել էինք Ստեփանակերտի Վ․ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հին ու շքեղ շենքը։ Բեմը իրականություն էր, իմ կյանքը՝ հեքիաթ, որին հավատում ես, երբ դերասանները լավ են խաղում։ Երկար ժամանակ է անցել իմ ու թատրոնի առաջին հանդիպումից, համենայնդեպս՝ այն հանդիպումից, որը ես իսկապես հիշում եմ։ Հուշերից ամենավառը ներկայացումից հետո երջանիկ լինելու անբացատրելի զգացողությունն է։

Ծանոթանալուց հետո որոշեցի ճանաչել թատրոնը։ Երբեմն վեց տարեկանում դու գալիս ես մի դաժան եզրահանգման՝ կյանքը հեքիաթ չէ։ Սա հասկանալուց հետո ընտրություն ունես։ Կամ համակերպվել փերիներին երբեք չտեսնելու տխուր ճակատագրին։ Կամ էլ կյանքը հեքիաթ դարձնելու փոխարեն՝ հեքիաթը կյանք դարձնել։ Եվ լավ է լինում, երբ այդ ընտրության հարցում համակարծիք եք լինում դու և քո մայրիկը։

Իմ առաջին ներկայացման ու թատրոնը ճանաչելու փորձերը զուգահեռվեցին Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի թատերական ստուդիայում։ Կենտրոնի շենքը հին էր, «ստուդիան» էլ՝ պարզապես փոքրիկ սենյակ՝ խունացած պատերով ու աղմկոտ հատակով։ Ու այդ սենյակում՝ փայտե վառարանի կողքին, ամեն չորեքշաբթի և շաբաթ նոր ՝ հեքիաթային կյանք էր ապրում փոքրիկ Շողերը։

Աշխատանքը մեր պետական դրամատիկական թատրոնի դերասանների հետ՝ թատրոնը ճանաչելու իմ հերթական փորձն է։ Այսօր բեմը ինձ համար փոխել է իր չափերն ու լուսավորությունը։ Նոր բարձրության վրա ու նոր լույսի տակ առավել հստակ եմ զգում թատրոնից ծնվող ոգևորությունն ու երկյուղը։

Հնարավոր չէ բացահայտել թատրոնը, որովհետև թատրոնը մարդիկ են՝ բազմերանգ, բազմահնչյուն, բազմաառեղծված ու անբացահայտելի։ Թատրոնը կյանք է և սեր, որոնց հանելուկները կռահելու փոխարեն պետք է ապրել։ Բայց միևնույն ժամանակ, այդքան ինքնամփոփ թատրոնը օգնում է բացահայտես ինքդ քեզ։ Որովհետև խաղը բեմում քո կյանքի ամենամեծ անկեղծության վայրկյանն է։


    

-Հիշու՞մ ես առաջին բեմելդ։

-Բեմը «ԲԵՄ» է դարձնում հանդիսատեսը, այդպե՞ս չէ։ Իմ առաջին «բեմը» մեր տան հյուրասենյակն էր։ Տնեցիներին միայն կես ժամ հոգնեցնելու խոստումով՝ բոլոր տոմսերը վաճառվել էին, բազմոցին ազատ տեղ չկար։

Քննություն էր իմ առաջին բեմելը Ստեղծագործական կենտրոնի փոքրիկ համերգային դահլիճում։ «Մկնիկ հարսնացուն» մանկական ներկայացման Մկնիկն էի, որ բավականին ցավոտ ճանապարհով պետք է հասկանար․ «աշխատանքն է գեղեցկացնում մարդուն» ։ Բայց թոնրում վառվելու պահը ամենից շատ էի սիրում։ Երևի որովհետև թոնիրը ծնողներս էին իրենց ձեռքերով պատրաստել՝ այդ ներկայացման համար։ Մայրիկը ներկել էր հեռուստացույցից մնացած մեծ տուփը, հայրիկը լամպ էր ամրացրել հատակին՝ կրակի լույսին շատ նման։ Այսօր հասկանում եմ՝ ծնողներիս վերաբերմունքը թատրոնի ու իմ նախասիրությունների հանդեպ միշտ յուրահատուկ էր։ Ես շնորհակալ եմ նրանց թատրոնի իմ հետաքրքրությունները երբեք չխեղդելու, բեմում ազատ շնչելու ինձ տրված այս հնարավորության համար։


    

-Իսկ ուրիշ ի՞նչ կերպարներ ես մարմնավորել։

-Մի հրաշալի դեր, որ հնարավորություն է տվել միայն ուտել- քնել ու դարձյալ երջանիկ լինել՝ Անբան Հուռի էի Թումանյանի հեքիաթներից քաղված ներկայացման մեջ։ Առաջին բացասական դերը, որի համար անչափ ոգևորված էի՝ Նատոն «Գիքորը» ներկայացման մեջ։ Հասցրել եմ լինել և անհոգ Կարմիր Գլխարկ («Կարմիր գլխարկի արկածները»), և իր գոյության համար պայքարող Գրետել («Հենզելն ու Գրետելը»), և պատահական անցորդներին սիրահարվող միամիտ Մարիամ («Բարեկենդանը») ։ Բոլոր ներկայացումները մանկական էին, բայց պահանջները մեզնից ՝ փոքրիկ դերասաններից, բավականին մոտ էին մեծ թատրոնին։

