Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

Հանձնաժողովի անդամը «գտնվել է մոլորության մեջ»

17:37, Суббота, 13 Апреля, 2013 года
Հանձնաժողովի անդամը «գտնվել է մոլորության մեջ»
     2013թ.-ի փետրվարի 18-ին ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից դիտորդական առաքելություն իրականացնելու ընթացքում 6-րդ ընտրատարածքի 16-րդ ընտրատեղամասում կազմակերպության դիտորդն արձանագրել էր այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու փորձ, որի վերաբերյալ ՀՀ Ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ` այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձի նկատմամբ:

Դեպքի հետ կապված` Հայաստանի Հելսինկյան կոմիտեն դիմել էր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (ԿԸՀ)` խնդրելով տեղեկացնել, թե 6/16 ընտրատեղամասի հանձնաժողովի որևէ անդամ ենթարկվե՞լ է, արդյոք, պատասխանատվության ակնհայտ սխալ գրանցում կատարելու համար: Հարցումը ԿԸՀ-ն ուղղել էր ՀՀ Գլխավոր դատախազությանը, որն էլ իր հերթին այն ուղղել էր Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությանը:

Հայաստանի Հելսինկյան կոմիտեն ստացել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության պատասխան-նամակը, որում նշված է. «…2013 թվականի փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում թիվ 6/16 տեղամասում քաղաքացի Ն. Մարտիրոսյանի կողմից այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում քննված քրեական գործով պարզվել և հիմնավորվել է, որ հանձնաժողովի անդամ Լ. Ուստյանը Ն. Մարտիրոսյանին օժանդակելու դիտավորություն չի ունեցել, այլ, գտնվելով մոլորության մեջ, անզգուշությամբ Ն. Մարտիրոսյանի տվյալները գրանցել է այլ անձի անվան դիմաց»:

Նշված պատճառաբանությունը հիմք է հանդիսացել, որ որոշում կայացվի քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն 2013 թ. փետրվարի 18-ի` ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն է իրականացրել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում: Դիտորդության ընթացքում Աջափնյակ վարչական շրջանի 6/16 ընտրատեղամասում Հայաստանի Հելսինկյան կոմիտի դիտորդը նկատել է, թե ինչպես է ընտրողը փորձել քվեարկել այլ անձի փոխարեն: Դեպքի հետ կապված` հարուցվել է քրեական գործ, ըստ որի` Նարեկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, այն է` կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4140 | 0 | 0
Facebook