Идет загрузка...
Сегодня:  Суббота, 04 Мая, 2024 года

Статьи

Բանտը գերեզման է

17:46, Вторник, 11 Июня, 2013 года
Բանտը գերեզման է
     Երկու տարի Աբովյանի քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո Աննան (անունը փոխված է) իրեն համարում է երկրորդ տեսակի մարդ:

-Տասներեք տարի է` ազատության մեջ եմ, ու ոչ մեկը չի եկել իմ տուն՝ իմանալու, թե ոնց եմ ապրում: Ազատվելուց հետո ոչ մեկի հետ չեմ շփվում, տասը տարի տանից դուրս չեմ եկել, իսկ հիմա էլ դուրս եմ գալիս միայն անհրաժեշտ գնումներ անելու համար: Իմ ընկերը հեռուստացույցն է, և ես չեմ ուզում, որ իմ տուն մարդ գա:

Աննան նշեց, որ ազատվելուց հետո երբևէ որևէ մեկի հետ չի խոսել ու չի էլ ցանկանում խոսել այդ տարիների մասին, չի ցանկանում նորից վերապրել այդ կյանքը, քանի որ շատ վատ է տարել իր դատապարտյալ լինելու փաստը, դրա հետևանքով կորցրել է առողջությունը:

Երբ հարցրեցի, թե ինչ առողջական խնդիրներ ունի, ակամայից սկսեց պատմել այն հոգեվիճակի և ապրած օրերի մասին, որ հետք են թողել իր ամբողջ կյանքի և ընտանիքի վրա. նախկինում եղել է պաշտոնավոր, վայելել է հասարակության հարգանքը, սակայն, հայտնվելով բանտում, մատնվել է անտարբերության, միայն աղջիկն է գնացել տեսակցության, անհրաժեշտ պարագաններ տարել, բայց նա էլ ի վիճակի չի եղել պարբերաբար այցելելու:

-Նախնական բուժզննում չեմ անցել, բանտում ինֆարկտ ստացա, էնտեղ ինձ լավ էին վերաբերվում: Բայց դրանից հետո սկսվեց քայքայվել ներվային համակարգս, -ավելացրեց նա:

Ազատվելուց հետո աշխատանքի համար դիմել է տարբեր տեղեր, սակայն ոչ ոք չի օգնել, ինչպես ինքը նշեց՝ «իսկի ավել չտվին»:

Ամբողջ զրույցի ժամանակ Աննան լացում էր ու ծխում, բայց պնդում էր, թե իրեն այնտեղ լավ են վերաբերվել:

-Նոր դուրս եկած ժամանակ հաճախակի եմ երանի տվել էն օրերին, էնտեղ գոնե ժամանակին հաց էին տալիս, իսկ էստեղ օրերով հացի կարոտ էի մնում: Լավ կլինի` նոր դուրս եկած մարդուն օգնեն, հատուկ գումար չտան, ուղղակի աշխատանքի տեղավորեն, մարդկային վերաբերվեն, -առաջարկեց Աննան:

Իր խոսքում նշեց, որ դիմել է նպաստ ստանալու համար, հիվանդության թոշակի, սակայն ասել են, որ չի հասնում:

-Որտեղ գնացել եմ` մերժել են, - ասաց նա ու ավելացրեց, - որ ընտրություն է լինում, բոլորի դռները թակում են, բայց անգամ էդ դեպքում էլ ինձ չեն այցելում կամ հարցնում, թե ոնց եմ, չէ՞ որ ես էլ ձայն ունեմ:

Աննան խոստովանեց, որ երբեք չի մոռանա խուցը, ճաղավանդակները, իր վրա դուռը փակելն ու «գլազոկից» նայելը, ու անգամ մինչև հիմա էլ երազում տեսնում է էդ սենյակն ու վանդակները:

-Ամբողջ ընտանիքս քայքայվեց, որդիս հեռացավ երկրից, ամաչում էր ընկերների մոտ, բայց ես իրեն չեմ մեղադրում, ճիշտ արեց, - լացակումած աչքերով ավելացրեց նա:

-Բանտը գերեզման ա, էնտեղ հասկանում ես, թե ով ա լացում քո վրա, - որպես վերջաբան` իր ապրած բանտային կյանքից զգացածի՝ եզրափակեց նա….


    

Նունե Միրզոյան


    

Հոդվածը պատրաստվել է դատապարտյալների իրավունքների
     պաշտպանության նպատակով «Քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների համագործակցության ապահովումը Հայաստանում՝ մարդու իրավունքների պաշտպանության մոնիթորինգի գործում» ծրագրի շրջանակում:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6747 | 0 | 0
Facebook