-Այդ կերպարներից ո՞րն էր հոգեհարազատ քեզ։

-Քո կերպարներից դու սովորում ես ինչպիսին լինել կամ չլինել։ Ամենահետաքրքիրը Նատոյի դերը բեմում ապրելն էր․երբ փորձում ես հասկանալ մարդու չարացած հոգին ու ինքդ քեզ համար արդարացնել կերպարը։ Ամենահոգեհարազատ դերը գուցե «Ալվան ծաղիկ» -ը ներկայացման Ալյոնուշկան է։ Պարզապես որովհետև երկար ժամանակ եմ մարմնավորել այդ կերպարը։ Կամ գուցե որովհետև առաջին անգամ հենց այս դերով դուրս եկա «մեծերի բեմ» ։ Ամեն դեպքում յուրաքանչյուր կերպար ու ներկայացում մարդկանց փոքր-ինչ ավելի լավ հասկանալու մի ուղեցույց թողեց ինձ։


    

-Կա՞ մի երազած կերպար, որը, այնուամենայնիվ, կցանկանայիր մարմնավորել։

-Ուզում եմ հաջորդ անգամ բացասական կերպար մարմնավորել։ Կամ կերպար, որ ունի շատ բարդ բնավորություն։ Մի յուրահատուկ մարտահրավեր ստեղծել՝ իմ հնարավորությունների սահմանները եզրագծելու համար։

- «Ալվան ծաղիկ» հեքիաթ -պիեսի բեմադրման ժամանակ մարմնավորել ես պարզ, բարի, սրտացավ ու համերաշխ Ալյոնուշկայի դերը. մի փոքր կպատմե՞ս ներկայացման մասին, ի՞նչ սովորեցրեց քեզ Ալյոնուշկան։

-Ներկայացումը առաջինն է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի համար՝ պատերազմից հետո։ Պիեսը պատահական չէ ընտրված։ Կրկին հեքիաթ է բեմադրվել, որովհետև արցախցիները այսօր ամենից շատ հրաշքների կարիք ունեն։ Ցանկացել ենք մի փոքրիկ հնարավորություն տալ մեր հանդիսատեսին ու ինքներս մեզ՝ բարու հանդեպ հավատը վերածնելու համար։ Ներկայացումը կառուցված է․ «Մարդը հոգով է գեղեցիկ» կարգախոսի շուրջ, բայց կերպարների յուրաքանչյուրը ավելի խորը ասելիք ունի հանդիսատեսին։ Իմ Ալյոնուշկան սովորեցրեց ինձ լինել համբերատար, համարձակ ու չհանձնվող։ Ամենասարսափելի ժամանակներում՝ բաց լինել աշխարհի հրաշքներին։ Հույս ունեմ՝ կարողացա այդ փոքրիկ ուղերձները հասցնել հանդիսատեսին։

-Ի՞նչ ես կարծում, ինչպիսի՞ն է Արցախի թատրոնի ապագան:

-Թատրոնը կյանք է, այսօր այն արտացոլում է արցախյան ներկա իրականությունը, վաղը թատրոնը կլինի արդեն ապագա Արցախի արտացոլանքը։ Այսօրվա թատրոնը տարհանված է, դերասանները «անտուն» են, հանդիսատեսը կորցրել է իր հոգու հայրենիքը։ Գուցե թատրոնի շենքի վերանորոգումը կդառնա Արցախի առավել լուսավոր ապագայի ու մեր առավել գիտակցված ու իմաստավորված կյանքի սկիզբը։ Թատրոնը պետք է ապրի և ապրեցնի դերասաններին ու հանդիսատեսին։

-Շողերն առանց թատրոն.կարելի՞ է պատկերացնել։

-Գուցե սա կլինի իմ առաջին ու վերջին ներկայացումը մեծ բեմին։ Կյանքն էլ բեմ է, որտեղ ամեն ինչ հնարավոր է ու պատկերացնելի։ Գուցե ոչինչ չի փոխվի թատրոնի համար առանց Շողեր-դերասանուհու, բայց Շողեր-հանդիսատեսը թատրոնին չի դավաճանի։

-Ո՞րն է քո հաջողության գրավականը։

- «Թատրոնում մրսում ես», - մտածում էր վեց տարեկան Շողերը՝ շնչելով սառը պատերի խոնավությունը ներկայացումից առաջ։

«Թատրոնում մրսում ես, բայց սիրուց վառվում է հոգիդ», - մտածում է այսօրվա Շողերը ներկայացումից վայրկյաններ առաջ, երբ գոչում են դերասանները «Սե՛ր, սե՛ր, սե՜ր» ։

Սխալ է ասել, թե ես հասել եմ ինչ-որ հաջողության։ Ճիշտ է, նոր դերը ինձ համար մեծ պատասխանատվություն էր և նույնքան մեծ բերկրանք։ Մի յուրահատուկ մրցավազք իմ կասկածների ու հնարավորությունների դեմ, որը այս անգամ ես գրեթե հաղթել եմ։ Բայց որպեսզի հաջորդ անգամ էլ հաղթանակ լինի՝ պետք է կրկնապատկվեն իմ աշխատասիրությունն ու ջանքերը։ Ես նոր եմ սկսում ճանաչել թատրոնի առեղծվածային աշխարհը, որդեգրված զավակ եմ թատրոնի մեծ ընտանիքում։ Իրական հաջողություն կլինի, եթե մի օր՝ բազում դերեր հետո, ես էլ գտեմ իմ տեղն ու դերը այդ ընտանիքում։
     -Շնորհակալ եմ անկեղծ ու հագեցած հարցազրույցի համար, մաղթում եմ քեզ նորանոր հաջողություններ:
     -Շնորհակալ եմ շատ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
| | |
972 | 0 | 0
Facebook
COMMENT.am